Պաստյոր Լուի (1822-1895) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Պ
Պաստյոր Լուի (1822-1895)
Լուի Պաստյորը (27 Դեկտեմբեր 1822 - 28 Սեպտեմբեր 1895) եղել է ֆրանսիացի քիմիկոս, կենսաբան և մանրեաբան: Իր ուսումնասիրությունների և իր հայտնագործությունների շնորհիվ համընդհանուր գնահատմամբ նկատվում է որպես արդի մանրեաբանության (միկրոբիոլոգիայի) և իմունոլոգիայի հիմնադիրը: Գործել է նաև քիմիայի ոլորտում. իրեն է պատկանում բյուրեղների էնանտիոմերիայի տեսությունը: Ժամանակ առ ժամանակ զբաղվել է նաև ֆիզիկայի բնագավառին պատկանող խնդիրներով: 1862 թվականին դարձել է Ֆրանսիայի Գիտությունների Ակադեմիայի անդամ:
Գյուղատնտեսության, գյուղմթերքների արտադրության և կենդանաբուծության բնագավառներում Պաստյորի մեծագույն հայտնագործություններից կարող ենք հիշել, օրինակի համար, գարեջրի խմորման անոմալիաների պատճառների բացահայտումն ու լուծումը (1854), գինու և քացախի խմորման բարելավումը (1861-1862), իր իսկ անունը կրող պաստորիզացումը, որը մինչև օրս էլ հիմնական կարևորություն ունի մթերքների պահպանման գործում (1862), գինու սնկային կամ մանրեային խաթարումների պատճառների բացահայտումն ու լուծումը (1863-1864), շերամի թրթուրների հիվանդությունների պարզումն ու լուծումը (1865-1870), հավերի ժանտախտի պարզումն ու լուծումը (1880), սիբիրախտի բացահայտումն ու բուժման միջոցները (1881), կենդանիների ու մարդկանց կատաղության վիրուսի և բազմաթիվ ա՛յլ հիվանդությունների պատճառների բացահայտումը: Բժշկության ոլորտում հիմնական կարևորության քայլեր է կատարել հականեխման ուղղությամբ: 
Իր անունն են կրում նաև 4804 Pasteur աստերոիդը և Հրատի խառնարաններից մեկը:
 
ՀԱՏԸՆՏԻՐ ՄՏՔԵՐ
 
« Մոտ ապագայում մարդիկ ծիծաղելու են արդի մատերիալիստ փիլիսոփաների ապուշության վրա: 
Որքան ավելի եմ ուսումնասիրում բնությունը, այնքան ավելի եմ հիանում Արարչի գործերով:
Սովորաբար ես աղոթում եմ, մինչ աշխատում եմ իմ լաբորատորիայում »:
 
Մեջբերված է. The Literary Digest, 18 October 1902.
 
---
 
« Ի՞նչ կա անդին։ Մարդկային հոգին, մի անհաղթելի ուժի կողմից մղված, երբեք չի դադարելու իր առաջ դնել այս հարցը։ Նա, ով հռչակում է անսահմանի գոյությունը, – և ոչ ոք չի կարող խուսափել սրանից, – այդ հաստատման մեջ ամփոփում է ավելի շատ գերբնական տարրեր, քան կարող են գոյություն ունենալ բոլոր կրոնների հրաշքների վերաբերյալ, որովհետև անսահմանի հասկացողությունը կրկնակի նկարագիրն ունի իրեն պարտադրելու և անըմբռնելի լինելու, և երբ այս հասկացողությունը ներկայանում է մեր մտքին, ա՛յլ բան չենք կարող անել, քան միայն՝ ծնրադրել։ Աշխարհում ես ամենուր տեսնում եմ Անսահմանի անխուսափելի արտահայտությունը, նրա միջոցով գերբնականը հասնում է յուրաքանչյուր սրտի խորքը։ Աստծո գաղափարը անսահմանի հասկացողության կերպերից մեկն է »։
 
Մեջբերված է. CAMILLE FLAMMARION, Per la scienza dell’anima [Հանուն հոգու գիտության], SEP 1923; և WILLIAM OSLER, The Life of Pasteur [Պաստյորի կյանքը], 1907.
 
 
[ շարունակելի ... ]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։