Հակոբոս Առաքյալ, Կրտսեր (Սուրբ) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Հ
Հակոբոս Առաքյալ, Կրտսեր (Սուրբ)
Թարգմանեց՝ Տ. Հովսեփ քհն. Գալստյան

Սուրբ Հակոբոս Կրտսերը (կամ Փոքրը, հունարեն՝ Ἰάκωβος ὁ μικρός) Տիրոջ Տասներկու Առաքյալներից մեկն է, Ալփեոսի որդին, և ո՛չ թե Զեբեդեոսի, ուստի չպետք է շփոթել նրան մյուս Հակոբոսի հետ, որ կոչվում է Մեծ կամ Ավագ: Ըստ Սբ. Հերոնիմոս Ստրիդոնացու (347-420), այս Հակոբոսը Հիսուսի զարմիկն է, և պետք է նրան անվանել «Տյառնեղբայր», այսինքն՝ Տիրոջ Եղբայր (երկրորդ աստիճանի զարմիկի իմաստով):

 

Հակոբոս Կրտսերը Նոր Կտակարանում

Նոր Կտակարանում «Հակոբոս Կրտսեր» անունը հիշատակվում է միայն նրա մայր Մարիամի հետ առնչությամբ, ով նաև Հովսեսի (կամ Հովսեփի) մայրն է, ըստ Մարկոսի: Այդպիսի չորս հիշատակում կա.

1) «Մարիամը` Հակոբոսի և Հովսեփի մայրը» (Մտթ 27, 56).

2) «Մարիամը՝ Կրտսեր Հակոբոսի և Հովսեսի մայրը» (Մրկ 15, 40. այստեղ «Հակոբոս Կրտսեր»ը որոշ հրատարակություններում թարգմանվել է նաև «Հակոբոս Փոքր»).

3) «Մարիամը՝ Հակոբոսի մայրը» (Մրկ 16, 1 և Ղկս 24, 10):

Այս Մարիամը կարող է լինել Կղեովպասի Մարիամը, որի մասին հիշատակում է միայն Հովհաննեսը (19, 25), բայց Մատթեոս 27, 56-ում այս Մարիամը հստակորեն զանազանվում է Զեբեդեոսի որդի Հակոբոսի մորից:

Հակոբոսը «Ալփեոսի որդի» է անվանվում հետևյալ հատվածներում. Մտթ 10, 3; Մրկ 3, 18; Ղկս 6, 15; Գրծ 1, 13։ Նոր Կտակարանում գտնվող չափազանց սակավաթիվ տեղեկությունների հիման վրա, հետևաբար, անհնարին է վերակազմել Հակոբոս Առաքյալի կենսագրությունը, և ո՛չ իսկ այն տարիների վերաբերյալ, որոնք ապրել է Հիսուսի կողքին, Տասներկու Առաքյալների խմբում։ Գործք Առաքելոցում և նորկտակարանյան մյուս գրքերում նրա մասին որևէ տեղեկություն չի գրանցվել։ Միստիկ հեղինակ Մարիա Վալտորտայի (1897-1961) գրություններում է միայն, որ զանազան տեսիլքների հիման վրա հաստատվում է, որ նա եղել է Հիսուսից տարիքով մի փոքր մեծ, բնավորությամբ ու շարժուձևերով շատ նման է եղել Սուրբ Հովսեփին՝ իր հորեղբորը (Վալտորտան այսպիսով հաստատում է, որ Հակոբոսի հայր Ալփեոսը Հովսեփի եղբայրն էր)։

Ոչինչ չգիտենք նաև Հակոբոսի մահվան վերաբերյալ։ Միայն այն դեպքում, երբ Կրտսեր Հակոբոսը նույնացվում է Հակոբոս Արդարի հետ, կարողանում ենք հաստատել, որ մարտիրոսացել է քարկոծմամբ՝ 62 թվականին։ Հնագույն Հայսմավուրքներում, համենայն դեպս, Մայիսի 3-ի հիշատակություններում ասվում է, որ Հակոբոսն «իր առաքելական կյանքը վերջում պսակեց մարտիրոսությամբ»։

 

Հակոբոսը՝ «Հիսուսի զարմիկ» կամ «Տյառնեղբայր» վարկածը

Սբ. Հերոնիմոս Ստրիդոնացու համաձայն, Կրտսեր Հակոբոսին կարելի է նույնացնել Հիսուսի զարմիկ կամ երկրորդ աստիճանի եղբայր Հակոբոսի հետ, որը Ալփեոսի որդին է: Հերոնիմոսը գրում է. «Ոչ մի կասկած չկա, որ կան երկու Առաքյալներ՝ Հակոբոս անվամբ. Զեբեդեոսի որդի Հակոբոսը և Ալփեոսի որդի Հակոբոսը: Միակ եզրակացությունն այն է, որ Ալփեոսի կինը, ով ներկայացված է որպես Կրտսեր Հակոբոսի մայրը, Հիսուսի մոր՝ Մարիամի քույրն[1] է և այն նույն Մարիամը, որին Հովհաննեսն անվանում է Կղեովպասի Մարիամ՝ կա՛մ հոր անունով, կա՛մ ա՛յլ հարազատի, կա՛մ մեկ ա՛յլ պատճառով»[2]:

Այս մասին Հերոնիմոսը գրում է նաև իր «Անվանի այրերի մասին» («De Viris Illustribus») աշխատության մեջ, թե Հակոբոս Տյառնեղբայրը նույն Ալփեոսի որդի Հակոբոսն է. «Հակոբոսը՝ Տյառնեղբայր և Արդար կոչված, ինչպես ոմանք կարծում են, Հովսեփի որդին է՝ ուրիշ կնոջից. բայց, իմ կարծիքով, որդին է այն Մարիամի, ով մեր Տիրոջ մոր՝ Մարիամի քույրն էր և Հովհաննեսի կողմից անվանվում է Կղեովպասի Մարիամ»[3]:

Այսպիսով, Հերոնիմոսը եզրակացնում է, որ Ալփեոսի որդի Հակոբոսը և Հիսուսի «եղբայր» Հակոբոսը միևնույն անձն են:

13-րդ դարում շարադրված «Ոսկյա լեգենդի» համաձայն, որը Յակոբուս դե Վորագինեի կողմից հավաքված Սրբերի վարքագրություն է, «Հակոբոս Առաքյալը, որ կոչվում է Փոքր, ավելի մեծ էր, քան Հակոբոս Մեծ կոչվածը: Նա կոչվում էր նաև մեր Տիրոջ եղբայրը, որովհետև մարմնով, արտաքինով և շարժուձևով շատ նման էր Նրան: Նա կոչվում էր Հակոբոս Արդար՝ իր ուղիղ և մեծ սրբության համար: Նա կոչվում էր նաև Ալփեոսի որդի Հակոբոս: Նա Երուսաղեմում մատուցեց առաջին Սուրբ Պատարագը, որ երբևէ մատուցվել է Երուսաղեմում, և նա Երուսաղեմի առաջին եպիսկոպոսն էր»[4]:

Նույն աշխատությունն ավելացնում է, որ «Սիմոն Կանանացին և Հուդա Թադեոսը Կրտսեր Հակոբոսի եղբայրներն էին և որդիները Կղեովպասի Մարիամի, ով ամուսնացած էր Ալփեոսի հետ»[5]:

 

Ալփեոսի որդի Հակոբոսը

«Փոքր» կամ «Կրտսեր» տիտղոսը գործածվում է՝ նույն անունը կրող ա՛յլ անձանցից այս Հակոբոսին տարբերելու համար: Դա նշանակում է, որ մեր ուշադրության կենտրոնում գտնվող Հակոբոսը մյուս Հակոբոսի համեմատ կա՛մ հասակով էր փոքր, կա՛մ տարիքով: Դարավոր ավանդությունը հանձինս Կրտսեր Հակոբոսի ճանաչում է Ալփեոսի որդի Հակոբոսին: Ոմանք կարծում են, որ կա՛մ Ալփեոսը նույն ինքն Կղեովպասն էր, կա՛մ էլ՝ Կղեովպասի Մարիամի ամուսինն էր: Ընդհանրական Եկեղեցու Ավանդության համաձայն, ուրեմն, Հակոբոս Կրտսերը որդին է Կղեովպասի Մարիամի, ով մեկն էր այն կանանցից, ովքեր ողբում էին Հիսուսի Խաչի մոտ: Այդ, ինչպես նաև այն պատճառով, որ սեմական լեզուներում «եղբայր» բառը նշանակում է ո՛չ միայն արյունակից եղբայր, այլ նաև՝ մոտ հարազատ, ազգական, Ալփեոսի որդի Հակոբոսին հաճախ համարում են նաև Հիսուսի զարմիկը և «Տյառնեղբայր»: Ոմանք կարծում են, որ այս Հակոբոսը նաև Մատթեոս Առաքյալի եղբայրն էր, քանի որ երկուսի հայրն էլ Ավետարանում կոչվում է Ալփեոս (Մրկ 2, 14 և 3, 18):

Ժամանակակից աստվածաշնչագետները տարբեր կարծիքներ ունեն այս նույնականացման վերաբերյալ: Կաթոլիկ անվանի մասնագետ Ջոն Փոլ Մեյերն, օրինակ, քիչ հավանական է համարում այս նույնացումը:

 

Կրտսեր Հակոբոսի նույնացումը Հակոբոս Արդարի հետ, և մարտիրոսությունը

Եվսեբիոս Կեսարացին (265 - մոտ 340) Կրտսեր Հակոբոսին նույնացնում է Հակոբոս Արդարի հետ, որպես հիմք ներկայացնելով նրա բարոյական ուժեղ կերպարը։ Գրեթե անկասկածելի է, որ Հակոբոս Արդարը եղել է Երուսաղեմի Եկեղեցու առաջին եպիսկոպոսը և Հակոբոս Առաքյալի Ընդհանրական Նամակի հեղինակը, որը Նոր Կտակարանի կանոնական գրություններից մեկն է։ Բայց բոլոր ուսումնասիրողները չէ, որ համաձայն են այս նույնացմանը։ Այս նույնացմանը համաձայն չեն նաև բյուզանդական ավանդության Օրթոդոքս Եկեղեցիները։ Որպես հիմք ընդունելով Հայ Եկեղեցու ծիսական տոնացույցը՝ կարող ենք ասել, որ Հայ Եկեղեցու ավանդությունը ևս հստակ զանազանություն է դնում Հակոբոս անունը կրող երեք անձնավորությունների միջև. Զեբեդեոսի որդի Հակոբոսը, Ալփեոսի որդի Հակոբոսը և Հակոբոս Տյառնեղբայրը կամ Կրտսերը։ Առաջինի ծիսական հիշատակությունը Հայոց օրացույցում կատարվում է իր եղբոր՝ Հովհաննես Ավետարանչի հետ միասին, որպես Տիրոջ Ծննդյան վկաների Ավագ Տոներից չորրորդը. երկրորդի հիշատակությունը կատարվում է Հիսնակացի երկրորդ երեքշաբթի օրը՝ Սուրբ Շմավոն Առաքյալի հետ միասին. իսկ Հակոբոս Տյառնեղբոր տոնը Ծննդյան վկաների Ավագ Տոներից առաջինն է՝ Դավիթ Մարգարեի հետ միասին։

Հրեա պատմիչ Հովսեփ Ֆլավիուսի համաձայն, ապա, Հակոբոսն իր կյանքն ավարտել է մարտիրոսությամբ, Ք.հ. 62 թվականին։

 

Մեծարումը և մասունքները

Ինչպես նշեցինք վերևում, Հայ Եկեղեցու ծիսական օրացույցի մեջ Հակոբոս Տյառնեղբոր տոնը կատարվում է որպես Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան վկաների Ավագ Տոներից առաջինը՝ Դավիթ Մարգարե հետ միասին, շարժական սկզբունքով, համենայն դեպս՝ միշտ Դեկտեմբերի երկրորդ կեսին։

Լատին ավանդության մեջ նրա տոնը կատարվում է Մայիսի 3-ին (կամ 11-ին, ըստ Տրիդենտյան տոնացույցի)։ Հնում կատարվում էր Մայիսի 1-ին, բայց 1955 թվականին տեղափոխվեց Պիուս Տասներկուերորդ Պապի որոշմամբ՝ Մայիսի 1-ին «Սուրբ Հովսեփ Աշխատավոր» նոր տոնի հաստատման կապակցությամբ։

Օրթոդոքս Եկեղեցիների ավանդության մեջ տոնակատարվում է Հոկտեմբերի 9-ին։

Բողոքական ավանդական համայնքները Հակոբոս Առաքյալին հիշատակում են Մայիսի 3-ին, իսկ Անգլիքան Եկեղեցին՝ Մայիսի 1-ին։

Հակոբոս Առաքյալի մասունքները հին ժամանակներում Պաղեստինից տեղափոխվել են Հռոմ և պահպանվում են Տասներկու Առաքյալներ տաճարում, Փիլիպպոս Առաքյալի մասունքների հետ միասին։ Գանգը, սակայն, հետագայում տեղափոխվել է Անքոնա և պահպանվում է այդտեղի Մայր Տաճարում։

 

Սբ. Հակոբոս Կրտսեր Առաքյալի մասին Ն.Ս. Բենեդիկտոս Տասնվեցերորդ Պապի քարոզը կարող եք կարդալ հետևյալ հղմամբ ։

[1] Զարմուհի իմաստով։
[2] Սբ. Հերոնիմոս Ստրիդոնացի, Երանելի Մարիամի մշտական կուսության մասին, 15.
[3] Սբ. Հերոնիմոս Ստրիդոնացի, Անվանի այրերի մասին, 2.
[4] Richard Stracke, Golden Legend: Life of Saint James the Less.
[5] Նույն.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։