Նոր Եվա – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Ն
Նոր Եվա
Թարգմանեց՝ Տ. Հովսեփ քհն. Գալստյան
«Նոր Եվա»ն Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնի ջերմեռանդական տիտղոսներից մեկն է: Սա, գուցե, վաղ շրջանի Եկեղեցում Մարիամին տրված ամենահին վարդապետական (ուսմունքային) տիտղոսն է: Առաքելական դարաշրջանից սկսած, և՛ Արևելյան, և՛ Արևմտյան Եկեղեցու Հայրերը գործածել են այս վարդապետական գաղափարը, որն արտահայտում էր վաղ շրջանի Եկեղեցու համընդհանուր ուսմունքը:
Վաղ շրջանի Եկեղեցու Հայրերը հիմնվում էին Պողոս Առաքյալի կողմից Գաղատացիներին ուղղված Նամակի 4, 4-5 համարների վրա. «Իսկ երբ ժամանակն իր լրումին հասավ, Աստված ուղարկեց Իր Որդուն, որ ծնվեց Կնոջից և մտավ Օրենքի տակ՝ փրկագնելու համար նրանց, ովքեր Օրենքի տակ էին, որպեսզի մենք որդեգրություն ընդունենք», և այս տողերը կապում էին այն Կնոջ հետ, ում մասին Տերը խոսում է Ծննդոց 3, 15-ում՝ այսպես կոչված «Նախաավետարանում». «Թշնամություն պիտի դնեմ քո և կնոջ միջև, ինչպես նաև՝ քո զավակի և նրա զավակի միջև: Նա պիտի ջախջախի քո գլուխը, իսկ դու պիտի խայթես նրա գարշապարը»: Իրենեուս Լուգդունացին (130-202), որին հետևեցին նաև Եկեղեցու մի շարք ա՛յլ Հայրեր, իր «Ընդդեմ հերետիկոսությունների» գրքում (5, 21, 1) վերոհիշյալ տողերը մեկնաբանում է որպես ակնարկություն՝ Քրիստոսի մասին:
Հուստինոս Վկան (100-163/167) առաջիններից մեկն էր, որ զուգահեռ անցկացրեց Եվայի ու Մարիամի միջև: Դա առնչվում էր Ադամի ու Հիսուսի միջև իր արած համեմատությանը: Իր «Երկխոսություն Տրիփոն հրեայի հետ» աշխատության մեջ, գրված՝ Ք.հ. 155-167 թվականների միջև, նա բացատրում է.
 
«Նա մարդ դարձավ Կույսի միջոցով, որպեսզի օձից եկած անհնազանդությունը հնարավոր լինի ոչնչացնել նույն ձևով, ինչպես այն ծագեց: Քանի որ Եվան, որ կույս էր ու անարատ, հղանալով օձի խոսքը, աշխարհ բերեց անհնազանդությունն ու մահը: Իսկ Կույս Մարիամն ընդունեց հավատքն ու ուրախությունը, երբ Գաբրիել հրեշտակն ավետեց նրան բարի լուրը, թե Աստծո Հոգին կգա նրա վրա և Բարձրյալի զորությունը հովանի կլինի նրան: Ուստի և Սուրբը, որ ծնվելու էր նրանից, Աստծո Որդին է, և Մարիամը պատասխանեց. ''Թող որ քո խոսքի համաձայն լինի ինձ'': Մարիամի միջոցով ծնվեց Նա, Ում մասին, ինչպես ցույց տվեցինք, բազում անգամներ խոսում են Սուրբ Գրքերը, և Ում միջոցով Աստված ոչնչացնում է և՛ օձին, և՛ այն մարդկանց ու հրեշտակներին, որոնք նման են օձին, և մահվանից ազատագրում է նրանց, ովքեր զղջում են իրենց չարության համար և հավատում են Նրան» (Հուստինոս Վկա, Երկխոսություն Տրիփոն հրեայի հետ, 3):
 
Լուգդունի (այժմյան Լիոնի) եպիսկոպոս Իրենեուսը ևս գրում է սրա մասին իր «Ընդդեմ հերետիկոսությունների» աշխատությունում, որ գրել է մոտ 182թ.ին.
 
«Համաձայն այս ծրագրի, Կույս Մարիամը հնազանդ է և ասում է. ''Ահավասիկ, մնում եմ Տիրոջ աղախինը, թող որ ինձ քո խոսքի համաձայն լինի'' (Ղկս 1, 38): Իսկ Եվան անհնազանդ էր, որովհետև նա չանսաց, երբ դեռ կույս էր, [...] անհնազանդ դառնալով՝ դարձավ մահվան պատճառ և՛ իր, և՛ ողջ մարդկային ցեղի համար: Այդպես էլ Մարիամը, նշանված լինելով տղամարդու հետ և, այդուամենայնիվ, լինելով կույս, հնազանդվելով՝ դարձավ փրկության պատճառ և՛ իր, և՛ ողջ մարդկային ցեղի համար: Եվ այս առումով է, որ Օրենքը խոսում է կին արմատի՝ տղամարդու հետ նշանված լինելու մասին, որպես նշանադրողի կնոջ մասին, թեև նա մնում էր կույս՝ այդպիսով հետադարձ հղում կատարելով Մարիամից դեպի Եվան, [...] որովհետև Տերը, ծնված լինելով, ''անդրանիկը՝ մեռելների միջից'' (Հյտ 1, 5), և իր գիրկն ընդունելով հին հայրերին, վերածնել է նրանց՝ Աստծո կյանքի մեջ, Ինքն Իրեն դարձնելով սկիզբը նրանց, ովքեր ապրում են, ինչպես Ադամը եղավ սկիզբը նրանց, ովքեր մեռնում են: Հետևաբար, 1Կր 15, 20-22-ը, նաև Ղուկասը, սկսելով Տիրոջ սերնդաբանությունը, այն հետ տարան մինչև Ադամը՝ ակնկարկելով, թե Նա էր, որ վերածնեց նրանց կյանքի Ավետարանի մեջ, և ո՛չ թե նրանք՝ Տիրոջը: Եվ այնպես եղավ, որ Եվայի անհնազանդության հանգույցը քանդվեց Մարիամի հնազանդությամբ: Որովհետև այն, ինչ որ կույս Եվան ամուր կապեց անհավատությամբ, Կույս Մարիամն ազատ արձակեց հավատքով»:
 
Եվայի ու Մարիամի միջև այս զուգահեռն անցկացնում էին նաև միջնադարյան աստվածաբանները, հատկապես՝ Հովհան Դամասկացին (670/680-749), Բեռնարդոսը (1090-1153), Բոնավենտուրան (1221-1274), Դանս Սկոտը (1265/1266-1308), և այլոք:
1854թ.ի «Անճառելին Աստված» («Ineffabilis Deus») Առաքելական Սահմանադրության մեջ, որով հռչակվում է Անարատ Հղության մասին հրամանակարգ վարդապետությունը (դոգմա), Պիուս Իններորդ Քահանայապետը (1792-1846-1878) հղում էր անում Հայրերին.
 
«Այսպիսով, ցույց տալու համար Աստվածամոր նախնական անմեղությունն ու սրբությունը, նրանք ո՛չ միայն Մարիամին հաճախ համեմատում էին Եվայի հետ՝ կուսական, անմեղ, դեռ չապականված, դեռևս չխաբված դավաճան օձի մահացու թակարդներով, այլև՝ զանազան հիանալի արտահայտություններով Մարիամին առավել բարձրացնում էին Եվայից: Եվան լսեց օձին՝ ողբալի հետևանքներով, նա ընկավ նախնական անմեղությունից և դարձավ օձի ստրուկը: Ամենասրբուհի Կույսն, ընդհակառակը, առավելագույնս ավելացրեց իր նախնական շնորհը և ո՛չ միայն երբեք ականջ չդրեց օձին, այլև՝ աստվածատուր զորությամբ տառացիորեն ոչնչացրեց չարի իշխանությունն ու գերիշխանությունը»:
 
1974թ.ի «Մարեմական բարեպաշտություն» («Marialis Cultus») Առաքելական Հորդորում Պողոս Վեցերորդ Քահանայապետը (1897-1963-1978) Մարիամին տեսնում է որպես երկրորդ Եվա, կանգնած Քրիստոսի՝ երկրորդ Ադամի կողքին և Նրան ենթակա: Որպես երկրորդ Եվա, նա Նոր Կինն է, նոր մարդ արարածի վճռական արտահայտությունը: Մարիամի մեջ տեսնում ենք այն, ինչ Աստված մտադիր է տեսնել իր ժողովրդի մեջ առհասարակ: «Նա մեզ տրված է որպես գրավական և երաշխիք առ այն, որ Աստծո ծրագիրը Քրիստոսով արդեն իրագործվել է մի արարածի մեջ»[1]:
 
Հռոմեական Ժամագրքում կա Պատարագի մի տեքստ, որտեղ Մարիամը նկարագրված է որպես «Նոր Եվա, Նոր Օրենքի Առաջին Աշակերտ»:
Այս կերպ, Մարիամը ներկայանում է որպես Համա-Փրկագնող («Co-Redemptrix»), Փրկության Գործին սերտորեն համագործակցող: Եկեղեցու Վարդապետության մեջ գոյություն ունի «Մարիամի՝ որպես Համափրկագնողի» մասին ուսմունքը՝ որպես մեկը, ով եղավ գործիք, որով մարդկությունը փրկագնվեց: Հիմնվելով Հին Կտակարանի վրա, Եկեղեցին Եվային համարում է «համա-մեղանչող» («co-peccatrix»), որովհետև Եվան էր, որ ազատորեն տվեց անկման գործիքը: Եվան էր, որ «արգելված պտուղը» տվեց Ադամին՝ մեղանչողին (peccator), որի մեղքը՝ որպես մարդկային ցեղի հայր, հանգեցրեց մարդկային ցեղի շնորհազրկմանը: Սա Մարիամին դարձնում է Համափրկագնող, որովհետև նա փրկագնման գործիքն ազատորեն շնորհեց իր «Եղիցի՛»ով, տալով իր մարմինը՝ կրելու համար Հիսուս Քրիստոսին՝ մեր Փրկագնողին: Սբ. Եփրեմ Ասորին (306-373) Մարիամին անվանում է «գերյալների փրկագնման գին», և այսպես է, որ Եկեղեցին նայում է նրան՝ որպես «ողջերի Մայր»: Սբ. Թովմա Աքուինացու (1225-1274) համաձայն, իր հնազանդության և հավատքի միջոցով Մարիամը դարձավ Նոր Եվան՝ որպես Համափրկագնող:
Ահա՛ մի քանի հեղինակային և բանաստեղծական խոսքեր Նոր Եվայի մասին.
 
«Մի կույս,
մի կտոր փայտ,
և ահա՛ մահը խորհրդանշում է մեր պարտությունը:
Հիմա տեսնենք, թե ինչպես
այս երեք բաները դարձել են
մեր համար կյանքի սկզբունք:
Եվայի փոխարեն Մարիամն է,
բարու և չարի գիտության ծառի փոխարեն Խաչափայտն է,
Ադամի մահվան փոխարեն այժմ Քրիստոսի մահն է:
Տեսնո՞ւմ եք սատանային՝ պարտված այն նույն զենքերով,
որոնք նրան հաղթող էին դարձրել»:
 
Ամֆիլոքիոս Իկոնիացին (340-403) Սուրբ Ծննդյան մասին իր ճառում գրում է.
 
«Ո՜վ Մարիամ, ո՜վ Մարիամ,
ամեն ինչի Ստեղծողը քո Անդրանիկ Որդին էր:
Ո՜վ մարդկություն, որ դարձար Խոսքի մարմնական էությունը
և դրա շնորհիվ ավելի հարգված դարձար,
քան Երկնքի հոգևոր զորությունները:
Որովհետև Քրիստոսը չուզեց զգեստավորվել
հրեշտակապետերի կերպարանքով կամ իշխանությունների,
զորությունների ու պետությունների աննյութական կերպարանքների ձևով,
այլ ավելի շուտ՝ քեզնով Նա զգեստավորվեց քո կերպարանքով,
որն անկում էր ապրել
և դարձել էր բիրտ կենդանիների նման: [...]
Բայց ո՞ւր է հիմա այդ թշնամի ու շփոթահար վիշապը:
Ո՞ւր է այդ անիծյալ ու զզվելի վիշապը,
որ երևակայում էր, թե իր գահը հասնելու էր մինչև երկնքի բարձունքները»:
 
Կելիուս Սեդուլիուսը (5րդ դար) գրում է.
 
«Մեկ մարդու պատճառով նրա բոլոր սերունդները կորան, և բոլորը փրկված են՝ մեկ մարդու շնորհիվ: Մեկ կնոջ պատճառով բացվեց մահացու դուռը, և մեկ կնոջ շնորհիվ կյանքը վերադարձավ»[2]:
 
Սբ. Հերոնիմոս Ստրիդոնացին (347-420) գրում է.
 
«Եթե մարդը մի անգամ կործանվեց կնոջ միջոցով, հետո ամբողջ աշխարհը փրկվեց մի կնոջ միջոցով: Դուք մտածում եք Եվայի մասին, բայց ի նկատի առեք Մարիամին. նախորդը մեզ դուրս հանեց Դրախտից, իսկ հաջորդը մեզ ետ է առաջնորդում դեպի Երկինք»[3]:
[1] «The christian faith in the doctrinal documents of the Catholic Church», Neuner, T. and Dupuis, J. (eds): London, 1983, p. 211.
[2] Կելիուս Սեդուլիուս, Տաղ 5-8.
[3] Սբ. Հերոնիմոս Ստրիդոնացի, Սաղմոսաց Գրքի մեկնություն, 96, 1.