Անդրեաս Առաքյալ (Սուրբ) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Ա
Անդրեաս Առաքյալ (Սուրբ)
Թարգմանեց՝ Տ. Հովսեփ քհն. Գալստյան

Սուրբ Անդրեաս Առաքյալը (հունարեն՝ Ἀνδρέας) Տեր Հիսուս Քրիստոսի Տասներկու Առաքյալներից մեկն է, Պետրոս Առաքյալի եղբայրը և Հովնանի որդին: Բյուզանդական ավանդության Եկեղեցիներում նրան անվանում են նաև Նախակոչյալ, հունարեն «Πρωτόκλητος» - «Պռոտոկլե՛տոս», այսինքն՝ առաջին կանչված: Արևելյան ավանդության համաձայն, Անդրեաս Առաքյալի հաջորդը Կոստանդնուպոլսի Պատրիարքն է:

 

Կյանքը

«Անդրեաս» անունը, որ նշանակում է «առնական», կազմված է հունարեն «ἀνδρεία» - «անդրեյա» եզրից, որ նշանակում է «առնականություն», «քաջություն»: Այն, հետևաբար, հունական ծագում ունի, թեև շատ տարածված էր հրեաների և հելլենացված հրեաների մեջ՝ Ք.ա. 2-3-րդ դարերից սկսած: Եբրայեցերեն կամ արամայերեն տարբերակ չկա այս անվան համար:

Անդրեաս Առաքյալը ծնվել է Ք.հ. 5-10թթ.ի միջև, Գալիլեայի Բեթսաիդա բնակավայրում: Նոր Կտակարանում կարդում ենք, որ Անդրեասը Պետրոսի եղբայրն էր և Հովնանի որդին: Անդրեասն ու Պետրոսը ձկնորսներ էին: Ըստ Մրկ 1, 29-ի, առնվազն Հիսուսի առաքելության սկզբում, նրանք ապրում էին նույն տան մեջ՝ Կաֆառնաումում: Մատթեոսի և Մարկոսի Ավետարաններում պատմվում է, որ երբ Հիսուսը շրջում էր Գալիլեայի ծովեզերքում, տեսավ Պետրոսին ու Անդրեասին և կանչեց նրանց՝ լինելու «մարդկանց որսորդներ» և աշակերտելու Իրեն:

Ղուկասի Ավետարանի զուգահեռ պատմության մեջ (5, 1-11) Անդրեասի անունը չի տրվում, և ո՛չ էլ գրված է, որ նա Սիմոնի եղբայրն է: Այդ մասին կարդում ենք միայն 6-րդ գլխում: Բայց մեծ մասամբ մասնագետներն այն եզրակացությանն են հանգում, որ Անդրեասն այդ երեկո ձկնորսություն էր անում Սիմոնի հետ միասին:

Հովհաննեսի Ավետարանում գրված է, որ Անդրեասը Հովհաննես Մկրտչի աշակերտներից էր, և Մկրտչի վկայությունն է, որ Անդրեասին բերեց Հիսուսի մոտ՝ մեկ ա՛յլ աշակերտի հետ միասին, որի անունը Հովհաննեսը չի տալիս: Անդրեասը հանձինս Հիսուսի միանգամից ճանաչում է Մեսսիային և շտապում է այդ մասին տեղեկացնել եղբորը՝ Պետրոսին: Հենց այս դրվագի հիման վրա է, որ Բյուզանդական Եկեղեցին Անդրեասին անվանում է Նախականչված: Ի վերջո, Անդրեաս և Պետրոս եղբայրները թողնում են ամեն ինչ և հետևում են Հիսուսին՝ դառնալով Նրա աշակերտները:

Ավետարաններում կան դրվագներ, որտեղից երևում է, որ Անդրեասը ներկա էր մի քանի կարևոր իրադարձությունների. օրինակ՝ Անդրեասն էր, որ Հիսուսին տեղեկացրեց այն տղայի մասին, որն ուներ երկու ձուկ և հինգ նկանակ հաց, կամ երբ մի քանի հույներ դիմեցին Փիլիպպոսին՝ Հիսուսին տեսնելու համար, Փիլիպպոսը եկավ Անդրեասի մոտ: Անդրեասը ներկա էր Խորհրդավոր Ընթրիքին, նա մեկն էր այն չորս աշակերտներից, ովքեր Ձիթենյաց լեռան վրա Հիսուսին հարցրեցին Նրա վերադարձի և աշխարհի վախճանի նշանների մասին:

 

Հիսուսի Համբարձումից հետո

Եվսեբիոս Կեսարացին իր «Եկեղեցական պատմության» Երրորդ գլխում մեջբերում է Որոգինեսին (185-283), ով վկայել է, որ Անդրեասը քարոզել է Սկյութիայում: Կիևյան Ռուսիայի «Նեստորի ժամանակագրության» համաձայն, Անդրեասը ավետարանել է Սև Ծովի ափամերձ շրջաններում և Դնեպրի ափերին ու հասել մինչև Կիև, իսկ այնտեղից՝ Նովգորոդ: Այս ավանդության հիման վրա Անդրեասին ընդունել են որպես Ուկրաինայի, Ռումինիայի և Ռուսաստանի հովանավոր Սուրբ: Հիպպողիտոս Հռոմեացու համաձայն, Անդրեասը քարոզել է Թրակիայում, իսկ Անդրեասի պարականոն Գործերի համաձայն, նա եղել է նաև Բյուզանդիոնում: Ըստ ավանդության, Անդրեասը 38թ.ին հիմնել է Բյուզանդիոնի Աթոռը (որն ավելի ուշ դարձավ Կոստանդնուպոլսի Աթոռը)՝ եպիսկոպոս ձեռնադրելով ոմն Ստաքեսի: 451թ.ին այս Աթոռը դարձավ Պոլսի Պատրիարքի նստավայրը, ով այդ ժամանակ Անատոլիոսն էր: Անդրեաս Առաքյալը, Ստաքեսի հետ միասին, համարվում է Պոլսի Պատրիարքության հիմնադիր հովանավորը: Հինգերորդ դարի հեղինակ Բարսեղ Սելևկիացին ևս հայտնում է, որ Անդրեասը առաքելություն է կատարել Թրակիայում, Սկյութիայում և Աքայիայում:

 

Նահատակությունը

Ըստ ավանդության, Անդրեասը նահատակվել է խաչելությամբ՝ Աքայիայի Պատրաս քաղաքում, 60թ.ին: Վեցերորդ դարի լատին պատմիչ Գրիգոր Տուրսացու տեղեկությամբ, ով իր ձեռքի տակ ուներ պարականոն «Անդրեասի գործերը», հայտնում է, որ Անդրեասին ո՛չ թե գամել, այլ՝ կապել են խաչին: Իսկ մեկ ա՛յլ ավանդության համաձայն, Անդրեասին խաչել են ո՛չ թե սովորական խաչի վրա, այլ՝ X-աձև խաչի վրա, իր իսկ խնդրանքով, քանի որ ասել է, որ արժանի չէ, որ իրեն խաչեն Տիրոջ նման: Ուշ միջնադարյան սրբապատկերագրության մեջ տարածվել են այդպիսի խաչի վրա Անդրեասի խաչելության պատկերները:

 

 

Մասունքները

Անդրեաս Առաքյալի մասունքներն, ըստ ավանդության, պահվում են Պատրասի Սուրբ Անդրեասի Մայր Տաճարում, իտալական Ամալֆիի տաճարում, Սարցանոյում, Էդինբուրգի Սբ. Մարիամի Մայր Տաճարում և Վարշավայի Սբ. Անդրեաս և Սբ. Ալբերտ եկեղեցիներում:

Ըստ մի ավանդության, Պատրասում ապրող մի վանական՝ Ռեգուլուս անունով, երազում հրաման է ստանում պահպանելու Անդրեաս Առաքյալի մասունքները: Նա թաքցնում է մասունքները, բայց կարճ ժամանակ անց՝ 350-ական թվականների վերջին, Կոստանցիուս Երկրորդ կայսեր հրամանով մասունքների մեծ մասը տեղափոխվում են Պոլիս և ամփոփվում Սուրբ Առաքյալների եկեղեցում: Ռեգուլուսը ևս մեկ երազ է տեսնում, որտեղ նրան հրամայվում է Անդրեասի մասունքները տանել մինչև աշխարհի ծայրերը: Նա, վերցնելով Անդրեասի ոսկորների մի մասը, նավարկում է դեպի արևմուտք և նավաբեկության ենթարկվում Ֆայֆի ափերի մոտ, Շոտլանդիայում, որտեղ էլ ամփոփում է մասունքները: Բայց, կա մի վարկած, որ Անդրեասի մասունքները Մեծ Բրիտանիա են տարվել 597թ.ին՝ Սբ. Գրիգոր Մեծ Պապի (540-590-604) նախաձեռնած բրիտանական առաքելության ժամանակ:

Սուրբ Անդրեասի գանգը, որ տարվել էր Պոլիս, 9-րդ դարի երկրորդ կեսին Բարսեղ Առաջին կայսեր կողմից վերադարձվել է Պատրաս: Սուրբ Անդրեասի և Սուրբ Պետրոսի Պոլսում մնացած մասունքները 1208թ. Կոստանդնուպոլսի պաշարումից հետո տարվեցին Իտալիայի Ամալֆի քաղաքը, որտեղ կառուցվեց Սուրբ Անդրեասին նվիրված մի տաճար և մի դամբան, որտեղ ամփոփվեցին Առաքյալի ոսկորների մեծ մասը:

1461թ.ին բյուզանդական արքայազն Թովմաս Պալեոլոգոսը, փախչելով օսմանյան թուրքերի ներխուժումից, Պատրասից Իտալիա տարավ Անդրեաս Առաքյալի գանգը և հանձնեց Պիուս Երկրորդ Պապին (1405-1458-1464), ով այն ամփոփեց Սուրբ Պետրոսի տաճարի սյուներից մեկի մեջ, ապա տեղափոխեց Պիենցա (Տոսկանայում): 1964թ.ի Սեպտեմբերին Պողոս Վեցերորդ Սրբազան Պապը (1897-1963-1978), որպես Հույն Օրթոդոքս Եկեղեցու նկատմամբ եղբայրական սիրո դրսևորում, Անդրեասի մասունքների մի մասը ետ ուղարկեց Պատրաս:

Անդրեասի Խաչը խաչակրաց արշավանքների ժամանակ Բուրգունդիայի դքսի կողմից Պատրասից տեղափոխվեց Մարսեյլի Սուրբ Վիկտոր եկեղեցի և ետ վերադարձվեց Պատրաս 1980թ.ի Հունվարի 19-ին: Առաքյալի բոլոր մասունքները պահվում են Պատրասի Սուրբ Անդրեաս եկեղեցում, որտեղ հատուկ ծիսակատարությամբ պատվվում են Սուրբ Անդրեասի տոնի օրը՝ Նոյեմբերի 30-ին: Ընդհանրական (Կաթոլիկ) Եկեղեցին ևս Սուրբ Անդրեասի տոնը կատարում է այդ նույն օրը: 2006թ.ին Կաթոլիկ Եկեղեցին Հույն Օրթոդոքս Եկեղեցուն վերադարձրեց Առաքյալի մասունքներից ևս մեկը:

 

 

Վրաստանի ավանդությունը՝ Անդրեասի մասին

Վրաստանի Օրթոդոքս Եկեղեցին որպես իր հիմնադիր Առաքյալ է համարում Սուրբ Անդրեասին: Ըստ վրացական ավանդության, Անդրեաս Առաքյալը առաջինն է քարոզել Ավետարանը Վրաստանի տարածքում: Այս ավանդությունը հիմնվում է 9-րդ դարի բյուզանդացի հեղինակ Նիկետաս Պափլագոնացու գրությունների վրա, ով ասում է, թե Անդրեասը քարոզել է իբերիացիներին, սարմաթներին, տավրիկներին կամ Ղրիմի հույներին, պոնտական սկյութներին և Սև Ծովի հարավային ու հյուսիսային շրջանների բնակիչներին: Այս տեղեկությունները վրաց հոգևորականների կողմից որդեգրվեցին 10-11-րդ դարերում և դարձան վրացական միջնադարյան ժամանակագրական «Քարթլիս Ցխովրեբա» գրքի հիմնական պատումները: Վրաստանում Սուրբ Անդրեասի քարոզչության մասին պատմությունները հիմք դարձվեցին նաև Վրաց Եկեղեցու առաքելահիմն և ինքնանկախ լինելու ուղղությամբ հետագա ջատագովության համար: Վրաց Եկեղեցին Սուրբ Անդրեասին նվիրված երկու տոն ունի:

 

Սուրբ Անդրեասը ա՛յլ երկրների ավանդությունների մեջ

Կիպրական ավանդության համաձայն, Անդրեաս Առաքյալին փոխադրող նավը շեղվել է ճանապարհից և մխրճվել Կիպրոսի ափի մեջ: Անդրեասը ափ դուրս գալուն պես ձեռքի գավազանով հարվածել է ժայռին, որից կենարար ջուր է բխել: Այդ ջրով բուժվել է նավապետի կուրացած աչքը: Այդ վայրը արագ դարձել է ուխտավայր, որտեղ նաև կառուցվել է Սուրբ Անդրեասի վանքը:

Սուրբ Անդրեասը համարվում է նաև Ռումինիայի հովանավորը և քրիստոնեության առաջին քարոզիչը: Ըստ ռումինական ավանդության, Անդրեասը ավետարանել է Դոբրուջայի շրջանում՝ Դակո-ռումինացներին, որոնք ռումինացիների թրակիական նախնիներն են: Այս ավանդության համար հիմք են ծառայում Եվսեբիոս Կեսարացու «Եկեղեցական պատմությունը» (մոտ 340թ.), Հիպպողիտոս Անտիոքացու († 250թ.) «Առաքյալների մասին», Որոգինեսի «Մեկնություն Ծննդոց գրքի» (254թ.), Յակոբուս դե Վորագինեի «Ոսկե լեգենդը» (մոտ 1260թ.) և ա՛յլ գրվածքներ, որոնք պատմում են, թե Սուրբ Անդրեասը քարոզել է Սկյութիայում և, գուցե, Փոքր Սկյութիայում՝ ներկայիս Ռումինիայի մի հատվածում և Բուլղարիայի մի շրջանում, նաև՝ թրակիացիներին: Ռումինական պատմիչների մի մասը քիչ հավանական է համարում, որ Միլանի հրովարտակից (313թ.) առաջ Ռումինիայի տարածքում քրիստոնեությունը տարածված լիներ, բայց մի մասն էլ, օրինակ՝ Իոան-Աուրել Փոփը, կարծում է, որ Ռումինիային հարակից շրջաններում ապրող ժողովուրդների մեջ ռումինացիները առաջինն են ընդունել քրիստոնեությունը, որը մեծ դեր է խաղացել նրանց էթնոգենեզիսի պատմության մեջ:

Ինչպես վերն ասվեց, ավանդությունը պատմում է, որ Սուրբ Անդրեասը քարոզել է նաև Սև Ծովի հարավային շրջաններում, ապա Դնեպր գետի ափերին՝ հասնելով մինչև Կիևի ներկայիս տարածք, որտեղ կանգնեցրել է մի խաչ, որի տեղում հետագայում կառուցվել է Կիևի Սուրբ Անդրեասի եկեղեցին: Անդրեասը մարգարեացել է, որ այդտեղ լինելու է քրիստոնեական մի մեծ քաղաք: Կիևի հետ այս կապի պատճառով Սուրբ Անդրեասը համարվում է Կիևյան Ռուսիայից սերող երկու արևելասլավոնական ազգերի՝ ուկրաինացիների և ռուսների հովանավոր Սուրբը և նրանց առաջին Ավետարանիչը:

Մի քանի ավանդություններ կան՝ Կոստանդնուպոլսից Սուրբ Անդրեասի մասունքների Շոտլանդիա տարվելու մասին, որտեղ նույնիսկ Առաքյալի անունով մի քաղաք կա՝ Սենթ Էնդրյուսը: Միայն երկու ձեռագրեր են պահպանվել, որոնք պատմում են այդ ավանդությունների մասին: Դրանց համաձայն, Սուրբ Անդրեասի մասունքները Շոտլանդիա է տարել Ռեգուլուսը (573-560), որի մասին խոսվեց նաև վերևում: Ռեգուլուսը իռլանդացի վանական էր, որ աքսորվել էր Իռլանդիայից: Մեկ ա՛յլ պատմության համաձայն, Առաքյալի մասունքները Շոտլանդիա է հասցրել Հեքսհամ քաղաքի Աքքա անունով եպիսկոպոսը՝ 8-րդ դարում, ով այնտեղ հիմնել է նաև եպիկոպոսական աթոռ՝ ներկայիս Սենթ Էնդրյուս քաղաքում:

Ըստ 16-րդ դարի մի ավանդության կամ լեգենդի, 832թ.ին, երբ փիքթերի թագավոր Օենգուս Երկրորդը փիքթերի և սքոթների միացյալ բանակն առաջնորդում էր պատերազմի՝ ընդդեմ անգլերի, տեսնում է, որ իր բանակը թվով շատ անգամներ զիջում է անգլերին և ճակատամարտի նախօրեին աղոթում է հաղթանակի համար՝ խոստանալով, որ եթե հաղթի, Անդրեաս Առաքյալին կհռչակի Շոտլանդիայի հովանավոր Սուրբ: Ճակատամարտի օրվա արշալույսին Օենգուսն իր զինվորների հետ միասին երկնքում տեսնում է ամպերից կազմված X-աձև խաչի նշան և դրանով ոգևորված՝ հաղթում է անգլերին: Այդ խաչը մեկնաբանելով որպես Սուրբ Անդրեաս Առաքյալի նահատակության խաչի նշան, Օենգուսը կատարում է իր խոստումը և Սուրբ Անդրեասին հռչակում է Շոտլանդիայի հովանավոր Առաքյալ: Հենց այս պատմության հիման վրա էլ պատկերվել է Շոտլանդիայի պետական դրոշը՝ X-աձև խաչի նշան՝ երկնագույն ֆոնի վրա: Բայց վկայություններ կան առ այն, որ Սուրբ Անդրեասին Շոտլանդիայում պատվել են ու աղոթել նաև 9-րդ դարի այդ իրադարձություններից առաջ:

1320թ.ին Արբրոութի հռչակագրով շոտլանդացիները հայտարարեցին, որ Շոտլանդիան քրիստոնեություն է ընդունել Անդրեաս Առաքյալի քարոզչությամբ: Շոտլանդիայում բազմաթիվ եկեղեցական համայնքներ կրում են Սուրբ Անդրեասի անունը: Սուրբ Անդրեասի սրբավայրը գտնվում է Էդինբուրգի Սբ. Մարիամի Մայր Տաճարում:

 

 

Սբ. Անդրեաս Առաքյալի մասին Ն.Ս. Բենեդիկտոս Տասնվեցերորդ Պապի քարոզը կարող եք կարդալ հետևյալ հղմամբ։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։