« ՀԻՍՈՒՍՆ ԱՐՏԱՍՎԵՑ։ ՀՐԵԱՆԵՐՆ, ԱՅՆԺԱՄ, ԱՍԱՑԻՆ. ՏԵՍԵ՛Ք, ԹԵ ՈՐՔԱ՜Ն ԷՐ ՆՐԱՆ ՍԻՐՈՒՄ » – Գրադարան – Mashtoz.org

« ՀԻՍՈՒՍՆ ԱՐՏԱՍՎԵՑ։ ՀՐԵԱՆԵՐՆ, ԱՅՆԺԱՄ, ԱՍԱՑԻՆ. ՏԵՍԵ՛Ք, ԹԵ ՈՐՔԱ՜Ն ԷՐ ՆՐԱՆ ՍԻՐՈՒՄ »

Սբ. Հովհան Դամասկացի (մոտ 675-749). « Տոնական տաղ ի հիշատակ Ղազարոսի », 6-9.

 

[...] Ճշմարիտ Աստված լինելով՝ ճանաչում էիր, ո՜վ Տեր, Ղազարոսի քունը, և այն կանխասացիր Քո աշակերտներին։ [...]

Մարմնի մեջ լինելով, անսահմանափակ լինելով հանդերձ, եկար Բեթանիա։ Ճշմարիտ մարդ լինելով, արտասվեցիր Ղազարոսի համար. ճշմարիտ Աստված լինելով, Քո կամքով միայն հարություն տվեցիր այս մեռելին չորեքօրյա(1)։

Ողորմի՜ր ինձ, Տե՜ր. բազմաթիվ են հանցանքները իմ։ Վե՜ր բարձրացրու ինձ չարյաց անդունդներից, աղերսո՜ւմ եմ Քեզ։ Առ Քեզ աղաղակեցի, ո՜ւնկն դիր ինձ, Աստված փրկության իմ։

Ընկերոջդ վրա լացելով, կարեկցանքիդ մեջ վերջ դրեցիր Մարթայի արցունքներին, և կամովին Խաչելությամբդ չորացրեցիր արցունքները Քո ժողովրդի անդամներից յուրաքանչյուրի դեմքի վրա (Ես 25, 8)։ «Օրհնյա՜լ է Տերը, Աստվածը մեր հայրերի» (Եզր 7, 27)։ Ո՜վ Դու, Պահապանդ կյանքի, մեռածին այնպես կանչեցիր, կարծես պառկած ննջում էր։ Մի խոսքով միայն, պատռեցիր որովայնը դժոխքների և հարություն տվեցիր նրան, ով սկսեց երգել. «Օրհնյա՜լ է Տերը, Աստվածը մեր հայրերի»։ Կրկին ոտքի՜ կանգնեցրու նաև ինձ, որ խեղդվում եմ մեղքերիս կապանքների մեջ, որպեսզի կարողանամ երգել. «Օրհնյա՜լ է Տերը, Աստվածը մեր հայրերի»։ [...]

Որպես երախտագիտության նշան, ո՜վ Տեր, Մարիամը Քեզ բերեց մյուռոնով լի մի անոթ, ինչպես որ պետք է արվեր իր եղբոր համար (Հվհ 12, 3), և նա Քեզ գովերգում է հավիտյան։

Որպես մահկանացու, աղոթեցիր Հորը. որպես Աստված, արթնացրեցիր Ղազարոսին(2)։ Սրա համար գովերգում ենք Քեզ, ո՜վ Քրիստոս, հավիտյանս հավիտենից։ [...]

Արթնացրեցիր Ղազարոսին, չորեքօրյա մեռած մեկին. նրան հարություն տվեցիր գերեզմանից(3), նրան այդպիսով ճշմարտախոս վկա նշանակելով երրորդ օրը կատարված Քո Հարությանը։ Քայլեցիր, արտասվեցիր, խոսեցիր(4), Փրկի՜չ իմ, ցույց տալով մարդկային բնությունդ. բայց Ղազարոսին արթնացնելով՝ հայտնեցիր աստվածային բնությունդ։ Անասելի կերպով, Տե՜ր, իմ Փրկիչ, երկու բնություններիդ համաձայն, ինքնիշխան կերպով, իրագործեցիր իմ փրկությունը։ [...]

(1) Բնագրում բայերը ներկա ժամանակով են. գալիս ես, արտասվում ես, հարություն ես տալիս։
(2) Բնագրում բայերը ներկա ժամանակով են. աղոթում ես, արթնացնում ես։
(3) Բնագրում բայերը ներկա ժամանակով են. արթնացնում ես, հարություն ես տալիս։
(4) Բնագրում բայերը ներկա ժամանակով են. քայլում ես, արտասվում ես, խոսում ես։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։