« ԱՍՏԾՈ ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՆՄԱՆ Է ՄԻ ՄԱՐԴՈՒ, ՈՐ ՍԵՐՄ Է ԳՑՈՒՄ ՀՈՂԻ ՄԵՋ » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՍՏԾՈ ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՆՄԱՆ Է ՄԻ ՄԱՐԴՈՒ, ՈՐ ՍԵՐՄ Է ԳՑՈՒՄ ՀՈՂԻ ՄԵՋ »

Սբ. Կատարինե Սիենացի (1347-1380). « Նամակ 37, Հովհաննա Նեապոլսեցի թագուհուն ».

 

[...] Շատ սիրելի [Թագուհի] Մայր, Դուք գիտեք, որ մենք նման ենք արտերի, ուր Աստված Իր ողորմությամբ ցանել է Իր սերմը, այսինքն՝ սերը, որով մեզ ստեղծել է՝ մեզ Իր գրկից [գոյության] հանելով հանուն սիրո, և ո՛չ թե կարիքից(1) մղված։ Մենք չէ, որ խնդրել ենք Իրեն՝ ստեղծել մեզ, այլ՝ Ինքը, Իր սիրո հրից մղված, ստեղծեց մեզ, որպեսզի տեսնենք և ճաշակենք Իր հավիտենական գեղեցկությունը։

Եվ որպեսզի այս սերմը պտուղ տա և բույսերն աճեն, տվեց մեզ Սուրբ Մկրտության ջուրը։ Պտուղը մեծապես հաճելի է ու քաղցր, բայց հարկավոր է մի պարտիզպան՝ այն մշակելու և պահպանելու համար։ Ո՜վ քաղցրագույն սեր Հիսուս, մեզ լավագույն ու ամենահարմար պարտիզպանն եք տվել, որ կարող էինք ունենալ, տալով մեզ բանականությունն ու ազատ կամքը։ [...]

Աստված տվել է մեզ նաև ժամանակը, քանի որ առանց ժամանակի՝ պարտիզպանը ոչինչ չէր կարողանա անել. ժամանակի հետ, մինչդեռ, այսինքն՝ մինչ ապրում ենք, պարտիզպանը կարող է շուռ տալ հողը և հավաքել պտուղը։ Այդ ժամանակ սուրբ և ճշմարիտ ցանկության ձեռքը քաղում է պտուղը և այն տանում է շտեմարան, այսինքն՝ ամեն ինչ անում է Աստծո համար և իր բոլոր գործերի մեջ հետամուտ է լինում Նրա Անվան գովքին ու փառքին։ [...]

Տեսե՜ք, տեսե՜ք Աստծո անճառելի սերը մեր հանդեպ և անբիծ Գառան ախորժահամ պտղի քաղցրությունը, բարձրորակ ցորենը, որ ցանվել է Մարիամի անուշ արտի մեջ։ Թող որ այլևս անհոգաբար քուն չմտնի մեր պարտիզպանը, քանի որ ահա՛ պահը. նա իր բնությամբ ուժեղ է և [է՛լ ավելի] է ուժեղացվել մարդու հետ Աստծո միության շնորհիվ։ [...]

 

(1) Բառացի՝ պարտականությունից։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։