ԱՂՈԹՔ ՍՈՒՐԲ ԿՈՒՅՍ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾՆԻՆ՝ ՈՂՈՐՄՈՒԹՅԱՆ ՏԻՐԱՄՈՐԸ, ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ – Գրադարան – Mashtoz.org

ԱՂՈԹՔ ՍՈՒՐԲ ԿՈՒՅՍ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾՆԻՆ՝ ՈՂՈՐՄՈՒԹՅԱՆ ՏԻՐԱՄՈՐԸ, ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ

Ո՜վ Մայր Ողորմության, մեր հզորագույն դատապաշտպան Աստծո գահի առաջ, ևս մեկ անգամ ծունկի ենք գալիս քո՝ մեր բարեխնամ Մոր առաջ, և շնորհներ ենք հայցում քեզնից։ Հայացքդ ուղղիր մեր կարիքների վրա և գթությամբ ընդունիր որդիներիդ աղերսանքը։ Ճիշտ է, մեր մոլություններով ու շարունակական մեղքերով մենք արժանի չենք կրելու քրիստոնյայի՝ Քրիստոսի հետևորդի վեհ անունը, քանի որ խիստ բազմաթիվ անգամներ պղծել ենք այդ սուրբ անունը՝ ստրկանալով տարատեսակ մեղքերի, որոնցից ամենասարսափելի ոճիրը մեր իսկ ձեռքերով մեր իսկ զավակներին սպանելն է, երբ նրանք դեռ մայրական արգանդում նոր-նոր սկսում են կյանքի ընթացքը։ Ծանր կերպով մեղանչել ենք կյանքի դեմ, և այդպիսով անասելի ցավ ենք պատճառել Հիսուսի պաշտելի Սրտին և քո իսկ մայրական Անարատ Սրտին։ Անկեղծ սրտով զղջում ենք մեր մեղքերի համար, խոնարհվում ենք հոգով, սրտով ու մտքով, և խոստովանում ենք, որ իրոք ամեն տեսակ արդար դատաստանի ենք արժանացել Աստծո Արդարության առաջ։
Բայց դու մեր բարեգութ Մայրն ես, քե՛զ խաչված Հիսուսը իբրև Մայր տվեց մեզ, ասելով. «Ահա՛ քո Մայրը», և այս միտքը վստահությամբ է լցնում մեր սրտերը, որ չենք մերժվի քո կողմից, մինչ վերադառնում ենք սեր և հավատարմություն խոստանալու Աստծուն՝ մեր ամենասիրելի Հորը։
 
Մեր սրտերը պատառոտված են ցավերից ու վշտից, մեր հոգիները տագնապի ու ընկճումի ժամեր են ապրում, մեր գոյությունը ենթարկված է խելահեղ ավերածությունների բեռի տակ ոչնչանալու վտանգին։ Ոտքի՜ կանգնիր, ո՜վ Մայր, դո՛ւ հասի՜ր մեզ օգնության, և մեր սրտերը լցրու անվեհերությամբ, և մեր հոգիները՝ Աստծո կամքին համապատասխանելու վճռակամությամբ։ Եվ ինչպես որ դու ինքդ մահամերձ Հիսուսի խաչի առջև կրեցիր ամենադաժան տառապանքները, այդպես էլ մեր համար արա՛ այնպես, որ մենք էլ այդ տագնապալի ու տխուր իրավիճակում, որի միջով ստիպված անցնում ենք, Հավատքի մեջ գտնենք այն հոգևոր անդորրը, որն հաղթում է խռովքներին, այն սուրբ ապավինումը Աստծո Նախախնամությանը, որով արժանանում ենք քո յուրահատուկ պաշտպանությանը։
 
Ո՜վ Մայր բարեգութ, լսի՜ր անմեղ մանուկների ճիչը, վշտահար հարսերի հառաչանքները, որդի կամ ամուսին կորցնող բազմաթիվ մայրերի հեծեծանքները, և աղոթքները բոլոր այն մարդկանց, որ աղերսում են գութ և կարեկցանք։ Ձայներ են, որ դեպի քեզ են բարձրանում սիրելի անձանց համար, կա՛մ նրանց համար, ովքեր մարտի դաշտում ընկել են, կա՛մ նրանց համար, ովքեր հեռվում տառապագին կատարում են իրենց սրբազան պարտականությունները։ Քեզ ենք վստահում մեր հարազատներին, ո՜վ Մարիամ։ Լայն բացի՜ր մայրական թիկնոցիդ փեշերը, փռի՜ր դրանք նրանց վրա, պաշտանի՜ր նրանց տեսանելի ու անտեսանելի թշնամիների նենգություններից, փրկի՜ր նրանց վտանգներից, և այնպես արա՛, որ մի օր ողջ ու առողջ և հաղթանակած՝ ցնծության աղաղակների ընկերակցությամբ վերադառնան իրենց սիրելի ընտանիքների գիրկը։ Ա՜հ, թող որ վերամիավորվեն ու վերստին գրկախառնվեն կանայք ու ամուսինները, հարսերն ու փեսաները, մայրերն ու որդիները, հայրերն ու դուստրերը, ընկերներն ու ընկերուհիները։ Սա՛ է այն շնորհը, որ վստահասիրտ խնդրում ենք քեզնից այսօր. որ աղերսում ենք հեծեծագին, որ խնդրում ենք քեզնից, ո՜վ Մայր Ողորմության։
Թող որ դադարի մահասարսուռ աղետը, որ արյունլվա է անում աշխարհը, տխրության խավարով է լցնում ընտանիքները, ամայացնում է երկիրը։ Այնպես արա՛, որ խաղաղության բարենպաստ աստղը շուտով վերադառնա տևական լույսով փայլելու պատերազմով տակնուվրա եղած ժողովուրդների վրա, հասարակ մարդկանց վրա, որոնք իրականում պատերազմել չեն ուզում։
Եթե բարեգթությամբդ կընդունես մեր բոցավառ աղերսանքը, կվերադառնանք կրկին, ո՜վ Մայր, երախտագիտության մեր գովաբանությունը բարձրացնելու քո Ողորմած Սրտին, և խոստանում ենք, որ ամեն ջանք կգործադրենք՝ առավել հավատարիմ լինելու Աստծուն, ապրելու առաքինի կյանքով, և հատկապես՝ հրաժարվելու մեր զավակների անմեղ կյանքը մայրական արգանդում սպանելու դժոխային ոճիրից։ Խոստանում ենք և Աստծո օգնությամբ կկատարենք։ Ամեն։
 
Հայր մեր, որ երկնքում ես,
թող սրբացվի՜ Քո Անունը.
թող գա՜ Քո Արքայությունը.
թող Քո կամքը կատարվի՜
երկրի վրա այնպե՛ս, ինչպես երկնքում է։
Մեր ամենօրյա հացը տո՜ւր մեզ այսօր.
և ների՜ր մեզ մեր մեղքերը,
ինչպես մենք էլ ներում ենք մեր հանդեպ մեղանչածներին.
և մի՛ լքիր մեզ փորձության պահին,
այլ՝ ազատի՜ր մեզ չարից.
քանի որ Քոնն է արքայությունը և զորությունը և փառքը
հավիտյանս հավիտենից։
Ամեն։
 
Ողջո՜ւյն քեզ, շնորհներով լի Մարիամ, Տերը քո հետ է։
Օրհնյա՜լ ես դու կանանց մեջ և օրհնյա՜լ է որովայնիդ պտուղը՝ Հիսուս։
Սրբուհի Մարիամ, Աստվածամայր, բարեխոսի՜ր մեր՝ մեղավորներիս համար այժմ և մեր մահվան ժամին։ Ամեն։
 
( կրկնել 3 անգամ )
 
Փա՜ռք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն.
այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։ Ամեն։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։