Հարգանք (մարդկային) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Հ
Հարգանք (մարդկային)

Ծանոթություն. այս հոդվածում կխոսվի միայն այն դեպքերի մասին, երբ քրիստոնյան մարդկանց հարգանքը շահելու նպատակով զիջումներ է կատարում Քրիստոնեական Հավատքի պահանջների հարցում։

 

1. Սահմանումը

Անձը մարդկային հարգանքին զոհ է դառնում, երբ իր համոզմունքների, հավատքի, գաղափարների համաձայն վարվելու փոխարեն՝ չափազանց հաշվի է առնում այլոց կարծիքն ու դատողությունները, վախենալով, թե կենթարկվի անարժեք, հետադեմ, հետամնաց անձի վատ համբավ ձեռքբերելու վտանգին, կամ էլ՝ կենթարկվի ծաղրի։ Մերձավորի կարծիքը հաշվի առնելը ամբողջովին դատապարտելի չէ, ինչպես ուսուցանում են նաև Եկեղեցու Հայրերն ու անվանի աստվածաբանները։ Այն, ինչը որ այստեղ դատապարտելի է, չափազանցությունն է, մարդկանց կարծիքը չափից ավելի հաշվի առնելը, այն աստիճան, որ նրանց պատճառով զոհաբերվում են պատիվը, որ մարդը պարտավոր է Աստծուն, և առաքինությունների, հատկապես՝ կրոնի առաքինության գործադրումը։

Անձը մարդկային հարգանքին զոհ է դառնում նաև այն ժամանակ, երբ կատարում է բարոյական հարթության վրա ինքնըստինքյան բարի արարքներ, բայց առանց որևէ համոզվածության, որպես միակ դրդապատճառ ունենալով միջավայրի սովորություններին համակերպվելը, որպեսզի չերևա և մատնացույց չարվի որպես ավանդույթները խզող։ Ի վերջո, սակայն, բացահայտ կամ ծածուկ նպատակը միշտ նույնն է. չկորցնել կամ ավելացնել մարդկանց հարգանքը սեփական անձի նկատմամբ։ Մոլության այս երկրորդ ձևն անվանվում է «մարդկային թարս հարգանք»։ Այս դեպքում մարդկային հարգանք վայելելու ցանկությունը մղում է զոհաբերելու սեփական ներքին ազատությունը. խիղճը հայտնվում է մի վիճակում, ուր այլևս չի լուսավորվում և առաջնորդվում բնական օրենքի և Հայտնության կողմից, այլ՝ շրջապատում հնչող կարծիքներից։ Ուստի, վախկոտ փոքրոգության գործ է, որով մարդը թերանում է սեփական կարծիքը արտահայտելու, հաստատելու և պաշտպանելու քաջության, բայց հատկապես՝ Քրիստոնեական Հավատքը որևէ իրավիճակում և որևէ գնով դավանելու պարտավորության հարցում։ Հետևաբար, հակառակ է Զորության առաքինությանը։

Մարդկային հարգանքի չափազանց որոնումը արտահայտվում է և՛ բնական, և՛ գերբնական ոլորտներում։ Այստեղ քննության ենք առնում այն դեպքերը, երբ այն վնաս է հասցնում հոգու գերբնական կյանքին։ Սեփական կրոնական համոզմունքների համաձայն վարվելու պարտավորության մասին խոսում է ամբողջ Աստվածաշունչը. Հին Կտակարանում այս հարցին անդրադառնում են հատկապես իմաստասիրական ու մարգարեական գրքերը (հմմտ. Ես 12, 2; 30, 10-11 և այլն)։ Առավել ընդգծված կերպով հիշատակվում է Նոր Կտակարանում. «Չեմ ամաչում Ավետարանի համար» (Հռմ 1, 16)։ Հավատքի պարտավորությունների հաշվին մարդկանց բարեհաճության որոնումը բացարձակ կերպով հակասում է Քրիստոնեական Հավատքին. «Մի՞թե ուզում եմ մարդկանց հաճոյանալ։ Եթե տակավին հաճո լինեի մարդկանց, այլևս չէի լինի Քրիստոսի ծառան» (Գղտ 1, 10; հմմտ. 2Կր 5, 9; Կղս 3, 22; 2Տմ 2, 4)։ Աշխարհի դրական վերաբերմունքը շատ հաճախ նշանն է Աստծո կողմից դատապարտության. «Վա՜յ ձեզ, եթե բոլոր մարդիկ լավ խոսեն ձեր մասին» (Ղկս 6, 26)։

 

2. Բարոյական գնահատականը

Մարդկային հարգանքի նման չափազանցված փնտրտուքն ինքնըստինքյան պախարակելի իրողություն է։ Առաջինն այն բանի համար, որ բնական օրենքին և աստվածային օրենքին հակառակ լինելով՝ աստիճանաբար հասցնում է խղճի ձևազեղծման, սեփական անձնականության խեղդման, Քրիստոնեական կատարելությունից գործնական հարթության վրա հրաժարման, քանի որ Քրիստոնեական կատարելությունը նախևառաջ հիմնվում է դիտավորության ուղղամտության վրա։ Երկրորդ, որովհետև պատճառ է հանդիսանում զանցառության և մեղսակցության մեղքերի համար, որոնց ծանրությունը ուղղակի կախում ունի զանցառության կամ մեղսակցության տվյալ գործի ծանրությունից։ Քրիստոնեական Հավատքը դավանելու պատվիրանը պատկանում է աստվածային իրավունքի ոլորտին. «Ով կդավանի ինձ մարդկանց առաջ, ես էլ իրեն կդավանեմ իմ Հոր առաջ, որ երկնքում է. իսկ ով կուրանա ինձ մարդկանց առաջ, ես էլ իրեն կուրանամ իմ Հոր առաջ, որ երկնքում է» (Մտթ 10, 32-33; հմմտ. Մրկ 8, 38; Ղկս 9, 26; 12, 9)։ Քրիստոնյան, հետևաբար, պարտավոր է հստակ ու բացահայտ կերպով դավանել Հավատքը, երբ խաղի են դրված Աստծո պատիվն ու մերձավորի բարիքը, ինչպես օրինակի համար՝ երբ իր վարքի հետևանքում կարող է արհամարհվել կրոնը, երբ իր գրաված դիրքորոշումը կարող է գայթակղության պատճառ հանդիսանալ տկարների համար, և այլն։ Եթե պատկան իշխանությունների կողմից իրեն հարց է ուղղվում սեփական Հավատքի վերաբերյալ (բացառությամբ այն դեպքի, երբ հենց այդ նույն քաղաքական իշխանության օրենքն իսկ արգելում է խղճի վերաբերյալ հարցաքննումը), Քրիստոնյան պարտավոր է պատասխանել ամենայն հստակությամբ։ Բայց եթե հարցն ուղղում է անհատ մեկը, օրինավոր է լռելը կամ անորոշ պատասխան տալը, բացառությամբ այն դեպքերի, երբ նման դիրքորոշումը ուղղակի ու միանշանակ կերպով հավասարազոր է Հավատքի ուրացմանը։ Սովորաբար, մինչդեռ, արգելված է կամովին հանձնվել հալածողներին, քանի որ դա հանդգնության գործ է։ Եթե սեփական Հավատքը հայտարարելու հրաման է տրվում ընդհանուր և անորոշ օրենքով, Քրիստոնյան պարտավոր չէ ներկայանալու, բացառությամբ այն դեպքերի, երբ դա միանշանակ կերպով հավասարազոր է Հավատքի ուրացմանը։ Սակայն Քրիստոնեական Հավատքը չի ուրանում նա, ով հալածանքների պատճառով փախչում է, ֆիզիկապես հեռանում։ Ավելի ճիշտ կլինի ասել, որ այդպիսով նա ընդհակառակն՝ հաստատում է իր Հավատքը։ Հավատքը խոսքով կամ ուրիշ որևիցէ մի նշանով ժխտելը օրինավոր չէ ոչ մի դեպքում։ Օրինավոր է, մինչդեռ, իսկ երբեմն նաև պատշաճ է, որ Հավատքը գաղտնի պահվի, այն դեպքերում, երբ այն դավանելու ներգործական պարտավորություն չկա, և երբ դա հնարավոր է անել առանց ստի ու կեղծիքի մեջ ընկնելու։ Ժամանակի և վայրի որոշակի պարագաներ կարող են Քրիստոնյային ազատել եկեղեցական որոշ օրենքներ ու սովորություններ գործադրելու պարտականությունից. օրինակի համար, հեթանոսների կամ հերետիկոսների բնակավայրերում գտնվելիս կամ այնտեղից անցնելիս Քրիստոնյան չպետք է ի ցույց դնի պահքի կամ աղոթքի հետ կապված արտաքին կերպերն ու վարմունքը, քանի որ դա կարող է ծանր հետևանքներ ունենալ. այդպիսի դեպքում Հավատքը չի քարոզվում, այլ պարզապես հրահրվում է հակառակության ոգին։

 

3. Ինչպես դարմանել այն

Մարդկային հարգանքի չափազանց որոնումը, քանի որ հակառակվում է Զորության առաքինությանը, նախևառաջ և էականորեն դարմանվում է հոգին հենց այդ առաքինությանը վարժեցնելով, կրթելով (կամ վերակրթելով)։ Այն յուրահատուկ կերպով դժվար է դարմանել տարիքով անձանց մոտ, որոնք, շատ հաճախ, իրենց այլևս տձևացած խղճի պատճառով հակված են լինում շփոթելու այս մոլությունը խոհեմության կամ պարզասրտության հետ։ Ե՛վ հասուն տարիքի անձանց, և՛ երիտասարդների պարագայում հարկավոր է միշտ պնդել, թե Հավատքի և հոգևոր կյանքի ապրումի համար որքա՜ն կարևոր է գործադրումն այնպիսի արարքների, որոնք ներգործաբար սովորեցնում են հարկ եղածից ավելի հաշվի չառնել մարդկային կարծիքներն ու դատաստանները։ Սովորաբար, սեփական Հավատքն արտահայտելը այնտեղ, ուր մարդկանց համախմբում կա (օրինակ՝ ուխտավայրերում, ծիսակատարությունների ժամանակ, և այլն), զորեղ միջոց է այս մոլության դարմանման համար։ Եվս մի ազդու միջոց է ամենօրյա ուշադիր զատորոշումը աշխարհի պատգամների ու գաղափարների և Եկեղեցու պատգամների ու գաղափարների միջև. զգալ Եկեղեցու հետ, այնպես՝ որ ձևավորվի ուղղամիտ խիղճ և դատողություն, որը հեշտորեն չի ազդվի ու կքվի այլոց կարծիքներից։

«Մարդկային թարս հարգանքը», թեև իր հետևանքներով նույնքան վնասակար չէ, որքան սովորականը, սակայն հավասարապես պախարակելի է։ Առաջին, որովհետև արտահայտությունն է կրոնական և բարոյական խորը համոզմունքներից զուրկ հոգու. երկրորդ, քանի որ կարող է պատճառ հանդիսանալ նաև ծանր հետևանքներ ունեցող արարքների, ինչպես օրինակ՝ ընդունել Ամենասուրբ Հաղորդությունը առանց այդ խորհրդի հանդեպ դրական հավատք ունենալու։ Մարդկանց հարգանքը փնտրելը, վախենալը, թե նրանք ի՛նչ կասեն, փոքրոգության ու վատասրտության այս ձևը մի չարիք է, որն հարկավոր է մեր մեջ դիմակազերծել ու արմատախիլ անել ամենուր և ամեն անգամ։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։