Ռուբբիա Կառլո (ծնվ. 1934թ.) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Ռ
Ռուբբիա Կառլո (ծնվ. 1934թ.)
Կառլո Ռուբբիան (ծնվ. 31 Մարտ 1934թ.) իտալացի ֆիզիկոս և գյուտարար է: 1957թ.ին ավարտել է Պիզայի Համալսարանը, ավարտաճառ պաշտպանելով տիեզերական ճառագայթումների վերաբերյալ: 1960թ.ից սկսել է աշխատել Միջուկային Հետազոտությունների Եվրոպական Կենտրոնում (CERN), որի ընդհանուր տնօրենն է դարձել 1989-1994թթ.ին: 1983թ.ին բացահայտել է թույլ փոխազդեցությունը առաջացնող տարրական մասնիկները՝ W+, W-, Z բոզոնները: 1984 թվականին, հոլանդացի Սիմոն Վան Դեր Մեերի հետ միասին, արժանացել է Նոբելյան Մրցանակի: 1970-1988թթ.ին բարձրագույն ֆիզիկա է դասավանդել Հարվարդի և Պավիայի Համալսարաններում: Հիմնել և երկար տարիներ ղեկավարել է ֆիզիկական հետազոտությունների մի քանի կենտրոններ Իտալիայում: 1999-2005թթ.ին ղեկավարել է Իտալիայի Նոր Տեխնոլոգիաների, Էներգիայի և Տնտեսական Զարգացման Ազգային Գործակալությունը: Պատվո շքանշաններ և գիտական զանազան կոչումներ է ստացել ավելի քան 28 անվանի համալսարանների կողմից: Իտալիայի «Դեյ Լինչեյ» Գիտությունների Ազգային Ակադեմիայի, Վատիկանի Գիտությունների Քահանայապետական Ակադեմիայի, ԱՄՆ Գիտությունների Ազգային Ակադեմիայի, Ռուսաստանի Դաշնության Գիտությունների Ակադեմիայի, Մեծ Բրիտանիայի Թագավորական Ընկերության և ուրիշ բազմաթիվ ակադեմիաների ու գիտական համբավաշատ հաստատությունների անդամ է: 2013թ.ից Իտալիայի Հանրապետության ցկյանս նշանակված սենատոր է: Նրա անունով է կոչվում 8398 Rubbia աստերոիդը:
 
ՀԱՏԸՆՏԻՐ ՄՏՔԵՐ
 
« Եթե հաշվում ենք տիեզերքի գալակտիկաները կամ փաստում ենք տարրական մասնիկների գոյությունը, համանման ձևով հավանաբար չենք կարող փաստեր ու ապացույցներ ունենալ Աստծո մասին: Բայց, որպես գիտնական, ես խորապես տպավորված եմ կարգուկանոնով և գեղեցկությամբ, որ գտնում եմ տիեզերքում, այնպես՝ ինչպես նյութական իրողությունների ներսում: Եվ որպես բնությունը հետազոտող, չեմ կարող չմտածել, որ գոյություն ունի մի բարձրակարգ իրականություն: Գաղափարը, թե այս ամենն իբր պատահականության կամ սոսկ վիճակագրական տարբերության արդյունքն է, իմ համար ամբողջովին անընդունելի է: Կա մի Բանականություն բարձրակարգ մի հարթության վրա, ինքնին տիեզերքի գոյությունից անդին »:
 
CARLO RUBBIA, «Neue Zürcher Zeitung» պարբերականի 1993թ. Մարտի համարում.
 
[ շարունակելի ... ]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։