Օգնական Քրիստոնյաների (մարեմական տիտղոս) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Օ
Օգնական Քրիստոնյաների (մարեմական տիտղոս)
Թարգմանեց՝ Տ. Հովսեփ քհն. Գալստյան

«Սրբուհի Մարիամ՝ Օգնական Քրիստոնյաների» (լատիներեն՝ «Sancta Maria Auxiliatricis Christianorum») բառակապակցությունը Սուրբ Կույս Մարիամին տրված բարեպաշտական տիտղոսներից է, որ գործածվում է՝ շեշտելու համար Սուրբ Կույսի օգնական առաքելությունը՝ քրիստոնյաների համար:

Քրիստոնեության առաջին դարերից մեզ հասած հունարեն տիտղոսներից մեկը «βοηθεια»ն է («բոեթեյա»), որ նշանակում է օգնական: Այդպես էին Եկեղեցու Հայրերը և ա՛յլ աստվածաբաններ կոչում Մարիամին, ինչպես օրինակ՝ Հովհան Ոսկեբերանը 532թ.ին արտասանած իր քարոզներից մեկում, Պրոկղը՝ 476թ.ին, Սեբաս Կեսարացին՝ 532թ.ին, Սոփրոնիուս Երուսաղեմացին՝ 560թ.ին, Հովհան Դամասկացին՝ 749թ.ին և Հերմանուս Առաջին Կոստանդուպոլսեցին՝ 733թ.ին:

1601թ.ին Կղեմես Ութերորդ Պապի (1536-1592-1605) կողմից հաստատված և մինչև օրս գործածվող Լորեթյան Լիթանիայում ևս ներառված է այս տիտղոսը. «Մարիամ, Օգնական քրիստոնեից»:

1571թ.ի Հոկտեմբերի 7-ին Լեպանտոյի ճակատամարտից հաղթական վերադարձող զինվորները Սուրբ Կույսին ողջունում էին այդ տիտղոսով: Հնարավոր է, որ այս տիտղոսը փոփոխված տարբերակն է 1524թ.ին մեկ ա՛յլ Լիթանիայում գտնված «Քրիստոնյաների Փաստաբան» - «Advocata Christianorum» տիտղոսի:

 

 

Քրիստոնյաների օգնական Մարիամին նվիրված տոնը Ընդհանրական (Կաթոլիկ) Եկեղեցում հաստատվեց Պիուս Յոթերորդ Պապի կողմից՝ 1815թ.ին, ի հիշատակ գերությունից իր վերադարձի՝ 1814թ.ի Մայիսի 24-ին. Նապոլեոն Բոնապարտը Պիուս Յոթերորդ Պապին բանտարկել էր ֆրանսիական Գրենոբլում և ապա Ֆոնտենբլոյում՝ 1808-1814թթ.ին: Գերությունից իր ազատագրումը Քահանայապետը վերագրեց Սուրբ Կույսի մայրական միջամտությանը և վերադարձի ճանապարհին այցելեց բազմաթիվ մարեմական եկեղեցիներ, թագադրեց Տիրամոր սրբապատկերները:

«Սրբուհի Մարիամ՝ Օգնական քրիստոնյաների» տիտղոսով Մարիամի հանդեպ ջերմեռանդությունը 19-րդ դարում հատկապես տարածում էին Սբ. Հովհաննես Բոսկոն (1815-1888) և Սբ. Վինչենցո Փալոտթին (1795-1850): 1868թ.ին Սբ. Հովհաննես Բոսկոն կառուցեց մի հսկա բազիլիկ տաճար՝ նվիրված Քրիստոնյաների Օգնական Մարիամին, նաև հիմնեց իգական Միաբանություն՝ «Քրիստոնյաների Օգնական Մարիամի Դուստրեր» անվամբ:

 

 

Վատիկանյան Երկրորդ Ժողովի հայրերը Եկեղեցու մասին Սահմանադրության 61-րդ և 62-րդ բաժիններում գործածեցին այս տիտղոսը և դա հետևյալ կերպ բացատրեցին.

«Մարիամն իր հնազանդությամբ, հավատքով, հույսով և բուռն սիրով չտեսնված եզակի ձևով համագործակցեց Փրկչի առաքելությանը՝ հոգիներին վերադարձնելու գերբնական կյանքը: Այս պատճառով նա մեր համար Մայր է՝ ըստ շնորհի։ [...] Իր մայրական սիրով Մարիամը հոգ է տանում իր Որդու եղբայրների մասին, ովքեր շարունակում են ճամփորդել այս աշխարհում՝ վտանգների ու դժվարությունների մեջ, մինչև առաջնորդվեն դեպի իրենց երկնային տան երջանկությունը»:

Եկեղեցին ավանդաբար կենտրոնացել է Տիրամոր օգնության առաքելության հատկապես երկու դրսևորումների վրա. առաջինը Տիրամոր բարեխոսությունն է՝ յուրաքանչյուր քրիստոնյայի համար՝ մեղքի դեմ պայքարում. երկրորդը Տիրամոր բարեխոսությունն է՝ քրիստոնյաների ողջ համայնքի համար՝ պայքարելու համար հերետիկոսությունների և հակաքրիստոնեական ուժերի դեմ:

 

 

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։