« ԱՐԴԵՆ ՃԱՇԱԿԵԼ ԵՆՔ ՄԻ ԾԱԾՈՒԿ ՔԱՂՑՐՈՒԹՅՈՒՆ » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՐԴԵՆ ՃԱՇԱԿԵԼ ԵՆՔ ՄԻ ԾԱԾՈՒԿ ՔԱՂՑՐՈՒԹՅՈՒՆ »

ՕԳՈՍՏԻՆՈՍ ՀԻՊՊՈՆԱՑԻ, Մեկնություն Սաղմոսաց, XLI, 8-11 (PL 36, 469-472).
 
 
Փնտրեցի [Աստծո] գոյացությունը իմ մեջ, կարծես թե նման լիներ այն բանին, ինչ ես ինքս եմ, և չգտա:
Ես, ուստի, զգում եմ, որ իմ Աստվածը ամբողջովին անդին է, քան իմ հոգին: Հայնժամ, Նրան հպվելու համար, «խորհրդածեցի այս բաների շուրջ և հոգիս տարածեցի ինձնից ավելի վեր»: Իրոք, հոգիս ինչպե՞ս կարող է հասնել և քաղել այն, ինչն իրեն հարկավոր է փնտրել անդին, եթե չտարածվի ինքն իրենից վեր: Եթե միտքս մնա ինքն իր մեջ, կտեսնի միայն իրեն, իսկ ինքն իր մեջ չի տեսնի իր Աստծուն: [...] «Տարածեցի հոգիս ինձնից անդին» և ինձ ըմբռնելիք ուրիշ ոչինչ չի մնում, քան միայն՝ իմ Աստվածը: Արդարև, իմ Աստծո օթևանն այնտեղ է, ավելի վեր է, քան իմ հոգին: Այնտեղ է Նա բնակվում, այնտեղից է ինձ տեսնում, այնտեղից է ինձ ստեղծել, [...] այնտեղից է ինձ ոտքի կանգնեցնում և կանչում, այնտեղից է ինձ առաջնորդում և ուղեկցում դեպի նավահանգիստ:
Նա, ով ամենաբարձր երկնքում բնակվում է անտեսանելի օթևանում, նաև մի վրան ունի երկրի վրա: Նրա վրանը տակավին պանդուխտ Եկեղեցին է: Այստե՛ղ է հարկավոր փնտրել Նրան, որովհետև վրանի մեջ է գտնվում ճանապարհը, որ տանում հասցնում է Իր օթևանին: Հիրավի, երբ հոգիս տարածեցի ինձնից վեր, հասնելու համար իմ Աստծուն, ինչո՞ւ արեցի դա: «Որովհետև մտնելու եմ տապանակի վայրը», սքանչելի տապանակի, մինչև Աստծո տունը: [...] Աստծո տապանակը երկրի վրա կազմված է հավատարիմ մարդկանցից: [...]
[Դավիթ] մարգարեն մտել է վրանի մեջ և նրա միջով հասել է Աստծո տանը: Մինչ հիանում էր սրբերի տեսքով, որոնք այդ վրանի կարծես տարբեր մասերը լինեն, առաջնորդվել է դեպի Աստծո տունը, հետևելով ինչ որ մի քաղցրության, մի տեսակ ծածուկ հրապույրի. կարծես Աստծո տնից գալիս էին ինչ որ մի երաժշտական գործիքի հմայիչ հնչյունները: Քայլում էր վրանի ներսում, երբ, լսելով այդ ներքին երաժշտությունը, որի քաղցրությունն իրեն ձգում էր, սկսեց հետևել այդ հնչյուններին, որոնք լսում էր [...] և հասավ Աստծո տանը: [...] Ինչպե՞ս ես հասել այդ տան գաղտնիքին: Պատասխանում է. ընդմեջ ուրախության երգերի ու գովաբանության, ընդմեջ համերգների, որ կատարում են տոները: [...] Աստծո տան մեջ մշտնջենավոր տոն է: [...] Կատարվում է հրեշտակների դասի կողմից, իսկ Աստծո դեմքը, անքող տեսնվելով, պատճառ է մի աննկարագրելի բերկրանքի: Սկիզբ չունի տոնական այդ օրը և չունի ավարտ: Այդ հավիտենական տոնից տարածվում է մի ձայն, որը չեմ կարող նկարագրել, և որ քաղցրորեն արձագանքում է սրտի ականջներին, եթե նրան չի խառնվում մարդկային որևէ աղմուկ: Այդ տոնի ներդաշնակությունը զմայլում է ականջը նրա, ով քայլում է այս վրանի ներսում և հիանում է այն սքանչելիքներով, որոնք Աստված գործել է հավատացյալների փրկության համար. և եղջերուին ձգում է դեպի ջրերի աղբյուրները:
Բայց մենք Աստծուն տեսնում ենք հեռվից, ապականությանը դատապարտված մեր մարմինը ծանրացնում է մեր հոգին, մեր միտքը խռովվում է բազմաթիվ մտքերից: Երբեմն, փափաքի մղման ազդեցությամբ, որով մեր շուրջը փարատվում են պատկերները, կարողանում ենք լսել այդ աստվածային հնչյունները: [...] Սակայն, մեր ծանրության բեռը կրելով, շուտով կրկին ընկնում ենք մեր սովորությունների մեջ, կրկին քաշվում ենք դեպի մեր սովորական կյանքը: Եվ, ինչպես Աստծուն մերձենալով զգացել էինք ուրախություն, այնպես էլ, կրկին երկրի վրա ընկնելով, պատճառ ունենք հեծեծալու: «Ինչո՞ւ ես տխուր, հոգի իմ, և ինչո՞ւ ես խռովում ինձ»: Արդեն ճաշակել ենք մի ծածուկ քաղցրություն, արդեն կարողացել ենք, մեր հոգու գագաթով, նշմարել անփոփոխ կյանքը, շատ կարճ ժամանակով, ճիշտ է, և կարծես մի փայլատակման մեջ: Ուրեմն ինչո՞ւ ես տակավին խռովվում, ինչո՞ւ այս տրտմությունը: Քո Աստծո վերաբերյալ դու կասկածներ չունես: Քեզ չի պակասում կերպը պատասխանելու նրանց, ովքեր քեզ ասում են. «Ո՞ւր է քո Աստվածը»: Արդեն զգացել եմ Անփոփոխի համը: Ինչո՞ւ ես տակավին խռովվում: Հուսա՛ Աստծուն: Եվ հոգին պատասխանում է ծածուկ. «Ինչո՞ւ եմ խռովվում, եթե ոչ միայն այն պատճառով, որ տակավին այն օթևանում չեմ, ուր վայելում են այն քաղցրությունը, որի գիրկը տեղափոխվեցի անցողիկ կերպով: Մի՞թե այժմվանից իսկ խմում եմ այդ աղբյուրից, առանց ոչնչից վախենալու: [...] Մի՞թե այժմվանից իսկ ապահով եմ ընդդեմ իմ բոլոր ցանկասիրությունների, կարծես թե սանձված ու հաղթված լինեին: Մի՞թե սատանան, իմ թշնամին, չի հետապնդում ինձ: Եվ չե՞ս ուզում, որ խռովվեմ, երբ տակավին աքսորված եմ Աստծո տնից»: Հայնժամ [...] պատասխանում է. «Հուսա՛ Աստծուն: Քանի դեռ սպասում ես, այստեղ՝ ներքևում գտի՛ր քո Աստծուն հույսի մեջ: [...] Ինչո՞ւ հուսալ: Որովհետև ես դավանելու եմ Նրան: Ի՞նչ ես դավանելու: Որ Նա իմ Աստվածն է, իմ դեմքի փրկությունը: Ինքս ինձ չեմ կարող տալ փրկությունը: Ես ասելու եմ, դավանելու եմ դա. իմ Աստվածն է իմ դեմքի փրկությունը»:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։