Քոմփթըն Արթուր Հոլլի (1892-1962) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Ք
Քոմփթըն Արթուր Հոլլի (1892-1962)
Արթուր Հոլլի Քոմփթընը (10 Սեպտեմբեր 1892 - 15 Մարտ 1962) եղել է ամերիկացի ֆիզիկոս: 1927 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի, Քոմփթընի Էֆեկտի բացահայտման համար, որով փաստվեց էլեկտրոմագնիսական ճառագայթման կամ ֆոտոնի մասնիկային բնույթը: ԱՄՆ Գիտությունների Ազգային Ակադեմիայի անդամ է եղել 1927 թվականից: 1912 թվականին ավարտել է Փրինսթընի համալսարանը: 1920-1923 թվականներին դասավանդել է Ուաշինգթընի (Սենթ Լուիս), 1923-1945 թվականներին՝ Չիկագոյի համալսարաններում: 1945-1953 թվականներին եղել է Ուաշինգթընի համալսարանի ռեկտորը: Իր ռեկտորության տարիներին համալսարանը աննախընթաց վերելք է ապրել, նշանակվել է առաջին կին լիիրավ դասախոսը, ռեկորդային ցուցանիշների է հասել ուսանողների թիվը: 1930-1948 թվականներին եղել է Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Ինստիտուտ (Massachusetts Institute of Technology) համբավաշատ հիմնարկի նախագահը: Որպես գիտաշխատող, գամմա ճառագայթների վերաբերյալ ուսումնասիրություններ է կատարել Քեմբրիջի համալսարանում: Արժանացել է Իտալիայի «Carlo Matteucci» ոսկե մեդալ (1933), Անգլիայի Թագավորական Ընկերության «Hughes Medal» (1940), Ֆիլադելֆիայի Ֆրանկլին Ինստիտուտի «Benjamin Franklin Medal» (1940) և գիտական ա՛յլ շքանշանների:
Նրա անունով են կոչվում 52337 Compton աստերոիդը և Լուսնի խառնարաններից մեկը, Ուաշինգթընի համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետի մասնաշենքը, NASA-ի Գամմա Ճառագայթների Դիտակայանը, և այլն:
 
ՀԱՏԸՆՏԻՐ ՄՏՔԵՐ
 
« Ինչ վերաբերվում է ինձ, հավատքը սկսվում է գիտակցումից, որ մի գերագույն միտք բերել է տիեզերքը գոյության և ստեղծել է մարդուն: Իմ համար դժվար չէ ունենալ այս հավատքը, որովհետև անվիճելի ու անժխտելի է փաստը, որ ուր կա մի ծրագիր, այնտեղ կա միտք և բանականություն: Տիեզերքի զարգացման և աշխատանքի ընթացքի կարգը վկայում է, թե որքա՜ն ճշմարիտ է երբևէ արտասանված ամենավեհ ու ամենավսեմ հաստատումը. ''Սկզբում Աստված էր'' »:
 
Ա.Հ. Քոմփթըն, 12/4/1936-ին Chicago Daily News օրաթերթին («Magazine Section») տրված հարցազրույցից:
 
---
 
« Գնահատելու համար, թե [քրիստոնեական] կրոնը արդյոք կարո՞ղ է ընդունելի լինել գիտության համար, կարևոր է քննության վերցնել բնության մեջ գործող մի Մտքի վարկածը: Բանականությամբ օժտված Աստծո փաստերի շուրջ քննարկումները այնքան վաղեմի են, որքան ինքնին փիլիսոփայությունը: ''Ծրագրի'' վրա հիմնվող փաստարկը, թեև չափազանց պարզունակ է, երբեք չի հերքվել պատշաճ կերպով: Ընդհակառակն, մեկնելով այն բոլոր տվյալներից, որոնք օր օրի ավելի ու ավելի ենք իմանում մեր աշխարհի վերաբերյալ, հավանականությունը, որ այս ամենը առաջացած կարող է լինել պատահական գործընթացների արդյունքում, դառնում է միշտ ավելի անընդունելի, այնպես, որ այսօրվա գիտության այրերից քչերն են, արդարև, որ աթեիստական դիրքորոշում են որդեգրում »:
 
Ա.Հ. Քոմփթըն, The Freedom of Man [Մարդու ազատությունը], Yale University Press 1935, p. 73.
 
[ շարունակելի ...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։