Կենսատու Աղբյուր (մարեմական տիտղոս) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Կ
Կենսատու Աղբյուր (մարեմական տիտղոս)
Թարգմանեց՝ Տ. Հովսեփ քհն. Գալստյան, խմբագրումն ու լրացումը՝ mashtoz.org-ի

«Կենսատու Աղբյուր» տիտղոսը տրվել է Աստվածածնին՝ կապված այն պատմության հետ, թե ինչպե՛ս է Աստվածամայրը 5-րդ դարում Կոստանդնուպոլսում հայտնել սրբազան աղբյուրի վայրը Լևոն Մարչելլուս անունով մի զինվորի, ով հետագայում դարձավ Լևոն Առաջին բյուզանդական կայսրը (411-457-474): Այս պատմությունը կամ ավանդազրույցը մեզ հասել է 14-րդ դարի բյուզանդական պատմիչ Նիկեփորոս Կալլիստոսի միջոցով: Ըստ այդ պատմության, Կոստանդնուպոլսի Ոսկյա Դարպասների մոտ կար մի սրբազան այգի, որտեղ հնուց ի վեր եղել է մի աղբյուր՝ նվիրված Աստվածածնին, որի հստակ տեղը մոռացվել էր ժամանակի ընթացքում, քանի որ աղբյուրը քողարկվել էր խիտ անտառով: 450թ. Ապրիլի 4-ին Լևոն Մարչելլուսն անցնում էր այդ անտառով և հանդիպեց մի կույր մարդու, ով կորցրել էր ճանապարհը: Լևոնը գթալով այդ մարդուն՝ ջանում էր ջուր գտնել նրա համար, բայց ապարդյուն: Հանկարծ նա մի ձայն լսեց, որն իրեն ասում էր. «Մի՛ մտահոգվիր և մի՛ փնտրիր այլուր. ջուրը հենց այստե՛ղ է»: Լևոնը նայում է շուրջբոլորը, բայց ոչ ոքի չի տեսնում և ջուրն էլ չի գտնում: Քիչ անց դարձյալ լսում է նույն ձայնը.

«Լևոն, կա՛յսր, մտի՛ր անտառը, վերցրո՛ւ ջուրը, որ կգտնես այնտեղ, և տո՛ւր այդ ծարավ մարդուն, ապա վերցրո՛ւ ցեխից և դի՛ր այդ մարդու աչքերին, [...] և մի տաճար կառուցիր այստեղ, [...] որպեսզի բոլոր նրանք, ովքեր գան այստեղ, ստանան իրենց խնդրանքները»:

Լևոնն անում է այնպես, ինչպես իրեն ասվել էր, և կույրի աչքերը բացվում են:

Հետո, երբ Լևոնը դառնում է կայսր, այդտեղ մի տաճար է կառուցում և այն նվիրում է Աստվածածնին: Այդ ակունքի ջուրը հրաշքներ էր գործում, և նույնիսկ մեռելներ էին հարություն առնում Աստվածածնի բարեխոսությամբ, այդ պատճառով այդ վայրը կոչվեց «Կենսատու Աղբյուր»:

Աղբյուրի մոտ կառուցված տաճարը 6-րդ դարի բյուզանդական կայսրերն ավելի շքեղ ձևով ընդարձակեցին, հատկապես Հուստինիանոս կայսրը (482-527-565), ով նաև վանք հիմնեց տաճարի հարևանությամբ։ Սրբավայրը մեծ հարգանք էր վայելում նաև Բյուզանդական Արքունիքի կողմից, և Կայսերն անձամբ ուխտի էին գնում այնտեղ տարին մի քանի անգամ, հատկապես Համբարձման տոնի օրը։ 1453թ.ին, սակայն, թուրքերը գրավեցին Կոստանդնուպոլիսը և հիմնահատակ կործանեցին նաև այդ գեղեցիկ տաճարը: 1834-ին Մահմուդ Երկրորդ սուլթանի հովանավորությամբ տաճարը վերակառուցվեց նախնական տեսքով և օծվեց, բայց 1955թ.ին հույների դեմ սանձազերված հարձակման ժամանակ այրվեց ամբողջությամբ և այլևս չվերականգնվեց: Այդ հրաշագործ աղբյուրը գոյություն ունի մինչ օրս, այն այդպես էլ մնացել է որպես սրբավայր և ուխտատեղի՝ հույն հավատացյալների համար, ովքեր այն անվանում են «բյուզանդածեսների Լուրդ»։ Սրբավայրի կողքին նաև մի գերեզմանատուն է գտնվում, ուր թաղված են Կոստանդնուպոլսի Պատրիարքներից շատերը։

Սրբավայր ժամանող հիվանդ ուխտավորներին նախ ընկղմում են աղբյուրի ջրով լցված մի ավազանի մեջ, ապա մարմինը փաթաթում այդ ջրով թրջված լաթով, թողնելով, որ չորանա մարմնի վրա. հիվանդը խմում է աղբյուրի ջրից և այդ ջուրը նաև երեք անգամ հեղվում է մարմնի ցավող մասի վրա: Արդեն 14-րդ դարում Նիկեֆարոս Կալլիստոս Քսանթոպուլոսը († 1335թ.), ով այդ օրվա Ժամերգությունների հեղինակն է, թվարկում էր աղբյուրի մոտ կատարված 63 հրաշալի բժշկումներ, որոնցից 15ը կատարվել էին իր կյանքի օրոք։

Բյուզանդածես Եկեղեցիներում նաև մի հատուկ տոն կա՝ նվիրված Կենսատու Աղբյուր Աստվածածնին («Զոոդոխոս Պիգի»), որ տոնվում է Զատկին հաջորդող ուրբաթ օրը: Դա մի հանդիսավոր օր է, երբ ծիասակատարությամբ աղբյուրներ են օրհնվում, թափորներ են կատարում Կենսատու Աղբյուր Աստվածածնի սրբապատկերով: Այդ սրբապատկերը տարածված է Օրթոդոքս Եկեղեցու շատ համայնքներում, որտեղ կան աղբյուրներ՝ հրաշալի բուժումների ավանդություններով: Ռուսաստանում հնում եղել է ավանդություն՝ օրհնելու եկեղեցիների մոտ գտնվող աղբյուրները և դրանք կոչելու Աստվածածնի անունով՝ կապված վերոհիշյալ պատմության հետ, և նկարել Աստվածամոր սրբապատկերներ (իկոնաներ) «Կենսատու Աղբյուր» անվանումով:

 

Տոնի ծիսական գրություններից

Կենսատու Աղբյուր Աստվածածնի տոնի ծիսական գրությունները, ինչպես արդեն ակնարկեցինք, հեղինակել է Նիկեֆարոս Կալլիստոս Քսանթոպուլոսը։ Դրանք հազվադեպ գեղեցկության շարականներ են, վստահաբար ներշնչված այն մեծ բարեպաշտությունից, ջերմեռանդությունից ու խանդավառությունից, որ դրսևորում էր քրիստոնյա ժողովուրդը՝ խուռնամբոխ ուխտի հավաքվելով հրաշագործ աղբյուրի մոտ։ Տոնը առիթ է տալիս ևս մեկ անգամ հանդիսակատարելու Աստվածածնին՝ Թեոտոկոսին, ով «Կյանքի Աղբյուր» է հռչակվում երկու տեսանկյունից դիտված. Աղբյուր, որ «ստանում է Կյանքը», և Աղբյուր, որ «պարգևում է Կյանքը»։ Տոնի ծիսական գրություններն, իրոք, երգում են Աստվածածնի խորհրդի այս երկու ուղղությունները.

– Ժամամուտի մեջ հաստատվում է. «Դու ծնեցիր գերերկնային Անձրևին, ներկայացար որպես Աղբյուր, որ բխել է տալիս Կյանքին, ո՜վ Կույս. և միշտ դու բխել ես տալիս մեր համար քո աղբյուրից Անմահության Նեկտարը, Ջուրը, որ ցայտում է դեպի հավիտենական կյանք, և մեղրահամ հոսանքները։ Խմելով դրանից, մենք գոչում ենք դեպի քեզ. Ողջո՜ւյն, ո՜վ Աղբյուր, որ պարգևում ես Կյանքը»։

– Երեկոյան Ժամերգության ժամանակ երգվում է հետևյալ Փառաբանությունը. «Ողջո՜ւյն, ո՜վ Աղբյուր, որ պարգևում ես Կյանքը։ Օվկիանոսներից ավելի, դու ողջ երկիրը ծածկում ես սքանչելիքներով։ Հոգևոր օվկիանոս, որ գերազանցում ես Նեղոսի հոսանքներին, շնորհի բաշխման գործում։ Սիլոամի Նոր Աղբյուր, որ բխեցնում ես, կարծես ժայռից, մի հրաշալի Ջուր, ստացած լինելով Հորդանանի զորությունը, դու, առատ ու անսպառելի, շնորհում ես առողջարար մանանան բոլոր նրանց, ովքեր իրենց ծարավը հագեցնում են քո Ջրով։ Ո՜վ Աղախին, Մա՜յր Քրիստոսի, դու աշխարհի վրա ես հոսեցնում մեծ ողորմությունը»։

– Առավոտյան Ժամերգության ժամանակ արտասանվում է հետևյալ հանգավոր շարականը. «Ո՜վ դու՝ առարկա Աստծո բարեհաճության, քո անսպառ աղբյուրից դու ինձ անդադար պարգևում ես քո շնորհի ջրերը։ Դու, որ որևէ խոսքից ու մտքից վեր ծնեցիր Բանին(*), ես աղաչում եմ քեզ. զովացրո՜ւ ինձ քո շնորհով, որպեսզի կարողանամ գոչել դեպի քեզ. Ողջո՜ւյն, առողջարար ջուր»։

– Եվ, վերջում, «Ի՛խոս» կոչվող շարականը հաստատում է.

«Ո՜վ Աստվածածին անարատ, որ անճառելի եղանակով ծնեցիր Հոր հավիտենական Բանին, առավել ընդարձակի՜ր բերանս, ո՜վ Աստվածասեր, և հասցրո՜ւ ինձ քեզ գովաբանելու բարձրությանը, որպեսզի կարողանամ երգել քո աղբյուրի մոտ՝ գոչելով.
Ողջո՜ւյն, անսպառելի բերկրանքի աղբյուր.
Ողջո՜ւյն, անասելի գեղեցկության հոսանք.
Ողջո՜ւյն, բոլոր հիվանդություններից ազատում.
Ողջո՜ւյն, հիվանդությունների դեմ հաղթանակ։
Ողջո՜ւյն, հավատացյալներին սրբացնող վճիտ ալիք. [...]
Ողջո՜ւյն, տգիտությունը հալածող իմաստության աղբյուր.
Ողջո՜ւյն, սրտածոր խառնուրդ, որ բաշխում ես աստվածային կերակուրը.
Ողջո՜ւյն, մանանայով լի կենարար անոթ.
Ողջո՜ւյն, աստվածային ընծա ու նեկտար։
Ողջո՜ւյն, տկարությունից դուրս հանող ճանապարհ.
Ողջո՜ւյն, հիվանդության բոցը մարող.
Ողջո՜ւյն, առողջարար ջուր»։
 

Բոլոր այս շարականների վերջին իմաստը, համենայն դեպս, քրիստոսաբանական է։ Ավազանի գաղափարը կապակցության մեջ է Մկրտության խորհրդի հետ, որով մարդը վերածնվում է որպես Աստծո որդեգիր զավակ, իսկ ջուրը՝ Քրիստոսի խոսքի հետ, որ ասում է. «Ես եմ կենդանի ջուրը» (հմմտ. Հվհ 4, 4-42)։

 

Տոնի ուսուցումները

Ակնհայտ է, որ այս տոնը, որ կատարվում է Զատկական տոներից անմիջապես հետո, որպես նպատակ ունի Կույսի հռչակումը նախևառաջ որպես Հարուցյալ Քրիստոսի Մայր։ Պատշաճ կերպով դրված լինելով Հարության Զատկի տոնից հետո, այն ներկայացնում է Մարիամին որպես Աղբյուր, որը Հարուցյալից ստանում է Հավիտենական Կյանքը և այն փոխանցում է իրեն դիմողներին։ Կյանքի առաջին Աղբյուրն, արդարև, Ինքը՝ Քրիստոսն է. «Քեզնում է կյանքի աղբյուրը, Քո լույսի մեջ ենք տեսնում լույսը»։ Այս առաջնային ու նախահավիտենական Աղբյուրից է շնորհներով ու պարգևներով լցվում մյուս Աղբյուրը՝ Կենսատու Աղբյուր Աստվածածինը, որպեսզի դրանք փոխանցի աշխարհին։ Տոնի ծիսակատարություններից ներշնչված այս եզակի ճշմարտությունից բխում են հետևյալ ուսուցումները.

1) Բոլորս կանչված ենք մասնակցելու Քրիստոսի Հարության բերկրանքին ու փառքին, այսինքն՝ Նրա հետ հաղթելու «մահվան խայթոցին», որ մեղքն է (1Կր 15, 56)։ Քրիստոնյայի համար ամենամեծ փառքն ու ուրախությունը, իրոք, Քրիստոսի հետ և Քրիստոսի նման լինելն է, մասնակցելով Նրա փրկության Արքայությանը։ Սուրբ Կույսը՝ Կենսատու Աղբյուր, օգնում է քրիստոնյաներին՝ հանդիպել իր Որդուն, և նրանց առաջնորդում է տեսնելու և մասնակցելու Նրա հաղթանակին ու Նրա փառքին։

2) Արարածը, որն առաջինը մասնակցեց Հարուցյալ Քրիստոսի փառքին ու բերկրանքին, քանի որ առաջինն էր, որ մասնակցեց Նրա տառապանքներին, Նրա Մայրն է։ Արևելյան ծիսակարգերում հաճախ է երգվում. «Քո Մայրը, որ այդքա՜ն տառապեց Քո Չարչարանքների ժամանակ, արդարացի էր, որ Դու նրան որևէ չափից ավելի ուրախացնեիր Քո փառքով», և տակավին, Սուրբ Կույսին Սբ. Հովհան Դամասկացու խոսքերով դիմելով. «Ո՜վ մաքրագույն Մայր Աստծո, ուրախացի՜ր արգանդիդ Պտղի հարության համար»։ Այս պատճառով է Ծեսը դրել Կենսատու Աղբյուր Աստվածածնի տոնը Զատկին հաջորդող շաբաթվա մեջ, ցանկանալով ընդգծել այն յուրահատուկ տեղը, որը նա, Չարչարանքների մեջ զբաղեցնելուց հետո, զբաղեցնում է նաև Հարուցյալ Քրիստոսի փառքի, բերկրանքի ու հաղթանակի մեջ։

3) Իր Հարությամբ՝ Քրիստոս Տերն Իր հետևորդների համար հաստատել է «բժշկումներ կատարելու պարգևները» և «սքանչելիքներ գործելու իշխանությունը», թվարկելով դրանց նշանները. «Իմ անունով դևեր են հանելու, նոր լեզուներ են խոսելու, իրենց ձեռքերի մեջ օձեր են բռնելու, և եթե ինչ որ մի թույն խմեն, դա նրանց ոչ մի վնաս չի պատճառելու. իրենց ձեռքերը հիվանդների վրա են դնելու և նրանք առողջանալու են» (Մրկ 16, 17-18)։ Այս իշխանությունը Քրիստոսի կողմից Մարիամին՝ Իր Մորը տրվել է առավել արդյունավետ ու զորեղ կերպով, քան ուրիշ որևէ աշակերտի։ Եկեղեցու երկհազարամյա պատմությունը լի է այսպիսի միջամտություններով, որոնք Սուրբ Կույսը կատարում է, տարբեր վայրերում ու ժամանակներում, և հատկապես՝ իրեն ձոնված սրբավայրերում։

 

 

(*) Գրաբարյան «բան» եզրը (հունարեն՝ լոգոս), որ սովորաբար թարգմանվում է որպես «խոսք», բայց կարող է նշանակել նաև «միտք», «իմաստ», բան-ականության, բան-ավորության արմատն է, որով մատնանշվում է գոյություն ունեցող ամեն ինչի գոյութենական իմաստը և հակառակվում է անիմաստությանը, ան-բան-ությանը, ան-բան-ականությանը։ Հատկանշական է, որ հայերենում գոյություն ունեցող ամեն ինչ մատնացույց է արվում որպես «մի բան», այսինքն՝ իր մեջ բանականություն պարունակող միավոր։ Գրվելով մեծատառով, «Բան» («Լոգոս»), հասկանում ենք Աստվածային Միտքը, Իմաստությունը, Խոսքը (Ամենասուրբ Երրորդության երկրորդ Անձը՝ Որդին), որը ստեղծված որևէ բանականության արմատն ու աղբյուրն է, որից կտրվելու, հեռանալու դեպքում ամեն բան դառնում է անբան, իմաստազուրկ, հակասական, անտրամա-բան-ական։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։