Հակոբոս Ավագ – Գրադարան – Mashtoz.org

Հակոբոս Ավագ

Տասներկու Առաքյալների սուրբգրային անվանացանկերում հիշատակված են երկու անձինք, ովքեր կրում են Հակոբոս անունը. Զեբեդեոսի որդի Հակոբոսը և Ալփեոսի որդի Հակոբոսը (տե՛ս Մրկ 3, 17-18; Մտթ 10, 2-3), որոնց միմյանցից տարբերելու համար սովորաբար անվանում ենք նրանց «Հակոբոս Ավագ» և «Հակոբոս Կրտսեր»: Այդ անվանումներն, իհարկե, կապ չունեն նրանց սրբության հետ, այլ՝ մատնացույց են անում այն փաստին, որ Նոր Կտակարանի գրքերում և Հիսուսի երկրային կյանքում ունեցած նրանց դերակատարությունները տարբեր էին: Այսօր կանդրադառնանք նրանցից առաջինին՝ Հակոբոս Ավագին: Հակոբոս անունը թարգմանությունն է հայտնի նահապետ Հակոբի հունականացված «Iakobos» ձևի: Այդ անունը կրող Առաքյալը Հովհաննես Առաքյալի հարազատ եղբայրն էր: Առաքյալների անվանացանկերում նա հիշատակված է երկրորդը՝ Պետրոսից անմիջապես հետո (Մրկ 3, 17), կամ էլ՝ երրորդը, Մատթեոսի (10, 2) և Ղուկասի (6, 14) Ավետարաններում, Պետրոսից և Անդրեասից հետո, իսկ Գործք Առաքելոցում՝ Պետրոսից և Հովհաննեսից հետո (1, 13): Այս Հակոբոսը, Պետրոսի և Հովհաննեսի հետ միասին, այն երեք արտոնյալ Առաքյալներից է, որոնց Հիսուսը թույլ տվեց լինել Իր կյանքի կարևորագույն իրադարձությունների ականատեսները:

Պետրոսի և Հովհաննեսի հետ միասին, Հակոբոս Ավագը Թաբոր լեռան վրա ականատես եղավ Հիսուսի Պայծառակերպությանը, իսկ Գեթսեմանիի պարտեզում՝ Նրա տանջալից աղոթքին: Այս իրադարձությունները շատ տարբեր են միմյանցից: Առաջին դեպքում Հակոբոսը Պետրոսի և Հովհաննեսի հետ միասին տեսավ Մովսեսի և Եղիայի հետ զրուցող Տիրոջ փառքը և տեսավ Հիսուսի մեջ Աստվածային Լույսի փայլատակումը: Երկրորդ դեպքում Հակոբոսն առերեսվեց Տիրոջ տառապանքներին ու նվաստացմանը, իր աչքերով տեսավ, թե ինչպե՛ս է Աստծո Որդին խոնարհեցնում Ինքն Իրեն՝ հնազանդվելով մինչև մահ: Անկասկած, երկրորդ փորձառությունը հնարավորություն ընձեռեց, որպեսզի նրա հավատքը հասունանա, ուղղեց առաջին փորձառության միակողմանի, հաղթական մեկնաբանությունը. Հակոբոսը պետք է տեսներ, որ Օծյալին, Ով, ինչպես հրեաները սպասում էին, գալու էր հաղթական ձևով, բնորոշ են ո՛չ միայն փայլատակումն ու փառքը, այլ նաև՝ տկարությունը, և որ Նրան սպասում էին չարչարանքները: Քրիստոսի փառքն իրականություն է դառնում հենց Խաչի վրա, որտեղ Նա մեր հետ կիսեց մեր տառապանքները:

Հավատքի այդ հասունացումը պսակվեց Պենտեկոստեի տոնին Սուրբ Հոգու էջքով, և այդ պատճառով էլ, երբ ժամանակը եկավ վսեմաբար վկայություն տալու, Հակոբոսը չնահանջեց: Ինչպես հայտնում է Ղուկասը, Առաջին դարի 40-ական թվականների սկզբին Հերովդես Ագրիպպաս թագավորը՝ Հերովդես Մեծի թոռը, «Եկեղեցուց ոմանց չարչարելու գործին ձեռնամուխ եղավ, և Հովհաննեսի եղբորը՝ Հակոբոսին սրով սպանեց» (Գրծ 12, 1-2): Պատմողական մանրամասներից զուրկ այս տեղեկատվության համառոտությունը մի կողմից ցույց է տալիս, որ քրիստոնյաների համար բնական էր Տիրոջ մասին վկայություն տալ սեփական կյանքի գնով, իսկ մյուս կողմից՝ այն, որ Հակոբոսը կարևոր տեղ էր զբաղեցնում Երուսաղեմի եկեղեցում, նաև Հիսուսի երկրային կյանքի ժամանակ ունեցած իր դերակատարության շնորհիվ: Հետագա ավանդությունը, որը գալիս է առնվազն Իզիդորոս Սիվիլյացուց, պատմում է այն մասին, որ Հակոբոսը մեկնեց Իսպանիա՝ ավետարանելու Հռոմեական Կայսրության այդ կարևոր գավառը: Ա՛յլ ավանդությունների համաձայն, Առաքյալի մարմինը մահապատժից հետո տարվել է Իսպանիա՝ Սանթիագո դե Քոմփոսթելլա քաղաքը, որն, ինչպես գիտենք, մինչ օրս շատ հարգված ուխտավայր է ո՛չ միայն Եվրոպայի, այլև՝ ողջ աշխարհի ուխտավորների համար: Հենց դրանով է բացատրվում Սուրբ Հակոբոսի պատկերագրությունը, որն Առաքյալին պատկերում է ուխտավորի ցուպը և Ավետարանի մատյանը ձեռքին, որոնք խորհրդանիշներն են ճամփորդող առաքյալի, ով հավատարիմ է «բարի լուրի» հռչակմանը, նաև՝ քրիստոնեական պանդուխտ կյանքի:

Սուրբ Հակոբոսից մենք կարող ենք շատ բան սովորել. պատրաստակամությամբ ընդունել Տիրոջ կանչը, երբ Նա մեզ առաջարկում է թողնել մարդկային վստահության «նավակը» և խանդավառությամբ հետևել Իրեն այնտեղ, ուր կտանի մեզ՝ ի հեճուկս մեր խաբեպատիր ինքնապաստանության. վկայել քաջարի վկայությամբ, եթե հարկ լինի՝ նույնիսկ ինքնազոհողությամբ: Հակոբոս Ավագը մեր համար պերճախոս օրինակ է՝ Քրիստոսի հետ անձնուրաց միության: Նա, ով իր մոր միջոցով Ուսուցչին խնդրեց Արքայության մեջ իրեն և իր եղբորը տեղ հատկացնել Տիրոջ աջ և ձախ կողմերում, առաջինն ինքը խմեց չարչարանքի բաժակը՝ Առաքյալների հետ միասին կիսելով մարտիրոսությունը:

Ընդհանրացնելով ողջ ասվածը՝ կարելի է ասել, որ ո՛չ այնքան արտաքին, այլ ավելի շուտ ներքին՝ հոգևոր ճանապարհը, որ տանում է Պայծառակերպության լեռից մինչև հոգեվարքի լեռը, խորհրդանշում է քրիստոնեական կյանքի ճամփորդությունը, որն անցնում է աշխարհի հալածանքների և Աստծո մխիթարությունների միջով, ինչպես սովորեցնում է Վատիկանյան Երկրորդ Ժողովը: Եկե՜ք, Քրիստոսին հետևելով, Սուրբ Հակոբոսի նման, չնայած դժվարություններին, հիշենք, որ մենք՝ ձեր հետ միասին, գնում ենք ճիշտ ճանապարհով:

 

Ընդհանուր ունկնդրություն, 21 Հունիսի 2006թ., Սբ. Պետրոսի հրապարակ

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։