« ՄԱՐԻԱՄԸ՝ ՔՐԻՍՏՈՍԻ ՄԱՅՐԸ, ԵԿԵՂԵՑՈՒ ՄԱՅՐԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ՄԱՐԻԱՄԸ՝ ՔՐԻՍՏՈՍԻ ՄԱՅՐԸ, ԵԿԵՂԵՑՈՒ ՄԱՅՐԸ »

Սբ. Օգոստինոս Հիպպոնացի (354-430). « Սուրբ կուսության մասին », 5.

 

[...] Նա, որ պտուղն է միայն մի բացառիկ և սուրբ Կույսի, փառքն է բոլոր սուրբ կույսերի. նրանք, հանձինս Մարիամի, Քրիստոսի մայրերն են, պայմանով, սակայն, որ կատարեն Հոր կամքը։ Քրիստոսի Մայրը լինելու Մարիամի փառքն ու ուրախությունը պայծառորեն փայլում են հատկապես Տիրոջ խոսքերի մեջ. «Ով իմ Հոր կամքը կատարում է, նա է ինձ եղբայր և քույր և մայր» (Մտթ 12, 50)։

Նա մատնանշում է ազգակցական այս կապերը, որոնցով Ինքը կապվում է փրկվածների ժողովրդին։ Իրեն եղբայրներ և քույրեր է նկատում Սրբերին ու Սրբուհիներին, որոնց հետ կիսում է երկնային ժառանգությունը։ Իր մայրը Ընդհանրական Եկեղեցին է, քանի որ, աստվածային շնորհի միջոցով, ծնում է Իր անդամներին, այսինքն՝ Իր հավատարիմներին։ Սրանից բացի, յուրաքանչյուր բարեպաշտ հոգու վերաբերյալ կարելի է ասել, որ Քրիստոսի մայր է, այն իմաստով, որ Հոր կամքը կատարելով, սիրո միջոցով – որը մեծապես արգասավոր առաքինություն է – կյանքը տալիս է բոլոր նրանց, որոնց մեջ դրոշմում է Քրիստոսի կերպարանքը (Գղտ 4, 19)։ [...]

Մարիամն անկասկած Մայր է Նրա անդամների համար, որոնք մենք ենք, այն իմաստով, որ սիրո միջոցով համագործակցեց ծնելու Եկեղեցու համար այն հավատացյալներին, որոնք անդամներն են հանդիսանում այն Գլխի, որի Մայրն է ինքը ճշմարտապես՝ ըստ մարմնի։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։