« ՊԱՏՐԱՍՏ՝ ԼՍԵԼՈՒ, ԴԱՆԴԱՂ՝ ԽՈՍԵԼՈՒ » (Հկբ 1,19) – Գրադարան – Mashtoz.org

« ՊԱՏՐԱՍՏ՝ ԼՍԵԼՈՒ, ԴԱՆԴԱՂ՝ ԽՈՍԵԼՈՒ » (Հկբ 1,19)

Սբ. Հովհաննես Կասսիանոս (մոտ 360-435). « Հոգևոր գիտությունը », գլուխ IX (SC 54).

 

[...] Որևէ դեպքում եղիր «պատրաստակամ՝ լսելու, դանդաղ՝ խոսելու» մեջ (Հկբ 1, 19), խուսափելու համար, որ Սողոմոնի դիտողությունը ճշմարիտ լինի քո համար. «Եթե տեսնում ես մի մարդ, որ միշտ պատրաստ է խոսելու, իմացիր, որ ավելի հույս կա մի ապուշից, քան նրանից» (Առկ 29, 20)։

Մի՛ հավակնիր ինչ որ մի բան ուսուցանել ինչ որ մեկի, եթե նախ դու ինքդ չես գործադրել դա։ Սա այն կարգն է, որին մեր Տերն ուսուցանում է մեզ հետևել ըստ Իր օրինակի. «Արեց, ապա ուսուցանեց» (հմմտ. Գրծ 1, 1), ասվում է Իր մասին։

Ուշադիր եղեք. եթե անհամբեր նետվում եք ուսուցանելու՝ փորձառություն ձեռք բերելուց առաջ, կարող եք նրանց շարքին դասվել, որոնց մասին Տերն Իր աշակերտներին ասում է Ավետարանում. «Ծանր ու դժվարակիր բեռներ են կապում և դնում մարդկանց ուսերին, բայց իրենք մատի ծայրով անգամ չեն շարժում դրանք» (Մտթ 23, 4)։

«Ով, ուրեմն, այս պատվիրաններից միայն մեկը կխախտի, նաև նվազագույններից մեկը, և մարդկանց կուսուցանի նույն կերպ վարվել, նվազագույն կհամարվի երկնքի արքայության մեջ» (Մտթ 5, 19)։ Բայց ուրեմն, ի՞նչ կլինի նրա պարագան, ով համարձակվում է ուսուցանել բազմաթիվ ու առավել ծանր պատվիրանները, որոնք ինքը զանց է առնում։ Այլևս բավական չէ ասելը, որ վերջինն է երկնքի արքայության մեջ. այդպիսին շահում է առաջին տեղը դժոխքի տվայտանքների մեջ։

Ուշադրություն, հետևաբար, որ չմղվես ուսուցանելու ուրիշներին՝ հետևելով ոմանց օրինակին։ Այդպիսիք ձեռք են բերել հմտություն ճառախոսելու մեջ, խոսքի դյուրաշարժություն, որ թվում է, թե աղբյուրից է բխում. և քանի որ ճարտար են վայելչագեղ կերպով ու առատորեն ճառելու իրենց հաճելի որևէ նյութի շուրջ, նրանց աչքին, ովքեր չեն սովորել զանազանել դրանց իրական նկարագիրը, թվում է, թե տիրապետում են հոգևոր ճանաչողությանը։ Բայց լիովին ա՛յլ բան է խոսքի որոշակի դյուրություն ու ճառախոսելու հմտություն ունենալը, և ա՛յլ բան է երկնային խոսքերի սրտի ու ողնածուծի մեջ թափանցելը, և սրտի մաքրագույն հայացքով խորին ու ծածուկ խորհուրդները տեսնելը։ Դա ձեռք չի բերվում մարդկային գիտությամբ, ո՛չ էլ աշխարհային մշակույթով ու կրթությամբ, այլ միայն՝ հոգու մաքրությամբ, Սուրբ Հոգու լուսավորության միջոցով։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։