« ԻՆՉՊԵ՞Ս ԳԱԼ ՔԵԶ ԸՆԴԱՌԱՋ, Ո՜Վ ՏԵՐ » – Գրադարան – Mashtoz.org

« ԻՆՉՊԵ՞Ս ԳԱԼ ՔԵԶ ԸՆԴԱՌԱՋ, Ո՜Վ ՏԵՐ »

Սբ. Գերթրյուդ Հելֆթացի (1256-1301). « Աստվածային սիրո մունետիկը », Գիրք 4 (SC 255).

 

[...] Ծաղկազարդի սուրբ օրը [...] Գերթրյուդն ասաց Տիրոջը. «Տեր Աստված, իմ Սիրելի, փրկությանս համար գնում ես չարչարվելու։ Ինչպե՞ս կարող եմ Քեզ ընդառաջ գալ՝ Քեզ պատիվ ընծայելուն արժանի կերպով»։

Հիսուսը նրան պատասխանեց. «Տուր ինձ մի ավանակ, որի վրա հեծնեմ. մի բազմություն, որ զվարթորեն գա ինձ ընդառաջ. մի բազմություն, որ հետևի ինձ՝ երգելով իմ գովքը. մի բազմություն, որ ընկերակցի ինձ ու սպասավորի։

Բացատրեմ միտքս. ինձ հեծնելիք ավանակ տուր սրտիդ զղջմամբ, խոստովանելով, որ հաճախ անհոգաբար անտեսել է հետևել իմ ձայնին, և ճիշտ մի անբանական կենդանու նման ընդունակ չի եղել հասկանալու այն ամենը, որ ես արել եմ փրկությանդ համար։ [...]

Ինձ մի զվարթ բազմություն տված կլինես, ապա, որ կգա ինձ ընդառաջ, երբ կընդունես ինձ բոլոր արարածների սիրով, այն գորովի հետ միասին, որը ես՝ բոլորի Արարիչս ու Փրկիչս, զգացի ողջ աշխարհի փրկության համար, մինչ գնում էի Երուսաղեմ։ [...]

Տուր ինձ մի բազմություն, որ հետևի ինձ՝ երգելով իմ գովքը։ Սա անելու համար պետք է խոստովանես, որ բավական ջանք չես գործադրել՝ հետևելու համար իմ կատարյալ կյանքի օրինակներին և ընծայաբերելու ինձ մի կամք այնքա՜ն առատաձեռն, որ – եթե դու կարողանայիր այնպես անել, որ բոլոր մարդիկ կատարյալ կերպով նմանվեին իմ կյանքին ու իմ տառապանքներին – դու ամբողջ սրտով գործի կդնեիր բոլոր ուժերդ իմ փառքի համար։ Եվ բոցավառ փափագով խնդրիր ստանալ ինձ նմանվելու շնորհը, այնքան՝ որքան որ հնարավոր է մարդկային արարածի համար, հատկապես՝ անկեղծ խոնարհություն, համբերություն և սեր. առաքինություններ, որ գերազանց չափով գործադրեցի Չարչարանքներիս ժամանակ։ Տուր ինձ, ի վերջո, մի բազմություն, որ ընկերակցի ինձ ու ծառայի։ Ուստի խոստովանիր, որ իմ կողքին չես եղել հարկ եղած հավատարմությամբ, երբ խոսքը վերաբերվում էր ճշմարտությունն ու արդարությունը պաշտպանելուն»։

Տերը հավելեց. «Եթե ինչ որ մեկը, հանուն համայն տիեզերքի, նվիրվում է ինձ՝ վերոասացյալ չորս ձևերով, անկասկած կգամ իր մոտ այնքա՜ն բարությամբ, որ դրանից կստանա հավիտենական փրկության պտուղը»։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։