Մատթեոսի տված բացվածքները – Գրադարան – Mashtoz.org

Մատթեոսի տված բացվածքները

Մատթեոսը պաղեստինա-ասորական համայնքի անդամներից էր. ո՛չ թե դրա հրեական մասից, որին առաջնորդում էր Հակոբոսը, այլ՝ հելլենականից: Իր Ավետարանն, արդարև, գրել է հունարեն լեզվով և հրապարակել է հավանաբար Անտիոքում, հրեական պատերազմի տարիներին: Մատթեոսը պատկանել է մի բաց, միսիոներական ոգով խանդավառված համայնքի, որը տարբերվում էր երուսաղեմյան, բավականին փակ համայնքից: Իրենով սկսվում է Մարիամի կերպարի արժևորումը, որի գաղափարային դիմագծերը սկսում են հստակեցվել. արժևորում, որ շարունակվելու է Ղուկաս Ավետարանչի և Հովհաննես Առաքյալի գրություններում, որոնք ժամանակագրական առումով թերևս համընկնում են Մարիամի մահվան տարիներին: Մարիամի մահվամբ սկսվում է իր կրկին բացահայտումը:
Մարկոսի Ավետարանի 3րդ գլխում պատմված դեպքը (31-35), ուր Մարիամը, ա՛յլ ազգականների հետ միասին, անուղղակի կերպով հակադրության մեջ է դրվում Հիսուսի նոր աշակերտների հետ, ներկայացվում է նաև Մատթեոսի կողմից (Մտթ 12, 46-50), բայց այստեղ այդ դրվագն այլևս կապակցվում է Հիսուսի ծննդյան-ծննդաբանության մի բովանդակալի հիշատակությանը, որով բացվում է Մատթեոսի Ավետարանը, Առաջին և Երկրորդ գլուխներում: Մարիամը ներառնված է մի բացարձակապես նոր հարաբերության մեջ (կուսական և մայրական՝ Հիսուսի հետ, հարսնական՝ Հովսեփի հետ): Մարիամի ներկայությունն, այդուամենայնիվ, Հովսեփի ներկայության համեմատ տակավին ենթակարգային է: Հովսեփն է ներկայացվում որպես ճշմարիտ դերակատարը. խորհրդանշում է արդար Իսրայելին, որն ընդունում է այն նորությունը, որը Սուրբ Հոգու ներգործությամբ հղացած Մարիամն է. խորհրդանշում է հավատարիմ Իսրայելին, որն հասնում է հասկանալու և որը վերապրում է Մովսեսի ամբողջ պատմությունը. գնում է Եգիպտոս, փրկում է Մանկանը, վերադառնում է:
Հովսեփը խոսում է հրեշտակի հետ, ընդունում է «Մարիամին իր հետ վերցնելու» ի վերուստ տրված հրամանը, Մանկանն ու Նրա Մորն առաջնորդում է դեպի Աստծո կողմից նշանակված տարբեր ժամադրություններին, անուն է դնում Մանկանը: Բայց հատկապես՝ նա մի վկա է մարդկային սերնդագործությունների պատմության մեջ Սուրբ Հոգու ուղղակի միջամտության, կուսական հղացման, որն հազիվ ակնարկված է Մարկոսի Ավետարանում (6, 3. ուր Հիսուսն անվանվում է «Մարիամի որդին», առանց գեթ նվազագույն չափով հիշելու Հովսեփին), բայց ամենայն հստակությամբ հաստատված է Մատթեոսի կողմից:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։