Վարդարանի Տիրամայր (մարեմական տիտղոս) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Վ
Վարդարանի Տիրամայր (մարեմական տիտղոս)
Թարգմանեց՝ Տ. Հովսեփ քհն. Գալստյան

«Վարդարանի Տիրամայր» (լատիներեն՝ «Beatae Mariae Virginis a Rosario») հասկացությունը Սուրբ Կույս Մարիամի տիտղոսներից է:

Ըստ Դոմենիքյան միաբանների ավանդության, երբ Սբ. Դոմենիքոս դե Գուզմանը (1170-1221) գտնվում էր Ֆրանսիայի Փրուիլի Տիրամոր վանքում և ջանում էր դարձի բերել ալբիական աղանդի հետևորդներին, մի օր Տիրամոր տեսիլքն ունեցավ: Սուրբ Կույսը նրան տվեց Վարդարանը՝ որպես գործիք և զենք՝ ընդդեմ ալբիականների: Ոգեշնչված այս ավանդությամբ, Վարդարանի աղոթքի ներկա ձևի տարածման համար մեծ առաքելություն կատարեցին հատկապես դոմենիքյանները, հատկապես՝ 15-րդ դարի վարդապետ Ալանուս դե Ռուփեն: Վարդարանի աղոթքի տարածումը մեծապես նպաստեց Տիրամոր հանդեպ ջերմեռանդության զարգացմանը ողջ Ընդհանրական (Կաթոլիկ) Եկեղեցում, մանավանդ՝ եվրոպական երկրներում: Բայց այդ տիտղոսի ամրապնդմանը և «Վարդարանի Տիրամոր» հատուկ տոնի հաստատմանը նպաստեց մի կարևոր պատմական իրադարձություն:

 

 

1571թ.ին Եվրոպան հարձակման էր ենթարկվում Օսմանյան Կայսրության զորքերի կողմից: Հարավ-եվրոպական կաթոլիկ երկրների Սրբազան Լիգայի նավատորմիղը Հոկտեմբերի 7-ին Իոնական ծովի Լեպանթո կոչվող վայրի մոտ ծովային հուժկու մարտի բռնվեց թուրքական նավատորմիղի հետ, որը թվաքանակով և նյութական ապահովվածությամբ մի քանի անգամ գերազանցում էր Սրբազան Լիգայի զորքերին: Ն.Ս. Պիուս Հինգերորդ Սրբազան Պապը (1504-1566-1572), իմանալով այս մասին, Եվրոպայի բոլոր կաթոլիկ հավատացյալներին կոչ արեց անդադար Վարդարան աղոթել, որպեսզի Տիրամոր օգնությամբ հնարավոր լիներ կանգնեցնել թուրքական բանակի առաջխաղացումը: Պապն ինքը Հռոմում Վարդարանի աղոթքի թափոր կազմակերպեց, և բոլոր եկեղեցիներում տեղի ունեցավ Վարդարանի միասնական աղոթք: Հինգ ժամից ավելի տևած սարսափելի ճակատամարտի ելքն, ի վերջո, ցանկալի արդյունք ունեցավ. թուրքական բանակը նահանջեց[1]: Սա մի հաղթանակ էր, որը Ն.Ս. Պիուս Հինգերորդ Պապը վերագրեց Տիրամոր բարեխոսությանն ու մայրական միջնորդությանը:

Այդ հաղթանակի առիթով, Պիուս Հինգերորդը Հոկտեմբերի 7-ը հռչակեց «Հաղթանակի Տիրամոր տոն»: Իսկ 1573թ.ին Գրիգոր Տասներեքերորդն (1501-1572-1585) այդ տոնի անունը փոխեց՝ «Վարդարանի Տիրամոր տոն»: Դոմենիքյան վանական Խուան Լոպեզը Վարդարանի մասին 1584թ.ին շարադրած իր գրքում գրում է, որ այդ տոնը հաստատվեց «ի հիշատակ և ի հավերժական երախտագիտություն այն հրաշալի հաղթանակի, որ Տերն այդ օրը տվեց իր քրիստոնյա ժողովրդին՝ ընդդեմ թուրքական նավատորմի»: Լևոն Տասներեքերորդ Պապը (1810-1878-1903) «Թագուհի Վարդարանի» տիտղոսը մտցրեց Լորեթյան Լիթանիայի տեքստի մեջ, որը մարեմական ջերմեռանդական մի հիասքանչ օրհներգություն է:

 

 

[1] Ծովային այս պատերազմին իր ինժեներական փայլուն մասնակցությունն էր բերել նաև Վենետիկում բնակվող հայազգի Անտոն Սուրյանը, որին Վենետիկում բոլորը Անտոն Հայ էին անվանում։ Անտոնի ինժեներական նորարարությունները մեծ մրցունակություն էին ապահովել Վենետիկի նավատորմիղին, ինչը և չափազանց կարևոր եղավ Լեպանթոյի ծովային ճակատամարտում։