« ԵԹԵ ՄԵԿԸ ԿԱՄԵՆՈՒՄ Է ԻՄ ԵՏԵՎԻՑ ԳԱԼ, ԹՈՂ ՈՒՐԱՆԱ ԻՐ ԱՆՁԸ, ՎԵՐՑՆԻ ԻՐ ԽԱՉԸ ԵՎ ԳԱ ԻՄ ԵՏԵՎԻՑ » – Գրադարան – Mashtoz.org

« ԵԹԵ ՄԵԿԸ ԿԱՄԵՆՈՒՄ Է ԻՄ ԵՏԵՎԻՑ ԳԱԼ, ԹՈՂ ՈՒՐԱՆԱ ԻՐ ԱՆՁԸ, ՎԵՐՑՆԻ ԻՐ ԽԱՉԸ ԵՎ ԳԱ ԻՄ ԵՏԵՎԻՑ »

Սբ. Կատարինե Սիենացի (1347-1380). « Նամակ 8, Գրիգոր Տասնմեկերորդ Պապին ».

 

[...] Քրիստոսի, քա՜ղցր Հիսուսի մեջ Սրբազնագույն և գերերանելի Հայր, Ձեր անարժան ու թշվառագույն դստրիկ Կատարինեն մխիթարում է Ձեզ Քրիստոսի թանկարժեք Արյան մեջ, փափագելով տեսնել Ձեզ ծառայական որևէ վախից զերծ. քանի որ ով վախկոտ է, կորցնում է սուրբ առաջադրանքների ու բարի ցանկությունների ամբողջ ուժը։ [...] Եթե չանեք այն, ինչ պարտավոր եք անել, կարիքը կունենաք վախենալու։

Դուք պետք է գաք [Հռոմ]. եկե՛ք, ուրեմն. եկե՛ք մեղմորեն, առանց որևէ վախի. իսկ եթե ձեր մոտ գտնվողներից ինչ որ մեկը ցանկանում է խոչընդոտել, ասացե՛ք նրան խրոխտ հոգիով, ինչպես պատասխանեց Քրիստոսը Պետրոս Առաքյալին, երբ քնքշանքով ուզում էր հեռու պահել Նրան Չարչարանքներից։ Քրիստոսը նրան դարձավ՝ ասելով. «Ետևս գնա՛, սատանա։ Դու գայթակղություն ես իմ համար, որովհետև մարդու շահն ես փնտրում, և ո՛չ թե Աստծունը. չես ուզում, որ ես կատարեմ իմ Հոր կամքը» (հմմտ. Մտթ 16, 23; Մրկ 8, 33)։

Այսպե՛ս արեք Դուք, քաղցրագույն Հայր, նմանվեցե՛ք Նրան, Ում Փոխանորդն եք. ուժ ձեռքբերեք ինքներդ ձեր մեջ և ուժգին ասացե՛ք բոլորի առաջ. «Նույնիսկ եթե հազար անգամ կորցնելու լինեի կյանքս, կամենում եմ կատարել իմ Հոր կամքը»։ Ենթադրենք, թե կյանքի վտանգ կա։ Մի՞թե հարկավոր չէ զոհաբերել այն։ Քանի որ դա ապահով միջոց է շնորհի կյանքը ձեռքբերելու համար։

Արիացե՜ք, և մի՛ վախեցեք, որովհետև չպետք է այդպես վարվեք։ Ձեր ձե՛ռքն առեք Սրբազնագույն Խաչի զենքը, որը քրիստոնյաների փրկությունն ու կյանքն է. թողեք, որ խոսեն նրանք, ովքեր ցանկանում են խոսել, և Դուք ամրապինդ պահեք սուրբ նպատակը։ [...] Հավա՛տք դրսևորեցեք, և ապավինեցե՛ք Քրիստոսին՝ քաղցր Հիսուսին։ [...] Մնացե՛ք Աստծո սուրբ ու անուշ հաճության մեջ։ Ներեցե՜ք ինձ, ներեցե՜ք ինձ. խաչված Հիսուս Քրիստոսը թող որ ձեր հետ լինի։

Ո՜վ քաղցր Հիսուս, ո՜վ սեր Հիսուս։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։