Պողոս Առաքյալ (Սուրբ) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Պ
Պողոս Առաքյալ (Սուրբ)
ա) Վարքագրական աղբյուրները

Առաջին դարի 80-ական թվականներին, այսինքն՝ Պողոս Առաքյալի մահից ընդամենը 15-20 տարի անց շարադրված և ավանդաբար Ղուկաս Ավետարանչին վերագրված Գործք Առաքելոց գրքի երկրորդ մասն ամբողջովին նվիրված է Պողոս Առաքյալի գործունեությանը (9, 11, 13-28 գլուխները)։ Որոշ հատվածներում (16, 10-17; 20, 5-15; 21, 1-18; 27, 1-28, 16) պատմությունը երրորդ դեմքից անցնում է առաջին դեմքի, հասկացնելով, որ հեղինակն ուղղակի մասնակցություն է ունեցել նկարագրված դեպքերին։
Վարքագրական առատ տեղեկություններ են պարունակում նաև այն 13 նամակները, որոնք ավանդվել են իր անունով և շարադրվել են Պողոս Առաքյալի կյանքի վերջին երկու տասնամյակների ընթացքում։
Եկեղեցու առաջին դարերի Հայրերի, ի մասնավորի՝ Կղեմես Հռոմեացու (Ա. դար), Եվսեբիոսի (Դ. դար) և Հերոնիմոսի (Դ-Ե. դար) գրություններում կենսագրական համառոտ տեղեկություններ են պահպանվել Պողոս Առաքյալի մասին, որոնք գալիս են լրացնելու նորկտակարանյան աղբյուրների կողմից ավանդված տեղեկությունները։
Ի վերջո, գոյություն ունեն Պողոսին վերաբերվող մի քանի պարականոն գրքեր. Գործք Պողոսի, Գործք Պողոսի և Թեկղի, Գործք Պետրոսի և Պողոսի, Կորնթացիների նամակը Պողոսին, Պողոսի նամակը Սենեկային, Պողոսի երրորդ նամակը Կորնթացիներին, Պողոսի հունարեն Հայտնությունը և Պողոսի ղպտերեն Հայտնությունը։ Սրանք, սակայն, ավելի ուշ շրջանի գրություններ են և ունեն ավելի առասպելական, քան թե պատմական բովանդակություն։
 
բ) Կյանքը

Ծնվել է Կիլիկիայի Տարսոն քաղաքում, քրիստոնեական թվագրության առաջին տարիներին (Գրծ 9, 11; 21, 39; 22, 3)։ Ընտանիքը արմատներով Գալիլիայից էր, Բենիամինի տոհմից (Հռմ 11, 1; 2Կր 11, 22; Փլպ 3, 5)։ Իսրայելի առաջին թագավորին ի պատիվ՝ նրան անվանել էին Սավուղ, ավելացնելով նաև մի երկրորդ, հունական անուն՝ Պողոս, ինչպես սովոր էին վարվել սփյուռքի քիչ թե շատ հելլենականացած հրեաները։ Հայրական տանը ուսանել էր վրանագործի արհեստը (Գրծ 18, 3)։ Տարսոնում անցկացված տարիներին հնարավորություն էր ունեցել ուսանելու հունարեն լեզուն, որին տիրապետում էր կատարյալ կերպով։ Իր ընտանիքը վայելում էր «հռոմեական քաղաքացիության» իրավունքը, որն ավանդել էր նաև իրեն՝ Պողոսին (Գրծ 16, 37; 22, 27-28)։ Մոտավորապես 15 տարեկան հասակում ծնողների կողմից առաքվում է Երուսաղեմ, մի համբավաշատ ուսուցչի դպրոցում ուսանելու համար. խոսքը վերաբերվում է Հիլլելի աշակերտ Գամաղիել Ծերունուն, որից Պողոսը ստանում է կրոնական տիպի կրթություն, փարիսեցիների մտահամակարգի ու սկզբունքների համաձայն, այդպիսով խորացնելով Սուրբ Գրքի շուրջ իր ծանոթությունը (Գրծ 22, 3; Գղտ 1, 14; Փլպ 3, 5)։ Գրեթե հաստատ ու անկասկածելի է, որ Պողոսը չի ճանաչել Հիսուսին Նրա երկրային կյանքի ընթացքում։ Գործք Առաքելոցի առաջին գլուխներում ներկայացվում է որպես նորածին Եկեղեցու ոխերիմ թշնամի (Գրծ 7, 59; 8, 3; 22, 4; Գղտ 1, 13)։ Բայց մի օր, Դամասկոս տանող ճանապարհի վրա, նրան փառավոր կերպարանքով հայտնվում է Հիսուս Քրիստոսը, երբեմնի հալածողին փոխակերպելով հավատարիմ աշակերտի և եռանդուն առաքյալի (Գրծ 9, 3-19; Գղտ 1, 12.15-16; Եփս 3, 1-13)։ Դա, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել 36 թվականին։
39 թվականին, դարձից երեք տարի անց, առաջին անգամ լինելով գնում է Երուսաղեմ, «տեսնելու Պետրոսին» (Գղտ 1, 18)։ Բառնաբասի կողմից քաջալերվում է նվիրվելու հեթանոսների ավետարանման առաքելության նոր գործին (Գրծ 11, 19-26)։ Սակավ ժամանակ անց, Բառնաբասի և Հովհաննես Մարկոսի ընկերակցությամբ, սկսում է իր առաքելական առաջին ճամփորդությունը (45-49թթ.), որի ընթացքում Ավետարանի բարի լուրը քարոզում է Կիպրոսում և Փոքր Ասիայի երկրամասերից Պամֆիլիայում, Պիսիդիայում և Լիկաոնիայում։ Բազմաթիվ հեթանոսների դարձը (Գրծ 13, 48-49) հառաջ է բերում մովսիսական օրենքի հետ նորադարձների հարաբերության խնդիրը. Երուսաղեմում ժողով է գումարվում հարցը քննելու համար և Պողոսի վճռական միջամտության շնորհիվ խնդիրը լուծվում է հօգուտ քրիստոնեական ազատության (Գրծ 15; հմմտ. Գղտ 3, 2-5)։
50-53 թվականների միջև սկսվում է Պողոսի առաքելական երկրորդ ճամփորդությունը. նա առաջին անգամ լինելով հասնում է Եվրոպա։ Այս ճամփորդության գլխավոր հանգրվաններն են հանդիսանում Փիլիպպին, Թեսաղոնիկեն, Բերեան, Աթենքը, Կորնթոսը։ Կորնթոսից գրում է Թեսաղոնիկեցիներին ուղղված Առաջին և Երկրորդ Նամակները։
53 կամ 54 թվականին սկսում է իր առաքելական երրորդ ճամփորդությունը (Գրծ 18, 23; 21, 17-19), որ տևում է մինչև 58 թվականը։ Այս անգամ իր առաքելական գործունեության կենտրոնն է հանդիսանում Եփեսոս քաղաքը, ուր Պողոսը մնում է երկու տարի։ Քաղաքում սկիզբ առած խժդժությունների պատճառով մեկնում է Եփեսոսից և Մակեդոնիայով անցնելով՝ հասնում է Կորնթոս, ուր մնում է երեք ամիս։ Այս ճամփորդության ընթացքում գրում է Կորնթացիներին ուղղված Առաջին և Երկրորդ, Գաղատացիներին և Հռոմեացիներին ուղղված Նամակները. ուսումնասիրողներից ոմանց կարծիքով, Փիլիպեցիներին ուղղված Նամակը ևս գրվել է այս ճամփորդության ընթացքում։
58 թվականին Պողոսը ձերբակալվում է Երուսաղեմում և տարվում է Պաղեստինյան Կեսարիա, ուր բանտարկված մնում է մինչև 60 թվականը։ Ցանկություն է հայտնում կիրառելու կայսրի ատյանին ներկայանալու իր իրավունքը, այդ պատճառով էլ տարվում է Հռոմ, ուր երկու տարի ապրում է տնային կալանքի տակ (Գրծ 25, 10-12; 28, 30)։ Այդ երկու տարիների (61-63թթ.) ընթացքում է գրում այսպես կոչված բանտարկության նամակները. Կողոսացիներին, Եփեսացիներին, Ֆիլիմոնին, Փիլիպեցիներին։
Ազատ արձակվելով, կարողանում է իրականացնել Իսպանիայում քարոզելու իր ցանկությունը (Հռմ 15, 24)։ Հովվական նամակներում ակնարկներ ենք գտնում նոր ճամփորդությունների մասին. Եփեսոս (1Տմ 1, 3), Կրետե (Տտ 1, 5), Նիկոպոլիս (Տտ 3, 12)։ Կրկին ձերբակալվելով (հավանաբար Տրովադայում), նորից տարվում է Հռոմ (2Տմ 4, 13), ուր ենթարկվում է առաջինից շատ ավելի խիստ բանտարկության (2Տմ 4, 16)։ Տիմոթեոսին ուղղված Երկրորդ Նամակում հայտնում է, որ իր մարտիրոսության օրը մոտեցել է (2Տմ 4, 6-7)։
Թեև առաքելական իր բուռն գործունեությունը և համայնքներում ծագող հազար ու մի խնդիրները ահռելի ժամանակ էին խլում իր առօրյայից, այդուամենայնիվ՝ Պողոսը երբեք չի դադարել վրանագործի իր մասնագիտությունը կիրառելուց։ Նա աշխատում և իր սեփական արդար քրտինքով ազնվորեն վաստակում էր իր ապրուստը։ Այդպիսով խուսափում էր ուրիշների համար բեռ լինելուց և հեռացնում էր որևէ կասկած, թե ինքը կարող էր որևիցէ անձնական շահ ունենալ առաքելական քարոզչության գործում (Գրծ 28, 30; 1Կր 4, 12; 2Կր 11, 27; Փլպ 4, 11-12; 1Թղ 2, 9)։
Մահվան ամենահավանական տարին 67 թվականն է, Ներոնի կողմից սանձազերծված հալածանքների ժամանակ։ Մահապատժի է ենթարկվում գլխատման միջոցով, քանի որ դա էր հռոմեական քաղաքացիություն ունեցող անձանց վերապահված մահապատիժը (ի տարբերություն ոչ-հռոմեացիների, որոնք ենթարկվում էին խաչելության)։ Մահապատիժը գործադրվում է Հռոմից քիչ հարավ գտնվող Սալվիական Աղբյուրներ (Aquæ Salviæ) կոչվող տեղանքում։
 
գ) Հոգևոր պատգամը

Պողոս Առաքյալի կողմից իր նամակներում ավանդված հոգևոր պատգամի մեջ կարող ենք առանձնացնել մի կենտրոնական նյութ, որը նա, նաև արտաքին պարագաների մղմամբ, ջանացել է միշտ ավելի ու ավելի խորացնել և միշտ առավել հստակ կերպով ճշգրտել. Քրիստոսի խորհուրդը։ Թեսաղոնիկեցիներին ուղղված իր երկու Նամակներում – թեսաղոնիկեցի քրիստոնյաները մտահոգ էին իրենց սիրելի ննջեցյալների ճակատագրով և Քրիստոսի երկրորդ գալստյան ու ահեղ դատաստանի պատճառով, որը կարծում էին, թե տեղի է ունենալու շատ շուտով – Պողոսը խորհուրդը ներկայացնում է փառքի իր վերջնական հանգուցալուծման մեջ. Քրիստոսը փրկության պատճառ է բոլոր հավատացյալների համար, նույնիսկ եթե նրանք արդեն մահացել են (1Թղ 4, 12-17), և Իր փառահեղ վերադարձի ժամանակ կործանելու է չարի բոլոր զորություններին (2Թղ 2, 8)։ Կորնթացիներին ուղղված Առաջին և Երկրորդ, ինչպես նաև Գաղատացիներին և Հռոմեացիներին ուղղված Նամակներում, Առաքյալի միտքը սևեռվում է փրկության խորհրդի վրա՝ մեղավոր մարդու հետ ունեցած նրա հարաբերության մեջ. Խաչի վրա Իր մահվամբ, – որը գայթակղություն է հրեաների և հիմարություն է հույների համար (1Կր 1, 23), – Հիսուսն իրականացրել է մարդկանց փրկությունը, ազատելով նրանց մեղքի ստրկությունից և վերստին հաշտեցնելով նրանց Աստծո հետ, հավատքի ձրի պարգևմամբ, առաքելով Իր Հոգին, որի օգնությամբ հնարավոր է հաղթել կատարելության բոլոր թշնամիներին և, հետևաբար, միշտ ավելի գործուն դարձնել Աստծո որդեգիրների նոր կյանքը։ Վերջում, Կողոսացիներին և Եփեսացիներին ուղղված Նամակներում, Քրիստոսի փրկարար գործը հարաբերության մեջ է դրվում ամբողջ տիեզերքի հետ. ամեն բան «վերաբովանդակվում է» ի Քրիստոս Հիսուս, քանի որ ամբողջ տիեզերքը հանձինս Նրա վերագտնում է իր միությունը և հարակցության կենտրոնը։
Այս կենտրոնական նյութին կցվում են հոգևոր ա՛յլ թեմաներ ևս, որոնց ներդաշնակ ամբողջությունը կազմում է այն կուռ ու մեծապես հարուստ հոգևոր պատգամը, որ Պողոս Առաքյալն ուղղում է բոլոր ժամանակների քրիստոնյաներին։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։