
«Ցավերի Տիրամայր» կամ «Ցավագին Տիրամայր» (լատիներեն՝ «Beata Maria Virgo Perdolens», «Mater Dolorosa»), «Յոթ Ցավերի Տիրամայր» կամ «Յոթ Վերքերի Տիրամայր» տիտղոսը վերաբերվում է Սուրբ Կույս Մարիամի տառապանքներին կամ ցավերին՝ Հիսուսի կյանքի ցավագին դրվագների և չարչարանքների առնչությամբ: Տիրամոր Ցավերին նվիրված աղոթքները նաև տարածված և սիրված ջերմեռանդական սովորություններ են՝ բնորոշ Ընդհանրական (Կաթոլիկ) Եկեղեցուն ընդհանրապես՝ մշակութային և աշխարհագրական բազմազան դրսևորումներով:
Քրիստոնեական պատկերագրության մեջ Ցավերի Տիրամայրը սովորաբար պատկերված է վշտի մեջ և արտասվալից աչքերով, յոթ սրերով խոցված սրտով: Այս կերպարը հիմնված է Ղկս 2, 34-35 հատվածում Սիմեոն ծերունու մարգարեության վրա: Ցավերի Տիրամոր ջերմեռանդական աղոթքներից են Յոթ Վերքերի Պսակը կամ Վարդարանը, Յոթ Վերքերի աղոթաշարքը, Յոթ Վերքերի Իննօրյան և Մոր Ճանապարհը (Via Matris):
Յոթ Վերքերը Մարիամի կյանքի յոթ իրադարձություններ են, որոնք միաժամանակ Հիսուսի կյանքի դրվագներից են: Այս Յոթ Վերքերը չպետք է շփոթվեն Վարդարանի Տրտմության խորհուրդների հետ:
Ավանդաբար, Տիրամոր Յոթ Վերքերը հետևյալներն են.
Յոթ Վերքերի ջերմեռանդությունը
1232թ.ին Տոսկանայում (կենտրոնական Իտալիա) յոթ երիտասարդներ հիմնեցին «Մարիամի Ծառաների Միաբանությունը» կամ «Ծառաների Եղբայրությունը»: Հինգ տարի անց նրանք վերցրեցին Հիսուսի Խաչի տակ կանգնած Մարիամի Ցավերը որպես իրենց Միաբանության հիմնական ջերմեռանդություն:
Դարերի ընթացքում ավելացան Մարիամի Ցավերի կամ Վերքերի հանդեպ ջերմեռանդությունները և, նույնիսկ, Մարիամի Ցավերի շուրջ խորհրդածություններին ու աղոթքներին նվիրված նոր Միաբանություններ: «Մարիամի Ծառաների Միաբանությունը» զարգացրեց Յոթ Վերքերի Վարդարանը, տարածեց Մարիամի Յոթ Ցավերի Սև Ուսակապը և Ցավագին Տիրամոր Իննօրյան: Այս Վարդարանը բաղկացած է յոթ յոթնյակ հատիկներից, որոնց վրա աղոթում են «Ողջոյն»ը, իսկ յոթնյակների արանքում առանձին մեկական հատիկներ են, որոնց վրա աղոթում են «Հայր մեր»ը: Յուրաքանչյուր ցավի վերաբերյալ Ն.Ս. Պիուս Յոթերորդ Պապը (1742-1800-1823) 1818թ.ին շարադրել է մեկական խորհրդածության տեքստ:
Սև Ուսակապը խորհրդանիշն է Վշտերի Տիրամոր Եղբայրության, որը կապված է Մարիամի Ծառաների Միաբանության հետ: Ջերմեռանդական ուսակապերի մեծամասնությունը պատրաստվում և զարդարվում է հատուկ կանոններով: Սև Ուսակապի պատրաստության համար պահանջվում է միայն, որ այն լինի սև բրդե կտորից: Ցավագին Տիրամոր Իննօրյան տարածվել է Սուրբ Պերեգրինի Ազգային Սրբավայրից, որը գտնվում է Չիկագոյում:
Կաթոլիկ Հայերն այս ջերմեռանդությունն իրենց հետ Արևմտյան Հայաստանից բերել են այժմյան Հայաստանի Հանրապետության տարածք և Գյումրիի իրենց պատմական եկեղեցին ձոնել են Տիրամոր Յոթ Վերքերին։
Ցավերի Տիրամոր տոնը
Ցավերի Տիրամոր տոնը սկսեց տարածվել 12-րդ դարում՝ թեև տարբեր անվանումներով: Որոշ ուսումնասիրողներ այս տոնի ծագումը դնում են 11-րդ դարում և վերագրում Բենեդիկտյան վանականներին: «Ցավերի Տիրամոր տոնը»՝ ճիշտ այսպիսի անվանումով, ծագեց 1423-ին՝ Քյոլնում գումարված մի գավառային ժողովի որոշմամբ: Այն հիշատակում էին Զատկական շրջանի Երրորդ Կիրակի օրվան հաջորդող ուրբաթ օրը: Տոնի առանցքը Մարիամի վիշտն էր՝ Քրիստոսի խաչելության և մահվան ժամանակ: Մինչև 16-րդ դարն այդ տոնը տարածված էր միայն Հյուսիսային Գերմանիայում, Սկանդինավիայում և Շոտլանդիայում: Ըստ Ուիլիամ Սաունդերսի, «1842-ին տոնը պաշտոնապես մտցվեց Հռոմեական Տոնացույցի մեջ՝ Ցավակից Տիրամայր անվանումով: 1600-ից հետո տոնը տարածված ու սիրված դարձավ Ֆրանսիայում: 1727թ.ի Ապրիլի 22-ի որոշմամբ, Բենեդիկտոս Տասներեքերորդ Պապն (1649-1724-1730) այս տոնը տարածեց ամբողջ լատինածես Կաթոլիկ Եկեղեցում՝ Երանելի Կույս Մարիամի Յոթ Վերքեր անվանումով»: 1960թ.ին Սբ. Հովհաննես Քսաներեքերորդ Պապն այս տոնը վերածեց հիշատակության տոնի:
1668-ին Մարիամի Ծառաների Միաբանությանը շնորհվեց Մարիամի Յոթ Վերքերի առանձին մի տոն կատարելու արտոնություն՝ Սեպտեմբերի երրորդ Կիրակի օրը: Իննովկենտիոս Տասներեքերորդ Պապն (1655-1721-1724) այդ տոնը վերանվանեց «Ցավերի Տիրամոր տոն»: 1814-ին այն մտցվեց Հռոմեական գլխավոր Տոնացույցի մեջ, իսկ 1913-ին այն տեղափոխվեց Սեպտեմբերի 15-ին՝ Խաչի տոնից անմիջապես հետո, և մինչև օրս լատինածես կաթոլիկները Ցավերի Տիրամոր տոնը կատարում են այդ օրը: Այսպիսով, լատին տոնացույցում երկու տոն կա՝ նույն անվանումով: Ցավերի Տիրամոր կամ Տիրամոր Յոթ Վերքերի տոներին սովորաբար երգում են «Կայր առ Խաչին» - «Կանգնած էր Խաչի մոտ» («Stabat Mater») շարականը, որն ի դեպ սիրված է նաև Հայ Կաթոլիկ Եկեղեցում և երգվում է մանավանդ «Ճանապարհ Խաչի» ջերմեռանդության ժամանակ: