Փյունիկեցիներ – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Փ
Փյունիկեցիներ
«Փյունիկեցիներ» այն անունն է, որով հույները մատնանշում էին Միջերկրական Ծովի արևելյան ափերում ՝ Լիբանանի մոտակայքում բնակություն հաստատած ժողովրդին, որի մասին մեզ տվյալներ են հասել Ք.ա. 21րդ դարից սկսած։ Փյունիկական քաղաքակրթությունը Քանանական քաղաքակրթության շարունակությունն է Երկաթի Դարում, որը այդ նույն տարածքներում փաստագրված է Բրոնզի դարում (Ք.ա. 3000-1200). արդարև, Փյունիկեցիները լեզվով և մշակույթով բնավ չէին տարբերվում Քանանական մյուս ժողովուրդներից (բացառությամբ բարբառային որոշ տարբերակումների)։
Փյունիկեցիները հիմնականում առևտրականների ժողովուրդ էին, որ օգտագործում էր Միջերկրական Ծովը՝ նրա տարբեր կողմերում բնակվող ժողովուրդների միջև ապրանքափոխանակություն ապահովելու համար։ Ճանաչում էին և կարողանում էին զանազանել ծովային ճանապարհները, և ի վիճակի էին նավարկելու նաև գիշերով, քանի որ ընդունակ էին ''կարդալու'' բևեռամերձ համաստեղությունների աստղերի դիրքերը (հատկապես Մեծ Արջը, որն անվանվում էր նաև Մեծ Կառք)։ Կիրառում էին նաև ափամերձ նավարկությունը (քաբոտաժ), անակնկալ խնդիրների դեպքում շուտով ափ դուրս գալու, խմելու ջրի պաշարները լրացնելու կամ թարմացնելու և տեղական բնակչությունների հետ առևտուր անելու համար։ Մայրիների փայտը գործածելով՝ ի վիճակի եղան կառուցելու շատ պինդ նավեր, հարմար՝ առևտրի համար, որ կարող էին ապրանքի մեծ քանակ տեղափոխել։ Հերոդոտոսը, իր Պատմությունների 4րդ Գրքում, հիշատակում է, որ Փյունիկեցիներն առաջինն են եղել, որ նավարկել են մի ամբողջ մայրցամաքի՝ Աֆրիկայի շուրջբոլորը։ Փյունիկեցիներին է վերագրվում հնչյունային առաջին այբուբենի ստեղծումը, որը բաղկացած էր 22 նշանագրերից, որոնք հետագայում գործածվեցին և ձևափոխվեցին Հրեաների կողմից։ Ստեղծել և շրջանառության մեջ են դրել բոլոր ժամանակներում մեծ պահանջարկ ունեցած ծիրանի գույնը (porpora, пурпур)։
Եթե Հույների կողմից, հատկապես Ք.ա. 9րդ դարից սկսած, միասնական անուն է տրվում ամբողջ ժողովրդին որպես Փյունիկեցիներ, արևելյան վավերագրերում (նաև Աստվածաշնչում) ավելի խոսվում է նրանց առանձին քաղաքների մասին։ Սա ուսումնասիրողներին տեղիք է տալիս ենթադրելու, որ նրանք ավելի կազմակերպված են եղել որպես նավահանգիստ-պետությունների դաշնություն, թեև ունեցել են մշակութային համընդհանուր ժառանգություն։
 
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Ք.ա. 3րդ հազարամյակում, թեև հնագիտական ուսումնասիրությունները բավականին դժվարին են եղել, տեղեկություններ կան, որ օտարների կողմից գրավվել են փյունիկական Բիբլոս և Տյուրոս քաղաքները։ Հետագայում սերտ կապեր են հաստատվել Եգիպտոսի հետ։ Ք.ա. 14րդ դարում ավելի հզորացել է Միթաննիի և Հիթթիթների ազդեցությունը, զուգահեռաբար նաև եգիպտականը, հավանաբար բաժանելով տարածաշրջանը ազդեցության գոտիների։ Ք.ա. 13րդ դարում տեղի են ունենում առևտրական առաջին շփումները Կիպրացիների և Միկենացիների հետ։ Նույն այդ դարում վրա են հասնում Ծովի Ժողովուրդները, որոնք խորը ճգնաժամ են հասունացնում տարածաշրջանում։
Ք.ա. 11րդ դարում Փյունիկիայում նկատվում է խոշոր հարստացում և տարածքների ընդարձակում, որի շարժիչ ուժը հանդիսանում է Աստվածաշնչում բազմիցս հիշատակվող Սիդոն քաղաքը։ Նույն ժամանակներում հիմնվում է (կամ թերևս ավելի ճիշտ կլինի ասել՝ վերահիմնվում է) Տյուրոսը, որը գերիշխող դիրք է գրավում հաջորդ՝ 10րդ դարի ընթացքում։ Այդ ժամանակ զարգանում է ծովային առևտուրը Կիպրոսից մինչև Էգեյան ծովի կղզիները, մինչև Անատոլիա. այդ բոլոր վայրերում ստեղծվում են հիմնական և մնայուն, այլևս ո՛չ պատահական կամ պարբերական առևտրի կենտրոններ։ Այս զարգացումները տեղի են ունենում Հիրամ Առաջին թագավորի օրոք (Ք.ա. 969-936), ով դաշինք է կնքում Դավթի և ապա Սողոմոնի հետ (թերևս այն պատճառով, որ Իսրայելը հսկում էր առևտրական ցամաքային ճանապարհները, որոնք օգտակար էին նաև հենց իրենց՝ Փյունիկեցիների տարանցիկ առևտրի համար։ Ք.ա. 887-856 թվականներին իշխում է Իտթոբահաղ թագավորը, որը վերահաստատում է դաշնակցությունը Իսրայելի հետ, այն ամրացնելով իր աղջկան կնության տալու քայլով։ Միաժամանակ, Փյունիկիան ձգտում է հիմնվել ավելի Եգիպտոսի վրա, այդպիսով փորձելով պաշտպանվել Ասորեստանից։
Ք.ա. 9-7րդ դարերում տեղի են ունենում շարունակական պատերազմները Ասորեստանի հետ, տարբեր արդյունքներով (քաղաք-նավահանգիստները երբեմն նվաճվում են, երբեմն ազատագրվում)։ Ասորեստանը որպես կայսրություն ընկնում է Ք.ա. 604 թվականին, և Նաբուգոդոնոսոր Երկրորդի ժամանակ (Ք.ա. 604-562) Փյունիկիան անցնում է բաբելացիների տիապետության տակ, որոնցից անմիջապես հետո վրա են հասնում Պարսիկները. Կյուրոս Երկրորդ Մեծը (Ք.ա. 559-530) ստանում է Փյունիկեցի թագավորների ինքնակամ ենթարկումը, Կամբյուսես Երկրորդը (Ք.ա. 530-522) Փյունիկեցիների օգնությամբ ասպատակում է Եգիպտոսի տարածքները, իսկ Դարեհ Առաջինը (Ք.ա. 521-486), մինչ վերակազմակերպում է կայսրությունը, հաստատում է Հինգերորդ Սատրապությունը՝ Անդրեփրատականը, որն իր մեջ ներառում էր Փյունիկիան։ Ք.ա. 5-4րդ դարերում տեղի են ունենում սատրապությունների ապստամբությունները, որոնց ժամանակ Սիդոնը կոտորածի է ենթարկվում, իսկ մնացած ժողովուրդը աքսորի է տարվում Արտաքսերքսես Երրորդի կողմից (Ք.ա. 425-338)։
Ք.ա. 345 թվականին Սիդոնը վերականգնվում է, քանի որ մարտավարական հիմնական նշանակություն ուներ, և ինքնակամ հանձնվում է Ալեքսանդր Մակեդոնացուն, Ք.ա. 333 թվականին, որը կարող է համարվել Փյունիկական քաղաքակրթության ավարտակետը. հունական մշակույթը, որին Փյունիկեցիներն արդեն իսկ ծանոթ էին իրենց նավարկությունների բերմամբ, մեծ արագությամբ ընթացք է տալիս հելլենականացմանը։ Ք.ա. Առաջին դարում տարածաշրջան են մտնում Հռոմեացիները, որոնք Ք.ա. 64 թվականին ստեղծում են Սիրիայի նահանգը, որին մաս են կազմում փյունիկյան քաղաքները։ Այդ ժամանակաշրջանը տնտեսական վերելք է ապահովում Փյունիկեցիներին, հատկապես Տյուրոս և Բերիտո (Բեյրութ) քաղաքներին։
 
ՓՅՈՒՆԻԿՅԱՆ ԱՅԲՈՒԲԵՆԸ
Մշակութային ամենակարևոր տարրը, որի ստեղծումը վերագրվում է Փյունիկեցիներին, այբուբենն է։ Փյունիկերեն լեզուն գրավոր կերպարանք է ունեցել Ք.ա. 2րդ հազարամյակի վերջավորությունից սկսած, բաղաձայնատիպ այբուբենի միջոցով, որը կազմված է եղել 22 տառերով, որոնք գրվում էին աջից ձախ։ Այդ գրելաձևը հետագայում որդեգրվեց շրջակա ա՛յլ ժողովուրդների կողմից ևս և ծնունդ տվեց մի շարք ուրիշ այբուբենական գրելաձևերի ևս. խոսքը վերաբերվում է ո՛չ միայն սեմական լեզուներին, քանի որ հունարեն և լատիներեն այբուբենները ևս, վերջին հաշվով, սերում են փյունիկերենի այբուբենից։
Ինչ վերաբերվում է փյունիկերենի լեզվաբանական դասակարգմանը, այն մաս է կազմում Սեմական հյուսիս-արևմտյան լեզվաընտանիքի Քանանական ճյուղին, եբրայեցերենի և մովաբերենի հետ միասին։ Մայր հայրենիքում փյունիկերենը գործածվել է մինչև Քրիստոսի ժամանակները, իսկ Կարթագենում նրա բարբառներից մեկը խոսվել է մինչև Սուրբ Օգոստինոսի ժամանակները (354-430)։
Փյունիկերեն արձանագրություններ Փյունիկիայից դուրս գտնվել են Կիլիկիայում, Սիրիայում և Միջերկրական Ծովի գրեթե ողջ ավազանում։ Ամենահին արձանագրությունները Ք.ա. 8րդ դարի են։ Կարթագենում գտնվել են նաև լատինատառ փյունիկերենով ձեռագրեր։
 
ԿՐՈՆԸ
Փյունիկյան կրոնը բազմաստվածյան համակարգ էր, ուր յուրաքանչյուր քաղաք պաշտում էր մեկ կամ երկու աստված յուրահատուկ կերպով, որոնցից յուրաքանչյուրն ուներ հստակ սահմանված դերակատարություն։ Տյուրոսում պաշտվում էին Մելքարտն ու Աշտարտուն (Հերակլես և Աֆրոդիտե-Հերա). Սիդոնում ՝ Աշտարտուն և Էշմունը (Ասկլեպիոս), Բահաղը և Էլը. Բիբլոսում ՝ Բահաղաթ Գուբալը («Բիբլոսի Տիրուհի») Բահաղ Գուբալի («Բիբլոսի Տեր») հետ միասին (Ադոնիս), որոնց պատվին կատարվում էին մահվան ու վերազարթոնքի տարեկան տոնակատարություններ։ Կային նաև Ռեշեֆը՝ կայծակի ու կրակի աստվածը, որը սկզբում պատկերվում էր որպես աղետաբեր, հետո փոխվում է բարյացակամ կերպարի. Դագոնը՝ ցորենի աստվածը. Շադրապան՝ բժշկության աստվածը, կատարվում էին աստղային պաշտամունքներ, մասնագիտական պաշտամունքներ, օրինակ՝ Խուսորը, երկաթի հայտնաբերողն ու մշակողը, կամ Սիդիքն ու Միսորը՝ արդարության և ուղղամտության աստվածները։
Հետաքրքրական է նշել, որ փյունիկյան պաշտամունքների ժամանակ կատարվում էին կենդանական զոհաբերություններ, բացառությամբ խոզի, որը նկատվում էր իբրև տաբու և բացարձակապես արգելված էր։
Փյունիկեցիները զբաղվում էին մոգությամբ, ըստ եգիպտական մոդելի։ Անդենական աշխարհը պատկերացնում էին ստորերկրյա տարածքներում, իբրև ամայի ու խավար անապատ։ Ննջեցյալների համար էական կարևորություն ուներ արժանապատիվ հուղարկավորություն ստանալը և ողջերի կողմից հիշվելը։
 
ԱՐՀԵՍՏՆԵՐԸ
Եզակի և հիշարժան են Փյունիկեցիների արհեստագործական արտադրանքները, որոնց մեջ համարվում էին անգերազանցելի մասնագետներ։ Օրինակ՝ բրդյա հյուսվածքները, ծիրանի գույնի տարբեր երանգներով ներկված, հայտնի և հարգի էին ողջ Միջին Արևելքում և Միջերկրական Ծովի ավազանում։ Հռչակավոր էին փղոսկրյա քանդակված զարդերի արտադրությամբ, որոնք պատում էին նաև ոսկու շերտով, ջնարակներով, գունավոր քարերով, ստեղծելով մի ոճ, որը ուսումնասիրողների կողմից այսօր անվանվում է «միջազգային», քանի որ համատեղում էր ամենատարբեր ազդեցություններ Բրոնզի Դարից, Եգիպտոսից, Միջագետքից, Ասորիքից, Խեթերից։ Ամենայն հավանականությամբ, Փյունիկեցիներն են հորինել նաև ապակու փչման տեխնիկան։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։