Երգը – Գրադարան – Mashtoz.org

Երգը

Սրտիս մեջ փնտրում եմ ամենագեղեցիկ խոսքերն իմ Աստծո համար,
հոգիս երգում է Սիրեցյալիս համար (հմմտ. Ղկս 1, 46-47):
 
Քրիստոնեական առաջին երգերը բոլորն էլ ծնվել են Սրբուհի Մարիամի շուրջը. «Մեծացուսցէ»ն, «Ողջ լեր, Մարիամ»ի առաջին մասը, Զաքարիայի Օրհնությունը, հրեշտակների Փառաբանությունը, Սիմեոն Ծերունու Օրհներգը: Ավետարանի և Եկեղեցու ամենաառաջին երգերն են: Այն նույն երգերն են, որոնք տակավին ամեն օր շնչում են մեր հետ, որոնք Սրբուհի Մարիամին դարձնում են երգի կինը, բարեպաշտին՝ փառատրող, իսկ Եկեղեցուն՝ նա, ով Մարիամից սովորում է, թե ինչպես՝ աղոթել նշանակում է փառաբանել, թե ինչպես Աստծո առաջ ազատել սիրտը, ինչպես աղոթքի մեջ համագումարել կյանքը, և ապագան («Այսուհետև բոլոր սերունդները ... »), թե ինչպես աղոթքը բնակեցված է մարդկանց պատմություններով: Սահմանային օրհներգ է Մարիամի օրհներգը երկու Կտակարանների միջև, սաղմոսերգուների ձայնն է, մարգարեների ձայնը, ձայնն է Հին Ուխտի կանանց, ինչպիսիք էին Միրիամը, Աննան, Դեբորան: Մի օրհներգ է, որի մեջ զեղում է կյանքի ողջ հոսանքը, մարդիկ ծնվում են ու մահանում, մարդկությունն առաջ է ընթանում իր անդադար ցիկլով և կյանքի լիության մեջ Աստված ներս է մտնում: Եվ պատմությունը ցնծում է, Մարիամի շուրթերով, և այդ ցնծությունն արտահայտելու համար գործածում է միևնույն բայը, – ցնծալ, խայտալ – որով Եղիսաբեթն արտահայտել էր մանկան ուրախությունը, որն իր արգանդում ցատկոտել էր, խայտացել. ֆիզիկական մի դող է անցնում Մարիամի օրհներգի միջով:
 
Որովհետև հրաշքների վայր դարձրեց կյանքս,
օրերս՝ ապշանքի ժամանակ (հմմտ. Ղկս 1, 47):
 
Որտեղի՞ց է ծնվում երգը: Մարիամի երգը նախևառաջ բխում է հիացումից. «Սքանչելիքներ գործեց ինձնում», օրերս զարմանքի ժամանակ դարձրեց, կյանքս՝ հրաշքների վայր: Մարիամի երգը ծնվում է մի երջանիկ փորձառությունից. հասկացել է Աստծուն:
Բարի ու գեղեցիկ լուրը, այսինքն՝ ավետարանը, որ նա ավանդում է, պատմում է մի Աստծո մասին, որն հրաշքներ է գործում: Մարիամը մեզ ուսուցանում է երջանիկ կրոնի հնարավորությունը, հիշեցնում է, որ բերկրանքի մեր պաշարը բխում է հիացումից, զարմանալու ընդունակությունից, այն ամենի համար, որ Աստծո Աջը գործում է մեր կյանքում և մեծ աշխարհում. Նա, որ ցողի գոհարներով ճոխացնում է գարունը, որ գինիով լցնում է մեր քարե կարասները և որ մառախլապատ մեր առավոտներն հարստացնում է լույսի առաջին ավետումով:
 
Հայեց իմ վրա, և իմ, որ ոչինչ եմ.
հուսացեք իմ հետ միասին, երջանիկ եղեք իմ հետ միասին,
դուք բոլորդ, որ լսում եք ինձ:
Ինձնից ավելի մեծ բաներ են պատահում ինձ:
Նա է, որ ամեն բան կարող է: Միայն Նա: Սուրբը (հմմտ. Ղկս 1, 48-49):
 
Մարիամը հասկացել է բարի լուրը և այն վերածում է երգի: Բերկրանքը չի բխում կյանքի նոր կանոնների հայտնությունից, բարոյագիտական մի լավագույն կանոնագրքից: Բարի լուրը, գեղեցիկ լուրը, որ նա ավանդում է, Աստծո սիրահարված լինելն է. Աստծո, որ Իր ձեռքերը թաթախել է կյանքի հոծ զանգվածի մեջ, պատմության վերքերի մեջ: Ավետարան, այսինքն՝ բարի լուր, նշանակում է Սրբուհի Մարիամի հետ տասն անգամ կրկնել. «Նա Ինքն է, որ հայեց. Նա Ինքն է, որ բարձրացնում է. Նա Ինքն է, որ բարիքներով լիացնում է. Նա Ինքն է, որ ... », տասն անգամ:
«Մեծացուսցէ»ն Ավետարանն է, որը կրոնի կենտրոնում տեղադրում է ո՛չ թե այն, ինչը ես անում եմ Աստծո համար, այլ՝ այն, ինչն Աստված անում է իմ համար: Քրիստոնեության սրտում դրված չէ իմ վարքը կամ իմ բարոյականությունը, այլ՝ Աստծո վարքը: «Մեծացուսցէ»ի կրոնը չի հիմնվում պարտականության, այլ՝ նվիրումի վրա:
 
Սուրբ և ողորմած, սուրբ և քաղցր,
մայրական սրտով՝ բոլորի հանդեպ,
յուրաքանչյուրի հանդեպ (հմմտ. Ղկս 1, 50):
 
Բարի լուրը հայտնությունը չէ մի գաղտնիքի, որն ընդունակ է վերամբարձելու երկիրը և փոխելու պատմությունը ( – թեև նաև սա է – ), այլ՝ բարի լուրն է կրքոտ Աստծո սիրահարվածության. Աստծո, որն Իր սիրո առարկան – այրը/կինը – համարում է Իր սեփական կյանքից ավելի կարևոր: Քրիստոնեության կենտրոնում «Մեծացուսցէ»ն է, սիրահարված Աստծո տասնաբանյայով: Տասնչորս բայ է գործածված այս օրհներգում, որոնցից տասը վերաբերվում են Աստծուն, մեկը՝ մարդկությանը, մյուս երեքը՝ Մարիամին:
 
Ազատ արձակեց Իր զորությունը,
շղթաներով կապեց հզորների ծրագրերը (հմմտ. Ղկս 1, 51):
 
Ամբողջ «Մեծացուսցէ»ի ենթական Աստված Ինքն է, կրոնի էությունը հարաբերություն է. Աստծո, ուղղված ինձ: Տիեզերքի և պատմության հիմնական գիծը այն մեկը չէ, որ երկրից բարձրանում է դեպի երկինք, այլ՝ այն մյուսը, որ երկնքից իջնում է դեպի երկիր: Հավատքի կրող, հիմնական սյունը չի հենվում իմ պարտականությունների, այլ՝ Աստծո պարգևի վրա: Բարի լուրն այն է, որ Աստված կտրել անցել է երկինքը, հաշվում է գլխիս մազերը, կանչում է ինձ շնչելու Իր շունչը, երազելու Իր երազները, ապրելու Իր կյանքը: Հին Ուխտի կենտրոնը Թորան էր (Օրենքը), իսկ Թորայի կենտրոնում՝ տասը պատվիրանները: Մարիամը, մինչդեռ, զգում ու ըմբռնում է նոր տասնաբանյան, որն այլևս պատվիրանների հավաքածու չէ, որով սահմանվում է մարդու վարքը Աստծո և մարդկանց նկատմամբ, այլ՝ պատմում է մի Աստծո մասին, որը մարդու համար է: Մի ուրիշ, գեղեցկագույն տասնաբանյա է ներկայացնում Ղուկասը, բարի Սամարացու առակի բայերով. « ... Տեսավ նրան, գթաց, կքվեց, վերքերը կապեց, գրկեց, հոգատարություն ունեցավ, վճարեց ... », մինչև տասներորդը. «Եթե հանկարծ քիչ լինի, վերադարձիս կվճարեմ» (հմմտ. Ղկս 10, 30-37): Նոր տասնաբանյան յուրաքանչյուր հավատացյալի, մանավանդ թե՝ յուրաքանչյուր մարդու, որ երազում է մերձավորներով բնակեցված մի երկիր:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։