« Ի՞նչ է անում ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ » (իրո՞ք այդքա՜ն կարևոր է) – Գրադարան – Mashtoz.org

« Ի՞նչ է անում ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ » (իրո՞ք այդքա՜ն կարևոր է)

Ծնթ. – Այս խորհրդածությունը Հայր Ալբերտո Ռավանյանին կատարել է ուղիղ եթերում։ Այստեղ ներկայացնում ենք տեսագրությունից քաղված շարադրանքը։ Տեսագրությունը հնարավոր է դիտել և ունկնդրել էջի ներքևում դրված հղումով։
 
 
Ի՞նչ է Սուրբ Հոգին։ Հիսուսն, ՕՔ, գիտենք Ո՛վ է։ Աստծո Որդին է, այդպես է մեզ ասել։ Ինչպես նաև ասել է, որ Աստված Հայրն է։ Այսքանը պարզ է, լավ, գոնե մի քանի հիշողություն կրոնի դասերից պիտի որ մնացած լինի։
Բայց Սուրբ Հոգին, ո՞վ է։ Նրան ստանում ենք Մկրտությամբ։ Այո՛։ Հա, նաև Դրոշմով։ Այո՛։ Կրակ և հուր է։ Ինչ թռչուն է՞ր։ Տատրակ ... Աղավնի՛։ Ո՜չ։
Ի՞նչ է, մի տեսակ աստվածային էներգիա, որ մտնում է մեջդ, ... մի ուժ ի վերուստ, որ քեզ ինչ որ բաներ է անել տալի՞ս ... Աստծո Աջը, որ գործում է քո փոխարե՞ն ... ինչ արած, ասենք, որ այս հարցի շուրջ հստակության պակաս կա։
Ահա՛։ Խնդիրն այն է, որ սխալ հարց ենք տալիս։ Չպետք է հարցնես. «Ի՞նչ է Սուրբ Հոգին», այլ՝ «Ո՞վ է»։ Սուրբ Հոգին Աստված է։ Երրորդության Անձերից մեկն է. Հայրը, Որդին, և Սուրբ Հոգին։ Ճշգրիտ կերպով. «Հիսուսի Հոգին», Նա, որ Հիսուսին ներկա է դարձնում աշխարհում։ Երբևէ տեսե՞լ ես Հիսուսին։ Ո՛չ։ Ֆիզիկապես տեսնո՞ւմ ես Աստծուն ինչ որ տեղ։ Կարծում եմ ո՛չ, ապա թե ոչ՝ մեծ խնդիր կլիներ։ Բայց, գուցե, Նրան զգացել ես։ Նշմարել ես մի ավելի մեծ, վերանցական ներկայություն։ Ահա՛, դա Հոգին է, որն Հիսուսին դարձնում է այժմեական քո համար, որպեսզի դու կարողանաս Իր փորձառությունն ունենալ ինչ որ կերպ, ... և դա լինում է, օրինակ, եթե լսում ես Աստծո Խոսքը, Ծեսի մեջ, Խորհուրդների մեջ, օրինակ՝ Պատարագ, Խոստովանանք, Մկրտություն ... երբ աղոթում ես, ... այդ բաները։
Ապա դա լինում է Եկեղեցում, ... ուրիշների հետ եղբայրությունն ու ընկերությունը, ... վկայությունը քահանաների, մայրապետների, աշխարհականների, դաստիարակների, ակտիվ քրիստոնյաների, Պապի, Եպիսկոպոսների, ... մի խոսքով, այն ամեն ինչը, որ վերաբերվում է քրիստոնեական հասարակությանը։
Բայց իրականում յուրաքանչյուր բարի բան, որ գոյություն ունի աշխարհում, բխում է Հոգուց ... յուրաքանչյուր ճշմարիտ բան - ո՛վ էլ որ այն ասի՝ աթեիստ, մուսուլման, բուդդիստ, չապաշխարող մեղավոր, - բխում է Սուրբ Հոգուց։
Լա՜վ։ Շա՜տ լավ։ Շա՜տ ու շա՜տ լավ։ Բայց ի՞նչ է անում Սուրբ Հոգին, ինչպե՞ս է գործում, ինչպե՞ս է վարվում։
Առաջին. Հոգին առինքնում է։ Աստված սեր է, և սերը գործում է առինքնելով, ո՛չ թե պարտադրելով։ Սիրահարվում ես, որովհետև մյուսը առինքնում է քեզ, ոչ ոք չի կարող ստիպել քեզ սիրահարվել։ Սովորաբար մի մանրամասնություն է, որ առինքնում է մեզ ավելի. ի՞նչ ասեմ, աչքերը, ձայնը, մազերը, կամ թերևս մարմնի ա՛յլ, աչքի ընկնող մասերը։ Դրանք սոսկ մանրամասներ են, բայց դրանց միջոցով զգում ես, որ այդ անձը շա՜տ ավելին է, քանի իր մկանները, կամ իր դոշերը, ասենք։
Նույնը նաև Աստծո դեպքում։ Կան որոշ փորձառություններ, որ գրավում են քո ուշադրությունը, - մի ընկերություն, մի յուրահատուկ ձևի տպավորիչ մայրամուտ, սիրո մի ժեստ, որ ստանում ես, աղոթքի մի պահ, որի մեջ յուրահատուկ ջերմություն ես զգում, ... ընդհանուր առմամբ՝ ամեն ինչ, որ զգում ես, որ գեղեցիկ է, բարի, արդար, և ճշմարիտ ... սոսկ մանրամասնություններ են, անշո՛ւշտ, բայց ճիշտ որովհետև առինքնում են քեզ, քեզ զգալ են տալիս, որ իրենց ետևում կա շա՜տ ավելին, ... ահա՛ հենց սա. կա Հոգին, որ Աստված է, որ առինքնում է՝ սիրո նման, ... և այդ կետում ընտրում ես ի՛նչ անել. կա՛մ անտեսում ես հազար ու մի պատճառ մոգոնելով, կա՛մ էլ՝ գնում ես Նրա ետևից, փորձում ես Իր հետ, թողնում ես, որ ավելի ու ավելի հրապուրի քեզ, որովհետև ուզում ես հասնել մտերմության։
Երկրորդ. Հոգին համաձայնեցնում է։ Եթե ուզում ես կիթառը լարել, այն պետք է համաձայնեցնես, այսինքն՝ լարերն այնքան թրթռացնես, մինչև որ դրանց ձայնը համապատասխանի պահանջված հաճախականությանը։ Ահա՛, եթե ազատությունդ թույլ է տալիս, որ Հոգին առինքնի իրեն, կարողանում է համաձայնեցնել քո կյանքը Հիսուսի սիրույն։ Եվ կամաց կամաց կարողանում ես ''հնչել'' Իր նման, սիրել Իր նման։ Կարող ես աշխարհի ամենա''բաղաձայն'' մարդը լինել, ամենաանընդունակը՝ սիրելու, կարող ես լինել խեղճ, հոգեպես տկար, վիրավորված, տխմար ... բայց եթե թույլ ես տալիս, որ Հոգին առինքնի քեզ, քո կյանքի լարերը կամաց կամաց - ճիշտ ձևով թրթռացնելով, կարգի բերելով, մի փոքր ձգելով - սկսում են հնչել Աստծո նման, այսինքն՝ Հիսուսի սիրո նույն մեղեդին նվագել։
Երրորդ. Հոգին փոխակերպում է։ Հոգու գործը քեզ դարձնելն է Հիսուսի նման։ Ո՜չ, ո՛չ այն իմաստով, որ մազերդ երկարացնես և սովորես ջրերի վրայով քայլել ... չնայած շքեղ կլիներ, երկա՜ր մազեր, ջուրը գինու փոխել ... դառնում ես Նրա նման, որովհետև սիրում ես Նրա նման, մանավանդ թե՝ ուշադրությո՛ւն, Հոգին քեզ պատվաստում է Հիսուսի Մարմնին, այնպես՝ որ Ի՛ր սերն է, որ սիրում է քո մեջ։ Թվում է տարօրինակ, բայց Հիսուսը դա բացատրում է այսպես, շատ պարզ ձևով. Ինքը խաղողենին է, մենք՝ ճյուղերը, իսկ Հոգին խաղողենու ավիշն է, որ հոսում է ճյուղերի մեջ և նրանց պտղաբերել է տալիս։ Սուրբ Հոգին նույն Հոգին է, որ Հիսուսի մեջ է, և եթե թույլ ես տալիս, որ լինի քո մեջ, քեզ դարձնում է Հիսուսի նման, այսինքն՝ մնում ես դո՛ւ դո՛ւ, բայց քո գործերի միջոցով հայտնի է դառնում Աստված։
Հետևաբար, հոգևոր կյանք ապրել չի նշանակում դառնալ փոքրիկ վանականներ, կամ դառնալ Սրբերից որևէ մեկի պատճենը։ Նշանակում է ապրել քո՛ կյանքը, քո ընկերությունները, քո աշխատանքը, քո սիրած զբաղմունքները՝ մարզասրահ, երաժշտություն, սոցցանցեր, պարասրահ, մի խոսքով՝ ամեն ինչ ... թույլ տալով, որ Հոգին առինքնի քեզ, համաձայնեցնելով քո ազատությունը Աստծո սիրույն, մինչև որ կփոխակերպվես՝ սիրելու համար Հիսուսի նման։ Ո՛չ մի ոգեղենիկ բաներ, ո՛չ մի էզոտիկ բաներ, ...հոգևոր կյանքը խիստ կոնկրետ բան է. Ապրիր քո կյանքը Աստծո նման։ Այդպես է, որ այն կվայելես աննման կերպով։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։