Հովսեփ (Հիսուսի Հայրագիր, Սուրբ) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Հ
Հովսեփ (Հիսուսի Հայրագիր, Սուրբ)
Թարգմանեց՝ Տ. Հովսեփ քհն. Գալստյան
Սուրբ Հովսեփը (եբրայեցերեն՝ « יוסף » - « Յո՛սեֆ », հունարեն՝ « Ἰωσήφ » - « Յիօսե՛ֆ »), Նոր Կտակարանում ներկայացված պատմությունների համաձայն՝ ապրել է Ք.ա. Առաջին - Ք.հ. Առաջին դարերում, Գալիլեայի Նազարեթ քաղաքում և եղել է Սուրբ Կույս Մարիամի այրը, Հիսուս Քրիստոսի երկրային խնամակալ հայրը՝ հայրագիրը: Հովսեփը որպես Սուրբ մեծարվում է Ընդհանրական (Կաթոլիկ), Օրթոդոքս, Հայ Առաքելական և մյուս բոլոր Արևելյան ավանդական առաքելահիմն Եկեղեցիներում և բողոքական Լյութերական ու Անգլիկան հարանվանություններում: Ընդհանրական Եկեղեցու ավանդության մեջ Սուրբ Հովսեփը համարվում է աշխատավորների և քրիստոնյա ընտանիքների, հայրերի, վանական հաստատությունների, քրիստոնեական բարի մահվան հովանավոր Սուրբ: Պիուս Իններորդ Պապը Սուրբ Հովսեփին հռչակել է ամբողջ Ընդհանրական Եկեղեցու պաշտպան և հովանավոր Սուրբ: Հովսեփը նաև կույսերի և ողջախոհության պաշտպանն է. հատուկ ջերմեռանդություն կա «Սուրբ Հովսեփի ամենաժուժկալ և մաքրագույն սրտի» հանդեպ: Մարեմաբանության զարգացմանը զուգահեռ, հատկապես 1950-ականներից սկսած, աստվածաբանության մեջ զարգացել է նաև մի հատուկ գիտաճյուղ, որ կոչվում է «հովսեփաբանություն»:
 

 
Սուրբ Հովսեփը Նոր Կտակարանում
 
Նոր Կտակարանի ամենաառաջինը գրի առնված գրությունները Պողոսի նամակներն են, որտեղ հիշատակություններ կան Հիսուսի Մոր՝ Մարիամի մասին, բայց ոչ մի խոսք չկա Հովսեփի մասին: Ավետարաններից ամենաառաջինը, որոշ մասնագետների համաձայն, գրվել է Մարկոսի Ավետարանը, որտեղ ևս Հովսեփի մասին հիշատակություն չկա: Հովսեփի մասին գրում են Մատթեոսն ու Ղուկասը: Նրանցից յուրաքանչյուրը գրում է Հիսուսի սերնդաբանության մասին` որպես Դավթի շառավիղ, բայց տարբեր որդիներից. Մատթեոսի մոտ Հիսուսը սերում է Սողոմոնից, իսկ Ղուկասի մոտ` Նաթանից, որ Բերսաբեի որդին էր, հետևաբար՝ Դավթի և Հովսեփի միջև ընկած սերունդների բոլոր անունները երկու Ավետարանիչների մոտ տարբեր են:
Երկու տարբեր սերնդաբանությունների նման, Հիսուսի մանկության մասին պատմությունները ևս հանդիպում են միայն Մատթեոսի և Ղուկասի Ավետարաններում և տարբեր մոտեցումներ ունեն՝ ջանալով հաշտեցնել պահանջը առ այն, որ Մեսսիան պետք է ծնվեր Բեթղեհեմում և որ Հիսուսը փաստացի սերում էր Նազարեթից: Մատթեոսի մոտ Հովսեփը հնազանդվում է հրեշտակի պատվիրանին՝ Մարիամին իր մոտ առնելու համար: Բեթղեհեմում Հիսուսի ծննդից հետո հրեշտակը Հովսեփին երազում հրահանգում է իր ընտանիքը Եգիպտոս տանել՝ խուսափելու համար Բեթղեհեմում մանուկների կոտորածից, որ ծրագրել էր Հերովդեսը՝ Հուդեայի հռոմեական կառավարիչը: Երբ Հերովդեսը մեռնում է, հրեշտակը Հովսեփին ասում է, որ կարող է վերադառնալ, բայց Հերովդեսի որդուց խուսափելու համար՝ Հովսեփն իր կնոջն ու երեխային տանում է Նազարեթ և հաստատվում այնտեղ:
Իսկ Ղուկասի Ավետարանում պատմվում է, որ Հովսեփն ու Մարիամը արդեն ապրում էին Նազարեթում և ստիպված եղան գնալ Բեթղեհեմ՝ մարդահամարին մասնակցելու համար: Եվ Հիսուսը ծնվում է Բեթղեհեմում: Ղուկասի պատմության մեջ Հովսեփին հրեշտակներ չեն երևում, փոխարենը՝ հրեշտակը գալիս է Մարիամի մոտ։ Չկան նաև Բեթղեհեմի մանուկների կոտորածի և Եգիպտոս փախչելու պատմությունները:
Վերջին անգամը, որ Հովսեփը հանդիպում է ավետարանական պատմություններում, Զատիկի տոնին Երուսաղեմ ուխտագնացության ժամանակ է, երբ Հիսուսը տասներկու տարեկան է, և այդ մասին պատմում է միայն Ղուկասը: Դրանից հետո Հովսեփի մասին ոչ մի հիշատակություն Ավետարաններում չկա:
Քրիստոնեական ավանդությունը Հիսուսի հասարակական առաքելության տարիներին Մարիամին պատկերում է որպես այրի կին. Հովսեփն արդեն մահացել էր: Հովսեփը չի հիշատակվում Կանայի հարսանիքի ժամանակ՝ Հիսուսի առաքելության սկզբում, և ո՛չ էլ՝ Քրիստոսի չարչարանքների ժամանակ: Եթե Հովսեփը կենդանի լիներ Հիսուսի խաչելության ժամանակ, ըստ հրեական սովորության՝ նա պետք է կատարեր Հիսուսի թաղումը, մինչդեռ դա արվեց Հովսեփ Արիմաթեացու ձեռամբ:
Մինչ Ավետարաններից և ո՛չ մեկը չի խոսում այն մասին, թե Հովսեփը ներկա էր Հիսուսի առաքելության որևէ ժամանակահատվածում, համատես Ավետարանները, սակայն, ներկայացնում են համանման տեսարաններ, երբ Նազարեթի բնակիչները կասկածում են Հիսուսի մարգարեական կոչմանը՝ հիշատակելով նրա ծագումը որպես «Մարիամի որդին» (Մրկ 6, 3. առանց Հովսեփի անունը հիշելու), «հյուսնի որդին» (Մտթ 13, 53-55. դարձյալ առանց Հովսեփի անունը տալու), իսկ Ղուկասը տալիս է Հովսեփի անունը. «Հիսուսն Ինքը շուրջ երեսուն տարեկան էր, երբ սկսեց իր գործը, և, ինչպես կարծում էին, որդին էր Հովսեփի, նա՝ Հակոբի, նա՝ Հեղիի [...] » (Ղկս 3, 23): Ղուկասի Ավետարանում մարդիկ այդ մասին խոսում են դրական տրամադրվածությամբ, իսկ Մատթեոսի և Մարկոսի մոտ՝ բացասական: Հովհաննեսի մոտ այս պատմությունը չկա, բայց կա մեկ ա՛յլ պատմություն, որը դարձյալ ներկայացնում է կասկածամտություն Հիսուսի հանդեպ՝ հետևյալ խոսքերով. «Այս Հիսուսը մի՞թե Հովսեփի որդին չէ, որի հորն ու մորը մենք ճանաչում ենք» (Հվհ 6, 42):
 

 
Սուրբ Հովսեփի մասին ավետարանական հատվածներն ու համարները
 
01. Հովսեփն ապրում էր Նազարեթում. Ղկս 2, 4;
02. Հիսուսի սերնդաբանությունը՝ Սողոմոնից մինչև Հակոբ. Մտթ 1, 1-17; Նաթանից մինչև Հեղի. Ղկս 3, 23;
03. Հովսեփը նշանված էր Մարիամի հետ. Մտթ 1, 18; Ղկս 1, 27;
04. Հրեշտակն այցելում է Հովսեփին (առաջին երազը). Մտթ 1, 20-21;
05. Հովսեփն ու Մարիամը ճամփորդում են դեպի Բեթղեհեմ. Ղկս 2, 1-5;
06. Հիսուսի ծնունդը. Մտթ 1, 25; Ղկս 2, 6-7;
07. Հիսուսի ընծայումը Տաճարում. Ղկս 2, 22-24;
08. Հրեշտակը Հովսեփին պատվիրում է փախչել Եգիպտոս (երկրորդ երազը). Մտթ 2, 13;
09. Սուրբ Ընտանիքը փախչում է Եգիպտոս. Մտթ 2, 14-15;
10. Հրեշտակը Հովսեփին պատվիրում է վերադառնալ Եգիպտոսից (երրորդ երազը). Մտթ 2, 19-20;
11. Հովսեփն ընտանիքով հաստատվում է Նազարեթում. Մտթ 2, 21-23; Ղկս 2, 39;
12. Հիսուսին գտնում են Տաճարում. Ղկս 2, 41-51;
13. Սուրբ Ընտանիքը. Հվհ 6, 41-42:
 

 
Հովսեփը Հիսուսի սերնդաբանության մեջ
 
Հովսեփը Մատթեոսի և Ղուկասի Ավետարաններում հայտնվում է որպես Հիսուսի հայրը: Մատթեոսն ու Ղուկասը, ինչպես ասացինք վերևում, ներկայացնում են Հիսուսի սերնդաբանությունը՝ ցույց տալով նրա ծագումը Դավթից, բայց նրա տարբեր որդիներից: Այդ տարբերությունները բացատրվում են մի քանի ձևով. ըստ մի հնարավորության, Մատթեոսը ներկայացնում է Հիսուսի իրավական ծագումը Հովսեփից՝ ըստ հրեական օրենքի, իսկ Ղուկասը ներկայացնում է Հիսուսի կենսաբանական ծագումը Մարիամից[1]: Սեքստուս Յուլիուս Աֆրիկանուսի (160/170-240) բացատրությամբ, և՛ Հովսեփը, և՛ նրա հայրը այսպես կոչված «եղբայրապարտ»[2] ամուսնության զավակներ էին: Ըստ Սուրբ Օգոստինոսի բացատրության, Հովսեփը որդեգրված զավակ էր, և նրա երկու սերնդաբանությունները ներկայացնում են նրա ծագումը՝ կենսաբանական և որդեգրության ընտանիքներից[3]:
 

 
Սուրբ Հովսեփի երազները
 
Հովսեփը չորս երազ տեսավ, որոնք նկարագրված են Մատթեոսի Ավետարանում: Այդ երազների մեջ Տիրոջ հրեշտակը այցելում է Հովսեփին և հրահանգներ տալիս, թե նա ի՛նչ պետք է անի Մարիամի և Հիսուսի համար: Բոլոր չորս երազներն ընդգրկում են Հիսուսի մանկության տարիները՝ Մարիամի հղիությունից սկսած, երբ դեռ Հիսուսը չէր ծնվել, մինչև Եգիպտոսից Սուրբ Ընտանիքի վերադարձը: Հովսեփի չորս երազները հետևյալներն են.
 
Առաջին երազը
Մտթ 1, 20-21-ում կարդում ենք, որ հրեշտակը երազում երևում է Հովսեփին և նրան պատվիրում իր մոտ առնել իր կնոջը՝ Մարիամին, որովհետև նրանից ծնվողը Սուրբ Հոգուց է:
Երկրորդ երազը
Մտթ 2, 13-ում հրեշտակը Հովսեփին զգուշացնում է, որ Հերովդեսի բարկությունից փախչի Եգիպտոս:
Երրորդ երազը
Մտթ 2, 19-20-ում հրեշտակը Եգիպտոսում Հովսեփին հայտնում է, որ կարող են վերադառնալ հայրենիք:
Չորրորդ երազը
Մտթ 2, 22-ում Հովսեփը, Հուդեա վերադառնալու փոխարեն, երազում հրահանգ է ստանում գնալ Գալիլեա:
 
Հիսուսյան Միաբանության անդամ, աստվածաբան և աստվածաշնչագետ Հայր Ժոզեֆ Բաքսթերը (1784-1827), Հովսեփի երկրորդ երազի շուրջ խորհրդածելով՝ մեկնաբանում է. «1) Հրեշտակը հրամայում է Աստծո անունից, Ով Գերագույն Տերն է: 2) Նա հրամանը փոխանցում է ո՛չ թե Մարիամին, ով առավել արժանի էր, այլ՝ Հովսեփին, որովհետև նա էր ընտանիքի գլուխը։ 3) Նա Հովսեփին երևում է քնած ժամանակ, ինչից իմանում ենք, որ Աստված Իր հոգատարությունը տարածում է մեր վրա նույնիսկ քնած ժամանակ և մշտապես հոգ է տանում մեր բարիքի մասին: 4) Հրեշտակը հրամայում է Հովսեփին իր մոտ առնել Մանկանը և Նրա Մորը, առանց որևէ ա՛յլ բան ասելու: Օ՜հ, Հիսուսն ու Մարիամը պետք է լինեին ձեր մտահոգության միակ նպատակը: 5) Հրեշտակը նրանց հաստատում է այն վայրում, որտեղից նրանք հեռացվելու վտանգի մեջ էին: Ուրեմն, այստեղից դաս քաղեք, որ ինքներդ որոշում չկայացնեք, այլ՝ ամեն ինչ ընդունեք Աստծո նախախնամության կարգով և որպես Նրա ձեռքերով շնորհված՝ թե՛ վայրը, թե՛ զբաղվածությունը, թե՛ բարգավաճումը, թե՛ նեղությունները»[4]:
 

 
Հովսեփը հյուսն
 
Ավետարաններում Հովսեփի մասնագիտության մասին միայն մեկ անգամ է հիշատակվում. «Սա հյուսնի որդին չէ՞» (Մտթ 13, 55): Այստեղ «հյուսն» բառը թարգմանությունն է հունարեն « τέκτων» - « տեկտօն » եզրի, որը սակայն բավական ընդհանուր իմաստ ունի՝ տեխնիկա կամ հմտություն, արհեստ իմաստով, որովհետև նույն արմատից է: Հետևաբար, դա կարող է նշանակել արհեստավոր, ով աշխատում է փայտի, երկաթի կամ քարի հետ: Բայց վաղ քրիստոնեական ավանդությունը Սուրբ Հովսեփին է վերագրում փայտագործության կամ հյուսնության արհեստը: Սբ. Հուստինոս Վկան († մոտ 165թ.) գրում է, թե Հիսուսը պատրաստում էր լուծ՝ եզների համար, և գութան, որոնք պատրաստվում էին փայտի օգտագործմամբ: Հովսեփի հյուսնության մասին կան նաև ա՛յլ վաղ շրջանի վկայություններ:
Մասնագետներից ոմանց կարծիքով, հրեական Թալմուդի ավանդության մեջ «հյուսն» և «հյուսնի որդի» հասկացությունները գործածվում են շատ կրթված, հմուտ, արհեստավարժ մարդու իմաստով. նրանք ի նկատի ունեն եբրայեցերեն « naggar » եզրը: Այս տրամաբանության մեջ հունարեն համարժեք « տեկտօն » եզրը ևս կարող էր նշանակել, թե Հովսեփը շատ կիրթ և իմաստուն մարդ էր[5]:
Հովսեփի ժամանակ Նազարեթը մի փոքրիկ գյուղ էր Գալիլեայում, Երուսաղեմից մոտ 130 կմ հեռավորության վրա, և շատ քիչ է հիշատակվում այդ ժամանակվանից մեզ հասած ոչ-քրիստոնեական փաստաթղթերում: Ըստ հնագետների, Նազարեթի բնակչությունն այդ տարիներին եղել է ամենաշատը մոտ 400 մարդ: Նազարեթից մոտ 6 կմ հեռավորության վրա էր գտնվում Սեփֆորիս քաղաքը, որն ավերվել  և ապա հռոմեացիների կողմից վերակառուցվել էր Ք.ա. 4 թվականին, և հետագա տարիներին լայնածավալ աշխատանք էր կատարվել այդ ուղղությամբ: Այդ քաղաքն ուներ մեծ մասամբ հրեական բնակչություն՝ հելլենականության կնիքով: Այդ քաղաքի վերակառուցմանը մասնակցել են նաև շրջակա բնակավայրերի բնակիչները: Որոշ պատմաբաններ ենթադրում են, թե Հովսեփը և ապա Հիսուսը ևս, հնարավոր է, ամեն օր գնացել են այդ քաղաքը՝ մասնակցելու վերակառուցման աշխատանքներին[6]: Ա՛յլ ուսումնասիրողներ Հովսեփին և Հիսուսին համարում են իրենց գյուղի գլխավոր արհեստավորները՝ վարպետները, ովքեր աշխատում էին զանազան ոլորտներում՝ փայտի, մետաղի, քարի և ա՛յլ նյութերի հետ:
 

 
Ժամանակակից մոտեցումներ
 
«Հովսեփ» անունը Հիսուսի առնչությամբ գտնում ենք բացառապես Հիսուսի սերնդաբանության և մանկության մասին ավետարանական պատմություններում: Կանոնական Ավետարաններում խնդիր է առաջանում. Ավետարաններում հստակ գրված է, որ Մարիամը Հիսուսին հղանալիս կույս էր, և Հովսեփը Հիսուսի կենսաբանական հայրը չէ, մինչդեռ Հովհաննեսը և Մատթեոսը գրում են, թե Հիսուսը «Հովսեփի որդին էր», «հյուսնի որդին էր»: Ակնհայտ է նաև, որ Հովսեփի հայրությունը շատ կարևոր է՝ Հիսուսի Դավթից ծագումը փաստելու համար: Աստվածաբանական խնդիրն առավել խորանում է նաև «Հիսուսի եղբայրներ և քույրեր» արտահայտության պատճառով. նրանք, ըստ Եկեղեցու Սուրբ Հայրերի մեկնաբանության, կարող են լինել կա՛մ Սուրբ Կույս Մարիամի քույր (կամ զարմուհի) և Կղեովպասի կին Մարիամի որդիները, այսինքն՝ Հիսուսի զարմիկներն ու զարմուհիները, և կա՛մ Հովսեփի որդիները՝ նրա մի նախկին, ենթադրյալ ամուսնությունից:
Արևելյան Օրթոդոքս Եկեղեցիներում կա մի ավանդություն, ըստ որի՝ Հովսեփի առաջին կինը Սաղոմեն էր, ով արդեն մահացել էր, երբ Հովսեփը նշանվեց Մարիամի հետ: Ըստ այդմ, Հիսուսի «եղբայրները» Հովսեփի զավակներն էին այդ նախորդ ամուսնությունից: Ընդհանրական (Կաթոլիկ) Եկեղեցին առավել հիմնվում է Սբ. Հերոնիմոս Ստրիդոնացու (347-420) մեկնաբանության վրա, ըստ որի՝ Հիսուսի «եղբայրները» նրա զարմիկներն էին: Այս մեկնությունն ունի զուգահեռներ՝ Հին Կտակարանում. օրինակ՝ Աբրահամի զարմիկ Ղովտը կոչվում է նաև նրա եղբայրը (Ծնդ 14, 14): Հիսուսն Ինքն էլ էր գործածում «եղբայր» եզրը մերձավորի իմաստով. այս սովորությունը Եկեղեցում գոյություն է ունեցել մշտապես և քրիստոնյաները միմյանց միշտ եղբայրներ և քույրեր են կոչել: Ամեն դեպքում հստակ է, որ Մարիամի Մշտնջենավոր Կուսության վարդապետությունն ուսուցանում է, որ Մարիամի և Հովսեփի միջև երբեք սեռական հարաբերություն տեղի չի ունեցել. Սրբուհի Մարիամը միշտ եղել է կուսական վիճակում՝ Հիսուսի ծննդից առաջ, Նրա ծննդի ժամանակ, նաև ծննդից հետո, իսկ Հովսեփը նշանադրությունից սկսած մինչև իր մահը եղել է Մարիամի և Հիսուս Մանկան պահապանը:
 

 
Սուրբ Հովսեփի մահը
 
Նոր Կտակարանում ոչ մի հիշատակություն չկա Հովսեփի մահվան մասին և նրա անունն այլևս չենք գտնում տասներկուամյա Հիսուսին Տաճարում գտնելու մասին պատմությունից հետո: Արևելյան ավանդությունների համաձայն (որոնք ավելի շատ հիմնվում են պարականոն գրությունների վրա), Հովսեփը Մարիամի հետ նշանվելիս արդեն բավական առաջացած տարիքում էր. այս բացատրությունն առավել հասկանալի է դարձնում Մարիամի մշտնջենավոր կուսության պաշտպանությունը Հովսեփի կողմից: Բայց ա՛յլ ավանդություններ, նաև Հովսեփին բնութագրող հունարեն բնօրինակ եզրերը, ավելի շատ հուշում են այն մասին, որ Հովսեփը կարող էր լինել միջին տարիքի հասուն տղամարդ:
Սուրբ Հովսեփը (ինչպես Մարիամը և Հովհաննես Առաքյալը) այն սակավաթիվ Սրբերից է, որոնցից ոչ մի մասունք չի պահպանվել:
 

 
Հովսեփը պարականոն գրականության մեջ
 
Պարականոն «Հակոբոսի Ավետարանը» (հայտնի նաև որպես «Հակոբոսի Նախաավետարան»), գրված մոտ 150թ.ին, Հովսեփին ներկայացնում է որպես մի տարեց մարդ, որ Աստծո կողմից սահմանված էր պաշտպանելու Մարիամին: Հիսուսի «եղբայրներն» էլ Հովսեփի զավակներն էին՝ նախորդ ամուսնությունից:
Պարականոն «Հյուսն Հովսեփի պատմությունը», գրված 6-7-րդ դարերի բյուզանդական Եգիպտոսում, նկարագրում է, թե Հովսեփը իբր 90 տարեկան այրի տղամարդ էր և ուներ չորս որդի և երկու դուստր: Մարիամն այդ ժամանակ 12 տարեկան աղջնակ էր, որին հանձնել էին Հովսեփի խնամքին՝ մինչև ամուսնության տարիքին հասնելը: Մարիամը Հովսեփի տանը մեծացնում էր Հովսեփի կրտսեր որդուն՝ Կրտսեր Հակոբոսին, ով հետո, իբրև թե, դարձավ Հիսուսի Առաքյալը և գրեց այդ Նախաավետարանը: Մարիամն ամուսնացավ 14 ու կես տարեկանում, իսկ Հովսեփը մահացավ 111 տարեկան հասակում՝ շրջապատված հրեշտակներով և պահպանելով Մարիամի Մշտնջենավոր Կուսությունը:
 

 
Եկեղեցու Սուրբ Հայրերը Հովսեփի մասին
 
Սբ. Եպիփանոս Սալամինացու (310-403) «Պանարիոն» - «Ընդդեմ բոլոր հերետիկոսությունների» աշխատության համաձայն (գրված 374-375թթ.), Հովսեփը ուներ չորս որդի՝ Հակոբոսը, Հովսեսը, Սիմոնը և Հուդան, և երկու դուստր՝ Սաղոմե և Մարիամ կամ Աննա անուններով: Նրանք Հովսեփի առաջին կնոջից էին: Երբ Հովսեփը կնության առավ Մարիամին՝ Հիսուսի մորը, նա 80 տարեկան էր:
Եվսեբիոս Կեսարացին (260-339) իր «Եկեղեցական պատմության» մեջ (Գիրք 3-րդ, գլ. 11) վկայում է. «Հեգեզիպպոսը գրում է, որ Կղեովպասը Հովսեփի եղբայրն էր և Հիսուսի հորեղբայրը»: Եպիփանոսն ավելացնում է, թե Հովսեփն ու Կղեովպասը եղբայրներ էին՝ «որդիները Հակոբոսի, որի մականունն էր՝ Պանտեռա» [7]:
Որոգինես Ադամանցիուս Ալեքսանդրացին (185-254) բերում է նաև հույն փիլիսոփա և վաղ շրջանի Քրիստոնեության հակառակորդ Կելսիուսի տեսությունը («Ճշմարիտ վարդապետության մասին» գրքից, գրված մոտ 178թ.ին), ըստ որի՝ «երբ Մարիամը հղիացավ, Հովսեփը, որ նշանված էր նրա հետ, դուրս արեց նրան՝ շնության մեջ մեղադրելով, իսկ Մարիամը հղիացել էր մի հռոմեա-փյունիկեցի զինվորից, որի անունն էր Պանտեռա»: Որոգինեսը կեղծ հորինվածք է համարում այս տեսությունը, որը, սակայն, դարերի ընթացքում պաշտպանել են բազմաթիվ հակաքրիստոնյա գործիչներ, ովքեր կասկածի տակ են առել ավետարանական պատմության ճշմարտացիությունը:
Սբ. Հերոնիմոս Ստրիդոնացին (347-420) իր «Ընդդեմ Հելվիդիուսի» (383թ.) աշխատության մեջ հիմքեր ստեղծեց Սուրբ Հովսեփի հանդեպ ջերմեռանդության զարգացման համար: Նա գրում էր, որ Հովսեփը նույնպես մշտապես կույս է եղել:
 

 
Սուրբ Հովսեփի հանդեպ ջերմեռանդությունը
 
Հովսեփի հանդեպ եկեղեցական պաշտոնական ջերմեռանդության առաջին հիաշատակությունը գտնվել է Արևմտյան Եկեղեցում՝ Հյուսիսային Ֆրանսիայի «Ռեյնաուի մարտիրոսագրության» մեջ, որ կազմվել է 800թ.ին: 12-14-րդ դարերում Սուրբ Հովսեփին դիմում էին «Nutritor Domini» - «Տիրոջը Սնող» տիտղոսով: 12-րդ դարում Բենեդիկտյան վանականները Սրբուհի Մարիամի հանդեպ ջերմեռանդության տարածմանը զուգահեռ տարածում էին նաև Սուրբ Հովսեփին ուղղված աղոթքները և Հովսեփի անունը ներմուծում էին իրենց ծիսական օրացույցների մեջ: 13-րդ դարի Դոմինիկյան նշանավոր աստվածաբան և Ընդհանրական Եկեղեցու աստվածաբանության հիմնասյուներից մեկը հանդիսացող Սբ. Թովմա Աքուինացին (1224/1226-1274) գրում է, որ Սուրբ Հովսեփի ներկայությունը Մարդեղության խորհրդի կատարման համար անհրաժեշտություն էր, որովհետև եթե Մարիամը Հովսեփի հետ նշանված չլիներ, ապա հրեաները կքարկոծեին նրան: Հիսուսն Իր մանկության տարիներին հայրական խնամքի ու պաշտպանության կարիք ուներ, քանի որ Աստծո Որդին որոշել էր մարդանալ՝ անցնելով մարդկային փորձառության բոլոր հանգրվանների միջով:
Հետագա դարերի ընթացքում Սուրբ Հովսեփի նկատմամբ հետարքրությունն ու նվիրումը աճում էին: 15-րդ դարում նրա մասին սկսեցին գրել Սբ. Բեռնարդինոս Սիենացին (1380-1444), Պետրոս Ալլիաքացին (1350-1420) և Հովհաննես Գերսոնացին (1363-1429): Գերսոնացին գրել է «Խորհրդածություն Սուրբ Հովսեփի մասին» գիրքը և Սուրբ Հովսեփի մասին քարոզներ է խոսել Կոնստանսի Ժողովի նիստերի ժամանակ (1414-1418թթ.):
16-րդ դարում Սուրբ Հովսեփի նկատմամբ աղոթական նվիրումի զարգացմանը մեծապես նպաստեց նրան նվիրված առաջին եկեղեցու կառուցումը Հռոմում՝ «San Giuseppe dei Falegnami» - «Սան Ջուզեպպե դեյ Ֆալենյամի» - «Հյուսների Սուրբ Հովսեփ» եկեղեցին, որ կառուցվեց 1540թ.ին՝ Հռոմեական Ֆորումի մեջ, մի բանտի վրա, որտեղ, ըստ ավանդության, բանտարկվել են Պետրոս և Պողոս Առաքյալները: 1597թ.ին Հռոմում առաջին անգամ հրատարակվեց Սուրբ Հովսեփի Լիթանիան: 1657թ.ին Անթվերպենում սկսեց տարածվել Սուրբ Հովսեփի գոտին, որին հետևեց Սուրբ Հովսեփի Վարդարանի տարածումը՝ 1850թ.ին, և Սուրբ Հովսեփի Վզնոցի ներմուծումը Վեղարավորների կողմից, որն արտոնվեց 1880թ.ին:
Սուրբ Կույս Մարիամի և Հիսուս Մանկան հետ միասին Սուրբ Հովսեփը կազմում է «Սուրբ Ընտանիքը», որի հանդեպ ջերմեռանդությունը սկիզբ առավ 17-րդ դարում՝ ֆրանսիացի եպիսկոպոս Սբ. Ֆրանսուա դը Լավալի (1623-1708) ջանքերով:
Լևոն Տասներեքերորդ Պապն իր 1889թ.ին գրած «Quamquam pluries» - «Քանի որ բազմաթիվ անգամներ» Կոնդակը նվիրեց Սուրբ Հովսեփին. Պապը խրախուսում էր բոլոր կաթոլիկներին աղոթել Սուրբ Հովսեփին և խնդրել նրա պաշտպանությունը Եկեղեցու համար՝ ի նկատի ունենալով այդ տարիներին Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերները: Լևոն Տասներեքերորդը գրում է, որ Սուրբ Հովսեփը «ուժգին սիրով և ամենօրյա ջանադրությամբ պաշտպանում էր իր կնոջը և Աստվածային Մանկանը: Իր ամենօրյա աշխատանքով նա վաստակում էր այն ամենն, ինչ անհրաժեշտ էր նրանց սննդի և հագուստի համար»[8]:
Նոր ժամանակներում, աստվածաբանության մեջ հայտնվեց առանձին գիտաճյուղ, որն ուսումնասիրում է Սուրբ Հովսեփի անձը և կոչվում է «հովսեփաբանություն»: 1989թ.ին, Լևոն Տասներեքերորդի վերոնշյալ Կոնդակի հարյուրամյակի առթիվ, Սբ. Հովհաննես Պողոս Երկրորդ Պապը հրապարակեց Սուրբ Հովսեփին նվիրված «Redemptoris Custos» - «Փրկչի Պահապանը» առաքելական հորդորը, ուր ներկայացնում է Հովսեփի դերակատարությունը Փրկագործության ծրագրում:
1962թ.ին Սբ. Հովհաննես Քսաներեքերորդ Պապը Սուրբ Հովսեփի անունը մտցրեց Հռոմեական Պատարագամատույցի մեջ՝ Երանելի Կույս Մարիամի անունից անմիջապես հետո: 2013թ.ին Ֆրանցիսկոս Պապը Հովսեփի անունն ավելացրեց Սուրբ Հաղորդության աղոթքներին, իսկ 2021 թվականը հայտարարեց Սուրբ Հովսեփի Տարի:
 

 
Սուրբ Հովսեփին նվիրված տոները
 
10-րդ դարից սկսած, Ընդհանրական Եկեղեցում Սուրբ Հովսեփի տոնը նշվում է Մարտի 19-ին: Սուրբ Հովսեփի տոնը այդ նույն օրն են նշում նաև Անգլիկան, Լյութերական համայնքները և ա՛յլ բողոքական հարանվանություններ: Արևելյան Օրթոդոքս Եկեղեցում Սուրբ Հովսեփի հիշատակը տոնում են Դեկտեմբերի 26-ին՝ Սուրբ Ընտանիքի Եգիպտոս փախչելու հիշատակության մեջ: Կաթոլիկները սովորաբար Սուրբ Հովսեփի տոնին մասնակցում են Սուրբ Պատարագի կամ ժամերգության: Հայ Եկեղեցին առանձին տոն չունի՝ Սուրբ Հովսեփին նվիրված, այլ՝ նրա ծիսական հիշատակությունը կատարում է Խաչվերացին հաջորդող Վեցերորդ Երկուշաբթի օրը՝ Ղունկիանոս Հարյուրապետի, Քրիստոսի բարեկամ Ղազարոսի և նրա քույրեր Մարթայի և Մարիամի հետ միասին։
Սիցիլիայում կա սովորություն՝ գոհություն հայտնելու Սուրբ Հովսեփին (իտալերեն՝ San Giuseppe - Սան Ջուզեպպե) Միջին Դարերում սիցիլիացիներին սովից փրկելու համար: Ըստ այդ ավանդության, երբ Սիցիլիայում երաշտ է եղել, սիցիլիացիներն աղոթել են Սուրբ Հովսեփին և խնդրել բարեխոսել անձրևի համար: Նրանք խոստացել էին, որ եթե Հովսեփի բարեխոսությամբ անձրև տեղա, Սուրբ Հովսեփին նվիրված մի շքեղ տոն կկատարեն: Անձրևը տեղացել է և Սիցիլիայում հաստատվել է Սուրբ Հովսեփին նվիրված տոն՝ հանդիսավոր խնջույքով հանդերձ: Սիցիլիացիները սովից փրկվել են կանաչ լոբու առատ բերքի շնորհիվ, որի պատճառով էլ մինչև օրս Սուրբ Հովսեփի տոնին սիցիլիացիները կանաչ լոբու ցողուններով զարդարում են սրբին նվիրված խորանները: Այդ օրը նաև աղքատներին կերակրելու գեղեցիկ սովորություն կա:
 

 
Սուրբ Հովսեփ Աշխատավորը
 
1870թ.ին Պիուս Իններորդ Պապը Սուրբ Հովսեփին հռչակեց Համաշխարհային Եկեղեցու հովանավոր: 1955թ.ին Պիուս Տասներկուերորդ Պապը հաստատեց Հովսեփ Աշխատավորի տոնը՝ Մայիսի 1-ին, որպես Բանվորների Միջազգային Տոնի եկեղեցական զուգահեռ տոն: Սուրբ Հովսեփը հռչակվեց բոլոր աշխատավորների Հովանավոր Սուրբ: Պիուս Տասներկուերորդի նպատակն էր և՛ Սուրբ Հովսեփին պատվելը, և՛ մարդու աշխատանքի արժանապատվությունն ընդգծելը:
 

 
Սուրբ Հովսեփին նվիրված Տարին
 
2020թ.ի Դեկտեմբերի 8-ին Ֆրանցիսկոս Պապը հրապարակեց «Patris Corde» - «Հայրական Սրտով» Առաքելական Նամակը՝ Պիուս Իններորդի կողմից 1870թ. Դեկտեմբերի 8-ին Սուրբ Հովսեփին Համաշխարհային Եկեղեցու Հովանավոր հռչակելու 150-ամյակի առթիվ: Նույն նամակով Ֆրանցիսկոսը նաև 2020թ. Դեկտեմբերի 8-ից մինչև 2021թ. Դեկտեմբերի 8-ը հռչակեց Սուրբ Հովսեփի Տարի:
 

 
Սուրբ Հովսեփի հովանավորությունը
 
Ինչպես ասվեց, 1870թ.ին Սուրբ Հովսեփը հռչակվեց Տիեզերական Եկեղեցու Հովանավոր: Ըստ կաթոլիկ ավանդության, վախճանվելով «Մարիամի և Հիսուսի ձեռքերում», նա համարվում է բարեպաշտ հավատացյալի տիպար, ով աստվածային շնորհ է ստանում մահվան ժամին, այլ խոսքերով ասած՝ Սուրբ Հովսեփը նաև «երջանիկ մահվան Հովանավոր Սուրբ»ն է:
Սուրբ Հովսեփին համարում են Հովանավոր Սուրբ՝ հայրերի, ընտանիքների, կույսերի, աշխատավորների, մանավանդ՝ հյուսների, հղի կանանց և դեռ չծնված մանուկների համար, ինչպես նաև՝ փաստաբանների, իրավապաշտպանների, գաղթականների, ճանապարհորդների համար: Սուրբ Հովսեփին են դիմում երկմտանքի ժամին, և աղերսելով սուրբ մահ՝ շնորհի վիճակում վախճանվելու համար, քանի որ սա՛ է երջանիկ մահը:
 

 
Սուրբ Հովսեփին նվիրված բնակավայրեր, սրբավայրեր և հաստատություններ
 
Սուրբ Հովսեփի անունն են կրում բազմաթիվ քաղաքներ, բնակավայրեր, օրինակ՝ Քոսթա Ռիքայի Սան Խոսեն, Կալիֆորնիայի Սան Խոսեն, որոնց անունները տրվել են իսպանացի գաղութարարների կողմից: Նրա անունը ևս ամենատարածված անուններից է, որ կրում են քրիստոնյաները (Հովսեփ, Ջոզեֆ, Յոզեֆ, Իոսիֆ, Ջուզեպպե, և ա՛յլ տարբերակներով): Կան Սուրբ Հովսեփին նվիրված մեծաթիվ եկեղեցիներ, վանքեր և եկեղեցական հաստատություններ, օրինակ՝ Սուրբ Հովսեփի ժամատունը, որն ամենամեծ եկեղեցին է Կանադայում, Պալերմոյի Սան Ջուզեպպե դեյ Թեաթինի եկեղեցին, Բրազիլիայի Պորտո Ալեգրեի Սան Խոսեի Մետրոպոլիտական Մայր Տաճարը, և այլն:
Սուրբ Հովսեփի Քույրերի միաբանությունը հիմնադրվել է 1650թ.ին և աշխարհում ունի մոտ 14.000 անդամ: 1871թ.ին հիմնվել է Հովսեփյան Հայրերի կաթոլիկ միաբանությունը՝ աղքատներին ծառայելու նպատակով: Միացյալ Նահանգներում Հովսեփյան Հայրերի ծառայության ուղղություններից մեկը աֆրո-ամերիկյան համայնքների բնակչությունն է: 1878թ.ին հիմնադրվել է Սուրբ Հովսեփի Նվիրյալների միաբանությունը:
 

 
Աղոթքներ և ջերմեռանդություններ
 
Կաթոլիկ ավանդության մեջ, ինչպես կան Տիրամոր յոթ ուրախություններին և յոթ վերքերին նվիրված աղոթքներ, այնպես էլ կա Սուրբ Հովսեփի յոթ ուրախություններին և յոթ վերքերին նվիրված աղոթքների շարք: Ավելին, կան նաև Սուրբ Հովսեփին նվիրված իննօրյա աղոթքներ, որոնք կատարվում են Սուրբ Հովսեփի տոնից՝ Մարտի 19-ից առաջ: Սուրբ Հովսեփին հաճախակի դիմում են աշխատանքի, ամենօրյա պաշտպանության, երջանիկ ամուսնության և երջանիկ մահվան խնդրանքներով:
Բազմաթիվ Սրբեր իրենց գրվածքներում խրախուսում են դիմել Սուրբ Հովսեփի բարեխոսությանը՝ օրինակներ բերելով, թե ինչպե՛ս է Սուրբ Հովսեփը բարիք արել իրենց համար: Օրինակ, Ֆրանցիսկոս Սալեզացին իր «Ներածություն բարեպաշտ կյանքի» (1609թ.) գրքում կոչ է անում Սուրբ Կույսի հետ միասին աղոթքով դիմել նաև Սուրբ Հովսեփին: Թերեզա Ավիլացին իր հիվանդության բուժումը վերագրում էր Սուրբ Հովսեփին: Հիսուս Մանկան Թերեզան ևս գրում է, որ ամեն օր աղոթել է «Սուրբ Հովսեփին, ով Հայր և Պաշտպան է կույսերի համար», և ինքն իրեն զգում էր պաշտպանված՝ վտանգի պահին: Պիուս Տասներորդ Պապը մի աղոթք է գրել՝ նվիրված Հովսեփին, որ հետևյալն է.
 
«Փառապանծ Սուրբ Հովսեփ,
Տիպար՝ բոլոր նրանց համար, ովքեր նվիրված են ծանր աշխատանքին,
Իմ համար ստացի՜ր Աստծուց ջանասիրության շնորհ՝ ապաշխարության ոգով,
Որպեսզի այդպիսով հատուցում կատարեմ իմ բազում մեղքերի համար»։
 
Կա մի կաթոլիկ ավանդություն, ըստ որի՝ Սուրբ Հովսեփի արձանիկը տան բակում էին թաղում՝ հին տունը բարեհաջող վաճառելու և նոր տուն գնելու հույսով: Այս սովորությունն այնքան էր տարածված աշխարհում, որ մի ժամանակ անշարժ գույքի գործակալները մեծ քանակությամբ Սուրբ Հովսեփի արձանիկներ էին գնում:
Ընդհանրական (Կաթոլիկ) Եկեղեցում Սուրբ Հովսեփի դերակատարությունը հակիրճ ամփոփել է գերմանացի աստվածաբան Ֆրիդրիխ Յուստուս Քնեխթը.
«Սուրբ Հովսեփի բարձր տեղը Աստծո Արքայության մեջ պայմանավորված է նրանով, որ Աստված նրան ընտրեց՝ լինելու Իր Որդու պահապանն ու պաշտպանը, նրան վստահելով Իր ամենաթանկագինն ու ամենասիրելին: Եկեղեցին Սուրբ Հովսեփին նվիրված տոնը նշում է Մարտի 19-ին և ցանկանում է, որ բոլոր հավատացյալները պատվեն նրան, խնդրեն նրա բարեխոսությունը և ընդօրինակեն նրա առաքինությունները: Սուրբ Հովսեփը Եկեղեցու հատուկ հովանավորն է: Այնպես, ինչպես Հովսեփը Մանուկ Հիսուսի հովանավորն էր երկրի վրա, այդպես էլ հավատում ենք, որ նա այժմ Հիսուսի Խորհրդավոր Մարմնի՝ Նրա Սուրբ Եկեղեցու պաշտպանն է: Մենք նաև խնդրում ենք նրա բարեխոսությունը՝ բարի մահվան համար, որովհետև Սուրբ Հովսեփը, վախճանված լինելով այդպիսի երանելի պայմաններում՝ Հիսուսի և Մարիամի կողքին և նրանց օգնությամբ, կարող է մեր համար Հիսուսից խնդրել երջանիկ մահվան շնորհը»[9]:
 

 
ԱՂՈԹՔ ՍՈՒՐԲ ՀՈՎՍԵՓԻՆ՝ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ
 
Ողջո՜ւյն, ո՜վ Պահապանդ Փրկչի,
Ո՜վ Ամուսինդ Երանելի Սուրբ Կույս Մարիամի,
Աստված քեզ վստահեց Իր Միածին Որդուն,
Քեզ վստահությամբ հետևեց Մարիամը,
Քո կողքին Քրիստոսը դարձավ մարդ:
Երանելի՜ Հովսեփ, մեր համար ևս եղիր հայր
Եվ առաջնորդի՜ր մեզ կյանքի ճանապարհին:
Մեր համար ստացի՜ր Աստծուց շնորհ, ողորմություն և քաջություն,
Եվ պաշտպանի՜ր մեզ ամեն տեսակ չարից։
Ամեն: [10]
[1] Տե՛ս՝ Ironside, Harry A., Luke, Kregel Academic 2007, p. 73.
[2] Այսինքն՝ ըստ 2Օր 25, 5-10-ի օրենքի, տղամարդը պարտավոր էր միանալ իր մահացած եղբոր կնոջը՝ եղբոր համար սերունդ ապահովելու նպատակով, եթե իր եղբայրը ամուսնացել էր, բայց մահացել էր առանց ժառանգ ունենալու: Այդ միությունից ծնված զավակը իրավական հարթության վրա համարվում էր մահացած եղբոր որդեգիր զավակը:
[3] Տե՛ս՝ Սբ. Օգոստինոս Հիպպոնացի, Ճառեր Նոր Կտակարանի մասին, 7.
[4] Baxter S.J., Roger. Christ's Flight into Egypt - II., Meditations For Every Day In The Year, New York, Benziger Brothers, 1823, p. 131.
[5] Տե՛ս՝ Landman, Leo (1979), The Jewish Quarterly Review New Series, Vol. 70, No. 2 (JSTOR).
[6] Տե՛ս՝ Borgen, Peder Johan; Aune, David Edward; Seland, Torrey; Ulrichsen, Jarl Henning (5 March 2018).
[7] Williams, Frank (2013), The Panarion of Epiphanius of Salamis: De fide, Books II and III, Sect 78:7,5.
[8] Լևոն Տասներեքերորդ, Կոնդակ Քանի որ բազմաթիվ անգամներ պատվիրել ենք ..., (15 Օգոստոս, 1889թ.).
[9] Knecht, Friedrich Justus (1910), IX. The Flight into Egypt.
[10] Ն.Ս. Ֆրանցիսկոս Քահանայապետ, Առաք. Նամակ Հայրական սրտով (8 Դեկտեմբեր, 2020թ.).
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։