Անարատ Սիրտ Մարիամի (մարեմական ջերմեռանդություն) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Ա
Անարատ Սիրտ Մարիամի (մարեմական ջերմեռանդություն)
Թարգմանեց՝ Տ. Հովսեփ քհն. Գալստյան

«Մարիամի Անարատ Սիրտը» կաթոլիկ ջերմեռանդություն է, որով հավատացյալների աղոթքներն ու խորհրդածությունները ուղղվում են Մարիամի ներանձնական կյանքին՝ Նրա ուրախություններին ու վշտերին, առաքինություններին ու ծածուկ կատարելություններին, և, ամենից շատ, Նրա կուսական սիրույն՝ Հայր Աստծո հանդեպ, Հիսուսի և ամբողջ մարդկության հանդեպ Նրա մայրական սիրույն: Ավանդաբար, Մարիամի Անարատ Սիրտը պատկերվել է յոթ սրերով խոցված՝ ի պատիվ Մարիամի յոթ վերքերի, նաև կարմիր ու սպիտակ վարդերով պատված:

Մարիամի Անարատ Սրտի հանդեպ ջերմեռանդությունը նման է Հիսուսի Սուրբ Սրտի հանդեպ ջերմեռանդությանը: Բայց կա էական տարբերություն. Հիսուսի պարագայում աղոթքներն ուղղված են Աստվածային Սուրբ Սրտին, որի մեջ խտացված է մարդկության հանդեպ աստվածային անսահման սերը, իսկ Մարիամի պարագայում աղոթքներն ուղղված են Մարիամի մարդկային սիրույն՝ Հիսուսի և Աստծո նկատմամբ, որը մեր համար Նրա մայրական բարեխոսության գրավականն է: Այս ջերմեռանդության նպատակն է միավորել մարդկությունը Աստծո հետ՝ Մարիամի սրտի միջոցով, և այս գործընթացը ներառում է նվիրագործման և հատուցման գաղափարները:

Այս ջերմեռանդությունն ունի սուրբգրային հենք: Ղուկասի Ավետարանի 2-րդ գլխում երկու անգամ նշվում է, որ Մարիամն «այս բոլոր բաները պահերում էր իր սրտում»: Ղկս 2, 35-ը պատմում է Սիմեոնի մարգարեության մասին՝ առ այն, որ Մարիամի սրտի միջով սուր էր անցնելու: Այս խոցված սրտի պատկերը Մարիամի Անարատ Սրտի ամենատարածված պատկերագրությունն է:

Հովհաննեսն իր Ավետարանում ուշադրություն է հրավիրում Մարիամի Սրտի նկատմամբ՝ Մարիամին նկարագրելով Հիսուսի Խաչի տակ կանգնած: Սբ. Օգոստինոս Հիպպոնացին (354-430) ասում է, որ Մարիամն ուղղակի անգործ կանգնած չէր Խաչի տակ, այլ՝ «իր սիրով համագործակցում էր փրկագործության մեջ»: Օգոստինոսը նաև գրում է, որ Մարիամն ավելի օրհնված է Հիսուսին իր Սրտի մեջ կրելով, քան Նրան մարմնապես հղանալով:

Մարիամի Անարատ Սրտի հանդեպ ջերմեռանդությունը միջին դարերում սկսեցին տարածել Հայրապետներ Սբ. Անսելմոս Քենթրբերացին (1033-1109) և Սբ. Բեռնարդոս Քլերվոյացին (1090-1153), ինչպես նաև անվանի Միանձնուհիներ Սբ. Մեքթիլդ Հելֆթացին (1240-1298), Սբ. Գերթրյուդ Մեծը (1256-1302) և Սբ. Բրիդջիթ Շվեդացին (1303-1373): Սբ. Բեռնարդինոս Սիենացուն (1380-1444) երբեմն անվանում են նաև «Մարիամի Սրտի Վարդապետ», այն պատճառով, որ նրանից է Եկեղեցին վերցրել Մարիամի Սրտին նվիրված օրհներգները՝ համանուն տոնակատարության համար: Սբ. Ֆրանցիսկոս Սալեզացին (1567-1622) խոսում է Մարիամի Սրտի կատարելությունների մասին և Մարիամի Սրտին է նվիրել իր «Թեոթիմուս» - «Աստծո Սիրո մասին» աշխատությունը: 16-17-րդ դարերում այս ջերմեռանդությունը սիրում էին կատարել նաև ճգնակյաց վանականները:

 

 

Բայց Մարիամի Սրտի հանդեպ ջերմեռանդությունը լայնորեն տարածվեց հատկապես Սբ. Հովհաննես Էուդսի (1601-1680) ջանքերով, ով քարոզում էր այդ մասին և ջանում տարածել այն ամենուր, նաև հատուկ տոնակատարությամբ, որը սկսեց իրականություն դառնալ նախ Օթյունում՝ 1648-ին, և ապա՝ ֆրանսիական մի շարք թեմերում: Էուդսը հիմնեց մի քանի կրոնական միաբանություններ, որոնք տարածում էին այս ջերմեռանդությունը, որի մասին նաև մի ընդարձակ գիրք գրեց և հրատարակեց 1681-ին՝ «Զմայլելի Սիրտ» վերնագրով: Սբ. Հովհաննես Էուդսի ջանքերը՝ Մարիամի Սրտին նվիրված մի տոն հաստատելու ուղղությամբ, Հռոմում ձախողվեցին, բայց չնայած դրան, նա շարունակում էր տարածել այս գեղեցիկ ջերմեռանդությունը: Նա քարոզում էր՝ սկսելով Մարիամի Սրտից, և գնում էր դեպի Հիսուսի Սուրբ Սիրտը:

1969թ.ին Հայր Ջովաննի Պիետրո Փինամոնտին († 1703թ.) իտալերեն լեզվով հրապարակեց մի համառոտ գիրք՝ նվիրված Մարիամի Անարատ Սրտին, իսկ 1725թ.ին Հայր Ժոզեֆ դը Գալլիֆեն Մարիամի Սրտի հանդեպ ջերմեռանդությունը միավորեց Հիսուսի Սուրբ Սրտի հանդեպ նվիրումին, որպեսզի Սուրբ Աթոռը հավանություն տա երկու ջերմեռանդություններին էլ և հաստատի մի ընդհանուր տոն: Բայց դա ևս ձախողվեց:

Միայն 1805թ.ին էր, որ Պիուս Յոթերորդ Պապն (1742-1800-1823) արտոնեց մի տոն՝ ի պատիվ Մարիամի Սրտի: Մարիամի Անարատ Սրտի հանդեպ ջերմեռանդության տարածմանը հատկապես նպաստեցին երկու իրադարձություններ. 1830թ.ին Սբ. Քաթրին Լաբուրեի (1806-1876) կողմից Հրաշագործ Մեդալիոնի տարածումը և Փարիզի «Հաղթանակների Տիրամայր» սրբավայրում «Մեղավորների Ապաստան Մարիամի Անարատ Սրտի Ավագ Եղբայրակցության» հաստատումը: Չորս տարվա ընթացքում ավելի քան չորս միլիոն Հրաշագործ Մեդալիոն բաժանվեց աշխարհով մեկ, և 1838թ.ին Հայր Դըժենեթը «Հաղթանակների Տիրամայր» սրբավայրում հիմնեց Միություն՝ ի պատիվ Մարիամի Սուրբ և Անարատ Սրտի, որը Գրիգոր Տասնվեցերորդ Պապի (1765-1831-1846) կողմից հենց նույն տարում վերածվեց Եղբայրակցության: 1855թ.ի Հուլիսին Սուրբ Աթոռի Ծիսական Հանձնաժողովը հաստատեց Մարիամի Սրտի պաշտոնական աղոթքը և Սուրբ Պատարագը:

1849թ.ին Հայր Էնթընի Մերի Քլարեթը (1807-1870) հիմնեց «Մարիամի Անարատ Սրտի միսսիոներ որդիների» կամ ավելի հանրածանոթ՝ Քլարեթյանների Միաբանությունը:

1944թ.ին Պիուս Տասներկուերորդ Պապը (1876-1939-1958) Մարիամի Անարատ Սրտի տոնը հաստատեց Օգոստոսի 22-ին, որը զուգադիպում է Վերափոխման տոնական ութօրեքի հետ: 1969թ.ին Պողոս Վեցերորդ Պապը (1897-1963-1978) տոնը տեղափոխեց Հիսուսի Սուրբ Սրտի տոնին հաջորդող շաբաթ օրը: Սա նշանակում է, որ հիմա այդ տոնը նշվում է Հոգեգալստից հետո երրորդ շաբաթ օրը:

Մարիամի Անարատ Սրտի տոնը հիշատակում և տոնակատարում է Մարիամի ներանձնական կյանքը՝ Նրա ուրախությունները, վշտերը, առաքինություններն ու կատարելությունները, Նրա սերը՝ Աստծո և մարդկության հանդեպ:

 

Աշխարհի նվիրումը Մարիամի Անարատ Սրտին

Ֆաթիմայում Տիրամոր երրորդ երևման ժամանակ՝ 1917թ.ի Հուլիսի 13-ին, Սուրբ Կույսը երեք փոքրիկներին հայտնել է, որ Աստված ուզում է աշխարհում հաստատել իր Անարատ Սրտի հանդեպ ջերմեռանդությունը՝ մեղավորների դժոխքից փրկելու և աշխարհում խաղաղություն հաստատելու համար: Տիրամայրը նաև խնդրել է, որպեսզի Սրբազան Պապը Ռուսաստանը նվիրաբերի Իր Անարատ Սրտին:

20-րդ դարի սկզբից Սուրբ Աթոռը բազում խնդրանքներ էր ստանում՝ աշխարհը նվիրաբերելու Մարիամի Անարատ Սրտին:

1942թ. Հոկտեմբերի 31-ին Պիուս Տասներկուերորդ Պապը հեռարձակեց մի ռադիո ուղերձ, որով ամբողջ աշխարհը նվիրեց Մարիամի Անարատ Սրտին: Նույն Պապը 1942թ.ի Դեկտեմբերի 8-ին կրկնեց այս աղոթական նվիրումը՝ Սուրբ Պետրոսի տաճարում: Պողոս Վեցերորդ Պապը ևս նույնը արեց 1964թ.ի Նոյեմբերի 21-ին: 1982թ.ի Մայիսի 13-ին, Ֆաթիմայում, Հովհաննես Պողոս Երկրորդ Պապը Պատարագից հետո ամբողջ աշխարհը և բոլոր ժողովուրդներին դարձյալ նվիրեց Մարիամի Անարատ Սրտին, ասելով. «Այս նվիրաբերման զորությունը կհարատևի բոլոր ժամանակներում և կընդգրկի բոլոր մարդկանց, ժողովուրդներին ու ազգերին»: Նույն Սրբազան Պապը աշխարհը դարձյալ նվիրեց Սուրբ Կույսի Սրտին 2000թ.ի Հոկտեմբերի 8-ին՝ Նոր Հազարամյակի սկզբին: Ֆրանցիսկոս Պապն էլ իր հերթին 2013թ.ի Հոկտեմբերի 13-ին աշխարհը հանձնեց Մարիամի Սրտին:

1952թ.ի Հուլիսի 7-ին Պիուս Տաներկուերորդ Պապը Առաքելական Նամակով Ռուսաստանի ժողովուրդներին նվիրեց Մարիամի Անարատ Սրտին: Ռուսաստանի ա՛յլ նվիրաբերումներ կատարվեցին 1984թ.ի Մարտի 25-ին՝ Հովհաննես Պողոս Երկրորդի կողմից, 2022թ.ի Մարտի 25-ին՝ Ֆրանցիսկոս Սրբազան Պապի կողմից՝ Ուկրաինայի հետ միասին, ռուս-ուկրաինական պատերազմի ավարտվելու դիտավորությամբ կատարված աղոթքի ընթացքում:

 

 

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։