ՄԻՔԱՅԵԼ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԻ ԵՐԵՎՈՒՄՆԵՐԸ ԳԱՐԳԱՆՈՅՈՒՄ – Գրադարան – Mashtoz.org

ՄԻՔԱՅԵԼ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԻ ԵՐԵՎՈՒՄՆԵՐԸ ԳԱՐԳԱՆՈՅՈՒՄ

Սուրբ Միքայել Հրեշտակապետի երկրային գահը գտնվում է Գարգանոյի լեռներում, իտալական թերակղզու հարավային այն մասում, որը ժամանակին կոչվում էր Մեծ Հունաստան և ուր միջնադարում փոխադրվել են նաև Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները: Այդտեղ է գտնվում իրեն իսկ նվիրված Սուրբ Հրեշտակապետ Լեռը, որը նա ընտրել էր իր հրաշալի երևումների համար:
 
Առաջին երևումը (8 Մայիս 490)
 
Միքայել Հրեշտակապետը Գարգանոյում առաջին անգամ հայտնվել է 490 թվականի Մայիսի 8ին:
Սիպոնտացի մի մեծահարուստ պարոնի նախիրից առանձնացել ու մոլորվել էր ամենագեղեցիկ ցուլը: Մի քանի օր ապարդյուն փնտրելուց հետո, մարդն իր ցուլն ի վերջո գտնում է Գարգանոյի մի գրեթե անմատչելի քարայրի մուտքին:
Հեռվից միայն տեսնելով և չկարողանալով մոտենալ, խիստ զայրացած, որոշում է սպանել կենդանուն և նրա ուղղությամբ արձակում է մի նետ: Եվ այդ պահին կատարվում է առաջին հրաշքը. կես ճանապարհին նետը փոխում է իր ուղղությունը և ետ վերադառնալով հարվածում է իրեն արձակողի ուսին:
Զարմացած և մի քիչ էլ սարսափահար, պարոնը վազում է Սիպոնտոսի Եպիսկոպոս Լորենցիուս Մայորանուսի մոտ, նրան պատմելով պատահարը և խնդրելով ինչ որ մի բացատրություն տալ: Եպիսկոպոսը հանրային եռօրյա պահք և աղոթքներ է պատվիրում, Աստծուց խնդրելով ակնկալված պատասխանը: Երրորդ օրը Միքայել Հրեշտակապետն ինքը հայտնվում է Եպիսկոպոսին, ասելով, որ ինքն է եղել քարայրում կատարվածի հեղինակը և որ այդ քարայրն այդուհետև լինելու է իր Սրբավայրը երկրի վրա. «Ես Միքայել Հրեշտակապետն եմ և միշտ կանգնած եմ Աստծո ներկայությանը: Այդ քարայրն իմ համար սրբազան է, իմ ընտրությունն է, և ես ինքս եմ դրա արթուն պահապանը: Այնտեղ, ուր ժայռը բացվում է, կարող են թողություն գտնել մարդկանց մեղքերը [...], և այն, ինչ կխնդրեն աղոթքով, ընդունելի կլինի: Ուստի, ընծայեցեք այդ քարայրը Քրիստոնեական պաշտամունքին»:
Սուրբ Եպիսկոպոսը, սակայն, խոհեմություն նկատեց չհետևել այդ տեսիլքին, քանի որ այդ լեռնակողմում ոմանք դեռ կիրառում էին հեթանոսական զոհաբերումները, ուստի չկամեցավ գայթակղության և շփոթումի առիթ տալ ժողովրդին:
 
Երկրորդ երևումը (12 Սեպտեմբեր 492)
 
Երկու տարի անց, սիպոնտացիները պաշարման ենթարկվեցին Էրուլների թագավոր Օդոակրեսի (434-493) բարբարոս զորքերի կողմից: Մի քանի անհաջող ճակատամարտերից հետո, մահն իրենց դռան առաջ տեսնելով, ամբողջ ժողովուրդը դիմեց Լորենցիուս Մայորանուս Եպիսկոպոսին: Միասին խնդրեցին և ստացան Սուրբ Միքայելի պաշտպանությունը. Հրեշտակապետը երևաց Եպիսկոպոսին և խոստացավ հաղթանակ ապահովել:
Երեք օր անց, երբ տեղի էր ունենալու վճռական ճակատամարտը, երկինքը հանկարծ մթնեց, մի սարսափելի փոթորիկ սկսվեց, ավազի հողմ ու կարկուտ: Բարբարոս հրոսակները, փայլակների հարվածներ ստանալով, սարսափահար փախան: Քաղաքը փրկվեց: Ամբողջ ժողովուրդը, Եպիսկոպոսի հետ միասին, թափորով բարձրացան Քարայրի մոտ, որպեսզի շնորհակալություն հայտնեն իրենց երկնային Պաշտպանին, բայց այս անգամ ևս Եպիսկոպոսը Քարայրից ներս չմտավ:
 
Երրորդ երևումը (29 Սեպտեմբեր 493)
 
Հաջորդ տարի, բարեպաշտորեն տոնակատարելու համար Սուրբ Հրեշտակապետի միջամտությունը և որպեսզի նրան շնորհակալություն հայտնեին քաղաքի ազատագրման համար, Սիպոնտոսի Եպիսկոպոսը, որ դժվարանում էր հաղթահարել իր կասկածները, այցելության գնաց Հելասիուս Առաջին Քահանայապետին (490-496) և նրանից արտոնություն խնդրեց օծելու Սուրբ Միքայել Հրեշտակապետի երևման Քարայրը և որպես տարեկան տոն հաստատել Ընծայման այդ օրը: Քահանայապետը պատվիրեց Քարայր մտնել Փուլիա նահանգի Եպիսկոպոսների հետ, ապաշխարության պահք պահելուց հետո:
493 թվականի Սեպտեմբերի 28ի լույս 29ի գիշերը Միքայել Հրեշտակապետը երրորդ անգամ երևաց Լորենցիուս Մայորանուս Եպիսկոպոսին, ասելով. «Այլևս հարկավոր չէ, որ Դուք օծեք այս Քարայրը որպես եկեղեցի, [...] որովհետև ես ինքս այն արդեն օծել եմ: [...] Դուք արդեն կարող եք մատուցել այնտեղ Սուրբ Խորհուրդները [...] »:
Հաջորդ օրն առավոտյան, մոտակա քաղաքներից հավաքված բազմաթիվ Եպիսկոպոսներ, ժողովրդի բազմության հետ միասին, թափորով ուղղվեցին դեպի Գարգանոյի բարձունքը: Մտնելով Քարայր, այն արտասովոր կերպով լուսավոր գտան: Քարեղեն մի խորան արդեն կանգնեցված էր և ծիրանագույն սավանով ծածկված: Իսկ խորանի վրա դրված էր բյուրեղյա մի Խաչ:
Եպիսկոպոսը մատուցեց առաջին Սուրբ Պատարագը, Եպիսկոպոսների ու ժողովրդի ներկայության: Քիչ ժամանակ անց, Եպիսկոպոսը մի եկեղեցի կառուցել տվեց Քարայրի մուտքին, բայց Քարայրն ինքը երբեք չի օծվել մարդկանց ձեռքով և դարերի ընթացքում հռչակվել է իր «Երկնային Տաճար» անվամբ:
Լոնգոբարդները, որոնք Վեցերորդ դարում հիմնել էին Բենէվենտոյի Դքսությունը, 663 թվականի Մայիսի 8ին Սիպոնտոսի մոտակայքում հաղթեցին սարակինոսների զորքերին և այդ հաղթանակը վերագրեցին Սուրբ Միքայել Հրեշտակապետի օգնությանը: Հիշենք, որ Բենէվենտոյի Դքսության ազատագրման համար այդ դարաշրջանում պայքարել է նաև մեր ազգակից Ներսես Պատրիկը, իր հայազգի զորախմբի հետ միասին, երբ Բյուզանդական Կայսրության կողմից առաքվել էր վերանվաճելու Իտալական թերակղզին. մի գործ, որը նա իրականացրեց լիակատար հաջողությամբ: Այդ դարաշրջանում, Իտալիայի բյուզանդական կառավարիչները մեծ մասամբ հայազգիներ էին և բանակները նույնպես մեծ մասամբ ձևավորված էին հայ մարտիկներից:
 
Չորրորդ երևումը (22 Սեպտեմբեր 1656)
 
Տասներկու դար անց, ժանտախտը անգութ մոլեգնում էր Նեապոլսում և նրա ողջ թագավորությունում: Ֆոջջայից հետո, ուր մահացել էր բնակչության գրեթե կեսը, սպառնալիքը տարածվում էր Մանֆրեդոնիայում:
Քաղաքի Եպիսկոպոս Ջովաննի Փուչչինելլին մեծ հավատքով դիմեց Միքայել Հրեշտակապետին, նրա Սուրբ Քարայրում, իր բոլոր քահանաների և բազմամբոխ ժողովրդի հետ միասին, հայցելով նրա հզոր օգնությունը:
1656 թվականի Սեպտեմբերի 22ի արշալույսին նրան երևաց Սուրբ Միքայել Հրեշտակապետը մի ուժգին լույսով շրջապատված, և ասաց. «Իմացած եղեք, ո՜վ այս գառնուկների Հովիվ, որ Ես Միքայել Հրեշտակապետն եմ: Ամենասուրբ Երրորդությունից խնդրեցի, որ ամեն ոք, ով բարեպաշտորեն կգործածի իմ Քարայրից վերցված քարերը, տներից, քաղաքներից և ամեն մի վայրից կհեռացնի ժանտախտը: Գործադրեցեք և ամենքին պատմեցեք Աստվածային Շնորհը: Դուք պետք է օրհնեք այդ քարերը, նրանց վրա քանդակելով Խաչի նշանն ու իմ անունը»:
Եվ ժանտախտի դեմ հաղթանակ տոնվեց:
Մինչև օրս էլ գործածվում են Քարայրից հավատքով վերցված այդ քարերը, հայցելու համար Սուրբ Միքայել Հրեշտակապետի պաշտպանությունը:
 
***
 
Սա, անշուշտ, Միքայել Հրեշտակապետի ամենակարևոր Սրբավայրի հետ կապված երևումների համառոտ պատմությունն է: Սուրբ Հրեշտակապետի երևումները, սակայն, բազմաթիվ են և անհիշելի ժամանակներից շարունակվում են մինչև մեր օրերը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։