Քառլո Աքութիս (Երանելի) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Ք
Քառլո Աքութիս (Երանելի)
Թարգմանեց՝ Տ. Հովսեփ քհն. Գալստյան

Քառլո Աքութիսը (1991-2006) անգլիական ծագմամբ իտալացի կաթոլիկ պատանի էր, որ զբաղվում էր համացանցային դիզայնով: Նա հայտնի է Ամենասուրբ Հաղորդության վերաբերյալ և Տիրամոր երևումների մասին փաստված տեղեկությունների համացանցային հավաքագրմամբ, որոնք նա տեղադրել է իր ստեղծած կայքում: Մահացել է արյան քաղցկեղից՝ լեյկիմիայից՝ 15 տարեկան հասակում: Նա մարդկանց հիշողության մեջ մնացել է որպես մի ուրախ պատանի, որ մեծ նվիրում ուներ Ամենասուրբ Հաղորդության հանդեպ, ինչն էլ դարձավ իր կյանքի հիմնական առանցքը և, ինչպես ինքն էր ասում, «մայրուղի, որ տանում է դեպի Երկինք»: Քառլոն Ընդհանրական (Կաթոլիկ) Եկեղեցու Երանելիների շարքը դասվեց 2020թ. Հոկտեմբերի 10-ին:

 

Կյանքը

Քառլո Աքութիսը ծնվել է Լոնդոնում, 1991թ. Մայիսի 3-ին, Անդրեա Աքութիսի և Անտոնիա Սալզանոյի ընտանիքում, ովքեր սերում էին իտալական հարուստ ընտանիքներից: Աքութիսների ընտանիքն իր հարգի տեղն ունի իտալական ապահովագրական ոլորտում: Իսկ Սալզանո ընտանիքը ղեկավարում է մի հայտնի հրատարակչատուն:

Քառլոյի մկրտությունը կատարվել է 1991թ. Մայիսի 18-ին, Չելսիի «Ցավերի Տիրամայր» եկեղեցում: Կնքահայրը եղել է հայրական պապիկը՝ Քառլոն, իսկ կնքամայրը՝ Լուանա տատիկը:

Քառլոյի ծնողները կրոնական ջերմեռանդությամբ չէին փայլում, աշխատում էին Լոնդոնում և Գերմանիայում, նախքան Քառլոյի ծնվելը:

 

Տեղափոխությունը Իտալիա

Աքութիս ընտանիքը Միլան տեղափոխվեց 1991թ. Սեպտեմբերին, Քառլոյի ծնվելուց ո՛չ շատ հետո: Ծնողներն աշխատում էին իրենց ընտանիքներին պատկանող ձեռնարկություններում, իսկ Քառլոյի մասին հիմնականում հոգ էին տանում դայակները, բացի երբեմն նրան ցերեկային խնամքի կենտրոններ (մի տեսակ մանկապարտեզ) տանելուց: Երբ նա գնում էր ցերեկային կենտրոններ, երեխաները նրան միշտ նեղացնում էին: Քառլոն ազգությամբ լեհ դայակ ուներ, ով մտածում էր, որ Քառլոն «չափազանց բարի էր» և, հետևաբար, փորձում էր սովորեցնել նրան՝ սահմաններ դնել, որպեսզի մյուս երեխաները չվերցնեին իր խաղալիքները: Քառլոն մի անգամ պատասխանեց դայակին. «Հիսուսը կտխրի, եթե ես հունից դուրս գամ»: Ո՞վ գիտի, թե վերասլաց ինչպիսի՜ մտքեր ու ապրումներ էին ծնվում նրա մանկական ջինջ հոգում։

Ամռանը Քառլոյին ուղարկում էին մայրական պապի տուն՝ Սե՛նթոլա: Օրը ծովափում անցկացնելով՝ Քառլոն մի խումբ կանանց հետ գնում էր տեղի եկեղեցին՝ Վարդարան աղոթելու:

 

Դպրոցական տարիները

Քառլոն իր առաջին դասարանը սկսեց հաճախել «Սան Քառլոյի հաստատություն» կոչվող դպրոցում, որը Միլանի լավագույն դպրոցներից մեկն է: Նա ընդունվեց 1997թ. Սեպտեմբերին, բայց քանի որ այդ դպրոցը հեռու էր տնից, երեք ամիս հետո տեղափոխվեց «Մարսելին Թոմասսեո հաստատություն», որն ավելի մոտ էր տանը: Դպրոց գնալիս և վերադառնալիս՝ նա հատուկ ուշադրություն էր դարձնում իր ճանապարհին հանդիպող տների աշխատողներին, որոնք հիմնականում իտալացիներ չէին: Նրանց անուններն իմանալով՝ ամեն առավոտ կանգնում էր, որ ողջունի նրանց: Իր միջին դպրոցական տարիներն ավարտելով՝ Քառլոն ուսումը շարունակեց «Լևոն Տասներեքերորդի անվան Հիսուսյան հաստատություն» ավագ դպրոցում: Նա միջին առաջադիմությամբ աշակերտ էր, բայց սիրում էր ուսումնասիրել իրեն հետաքրքրող ոլորտները, ինչպես օրինակ՝ համակարգչային գիտությունը: Քառլոն նաև ինքնուրույն սովորեց նվագել սաքսոֆոնի վրա: Ուներ մի ուսուցիչ, որ օգնում էր իրեն պատրաստել դասերը, նաև ուղեկցում էր իրեն՝ եկեղեցի գնալիս:

Դպրոցի ժամերից դուրս, Քառլոն կամավոր աշխատանք էր կատարում՝ օգնելով անտուններին ու աղքատներին: Նաև սիրում էր դիտել ֆիլմեր, կարդալ կոմիքսներ և խաղեր խաղալ PlayStation-ով: Քառլոն որոշ ժամանակ ավելորդ քաշի խնդիր է ունեցել, որովհետև չարաշահել է Նութելլա ուտելը: Բայց որպես կրոնական զոհողություն՝ մասնակցելու համար Քրիստոսի չարչարանքներին, նա հաճախ հրաժարվում էր ֆիլմեր դիտելուց և քաղցրավենիք ուտելուց, ինչպես որ անում էին Ֆաթիմայի մանուկները: Հիանում էր ֆրանցիսկյանների աղքատությամբ և ջանում էր նմանվել նրանց:

 

 

Բարության գործերը

Աքութիսը բնության սիրահար էր: Հայրը Քառլոյի համար գնել էր մի հատուկ տուփ, որպեսզի տղան այդտեղ լցներ իր ճանապարհին հավաքած աղբը, քանի որ նա սովոր էր ճանապարհին թափված աղբը հավաքել և, ուրիշ հնարավորություն չունենալով, դրանով նա իր գրպաններն էր լցնում, ամեն տեսակ աղբով ու ծխախոտի մնացորդներով: Երբ ծովափ էր գնում, իր հետ ուներ փչովի մակույկ և սուզորդական պարագաներ, որպեսզի կարողանար ջրից դուրս հանել այնտեղ նետված թափոնները: Շատ էր զայրանում, երբ տեսնում էր, թե ինչպես էին տղաները ոտքով ճզմում մողեսներին: Սիրում էր կենդանիներին. տանը ուներ երկու կատու, չորս շուն և ձկներ, և ամեն անգամ ծնողներին խնդրում էր տուն բերել իր գտած բոլոր թափառական կենդանիներին:

Ընկերային հարաբերություններում ևս շատ ուշադիր էր, մանավանդ մտահոգվում էր իր այն ընկերների համար, որոնց ծնողները բաժանվում էին, և նրանց հրավիրում էր իրենց տուն՝ օգնելու նպատակով: Դպրոցում պաշտպանում էր այն երեխաներին, որոնց դասընկերները ծաղրում էին: Երբ տեսնում էր դպրոցում երկու ընկերների վիճելիս, դասերից հետո նրանց հրավիրում էր իր տուն, որպեսզի օգներ նրանց հաշտվել: Քառլոն պաշտպանում էր այն աղջիկներին, որոնց ետևից տղաները շվվացնում էին կամ վախեցնում:

Երբ պապիկներն ու տատիկները խաղեր էին նվիրում իրեն՝ իր ծննդյան տոնի առթիվ, Քառլոն հաճախ դրանք նվիրում էր ա՛յլ երեխաների, ովքեր չունեին: Երեկոյան տանը Աքութիսը մայրիկին խնդրում էր բրդուճ պատրաստել մի մարդու համար, ով մուրում էր իրենց տան մոտակա այգում: Երբ այդ մարդն ուտում էր, Աքութիսը նաև իր գրպանի փողն էր տալիս նրան՝ առավոտյան սուրճ գնելու համար:

 

 

Ընտանեկան կյանքը

Աքութիսի ծնողները չէին կարողանում ա՛յլ երեխաներ ծնել Քառլոյից հետո, թեև շատ էին փափագում, և խորհրդակցում էին բժիշկների հետ: Նրա մայր Անտոնիան Քառլոյի մահից չորս տարի հետո, 44 տարեկան հասակում, ծնեց երկվորյակների՝ Միշելին և Ֆրանչեսկային. այս ծնունդը մայրը վերագրում է Քառլոյի բարեխոսությանը:

Կյանքի ընթացքում, Քառլոյի լավագույն ընկերն իր զարմուհի Ֆլավիան էր:

Նրանց ընտանիքում աշխատում էր մի բրահմին ներգաղթյալ Հնդկաստանից՝ Ռաջեշ Մոհուրը, ում հետ Քառլոն շուտ ընկերացավ: Քառլոյի հետ Քրիստոնեության մասին խոսելուց որոշ ժամանակ անց Ռաջեշը ցանկություն հայտնեց մկրտվելու: Ռաջեշի ընկերը՝ Սիիվեն Քիսթնենը, ևս ընդունեց Քրիստոնեությունը և մկրտվեց՝ Քառլոյի հետ հանդիպելուց և հավատքի մասին նրա զրույցներից հետո:

Քառլոյի մայրիկը՝ Անտոնիան, մեծացել էր աշխարհիկ ընտանիքում: Նա Դրոշմի Խորհուրդը ստացել էր դպրոցական տարիներին, ամուսնացել էր եկեղեցական պսակով, բայց Պատարագի չէր հաճախում՝ Քառլոյի ծնվելուց առաջ: Որդու հավատքը և համառ հարցերն էին, որ նրան ետ վերադարձրեցին դեպի հավատք: Նույնը տեղի ունեցավ նաև հոր հետ: Քառլոյի առաջին Սուրբ Հաղորդությունից հետո Անտոնիային խնդրեցին կրոնի դասեր տալ, և նա համաձայնվեց, թեև կարծում էր, որ համապատասխան պատրաստություն չունի:

Աքութիսները երբեմն քահանաներ էին հրավիրում ընթրիքի, նաև մի բարձրաստիճան հոգևորական Հավատքի Վարդապետության Հանձնաժողովից: Նրանց ընտանիքը նաև ուսման վարձեր էր վճարում անապահով ուսանողների համար, ովքեր սովորում էին Քահանայապետական Արևելյան Վարժարանում և Քահանայապետական Աստվածաշնչյան Դպրոցում:

Թեև Քառլոն շատ էր ճամփորդում և այցելել էր բազմաթիվ երկրներ, նրա ամենասիրելի վայրը մնում էր Ասսիզի քաղաքը: Նրա ծնողները մի տուն էլ Ասսիզիում գնեցին: Թեև Քառլոն համարվում էր համակարգչային հանճար, նրա ծնողներն այդքան հմուտ չէին և չգիտեին՝ ինչպե՛ս ծնողական վերահսկողություն սահմանել համակարգչի վրա:

 

 

Կրոնական կրթությունը և ջերմեռանդությունը

Երբ Քառլոն երեք տարեկան էր, վախճանվեց նրա մայրական պապը՝ Անտոնիո Սալզանոն: Նրա մահվանից մի քանի օր առաջ, երբ պապը ստանում էր Հիվանդների Օծման կարգը, Քառլոն ներկա էր: Նա հետո պատմում էր, որ պապիկը երևացել էր իրեն երազում և խնդրել էր աղոթել իր համար: Պապի մահվանից կարճ ժամանակ անց, երբ Քառլոն տատիկի խնամքին էր թողնված, նա մի առավոտ հագավ իր վերարկուն և խնդրեց տանել իրեն եկեղեցի: Երբ տատիկը հարցրեց, թե ինչո՞ւ, Քառլոն պատասխանեց, որ ուզում էր աղոթել իր պապիկի համար, ով, իր խոսքով, «գնացել էր տեսնելու Հիսուսին»:

Երբ Քառլոն սկսեց հետաքրքրություն ցուցաբերել կրոնական գործնական կյանքի նկատմամբ, նրա հարցերին պատասխանում էր իր լեհ դայակը:

 

Ծխական կյանքը

Երբ Աքութիսը տասներկու տարեկան էր, դարձավ կրոնի ուսուցիչ՝ իրենց ծխական համայնքում, որ կոչվում էր «Santa Maria Segreta» - «Գաղտնածածուկ Սրբուհի Մարիամ»: Այդ ժամանակվա իտալական կրոնուսուցման համակարգում երեխաների և երիտասարդների կրոնուսուցումը իրականացնում էին երիտասարդ խմբային առաջնորդները և ո՛չ թե մեծահասակները՝ դասարանների նման: Քահանան կամ մեկ ա՛յլ մեծահասակ տրամադրում էր դասը, իսկ երիտասարդը սովորեցնում էր այն իր տարեկիցներին: Քառլոյի մասին նրա ծխական քահանան վկայում էր, որ նա չափազանց ազնիվ երիտասարդ էր: Նա իրոք ուզում էր շատ սիրել իր ծնողներին, Աստծուն, դասընկերներին և իրեն սակավ սիրողներին: Քահանայի խոսքերով, Քառլոն ուզում էր ինքնուրույն պատրաստվել կրոնուսուցման համար, նաև լավ սովորել դպրոցում և ձեռք բերել համակարգչային գիտելիքներ:

 

 

Սուրբ Խորհուրդների ընդունումը

1998թ. Հունիսի 16-ին՝ 7 տարեկան հասակում, Քառլոն ստացավ իր առաջին Սուրբ Հաղորդությունը Միլանի «Sant'Ambrogio ad Nemus» - «Նեմուսի Սուրբ Ամբրոսիուս» վանքում: Դրանից հետո նա հաճախ էր աղոթում և խորհրդածում Տապանակի առջև՝ Պատարագից առաջ կամ հետո: Քառլոն կանոնավոր կերպով հաղորդվում էր, հաճախակի մասնակցում էր Ամենասուրբ Հաղորդության երկրպագությանը, ամեն շաբաթ խոստովանվում էր: Քառլոն Դրոշմի Խորհուրդը ստացավ 2003թ. Մայիսի 24-ին, Միլանի «Գաղտնածածուկ Սրբուհի Մարիամ» եկեղեցում:

 

Ուխտագնացությունները

Երբ Մեթեորայում էր, Քառլոն այցելեց մի բյուզանդական Եկեղեցի, որտեղ հանդիպեց վանականների և տեսավ, թե ինչպե՛ս էին հավատացյալները համբուրում սրբապատկերները: Քառլոն 2005թ. Փետրվարին առաջին անգամ այցելեց Լուրդ, Ֆրանսիայում: Հաջորդ տարի՝ 2006թ. Փետրվարին, նա գնաց Պորտուգալիա, և վերջին անգամ այցելեց Սանթարեմի Ամենասուրբ Հրաշքի սրբավայրը և Ֆաթիմայի սրբավայրը:

Նրա հայրը մի անգամ առաջարկեց, որ ընտանիքով այցելության գնան Սուրբ Երկիր, բայց Քառլոն պատասխանեց, որ ավելի լավ է՝ ինքը մնա Միլանում, և ասաց. «Ինչո՞ւ գնամ այնտեղ, ուր Հիսուսը եղել է երկու հազար տարի առաջ, եթե Նա հիմա այստեղ է»: Դրա փոխարեն նա որոշեց ուխտագնացություն կատարել և շրջել Միլանի բոլոր եկեղեցիները: 2002թ.ին նա իր ծնողների հետ միասին ներկա եղավ Ռիմինիի Հանդիպմանը, որը քրիստոնյա աշխարհականների բարեկամության ամենամյա հավաք է:

 

 

Նվիրումը Սրբերին

Քառլոն ուներ մի քանի Սրբեր, որոնց ջանում էր նմանվել, հատկապես Սբ. Ֆրանցիսկոս Ասսիզացին, նաև Ֆրանցիսկոս և Հակինթա Մարթոները, Դոմենիկոս Սավիոն, Տարցիսիուսը, Բեռնարդետ Սուբիրուն: Նա հաճախ մենակ էր գնում եկեղեցի: Սիրում էր աղոթքով շփվել իր Պահապան Հրեշտակի և Սբ. Միքայել Հրեշտակապետի հետ:

 

Համացանցային կայքերը

Ընկերները նրան համարում էին «համակարգչային հանճար»՝ համակարգչի և համացանցի հանդեպ նրա մեծ սիրո պատճառով: Քառլոն շատ լավ տիրապետում էր Dreamweaver, Java, C++, Ubuntu ծրագրերին և հաճախ ուրիշներին ևս օգնում էր տեխնիկական հարցերով: Երբ Քառլոն 14 տարեկան էր, տեղի ծխական քահանան խնդրեց նրան մի համացանցային կայք ստեղծել համայնքի համար՝ կամավորական աշխատանքը խթանելու նպատակով: Քառլոն իր այդ հանձնառության վրա անցկացրեց 2006թ.-ի ամբողջ ամառը: Այդ աշխատանքի համար նա նաև հաղթեց մի մրցույթում, որ կոչվում էր «Դու կլինես կամավոր»:

 

Ամենասուրբ Հաղորդության հրաշքները

Քառլոն, նկատելով, որ կարիք կա հավատքը նոր ձևով փոխանցելու երիտասարդներին, ստեղծեց մի նոր համացանցային կայք, որտեղ կատալոգի ձևով հավաքում էր Ամենասուրբ Հաղորդության բոլոր հրաշքները, որ տեղի են ունեցել աշխարհում, ինչպես նաև Աստվածամոր այն երևումների պատմությունները, որոնք հաստատվել են Ընդհանրական (Կաթոլիկ) Եկեղեցու կողմից: Նա շատ էր հավանում Երանելի Հայր Ջաքոմո Ալբերիոնեի նախաձեռնությունները՝ գործածելու լրատվական միջոցները ավետարանման նպատակով, և ուզում էր անել նույնը՝ իր ստեղծած համացանցային կայքի միջոցով:

Քառլոն ոգեշնչված էր իտալական մեքենաշինական ընկերությունների դիզայններով: Ռիմինիի հանդիպումներին մասնակցելուց հետո, որոնք տեղի էին ունենում մեքենաշինական գործարաններից ո՛չ շատ հեռու, նա մտածում էր, թե արդյոք հնարավոր չէ՞ ավելի ճարտարամիտ ձևով ներկայացնել Քրիստոսին և Եկեղեցուն:

Աքութիսն իր կայքը ստեղծեց 2004թ.ին և դրա վրա աշխատեց երկուսուկես տարի՝ իր ամբողջ ընտանիքին ներգրավելով այդ նախագծի մեջ: Կայքը հրապարակ իջավ 2006թ. Հոկտեմբերի 4-ին՝ Սբ. Ֆրանցիսկոս Ասսիզացու տոնի օրը, Քառլոյի մահվանից մի քանի օր առաջ: Նա ի վիճակի չեղավ ներկա գտնվելու իր կայքի բացմանը՝ Հռոմի «Սբ. Քառլո Բառռոմեո» եկեղեցում, քանի որ հիվանդանոցում էր գտնվում: Կայքը ներկայացվեց նաև Քառլոյի ավագ դպրոցում՝ Լևոն Տասներեքերորդի անվան վարժարանում:

 

 

Հիվանդությունը

2006թ. Հոկտեմբերի 1-ին Քառլոյի մոտ սկսվեց կոկորդի բորբոքում: Ծնողները նրան տարան բժշկական զննության. նրա մոտ ախտորոշվեց թքագեղձերի բորբոքում՝ պարոտիտիս, և ջրազրկում: Մի քանի օր անց կոկորդի ցավը սաստկացավ, և մեզի մեջ արյուն հայտնվեց: Հոկտեմբերի 8-ին Քառլոն այնքան թույլ էր, որ չկարողացավ անկողնուց վեր կենալ և Պատարագի մասնակցել:

Նրան տեղափոխեցին մի կլինիկա, որ մասնագիտացած էր արյան հիվանդությունների մեջ, որտեղ նրա մոտ ախտորոշվեց արյան քաղցկեղ՝ լեյկիմիա: Ըստ բժիշկների, նա բուժման հնարավորություն գրեթե չուներ: Նրան տեղափոխեցին ինտենսիվ բուժման բաժանմունք և արհեստական շնչառություն միացրեցին: Անքուն գիշեր անկացնելուց հետո նրան տեղափոխեցին Միլանի «Սուրբ Գերարդո» հիվանդանոց, որն Իտալիայի այն երեք հիվանդանոցներից մեկն է, որտեղ կան նրա հիվանդության համար բուժական միջոցներ կիրառելու սարքեր:

Հիվանդանոցի քահանան կատարեց Հիվանդների Օծման կարգը: Երբ բուժքույրը եկավ Քառլոյի մոտ՝ խնամելու նրան, Քառլոն խնդրեց չարթնացնել իր առանց այդ էլ հոգնած ծնողներին, որպեսզի առավել չանհանգստանային:

Տառապանքը, որ կրում էր, Քառլոն Աստծուն ընծայեց Բենեդիկտոս Տասնվեցերորդ Քահանայապետի և Եկեղեցու դիտավորությամբ, ասելով. «Չարչարանքները, որոնց միջով պիտի անցնեմ, Տիրոջն եմ ընծայում Քահանայապետի և Եկեղեցու համար»: Նա խնդրել էր իր ծնողներին իրեն ուխտագնացության տանել աշխարհի բոլոր այն վայրերը, որտեղ տեղի էին ունեցել Ամենասուրբ Հաղորդության հրաշքներ, բայց նրա վատթարացող առողջությունը խանգարեց այդ ցանկության իրականացմանը:

Երբ նրան բուժող բժիշկները հարցնում էին, թե արդյոք ուժեղ ցավեր ունե՞ր, պատասխանում էր, որ կան մադրիկ, ովքեր շատ ավելի են տառապում, քան ինքը: Նրա վերջին բառերը մայրիկին հետևյալն էին.

«Մայրիկ, մի՛ վախեցիր: Քանի որ Աստծո Որդին դարձավ մարդ, մահն այլևս մի անցում է՝ դեպի կյանք, և կարիք չունենք փախչելու մահվանից: Եկե՜ք պատրաստվենք՝ ապրելու մի չտեսնված բան հավիտենական կյանքում»:

 

 

Մահն ու թաղումը

Ապա Քառլոն կոմայի մեջ ընկավ և տարվեց ինտենսիվ բուժման բաժանմունք՝ արյունը մաքրելու նպատակով: Հետո նրա մոտ ուղեղի արյան զեղում առաջացավ, և Հոկտեմբերի 11-ին արձանագրվեց ուղեղի մահ: Սրբակենցաղ պատանին մահացավ Հոկտեմբերի 12-ին, երեկոյան ժամը 18:45-ին: Նա 15 տարեկան էր:

Ծնողները նրա մարմինը բերեցին տուն, որտեղ մարդկանց հոսքը չէր դադարում չորս օր շարունակ, քանի որ հազարավոր մարդիկ ցանկանում էին իրենց սերն ու հարգանքը արտահայտել այդ պատանու նկատմամբ: Նրա մարմնից անուշահոտ բուրմունք էր զգացվում: Մի մեծաթիվ բազմություն մասնակցեց նրա թաղմանը:

Բազմաթիվ երիտասարդներ, որ հեռացել էին Եկեղեցուց, ներկա գտնվեցին նրա թաղմանը և հիշատակության Պատարագին: Քառլո Աքութիսի ընկերները նրա համար կազմակերպեցին ամենամյա հոգեհանգստյան Պատարագներ:

Քառլոյի թաղմանը մասնակցում էր մի քաղցկեղով հիվանդ կին: Մի քանի օր անց բժիշկն այդ կնոջն ասաց, որ ուռուցքն ամբողջովին անհետացել էր: Նրա թաղմանը ներկա էր նաև 44-ամյա մի կին, ով երազում էր երեխա ունենալ, բայց չէր կարողանում: Քառլոյի թաղումից իննը ամիս անց նա երեխա ունեցավ: Այդ երկու կանայք էլ իրենց հետ տեղի ունեցած հրաշքները վերագրում են Քառլոյի բարեխոսությանը:

 

 

Արտաշիրիմումն ու տեղափոխությունը

Քառլոյի վերջին ցանկությունն էր՝ մեռնել և թաղվել Ասսիզիում: Մահվանից մեկ տարի անց նրա մարմինը տեղափոխվեց Ասսիզի, ըստ նրա ցանկության:

2018թ. Ապրիլի 6-ին նրա մարմինը դրվեց Ասսիզիի «Santa Maria Maggiore» - «Սրբուհի Մարիամ Մեծ» եկեղեցում, որպեսզի հավատացյալները կարողանային այցելել նրա հանգստավայրը և պատվել նրա մարմինը: Այցելուների թափորը, որ ձգվում էր մոտ 2,5 կմ, սկսվեց ուրբաթ երեկոյան և ավարտվեց շաբաթ առավոտյան: Թափորը ճանապարհին կանգ առավ Սուրբ Ռուֆինոսի Մայր Տաճարի մոտ, որտեղ թեմական երգչախումբը երգեց «Non io, ma Dio» («Ո՛չ թե ես, այլ՝ Աստված») օրհներգը, որ գրվել էր Մարքո Մամմոլիի կողմից՝ հատուկ այդ արարողության համար:

2018թ. Հունիսի 23-ին, եկեղեցական իշխանությունների արտոնությամբ և հրամանով, Քառլոյի դագաղը բացվեց և նրա մարմինը գտնվեց անապական վիճակում (Աստծո հատուկ տնօրինությամբ՝ այն չի փտում):

 

Երանացումը

Քառլոյի երանացման պահանջը դրվեց նրա մահվանից շատ չանցած՝ 6 տարի հետո. 2012թ. Հոկտեմբերի 12-ին Միլանի Արքեպիսկոպոսությունը բացեց նրա սրբադասման դատը: 2013թ. Մայիսի 13-ին Սուրբ Աթոռի Սրբադասման Վարչությունը հայտարարեց, որ ո՛չ մի արգելք չկա՝ սկսելու Աքութիսի սրբադասման գործընթացը և նրան հռչակեց Աստծո Ծառա, որն առաջին փուլն է՝ դեպի սրբադասում:

Սրբադասման թեմական ուսումնասիրության փուլը տևեց 2013թ. Փետրվարի 15-ից մինչև 2016թ. Նոյեմբերի 24-ը՝ Կարդինալ Սքոլայի հովանու ներքո: Սքոլան ասում էր, որ Աքութիսը չի լինելու ֆիլմային աստղ, այլ՝ մի Աստղ Երկնքում, և որ «Աքութիսը մի նոր գանձ է Միլանի Եկեղեցում»: 2018թ. Հուլիսի 5-ին Ն.Ս. Ֆրանցիսկոս Պապը պաշտոնապես ճանաչեց Քառլո Աքութիսի առաքինությունների հերոսական բնույթը և նրան հռչակեց Երանելի:

2019թ. Նոյեմբերի 14-ին Վատիկանի Սրբադասման Վարչության բժշկական խորհուրդը դրական կարծիք հայտնեց Բրազիլիայում տեղի ունեցած մի հրաշքի վերաբերյալ, որ վերագրվում էր Աքութիսի բարեխոսությանը: Լուչիանա Վիաննան իր որդուն՝ վեցամյա Մատթեուսին – որ ծնվել էր պանկրեատիկ անբավարարությամբ և ուներ մարսողության խնդիր ու փսխում էր որևէ տեսակի կերակուր, որ կուլ էր տալիս – տարել էր Պատարագի, որի ժամանակ ներկաներին քահանան օրհնել էր Քառլոյի մասունքներից մեկով (նրա զգեստներից վերցված մի փոքրիկ կտորով, որի վրա Քառլոյի արյան հետքերը կային): Վիաննան նախապես իննօրյա աղոթք էր կատարել՝ խնդրելով Աքութիսի բարեխոսությունը: Երբ հասել էր իրենց հերթը, երեխայի պապիկը նրան հուշել էր, որ մասունքը համբուրելուց խնդրի բժշկության շնորհը և որ այլևս չփսխի։ Պատարագից անմիջապես հետո Մատթեուսը մայրիկին ասել էր, որ իրեն այլևս բուժված է զգում, և տուն հասնելուն պես մի լավ ճաշելու ցանկություն էր հայտնել: Հետագա տարիներին երեխան ենթարկվել է բժշկական մանրակրկիտ հետազոտությունների, որոնց արդյունքում փաստագրվել է հիվանդության «վայրկենական, ամբողջական և տևական» անհետացումը։ Մանրամասն ուսումնասիրություններից հետո, Սրբադասման Հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա Ն.Ս. Ֆրանցիսկոս Պապը 2020թ. Փետրվարի 21-ին ստորագրեց Քառլո Աքութիսին Երանելի հռչակելու մասին վճռագիրը: Երանացման հանդիսությունը հետաձգվեց համավարակի պատճառով և տեղի ունեցավ ավելի համեստ պայմաններում 2020թ. Հոկտեմբերի 10-ին, Ասսիզիի Մայր Տաճարում, Կարդինալ Ագոստինո Վալլինիի նախագահությամբ՝ Ն.Ս. Ֆրանցիսկոս Պապի անունից: Այդ ժամանակվանից չի դադարում մարդկանց հոսքը՝ դեպի Ասսիզիի «Սրբուհի Մարիամ Մեծ» եկեղեցի, որտեղ դրված է Աքութիսի անապական մարմինը:

 

 

Ավանդը

2020 թվականին, Ընդհանրական (Կաթոլիկ) Եկեղեցու կողմից Քառլոյին վերագրվող մի հրաշքի ճանաչումից հետո, նրա մայրը՝ Անտոնիան, լրատվամիջոցներին հայտնեց, թե Քառլոն երևացել է իրեն երազում և ասել, որ ինքն ապագայում ո՛չ միայն երանացվելու, այլ նաև՝ Սրբերի շարքում է դասվելու:

Աքութիսի սրբադասման համար գոյություն ունի մի համացանցային կայք, մեկ ա՛յլ կայք էլ կա ուսուցիչների համար, երիտասարդների ու աղոթական խմբերի համար:

 

Ամենասուրբ Հաղորդության հրաշքների լուսանկարչական ցուցահանդեսը

Քառլո Աքութիսի հիշատակի համար, եպիսկոպոս Ռաֆաելլո Մարթինելլիի և եպիսկոպոս Անջելո Քոմասթրիի աջակցությամբ կազմակերպվել է Ամենասուրբ Հաղորդության հրաշքների մասին պատմող լուսանկարների մի շարժական ցուցահանդես, որն արդեն շրջագայել է 12 երկրներում՝ 5 մայրցամաքների վրա:

Ցուցահանդեսի տպագիր տարբերակի ներածությունը գրվել է Քոմասթրիի կողմից և թարգմանվել է 18 լեզուներով: Այն ճամփորդել է ավելի քան տասը հազար վայրերում՝ ներառյալ եկեղեցիներում, խորհրդարանական պալատներում, երիտասարդական ակումբներում:

 

Երանելի Քառլո Աքութիսին նվիրված ժողովրդապետություններ

2020թ. Դեկտեմբերի 15-ին, Արքեպիսկոպոս Բերնարդ Լոնգլին, ղեկավարվելով եկեղեցական կանոնադրությամբ, Բիրմինգհեմում հիմնեց մի նոր ժողովրդապետություն՝ Եր. Քառլո Աքութիսի հովանու ներքո: Նոր ժողովրդապետությունն իր մեջ ընդգրկում է Սբ. Պետրոս և Սբ. Պողոս, Սբ. Միքայել և Սբ. Բեռնարդետ եկեղեցիները՝ Ուոլվերհամփթոնում:

2021թ.ին Չիքագոյի Սբ. Ջոն Բերչմանսի ժողովրդապետությունը և Բաքթնի Սբ. Հեդուիգ ժողովրդապետությունները միավորվեցին՝ Եր. Քառլո Աքութիսի հովանու ներքո:

 

 

Ա՛յլ արդյունավորումներ

2022թ. Ապրիլին, Շոտլանդիայում կանգնեցվեց Եր. Քառլո Աքութիսի առաջին իրական չափերով արձանը:

Աքութիսը սիրում էր ասել. «Մենք բոլորս ծնվում ենք որպես բնօրինակներ, բայց շատերը մեռնում են որպես պատճեններ»: 2018թ.ին Երիտասարդներին նվիրված Համաժողովի ավարտական փաստաթղթում Ն.Ս. Ֆրանցիսկոս Պապը գործածեց այս արտահայտությունը և Քառլոյի մասին արտահայտվեց հետևյալ կերպ.

«Քառլոն թակարդը չընկավ: Նա տեսավ, որ շատ երիտասարդներ, եթե թվում են միմյանցից տարբեր, ըստ էության, վերջում նմանվում են միմյանց՝ արագ կլանելով այն, ինչ ազդեցիկ մարդիկ պարտադրում են նրանց՝ սպառողական մեխանիզմներով և մտքի ընդարմացումով: Այդպես նրանք թույլ չեն տալիս, որ այն պարգևները, որոնք Տերը պատրաստել է իրենց համար, թափանցեն իրենց մեջ: Նրանք աշխարհին ցույց չեն տալիս այդ անհատական և եզակի պարգևները, որոնք Տերը ցույց է տվել նրանցից յուրաքանչյուրին»:

Ն.Ս. Ֆրանցիսկոս Պապը նաև Աքութիսին ներկայացրել է որպես մի վավերական տիպար՝ սովորական կյանքում սրբության հասնելու համար:

 

 

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։