Հակոբոս Առաքյալ, Ավագ (Սուրբ) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Հ
Հակոբոս Առաքյալ, Ավագ (Սուրբ)
Թարգմանեց՝ Տ. Հովսեփ քհն. Գալստյան

Սբ. Հակոբոս Առաքյալը (եբրայեցերեն՝ Յակոբ, հունարեն՝ Յակոբ կամ Յակոբոս, որը շատ սիրված անուն էր հրեաների համար, քանի որ նրանց նախահոր՝ Հակոբ-Իսրայելի անունն էր) Հիսուսի Տասներկու Առաքյալներից մեկն է: Նա Զեբեդեոսի և Սաղոմեի որդին էր և Հովհաննես Առաքյալի եղբայրը: Հակոբոսը կոչվում է նաև Մեծ կամ Ավագ` նրան տարբերելու համար մյուս՝ Փոքր կամ Կրտսեր Հակոբոսից, փոքր՝ տարիքով կամ հասակով, ո՛չ թե՝ կարևորությամբ:

Ըստ ավետարանական վկայությունների (Հվհ 19, 25; Մտթ 27, 56; Մրկ 15, 40), հավանական է, որ Սաղոմեն Մարիամ Աստվածամոր քույրն էր, հետևաբար՝ Հակոբոսը և Հովհաննեսը, թերևս, Հիսուսի զարմիկներն էին. այս փաստը կարող է լրացուցիչ ձևով բացատրել Հիսուսին աշակերտելու երկու եղբայրների պատրաստակամությունը, ինչպես նաև՝ Սաղոմեի համարձակ խնդրանքը (կամ Հակոբոսի և Հովհաննեսի խնդրանքը)՝ Աստծո Արքայության մեջ Հիսուսի աջ և ձախ կողմերում նստելու: Այնուամենայնիվ, մասնագետները կասկածելի են համարում ազգակցական այս կապը:

 

Կյանքը և առաքելության սկիզբը

Հակոբոսն առաջին Առաքյալներից մեկն էր, ում կանչեց Տերը: Հակոբոսն իր հոր՝ Զեբեդեոսի և եղբոր՝ Հովհաննեսի հետ միասին ծովափին էր, երբ Հիսուսը կանչեց նրան ու եղբորը (Մտթ 4, 21-22): Նրանք երեքն էլ ձկնորսներ էին և աշխատում էին Սիմոնի ու Անդրեասի հետ միասին, որոնց ևս կանչեց Հիսուսը:

Հակոբոսը, Հովհաննեսը և Պետրոսը մի կարևոր եռյակ էին կազմում Տասներկուսի մեջ: Տերը միայն նրանց թույլ տվեց ներկա գտնվել Իր կյանքի երեք կարևոր իրադարձություններին. Հայրոսի աղջկա վերակենդանացմանը, Պայծառակերպությանը և Գեթսեմանիի պարտեզում Իր տանջալից աղոթքին:

Հակոբոսն ու Հովհաննեսը (Մրկ 10, 35-45), իսկ մեկ ա՛յլ ավանդության համաձայն՝ նրանց մայրը (Մտթ 20, 20-28), Հիսուսին խնդրեցին, որ Աստծո Արքայության մեջ նստեն Նրա կողքին, մեկը` Նրա աջ, իսկ մյուսը` Նրա ձախ կողմում: Տերը հարցրեց նրանց, թե արդյոք կարո՞ղ են խմել այն բաժակից, որն Ինքն է խմելու, կամ մկրտվել այն մկրտությամբ, որով Ինքն է մկրտվելու. հավելեց նաև, որ Հայրն է շնորհելու տեղերը Երկնքի Արքայության մեջ, և ո՛չ թե Ինքը: Մյուս Առաքյալները հանդիմանեցին երկու եղբայրներին այդ խնդրանքի համար: Մեկ ա՛յլ հատվածում Հակոբոսն և Հովհաննեսը ցանկանում էին երկնային կրակ իջեցնել Սամարիայի մի քաղաքի վրա, բայց Հիսուսը հանդիմանեց նրանց (Ղկս 9, 51):

Տերը երկու եղբայրներին անվանում էր «Բոաներգես, որ նշանակում է Որոտման Որդիներ» (Մրկ 3, 17), հավանաբար՝ նրանց տաքարյուն բնավորության համար, ինչպես կարծում են որոշ մասնագետներ:

 

Նահատակությունը

Սբ. Հակոբոսը Առաքյալներից առաջինն է, որ նահատակության պսակին արժանացավ, ամենայն հավանականությամբ՝ 44 թվականին: Գործք Առաքելոց գրքում կարդում ենք, որ այդ ժամանակ Հրեաստանում թագավորում էր Հերովդես Ագրիպպաս Առաջինը՝ Արիստոբուլոսի որդին և Հերովդես Մեծի թոռը: Նա ուզում էր ամեն կերպ հաճոյանալ հրեաներին և մեծ հարգանք էր ցուցաբերում Մովսեսի Օրենքի և հրեական սովորությունների նկատմամբ: 44 թվականի հրեական Զատիկի առթիվ նա հալածանքներ սանձազերծեց քրիստոնեական առաջին համայնքի դեմ, որի ահռելի աճը զայրացնում էր հրեաներին: Հավանաբար, Հակոբոսի կրակոտ բնավորությունը և եռանդուն դերակատարությունը քրիստոնեական համայնքում պատճառ դարձան, որ Ագրիպպասը նրան թիրախակալի որպես իր առաջին զոհը. «Նա Հովհաննեսի եղբորը՝ Հակոբոսին սրով սպանեց» (Գրծ 12, 1-2): Ըստ մի ավանդության, որն, ինչպես հայտնում է Եվսեբիոս Կեսարացին[1], մեզ փոխանցվել է Սբ. Կղեմես Ալեքսանդրացու (150-215) կողմից, այն անձը, ով Հակոբոսին ձերբակալված տարավ Հերովդեսի ատյան, Հակոբոսի հավատքի դավանությունից ազդված՝ դարձավ քրիստոնյա, և նրանք երկուսով միասին գլխատվեցին: Կղեմեսը գրում է, որ այս մասին իրեն վկայել են վստահելի անձինք: Հակոբոս Առաքյալի գործերի և նահատակության մասին կան նաև շատ ա՛յլ ավանդություններ ևս:

 

Հակոբոս Առաքյալը՝ Իսպանիայում

Կա մի ավանդություն, ըստ որի՝ Սբ. Հակոբոս Առաքյալն Ավետարանը քարոզել է Իսպանիայում, և որ նրա մարմինը տեղափոխվել է Սանթիագո դե Քոմփոսթելլա: Ըստ այս ավանդության, Սուրբ Հակոբոսը, Ավետարանը Իսպանիայում քարոզելուց հետո, վերադարձել է Հրեաստան և մահապատժի ենթարկվել Ագրիպպասի կողմից: Նրա մարմինը տեղափոխվել է Իսպանիայի հյուսիս-արևելք՝ Իրիա Ֆլավիա, ապա՝ Քոմփոսթելլա, որը, հատկապես միջին դարերում, դարձավ ուխտագնացության հայտնի վայր: 12-րդ դարում Քոմփոսթելլայում հիմնվեց Սբ. Հակոբոս Առաքյալի Ասպետների միաբանությունը:

Իսպանիայում Սուրբ Հակոբոսի քարոզչության ավանդության վերաբերյալ եկեղեցական գրողներն ու մասնագետներն ունեն հակասող կարծիքներ: Սուրբ Հակոբոսը նահատակվել է Ք.հ. 44 թվականին, և վաղ շրջանի Եկեղեցու ավանդության համաձայն՝ դեռ երբեք դուրս չէր եկել Երուսաղեմից[2]: Պողոս Առաքյալը Հռոմեացիներին ուղղած իր նամակում (գրված՝ Ք.հ. 58թ.) գրում է Իսպանիա այցելելու իր մտադրության մասին (Հռմ 15, 24)՝ անմիջապես իր այն խոսքից հետո, թե ինքը «չի կառուցել ուրիշի դրած հիմքի վրա» (Հռմ 15, 20): Հակոբոսի Իսպանիայում քարոզած լինելու ավանդության դեմ կա նաև լռության փաստարկը (ex silentio). վաղ շրջանի  Եկեղեցու գրողներից ոչ մեկի մոտ և ոչ մի եկեղեցական ժողովի փաստաթղթերում չկա հիշատակություն՝ Իսպանիայում Հակոբոս Առաքյալի քարոզչության մասին: Առաջին այդպիսի հիշատակությունը գտնում ենք միայն 9-րդ դարում՝ շվեյցարացի վանական Եր. Նոթկեր Բալբուլոսի մոտ, Ուալաֆրիդ Ստրաբոյի մոտ և ա՛յլ ուշ շրջանի գրողների մոտ: Հետագայում այս ավանդությունը որոշ ուսումնասիրողներ ընդունում էին, մյուսները՝ ո՛չ: Սրբերի վարքագրություններ կազմող Բոլլանդիստները, սակայն, ընդունում էին այդ ավանդությունը[3]:

Լիակատար վստահություն չկա նաև Քոմփոսթելլայում գտնվող Հակոբոս Առաքյալի մասունքի ստուգության վերաբերյալ: Սակայն, նույնիսկ եթե Սուրբ Հակոբոսը չի քարոզել Իսպանիայում, նրա մարմինը կարող էր տարված լինել Քոմփոսթելլա։ Այս կարծիքին է նաև Նոթկերը:

Ըստ մեկ ա՛յլ ավանդության, Սուրբ Հակոբոսի մասունքները պահվում են Ֆրանսիայում՝ Թուլուզի Սուրբ Սաթուրնին եկեղեցում, թեև անհավանական չէ, որ այդպիսի Սրբի մասունքները բաժանված լինեն երկու եկեղեցիների միջև: Քոմփոսթելլայի մասունքների ստուգության օգտին է խոսում Ն.Ս. Լևոն Տասներեքերորդ Պապի 1884թ. Նոյեմբերի 1-ի «Ամենակարողն Աստված» («Omnipotens Deus») Կոնդակը:

Ինչպիսին էլ լինի պատմական ճշմարտությունը, իսպանացիները Սուրբ Հակոբոսին համարում են Իսպանիայի հովանավոր Սուրբը: Սանթիագո դե Քոմփոսթելլա անվան «Սանթիագո» - «Santiago» մասն էլ տեղական տառադարձումն է լատիներեն Սուրբ Հակոբոս - Sancti Iacobi անվան, որից էլ առաջացել են նաև իսպանական «Թիագո» և պորտուգալական «Դիեգո» տարածված անունները: Սուրբ Հակոբոսի մասունքների սրբավայրը Քոմփոսթելլայում վաղ միջնադարից եղել է Արևմտյան Եվրոպայի կաթոլիկների ամենասիրելի ուխտավայրերից մեկը:

 

Ծիսական հիշատակության օրը

Սբ. Հակոբոս Մեծ Առաքյալի տոնը Ընդհանրական Եկեղեցին լատինածես տոնացույցով տոնում է Հուլիսի 25-ին: Առաքյալի տոնն այդ օրն են տոնում նաև բողոքական Անգլիքան և Լութերական եկեղեցիները, իսկ Օրթոդոքս Եկեղեցիները տոնում են Ապրիլի 30-ին:

Հայ Եկեղեցու տոնացույցի համաձայն՝ Սբ. Հակոբոս Առաքյալի հիշատակության օրը կատարվում է Սուրբ Ծննդից առաջ, որպես Քրիստոսի Ծննդյան վկաների Ավագ Տոներից չորրորդը, իր եղբոր՝ Հովհաննես Ավետարանչի հետ միասին, շարժական սկզբունքով (համենայն դեպս, միշտ Դեկտեմբերի երկրորդ կեսին)։

Սուրբ Հակոբոսի մարտիրոսության վայրը Երուսաղեմի ներկայիս հայկական թաղամասում է՝ Սբ. Հակոբ Մայր Տաճարի տարածքում: Ավանդության համաձայն, Հակոբոս Առաքյալի գլուխն ամփոփված է եկեղեցու Սուրբ Խորանի Սեղանի տակ:

 

Սբ. Հակոբոս Ավագ Առաքյալի մասին Ն.Ս. Բենեդիկտոս Տասնվեցերորդ Պապի քարոզը կարող եք կարդալ հետևյալ հղմամբ ։

[1] Եկեղեցական պատմություն, Բ 9, 2-3.
[2] Հմմտ.՝ Սբ. Կղեմես Ալեքսանդրացի, Հաճախապատում ճառեր, 6; Ապպոլոնիուս, մեջբերված՝ Եվսեբիոս Կեսարացի, Եկեղեցական պատմություն, Զ 18.
[3] Վարք Սրբոց, VI, VII.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։