Հակոբոս Կրտսեր – Գրադարան – Mashtoz.org

Հակոբոս Կրտսեր

Զեբեդեոսի որդի Հակոբոս Ավագի կողքին Ավետարաններում հայտնվում է մեկ ա՛յլ Հակոբոս, որ կոչվում է «Կրտսեր»: Նա հիշատակվում է Հիսուսի կողմից անձամբ ընտրված Առաքյալների թվում՝ «Ալփեոսի որդի» բնորոշմամբ (տե՛ս Մտթ 10, 3; Մրկ 3, 18; Ղկս 5, 15; Գրծ 1, 13): Նրան հաճախ նույնացնում են ևս մեկ Հակոբոսի հետ, որ կոչվում է «Փոքր» (տե՛ս Մրկ 15, 40) և որդին է ոմն Մարիամի (տե՛ս նույն տեղում), գուցե Կղեովպասի Մարիամի, ով Հիսուսի մայր Մարիամի հետ միասին կանգնած էր Հիսուսի Խաչի տակ, համաձայն Հովհաննեսի Ավետարանի (տե՛ս Հվհ 19, 25):

Հակոբոս Կրտսերը, ինչպես և Հիսուսը, ծնունդով Նազարեթից էր, գուցե Նրա ազգականներից էր (տե՛ս Մտթ 13, 55; Մրկ 6, 3) և, համաձայն սեմական ավանդության, կոչվում էր Տիրոջ «եղբայրը» (տե՛ս Մրկ 6, 3; Գղտ 1, 19): Գործք Առաքելոց գրքում ընդգծված է նրա նշանակալի դերակատարությունը Երուսաղեմի եկեղեցու կյանքում: Առաքյալների ժողովում, որ գումարվել էր Հակոբոս Ավագի մահից հետո, Հակոբոս Կրտսերը բոլորի հետ միասին հայտարարեց, որ հեթանոսներին կարելի է ընդունել Եկեղեցու մեջ առանց թլփատության ծիսակատարության (տե՛ս 1Կր 15, 13): Սուրբ Պողոս Առաքյալը հիշատակում է, որ Հարուցյալ Տերը հատուկ կերպով երևացել է այս Առաքյալին (տե՛ս 1Կր 15, 7), և դեպի Երուսաղեմ իր ուղևորության մասին պատմելով՝ Հակոբոս Կրտսերին անվանում է ո՛չ միայն Եկեղեցու «սյուն»՝ Կեփաս-Պետրոսից առաջ, այլ նաև՝ նրան հավասար (տե՛ս Գղտ 2, 9): Այսպես, հրեաներից դարձի եկած քրիստոնյաները նրան համարում էին հավատքի մեջ իրենց գլխավոր առաջնորդը: Նրան է վերագրվում հեղինակությունը մի նամակի, որն ընգրկվել է Նոր Կտակարանի կանոնի մեջ և կրում է Հակոբոսի անունը, թեև այդ նամակում նա կոչված է ո՛չ թե «Տյառնեղբայր», այլ՝ «ծառա Աստծո և Տեր Հիսուս Քրիստոսի» (Հկբ 1, 1):

Մասնագետները վիճում են, թե արդյոք կարելի՞ է նույնացնել միևնույն անունը կրող երկու անձանց՝ Ալփեոսի որդի Հակոբոսին և «Տյառնեղբայր» Հակոբոսին: Ավետարանական ավանդությունը մեզ չի փոխանցել ոչ մի տեղեկություն՝ ո՛չ առաջինի, ո՛չ երկրորդի մասին, ո՛չ էլ այն մասին, թե ի՛նչ դեր ունեին նրանք Հիսուսի երկրային կյանքի ընթացքում: Գործք Առաքելոց գիրքն, ընդհակառակը, պատմում է, որ Հիսուսի հարությունից հետո մի ոմն Հակոբոս, ինչպես արդեն ասացինք, շատ կարևոր դեր է խաղացել վաղ շրջանի Եկեղեցու կյանքում (տե՛ս՝ Գրծ 12, 17; 15, 13-21; 21, 18): Նրա առավել ակնառու գործը միջամտությունն էր՝ հրեական ծագմամբ քրիստոնյաների և հեթանոսությունից դարձի եկած քրիստոնյաների բարդ հարաբերությունների մեջ. նա Պետրոսի հետ միասին նպաստեց տարաձայնությունների հաղթահարմանը, կամ, ավելի ճիշտ կլինի ասել, Քրիստոնեության նախնական հրեական ընկալման միավորմանը՝ այն պահանջի հետ, որ հեթանոսությունից դարձի եկածներին չստիպեին կատարել Մովսեսի Օրենքի ցուցումները: Գործք Առաքելոց գիրքը մեզ է փոխանցել փոխզիջումային լուծումը, որն առաջարկեց Հակոբոսը և որն ընդունեցին ժողովին ներկա գտնվող բոլոր Առաքյալները. Հիսուս Քրիստոսին հավատացող նախկին հեթանոսները պարտավորվում էին զերծ մնալ կուռքերին զոհաբերված կենդանիների միսն ուտելուց և «շնությունից», ըստ երևույթին՝ այս վերջինի տակ հասկանալով ազատ կենակցությունը: Այսինքն, խոսքը վերաբերվում էր Մովսեսի Օրենքի առավել կարևոր համարվող որոշ արգելքները պահելուն:

Դրանով հնարավոր եղավ հասնել երկու ծանրակշիռ, փոխլրացնող և ազդեցիկ արդյունքների. մի կողմից ճանաչվում էր Քրիստոնեության անքակտելի կապը հրեականության հետ՝ որպես կենդանի և թանկարժեք արմատի, մյուս կողմից՝ հեթանոսությունից դարձի եկած քրիստոնյաներին թույլատրվում էր պահպանել սեփական հասարակական ինքնությունը, որը նրանք կկորցնեին, եթե ստիպված լինեին հետևել Մովսեսի Օրենքի տխրահռչակ «ծիսական ցուցումներին», այսինքն՝ դրանք այդուհետ պարտադիր չէին համարվում հեթանոսությունից դարձի եկածների համար: Ըստ էության, սկիզբ դրվեց փոխադարձ հարգանքին, որը, չնայած հետագայում խորացած տարաձայնություններին, իր բնույթով ուղղված էր կողմերին բնորոշ առանձնահատկությունների պահպանությանը:

Հակոբոսի մահվան մասին ամենահին տեղեկությունները հայտնում է հրեականության պատմաբան Հովսեփոս Ֆլավիուսը: «Հրեական հնություններ» գրքում (Գիրք 20, գլուխ 9, 1), որ գրել է Հռոմում՝ մոտավորապես Ք.հ. Առաջին դարավերջին, նա պատմում է, որ քահանայապետ Անանը՝ որդին այն Աննասի, որի մասին պատմում են Ավետարանները, Ք.հ. 62թ.ին, օգտվելով առիթից, որ հռոմեական նախկին կուսակալ Ֆեստուսը մահացել էր, իսկ նրա հաջորդ Ալբինուսը դեռ չէր ժամանել, կեղծ մեղադրանքով Հակոբոսին դատապարտեց քարկոծման:

Հակոբոսի անվան հետ կապված է ո՛չ միայն պարականոն մի նախաավետարան, որ գովերգում է Հիսուսի Մայր Մարիամի սրբությունն ու կուսությունը, այլ նաև՝ նրա հեղինակությանը վերագրվող մի նամակ Նոր Կտակարանում: Նորկտակարանյան կանոնում այն զբաղեցնում է առաջին տեղը այսպես կոչված Ընդհանրական Նամակների շարքում, որոնք ուղղված են ո՛չ թե որոշակի տեղական եկեղեցիների՝ Հռոմի, Եփեսոսի և այլն, այլ՝ մի շարք համայնքների: Դա շատ կարևոր գրություն է. հեղինակը վճռականորեն պնդում է, որ հավատքը չի կարելի սահմանափակել բառային, վերացական հայտարարություններով, այլ՝ անհրաժեշտ է մարմնավորել շոշափելի բարի գործերով: Նա, մասնավորապես, հորդորում է մեզ փորձությունների մեջ պահպանել հավատարմությունը, ընդունել դրանք ուրախությամբ, վստահությամբ խնդրել Աստծուց իմաստության պարգևը, որի շնորհիվ մենք կարող ենք հասկանալ, որ ճշմարիտ կենսական արժեքները ո՛չ թե անցողիկ հարստությունների մեջ են, այլ՝ աղքատների ու կարիքավորների հետ ունեցածովդ կիսվելու կարողության մեջ (տե՛ս Հկբ 1, 27):

Սուրբ Հակոբոսի նամակում Քրիստոնեությունը հանդես է գալիս շատ հստակ և գործնական ձևով: Հավատքը պետք է դրսևորվի նախևառաջ մերձավորի հանդեպ սիրո և աղքատների հանդեպ հոգատարության միջոցով: Հենց այս լույսի ներքո պետք է հասկանալ հետևյալ նշանավոր խոսքերը. «Որովհետև ինչպես մարմինն առանց հոգու մեռած է, այդպես էլ հավատքն առանց գործերի մեռած է» (Հկբ 2, 26): Երբեմն Հակոբոսի այս հաստատումը ոմանք հակադրում են Պողոսի խոսքերին, համաձայն որոնց՝ մենք Աստծո կողմից արդարացվում ենք ո՛չ թե գործերի միջոցով, այլ՝ հավատքի շնորհիվ (տե՛ս Գղտ 2, 16; Հռմ 3, 28): Սակայն երկու խոսքերն էլ, առաջին հայացքից միմյանց հակասող և տարբեր հեռանկարներով, ճիշտ մեկնաբանելու դեպքում լրացնում են միմյանց: Սուրբ Պողոսը հակադրվում է մարդու հպարտությանը, որ կարծում է, թե իրեն պետք չէ Աստծո սերը, որը նախորդում է մեր սիրույն. Պողոսն ընդդիմանում է առանց շնորհի արդարացմանը, և շեշտում է, որ շնորհը տրվում է ո՛չ թե ըստ վաստակի, այլ՝ անհատույց: Իսկ Սուրբ Հակոբոսն էլ խոսում է գործերի՝ որպես հավատքի բնական արդյունքի մասին: «Բարի ծառը նաև բարի պտուղ է տալիս», ասում է Տերը (Մտթ 7, 17), և Սուրբ Հակոբոսն էլ կրկնում է այդ խոսքերը:

Վերջապես, Հակոբոսի նամակը մեզ կոչ է անում մեր բոլոր գործերը հանձնել Տիրոջ ձեռքերին. «Եթե հաճելի լինի Տիրոջը» (Հկբ 4, 15): Այդպիսով նա մեզ սովորեցնում է չշողոքորթել ինքներս մեզ, թե սեփական ուժերով իբր թե հնարավոր է քմահաճորեն ծրագրել կյանքը, այլ՝ որ հարկավոր է տեղ բացել Աստծո անճառելի կամքի համար, Ով գիտի, թե ո՛րն է մեր իսկական բարիքը: Ահա՛ թե ինչո՛ւ Սուրբ Հակոբոսը յուրաքանչյուրիս համար կյանքի ամենաարդիական ուսուցիչն է:

 

Ընդհանուր ունկնդրություն, 28 Հունիսի 2006թ., Սուրբ Պետրոսի հրապարակ

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։