Արամայեցիներ – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Ա
Արամայեցիներ

Արամը (եբրայեցերեն « ārām » բառից, որ նշանակում է «բարձրավանդակ») պատմական մի աշխարհամաս էր, որ բազմաթիվ անգամներ հիշատակվում է Աստվածաշնչում և համապատասխանում է Տիգրիսի և Եփրատի միջև գտնվող բարձրավանդակին, հյուսիսային մասում։ Ամենակարևոր բնակավայրը Հառռանն էր, որը նշանակալի խաչմերուկ էր քարավանային ճանապարհների վրա։

Արամայեցիները սեմական քոչվոր ժողովուրդ էին, որը տասնյակ անգամներ հիշատակվում է Հին Կտակարանում։ Բնակվում էին Միջագետքում (որն անվանում էին « Bayn Naharaim » - «Երկու գետերի միջև», կամ « Aram-Naharaim », որ նշանակում է «Արամայեցիների գետերը») և մոտակա տարածաշրջաններում, որոնք մաս են կազմում այժմյան Թուրքիա, Սիրիա, Իրան, Իրաք, Հորդանան և Լիբանան պետություններին։

 

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

«Արամայեցիներ» տերմինը Հրեաների կողմից հին ժամանակներում գործածվում էր՝ մատնանշելու համար իրենց ամենահեռավոր ''զարմիկներին'', որոնք բնակվում էին Առպախշադիտներից ավելի արևելք ընկած տարածքներում (կոչվում էին նաև Եբերի Որդիների տոհմեր [Եբերից են սերում բոլոր սեմական ժողովուրդները, եբրայեցիները կամ իսրայելացիները ըստ Ծնդ 10, 21 հատվածի)։ Այդուհանդերձ, Արամայեցիները երբեք չկազմավորեցին միացյալ պետականություն, այլ ավելի միավորված էին արամայերեն լեզվի համընդհանուր գործածությամբ, որը սկզբնական շրջանում գրվում էր գործածելով փյունիկյան այբուբենը։ Բաբելոնյան և Պարսկական կայսրությունների ժամանակ արամայերենը դարձավ ողջ հին Միջին Արևելքի միջազգային լեզուն։

Փաստացի, «արամայեցի» և «արամայերեն» հասկացողությունները էականորեն լեզվաբանական են, քանի որ շատ կարճ ժամանակներով են միայն գոյություն ունեցել այսպես ասված ''արամայական թագավորություններ'', որոնք նաև շատ հեռու են եղել բոլոր արամայախոս ժողովուրդներին իրենց գերիշխանության ներքո պահելուց։ Պատմագետներն ընդհանուր առմամբ ընդունում են, որ Արամայեցիներն այդ տարածքներում գտնվել են Ք.ա. 14րդ դարից սկսած և որ կազմակերպված են եղել ըստ տոհմերի (ընտանեկան տների), որոնք կոչվել են Բեթ, ինչպես Բեթ Ադինի (Ադինի Տունը, այսօր՝ Թելլ Ահմար), կամ Բեթ Աղուսի (Հալեպից հյուսիս)։ Միայն ներկայիս Սիրիայի տարածքում է, որ գոյություն է ունեցել արամայեցի փոքրիկ իշխանությունների դաշնություն, որոնք ենթարկվել են աստվածային նկարագիր չունեցող մի թագավորի, որն իր իշխանությունը կիրարկում էր բյուրոկրատների մի հոծ բազմության միջոցով, ինչպես Արամ-Դամասկոսում (այսօր պարզապես Դամասկոս) և Համաթում։ Այս իշխանությունները նվաճվեցին Ասորեստանի թագավորներ Ադադ-նիրարի Երկրորդի (911-891), Աշուրնասիրպալ Երկրորդի (884-859) և վերջինիս որդի Սալմանասար Երրորդի (859-824) կողմից, որոնք ոչնչացրեցին փոքրիկ ցեղախմբերից շատերին և Սիրիայի, նրա տեղական առևտրի և նրա բնական պաշարների հսկողությունն ու տնօրինումը հանձնեցին ասորիներին։ Ասորեստանյան մի քանի թագավորներ, սակայն, մինչև իսկ ամուսնացան արամայեցի կանանց հետ։ Հետևաբար, առանց սեփական պետականությունն ունենալու, Արամայեցիները շարունակեցին ներկա լինել Բաբելոնում և Միջագետքում, ուր կամաց կամաց ձուլվեցին տեղական հասարակությունների մեջ և, մշակութային առումով, ժառանգեցին բաբելացիների և միջագետքյան ա՛յլ ժողովուրդների մշակույթն ու գրականությունը։

 

ԱՐՎԵՍՏ ԵՎ ԿՐՈՆ

Արամայեցիների քաղաքները զարդարված են եղել մեծղի կոթողային կառույցներով, հարուստ՝ բարձրաքանդակներով և արձաններով։ Զարգացրել են մեծապես օրիգինալ մի ոճ, որը միայն թեթևակի ազդեցություններ է կրել նոր-հիթթիթական արվեստից։

Արամայական իշխանություններում տարածված կրոնական պաշտամունքները շատ նման են եղել քանանական և բաբելոնյան ծեսերին, որովհետև նրանք էլ են պաշտել այնպիսի աստվածություններ, ինչպիսիք էին արական Էլ Բահաղը և իգական Աշտարտուն (Աստարտ)։ Հին Միջագետքի ժողովուրդներից Արամայեցիները ժառանգել էին նրանց մշակույթի, ներառյալ նրանց դիցաբանությունը։ Հետագայում, Արամայեցիները առաջին ժողովուրդներից մեկը եղան, որ ընդունեցին Քրիստոնեությունը։

 

ԼԵԶՈՒՆ

Արամայերենը սեմական լեզուներից մեկն է, որ ունի մոտ 3.000 տարվա պատմություն։ Անցյալում եղել է տարբեր կայսրությունների կրոնական և վարչարարական գլխավոր լեզուն (նաև Հայաստանում, Աքեմենյան գերիշխանության շրջանում)։ Լեզուն է, որով գրվել են Թալմուդի բնագրերը, Դանիելի և Եզրասի գրքերի որոշակի մասերը։ Հունարենի հետ միասին, Իսրայելում խոսակցական ամենատարածված լեզուն էր Հիսուսի ժամանակներում։ Կա կարծիք, որ Ավետարանների սկզբնական տարբերակները գրի են առնվել արամայերեն լեզվով, ապա միայն թարգմանվել են հունարենի։

Արամայերենը պատկանում է աֆրո-ասիական լեզուների լեզվաընտանիքին, սեմական լեզուների ենթաընտանիքին (ավելի ճշգրիտ կերպով՝ սեմական լեզուների հյուսիս-արևմտյան խմբին, որին մաս են կազմում քանանական լեզուները, որոնցից մեկն է նաև եբրայեցերենը)։

Ներկայումս արամայերեն լեզուն գործածվում է մոտավորապես 445.000 անձանց կողմից, հիմնականում որպես ծիսական լեզու։ Սիրիայում այն խոսվում է Մալուլա, Բհահ, Հաշա, Ղամըշլի ավաններում։ Թուրքիայում ՝ Թուր-Աբդին և Մարդին քաղաքներում։ Հյուսիսային Իրաքում ՝ Քրաքոշ, Էլքոշ, Էրբիլ, Անքավա քաղաքներում։ Այս գլխավոր կենտրոններից բացի, որոշ փոքրաթիվ խմբեր այն գործածում են Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Իրանում, Իսրայելում, Լիբանանում, Պաղեստինում և Ռուսաստանում։

 

ԱՐԱՄԱՅԵՑԻՆԵՐՆ ԱՅՍՕՐ

Մերօրյա արամայեցիների մեծամասնությունը, որ հայտնի է արամայեցիներ կամ ասորիներ անունով, պատկանում է քրիստոնեական կրոնին և խոսում է արամայերենի տարբերակներից մեկով, որ հայտնի է ասորերեն անվամբ։ Ամենահին ծննդաբանությունները որդեգրելով կարող ենք նկատել նրանց որպես զավակները Արամի, որը որդին էր Նոյի որդի Սեմի (Ծնդ 10, 22), կամ թերևս՝ Աբրահամի եղբայր Նաքորի, նրա Քամուել որդու ճյուղով, որը հենց Արամի հայրն էր։

Այսօրվա Արամայեցիները համարվում են հին ասորեստանցիների ճշմարիտ հետնորդները։ Ներկայիս Սիրիայում, որը վաղուց արդեն արաբական երկիր է, քրիստոնյա արամայեցիները կազմում են բնակչության 10%-ը։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։