Խոսե Սանչեց Դել Ռիո (Սուրբ) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Խ
Խոսե Սանչեց Դել Ռիո (Սուրբ)
Թարգմանեց՝ Տ. Հովսեփ քհն. Գալստյան

Սբ. Խոսե Լուիս Սանչեց Դել Ռիոն (José Luis Sánchez del Río, 1913-1928) մեքսիկացի պատանի էր՝ 1926-29թթ.ին Մեքսիկայում Քրիստոնեական Հավատքի համար մղված Քրիստերոսների[1] պատերազմի նահատակներից մեկը: Նա սպանվել է Մեքսիկայի այդ տարիների մասսոնական կառավարության կողմից՝ Քրիստոնեական (իր դեպքում՝ Կաթոլիկ) Հավատքին հավատարիմ մնալու համար: Նորագույն ժամանակներում Հավատքի վկայության և նահատակության համար Խոսեն 2016թ.ին դասվել է Ընդհանրական (Կաթոլիկ) Եկեղեցու Մարտիրոս Սրբերի շարքը:

 

Կյանքը և Քրիստերոսների պատերազմը

Խոսե (Հովսեփ) Լուիս Սանչեց Դել Ռիոն ծնվել է 1913թ.ի Մարտի 28-ին, Մեքսիկայի Սահուայո քաղաքում: Ընտանիքում ծնված չորս երեխաներից երրորդն էր: Դպրոց հաճախել է իր ծննդավայրում, ապա՝ Գուադալախարայում: Վաղ տարիքից Խոսեն մեծ հավատք ուներ և շատ նվիրված էր Գուադալուպեի Տիրամորը:

 

 

Խոսեն տասներկու տարեկան էր, երբ 1926թ.ին Մեքսիկայում սկսվեց Քրիստերոսների պատերազմը: Այդ տարիներին Մեքսիկայի մասսոնական կառավարությունը նպատակ ուներ երկրում թուլացնել Կաթոլիկ Եկեղեցու դիրքն ու հասարակության գիտակցության վրա ունեցած ազդեցությունը: Կառավարությունը սկսեց հալածել և մահապատժի ենթարկել կաթոլիկ քահանաներին, բռնագրավել Եկեղեցու ունեցվածքը, փակել կրոնական դպրոցներն ու վանքերը, և ընդունել հակաեկեղեցական օրենքներ:

Մեքսիկայի արևմտյան և կենտրոնական նահանգներից շատերը ոտքի կանգնեցին ընդդեմ կառավարության՝ պաշտպանելու համար Եկեղեցին և Քրիստոնեական Հավատքը: Ապստամբ ուժերին միացան նաև Խոսեի եղբայրները։ Խոսեն ևս ուզում էր միանալ, բայց մայրը չէր թողնում նրան: Ապստամբների հրամանատար Մենդոզան ևս մերժում էր զինվորագրել Խոսեին, որովհետև դեռևս փոքր էր: Բայց Խոսեն համառորեն ուզում էր միանալ Հավատքի համար մղվող պատերազմին: Նա աղաչում էր մորը՝ թույլ տալ իրեն, հետևյալ խոսքերն ասելով. «Մայրի՜կ, ինձ մի՛ զրկիր Երկինք հասնելու այսքան հեշտ ու արագ հնարավորությունից»:

Հրամանատարն, ի վերջո, թույլ տվեց, որ Խոսեն լինի զորքի դրոշակակիրը: Խոսեին քրիստերոս մարտիկները մականվանեցին «Թարսիսիուս», վաղ շրջանի Եկեղեցու Մարտիրոսներից մեկի անունով, ով իր կյանքը զոհեց՝ պաշտպանելով Ամենասուրբ Հաղորդությունը:

1928թ.ի Հունվարի 28-ին, Քոթիխայի մարտի ժամանակ, հրամանատարի ձին սպանվում է, և Խոսեն իր ձին տալիս է նրան, ասելով. «Ձեր կյանքն ավելի կարևոր է, քան իմը»։ Հրամանատարը, վարանելով հանդերձ, ընդունում է։ Խոսեն, ուրիշ քրիստերոսների հետ միասին, մի թաքստոց է մտնում, որտեղից նրանք կրակում են՝ իրենց հեռացող զինակիցների թիկունքը պաշտպանելու նպատակով, մինչև որ իրենց մոտ եղած զինամթերքը վերջանում է: Ապա ձերբակալվում են կառավարական զորքերի կողմից և բանտարկվում են տեղի արդեն ավերված եկեղեցում: Խոսեի հետ ձերբակալվում է նաև Լորենցո անունով մի ինդիոս պատանի։

 

 

Մարտիրոսությունը

Խոսեին ստիպում էին հրաժարվել իր հավատքից, բայց նա մերժում էր այդ պահանջը: Նրան ստիպում են նաև նայել, թե ինչպես էին մահապատժի ենթարկում մեկ ա՛յլ քրիստերոսի, բայց Խոսեն, ընկճվելու փոխարեն, քաջալերում է նրան և ասում, որ կհանդիպեն Երկնքում: Կախաղան հանվածը, սակայն, չի մահանում, և կրկին միանում է քրիստերոսներին։

Բանտարկության ընթացքում Խոսեն ամեն օր Սուրբ Վարդարան էր աղոթում և նամակ գրում իր մորը: Նա գրում էր, որ պատրաստ է կատարելու Աստծո կամքը: Խոսեի հայրը դրամ էր հավաքել, որպեսզի փրկագին վճարի տղայի համար (բանտապահը 5.000 պեսոս էր պահանջել), բայց Խոսեն մերժում է, ասելով, որ իր կյանքն արդեն ընծայել է Աստծուն: Մորն ուղղված նամակներից մեկում գրում է. «Իմ սիրելի մայրիկ, գերի եմ ընկել։ Կարծում եմ, որ շուտով մեռնելու եմ, բայց դա կարևոր չէ, մայրիկ։ Համակամվի՛ր Աստծո կամքին։ Ես մեռնում եմ շա՜տ գոհ, որովհետև մեռնում եմ առաջին գծի վրա, Մեր Տիրոջ կողքին։ Մի՛ տրտմիր մահվանս համար. սա ինձ ցավ է պատճառում։ Ավելի՝ ասա՛ եղբայրներիս, որ հետևեն ամենափոքրի օրինակին, և Աստծո կամքը գործադրիր։ Քաջությամբ գոտեպնդվիր, և ինձ ուղարկիր քո օրհնությունը, հորս օրհնության հետ միասին։ Իմ կողմից ողջունիր բոլորին մի վերջին անգամ, և դու վերջում ընդունիր որդուդ սիրտը, որ քեզ շա՜տ է սիրում, և որ ցանկանում էր տեսնել քեզ, մեռնելուց առաջ»։

 

 

1928թ.ի Փետրվարի 10-ին, կառավարական զորքերը, տեսնելով, որ չեն կարողանում կոտրել տղայի կամքը, դաշույնով քերթեցին նրա ոտքերի թաթերի մաշկը և ստիպեցին այդպես արյունահոսելով քայլել քաղաքի փողոցներով՝ դեպի գերեզմանատուն: Այս տառապալից ճանապարհին Խոսեն Սուրբ Վարդարանն էր աղոթում իր թշնամիների համար, նաև երգում էր Գուադալուպեի Տիրամորը նվիրված երգեր: Երբեմն ցավից գոռում էր քայլելիս, բայց չէր հանձնվում: Նրան ասում էին, որ եթե բացականչի «Մա՛հ Քրիստոս Թագավորին», ապա չեն սպանի: Փոխարենը, նա գոչում էր. «Ես երբեք չեմ համաձայնվի։ Կեցցե՜ն Քրիստոս Թագավորը և Գուադալուպեի Տիրամայրը»: Գերեզմանատանը դաշույնի մի քանի հարված ևս հասցրեցին տղային, և նա ընդունեց մարտիրոսության պսակը՝ տասնչորս տարեկան հասակում, այդ նույն օրը՝ 1928թ.ի Փետրվարի 10-ին: Դաշույնի յուրաքանչյուր հարվածին պատասխանում էր «Կեցցե՜ Քրիստոս Թագավորը» գոչյունով։ Վերջին միտքն ուղղում է հորը. «Ասացեք նրան, որ կրկին կտեսնվենք Երկնքում»։ Վերջին շունչը փչելուց առաջ հասցնում է սեփական արյունով մի խաչ գծել իր կանգնած տեղում։

Խոսեի մարմնի մասունքներն ամփոփված են իր հայրենի քաղաքի՝ Սահուայոյի «Սուրբ Հակոբոս» եկեղեցում: Ժողովուրդը նրան փաղաքշական կերպով դիմում է «Խոսելիտո» - «Հովսեփիկ» անունով։

 

Սրբադասումը

Խոսե Լուիս Սանչեց Դել Ռիոյի սրբադասման գործընթացը սկսվեց Զամորայում, 1996թ.ի Մայիսի 1-ին: Թեմական փուլն ավարտվեց նույն թվականի Հոկտեմբերի 25-ին, և Խոսեն ճանաչվեց «Աստծո Ծառա», որն առաջին հանգրվանն է՝ սրբադասման ճանապարհին: 2005թ.ի Նոյեմբերի 20-ին Ն.Ս. Բենեդիկտոս Տասնվեցերորդ Սրբազան Պապը Խոսեին հռչակեց «Երանելի», ևս տասներեք մեքսիկացի մարտիրոսների հետ միասին:

 

 

Գերբնական հրաշքը, որն անհրաժեշտ էր նրա սրբադասման համար, տեղի ունեցավ 2008-2009թթ.ին մի մանուկ, որը բժիշկների գնահատմամբ ոչ մի հնարավորություն չուներ ապրելու, փրկվեց Խոսեի բարեխոսությամբ: Բժիշկների և աստվածաբանների դրական եզրակացության հիման վրա, 2016թ.ի Մարտին Սուրբ Աթոռը ճանաչեց կատարված հրաշքը։ Խոսքը վերաբերվում է 2008թ.ին ծնված Քսիմենա Գուադալուպե Մագալլոն Գալվեցին. աղջնակը, ծննդից ընդամենը մի քանի ամիս անց ենթարկվել էր իկտուսի (ուղեղի կաթված), որի պատճառով բժիշկները նրան երեք օրվա կյանք էին տվել։ Այն պահին, երբ պատրաստվում էին անջատել նրան կենդանի պահող արհեստական շնչառության գործիքները, աղջնակի ծնողները նրան հանձնել էին Երանելի Խոսե Դել Ռիոյի պաշտպանությանը, և հազիվ բժիշկներն անջատել էին գործիքները, երեխան բացել էր աչքերը ու ժպտացել, իսկ հետագա ամիսների ընթացքում վերադարձել էր բնականոն առողջ վիճակի։ Հետևաբար, 2016թ.ի Հոկտեմբերի 16-ին Ն.Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Պապը Խոսե Դել Ռիոյին դասեց Ընդհանրական Եկեղեցու Սրբերի շարքը:

Խոսեն հովանավոր Սուրբ է երեխաների, պատանիների, քրիստոնեական դպրոցների և նորագույն ժամանակների Հավատքի նահատակների: Սբ. Խոսե Դել Ռիոյի ծիսական տոնը կատարվում է Փետրվարի 10-ին:

 

Ֆիլմ

Սբ. Խոսե Դել Ռիոյի կերպարը, թեև մի քիչ վիպականացված, ներկայացվում է Քրիստերոսների մասին պատմող «Քրիստիադա» ( For Greater Glory: The True Story of Cristiada ) ֆիլմում, նկարահանված՝ 2012 թվականին (արտադրող՝ NewLand Films , տարածող՝ ARC Entertainment (US), 20th Century Fox (Mexico))։

 

***
 
ԱՂՈԹՔՆԵՐ
ՍԲ. ԽՈՍԵ ԴԵԼ ՌԻՈՅԻ ԲԱՐԵԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ
 
 

 
Ծիսական աղոթք
 
Տեր մեր և Աստված,
Օգնի՜ր մեզ լինել քաջարի և ամուր՝ Քո նկատմամբ մեր նվիրման մեջ,
Օգնի՜ր մեզ հասկանալ մեր օրերի անարդարությունները,
որոնց համար հարկավոր է ոտքի կանգնել և պայքարել,
Տո՜ւր մեզ հաստատակամություն և փափագ՝
օգնելու ուրիշներին մեր ուժերի առավելագույն չափով,
Օգնի՜ր մեզ պատվել Քրիստոսին որպես մեր կյանքերի Թագավոր:
Սբ. Խոսե Դել Ռիո, աղոթի՜ր մեր համար։
Ամեն:
 
***
 
Աղոթք
Սբ. Խոսե Դել Ռիոյի բարեխոսությամբ
Աստծուց շնորհ հայցելու համար
 
 

 
Ո՜վ Քրիստոսի փառքով պսակված
Սբ. Խոսե Դել Ռիո,
ամբարիշտ իշխանավորների ձեռքով մարտիրոսացած,
որ քո պատանի կյանքն ընծայեցիր
Տեր Հիսուս Քրիստոսի փառքի և Նրա Թագավորության գալստյան համար,
սարսափելի տանջանքներ կրելով, մինչ գոչում էիր
«Կեցցե՜ Քրիստոս Թագավորը»,
«Կեցցե՜ Գուադալուպեի Տիրամայրը»,
զոհաբերվելով մինչև արյանդ հեղումը.
Հիսուսի Սրբազնասուրբ Սրտից
և Մարիամի Անարատ սրտից
հայցի՜ր ու ստացի՜ր իմ համար շնորհը՝
սիրելու Աստծուն ամեն ինչից վեր ու ավելի,
և միշտ հարատևել Իր Շնորհի մեջ,
որպեսզի Հիսուսի Թագավորությունը հաստատվի աշխարհում
և հաղթանակի Մարիամի Անարատ Սիրտը։
Խնդրում եմ քեզ,
եթե դա համապատասխանում է Աստծո կամքին ու փառքին
և իմ հոգու բարիքին,
բարեխոսի՜ր իմ համար և ստացի՜ր Աստծուց այս շնորհը,
որ խնդրում եմ ( ... ... ... )։
Ամեն։
 
3 «Հայր մեր», «Ողջո՜ւյն», «Փա՜ռք Հոր ... »
 
***
 
Աղօթք Սուրբ Խոսելիտոյին
 
 

 
Ո՜վ պատանի մարտիրոս Խոսելիտո,
որ արյանդ հեղմամբ դավանեցիր քո հավատքը,
դահիճներիդ առաջ բարձրաձայն հռչակելով.
«Կեցցե՜ Քրիստոս Թագավորը,
Կեցցե՜ Գուադալուպեի Տիրամայրը»,
բարեխոսի՜ր մեր և բոլոր երիտասարդների համար,
որպեսզի Աստծո Շնորհի օգնությամբ
ամուր մնանք հավատքի մեջ
և հարատևենք քրիստոնեական կյանքի վկայության մեջ։
Դու, որ մեռնելուց առաջ գրեցիր քո մայրիկին այս խոսքերը.
«Քաջությամբ գոտեպնդվիր և ուղարկիր ինձ քո օրհնությունը,
հորս օրհնության հետ միասին»,
պարգևի՜ր ծնողներին՝ իրենց զավակներին օրհնելու շնորհը,
իսկ զավակներին՝ շնորհը օգնելու իրենց ծնողներին՝
կրելու ընտանեկան կյանքի խաչերը։
Այնպես արա՜, որ վստահությամբ հանձնվենք Աստծուն,
լիովին կատարելու համար Իր կամքը։
Օգնի՜ր մեզ, որպեսզի Աստծո շնորհով ու զորությամբ
կարողանանք դիմագրավել այն իրավիճակներին,
որոնց համար, մարդկայնորեն, չկա այլևս ոչ մի հույս,
վստահասիրտ ու համոզված,
որ Քրիստոնեական Հավատքն է կյանքի ճշմարիտ ուժը։
Ամենը։
 
Սուրբ Խոսելիտո, աղոթի՜ր մեր համար։
 
***
 
Աղոթք Սուրբ Խոսելիտոյին
Մկրտության պատրաստվողների համար
 
 

 
Ո՜վ Սուրբ Խոսելիտո,
դու, որ կյանքիդ մեջ
պարզ հոգիով պահպանեցիր Հավատքի բոցը,
դու, որ Քրիստոսին սիրահարված՝
սիրտդ վախերից այն կողմ տարար
և կյանքդ ընծայեցիր Իր համար.
քեզ ենք հանձնում բոլոր այն մանուկներին,
ովքեր այս տարի, մեր համայնքում,
պատրաստվում են Սուրբ Մկրտության։
Բարեխոսի՜ր նրանց համար
և ջինջ դարձրու նրանց հայացքը,
այնպես արա՜, որ միշտ ավելի ու ավելի
կենտրոնանա Հիսուսի վրա,
Ով գեղեցկության Ակունքն է։
Աղոթի՜ր, որ Սուրբ Հոգին
բոցավառի նրանց սրտերը,
և մղի նրանց պայքարելու՝
ձեռքբերելու համար այն, ինչը որ բարի է
այս և գալիք աշխարհում։
Օգնի՜ր նրանց՝ հանձնվելու
Քրիստոսի և Եկեղեցու առաջնորդությանը,
ճանաչելով միշտ Ճշմարտությունը։
Նրանց էլ մասնակից դարձրու քո մարտնչող ոգուն,
որպեսզի ճաշակեն Տիրոջ համար ապրված կյանքի
ուրախությունը։
Ամեն։
 
***
 
Ծիսական աղոթք
ի պատիվ Սուրբ Խոսե Դել Ռիոյի
 
 
 
Տե՜ր Աստված,
որ մարտիրոսության դափնեպսակը շնորհեցիր
Սուրբ Խոսե Դել Ռիոյին,
սեփական արյամբ դավանելու և պաշտպանելու
հավատքը Քրիստոս Թագավորի հանդեպ.
շնորհի՜ր մեզ,
իր բարեխոսությամբ,
իր նման լինելու շնորհը.
ամուր՝ հավատքի մեջ,
ապահով՝ հույսի մեջ,
և տևական՝ սիրո մեջ։
Հանուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի։
Ամեն։

[1] Քրիստերոս անունը առաջացել է իսպաներեն « Cristos Reyes » - « Քռիստոս Ռեյես » - « Քրիստոս Թագավոր » բառակապակցության հապավումից։ Քրիստերոս անունը, հետևաբար, կարող է հասկացվել որպես «Քրիստոս Թագավորի զինվոր», քանի որ նրանք, մարտի նետվելիս, բացականչում էին. « ¡Viva Cristo Rey! » - « Կեցցե՜ Քրիստոս Թագավորը »։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։