Աթեիստական ռիդուկցիոնիզմը. մարդը որպես պատահական մի թիվ – Գրադարան – Mashtoz.org

Աթեիստական ռիդուկցիոնիզմը. մարդը որպես պատահական մի թիվ

Իրականում, «ողբերգակ աթեիզմի» (որն իրական աթեիզմ չէ) մեծությունը կայանում է հենց սրանում. այն չի համակերպվում Աստծուն ժխտելու մտքին, որպեսզի արդյունքում պարտավոր չլինի ժխտելու նաև մարդուն:
Բոդլերի, Վերլենի, Ուայլդի, Պասկոլիի, Մոնթալեի և ուրիշ շատերի համար, նրանց համար՝ ովքեր քննում են մարդուն, մարդը մնում է որպես մի մեծ հրաշք, մի խորհուրդ, որի արժեքը անհնարին է նվազեցնել, – ինչպես վարվում են բոլոր աթեիստական իդեոլոգիաները, – հասցնելով անսահմանորեն ավելի քչի, քան նա իրականում արժե:
Որովհետև Աստծուն ժխտել՝ միշտ էլ նշանակել է նվազեցնել[1] մարդու արժեքը, վերածելով նրան բնության տարրերից մեկին, համարժեք՝ քարի մի կտորի կամ ինչ-որ մի ծառի. կամաց կամաց վերածել նրան Պատահականության պտղի, «անակնկալ արդյունքի», «բացառիկ բախտի բերման», նյութական կտորների մի անհոգի կույտի, գենետիկորեն նախասահմանված մի մեխանիզմի, ինքնություն չունեցող մի Մարդկության, մի Ցեղի կամ հասարակական մի Դասակարգի անանուն մի անդամի:
Իրոք, բոլոր տեսակի աթեիզմների համընդհանուր բնորոշ գիծն է – մատերիալիստական-դարվինիստական աթեիզմից մինչև մարքսիստականը, անիմալիստներից[2] մինչև «Նյու Էյջ»ականը – մի տեսակ ոխ, մի տեսակ ատելություն մարդու հանդեպ. մարդը նկատված որպես եզակի, միակ ու անկրկնելի անձ, որն համառորեն պահանջում է մի առավել բարձր իմաստ իր կյանքին:
Իլլումինիզմի ներկայացուցիչներից փիլիսոփա դ'Հոլբախը, այսպես կոչված Լույսերի դարի ամենահետևողական ու ամենաազդեցիկ աթեիստներից մեկը, պնդում էր, որ մարդը մեծամիտ ու գոռոզ էակ է, որ չի հասկանում իր դիպվածականությունը, այսինքն փաստը, որ կարող է լինել կամ չլինել, քանի որ միայն մատերիան է անհրաժեշտ: Նրա համաձայն, մարդը բնության գործն է և ուրիշ ոչինչ: Բնությունն է, որ անսահման է, հավիտենական, անմահ: Մարդն «իր մտքում անգամ չի կարող նրանից դուրս գալ: Ի զուր է նրա հոգին կամենում նետվել տեսանելի աշխարհի սահմաններից անդին»:
Նրան արձագանքում էր աթեիստ Դիդրոն, – իր «Կույրերին ուղղված նամակ»ում (1749), ուրվագծելով մի միտք, որը կենտրոնական էր դառնալու մատերիալիստ էվոլյուցիոնիստների մոտ, – տիեզերքի ծնունդը նկարագրելով որպես բնության մի շարք «բախտավոր» փորձերի ու սխալների հերթականության արդյունք, պատահական զուգադրումների ու փոխակերպումների, որոնց արդյունքում մարդը շատ լավ կարող էր և չառաջանալ: Եթե առաջացել է, դա զուտ պատահականություն է, «այս մեծամիտ էակը, որ կոչվում է մարդ, և որը մատերիայի մասնիկների միջև ցրված ու կորած, թերևս ընդմիշտ կմնար հնարավորների շարքում»:
Մարդու գոյություն ունենալու կամ չունենալու հնարավորության հարցը, մարդու գոյությունը նկատելը որպես պատահականություն կամ սովորական մի դիպված, լինելու էր վերջին երկու դարերի աթեիստական ամբողջ պրոպագանդայի առանցքը, մինչև որ կհասնեին սահմանելու մարդուն որպես «խաղարկությամբ դուրս ելած թիվ», ինչպես գրում է հայտնի գիտնական Ժաք Մոնոն[3], որպես «պատահականության զավակ», Թելմո Պևանիի խոսքերով, որպես «մոլորակի քաղցկեղ», անիմալիստական բազմաթիվ շարժումների տեսակետի համաձայն, կամ էլ՝ որպես «սառեցված պատահար», որը գոյություն ունի, բայց կարող էր նաև գոյություն չունենալ, ըստ հայտնի էվոլյուցիոնիստ ֆիզիկոս, կենսաբան և գենետիստ Էդոարդո Բոնչինելլիի:
Բայց եթե Աստված գոյություն չունի, ուրեմն ո՞վ է այս էակը, որ երգում է, նվագում, նկարում, քանդակում. որ ի սկզբանե փնտրում է իր կյանքի իմաստը. որ պատկերացնում է, որ իր հոգին անմահ է. որ հարցադրումներ է կատարում, թե ի՞նչ են չարն ու բարին. որ ստեղծում է փիլիսոփայությունը, որպեսզի հասկանա և ըմբռնի սկիզբը, ծագումն ամեն ինչի. որ մտածում է, պատճառաբանում և գրում, – ո՛րևէ դարում, – արժեքների մասին, փնտրվելիք ճշմարտության, կատարվելիք բարիքի, բնության մեխանիզմների մասին, որոնք հարկավոր է հասկանալ. որ ի սկզբանե, կենդանական աշխարհում միակը լինելով, գերեզմաններ ու դամբաններ է կառուցում իր սիրելիների համար, այդպիսով կամուրջ նետելով ասդենական և անդենական աշխարհների միջև: Եվ այս թվարկումը կարելի է դեռ շատ շարունակել: Եթե Աստված գոյություն չունի, մարդն ուրեմն պարզապես մի խելագար է, որն անարդարացի կերպով պանծացնում է իր ճակատագիրն աստղերից էլ այն կողմ, մինչ պետք է իմանար, որ վերջանալու է հողի տակ, ընդմիշտ, և ուրիշ ոչինչ:
Եթե Աստված գոյություն չունի, մարդն ուրեմն կենդանիների մեջ ամենահիմարն է, ամենաանարգը, քանի որ կենդանիները գոնե անտեղի չեն փնտրում, չեն քննում, չեն ակնկալում այն՝ ինչը, հետևաբար, գոյություն չունի:
Եվ սակայն դժվար չէ նկատել, ինչպես գրում էր Պասկալը, որ «մարդն անսահմանորեն գերազանցում է մարդուն», որ մարդկային բնությունը, հոգուց և մարմնից բաղկացած լինելով, անսահմանորեն գերազանցում է մյուս բոլոր արարածների բնությանը. ո՛չ միայն զննելով մարդկանց բարոյական կյանքը, «ես» ասելու նրանց հնարավորությունը, իրենց իսկ սեփական բնության վրա բռնանալու նրանց կարողությունը, օրինակ՝ սեփական կյանքն իրենց մերձավորի համար ընծայելով, այլ նաև ընդունելով, որ մարդն է միշտ ավելի ու ավելի քննում և ճանաչում իրենից ստորադաս արարածների բնությունը, հասկանում է աստղերի շարժը և պրպտում է բջիջների օրենքները, կտրում անցնում է ծովերով ու աստղային տարածքներով, բայց այսքանով հանդերձ՝ լիովին անկարող է մնում, – այսօր ինչպես երեկ, – ինչ-որ մի բանաձևով սահմանելու, ինչ-որ մի օրենքի մեջ բովանդակելու, բնական, բժշկական, կենսաբանական, ֆիզիկական գիտություններով հասկանալու և ըմբռնելու խիղճն ու գիտակցությունը, ազատությունը, միտքն ու իմացականությունը, անսահմանության փափագը, առ Աստված իղձն ու ձգտումը:
Այստեղ ևս հասկանալի է դառնում, որ աթեիզմը դա գիտություն չէ, աթեիզմը դա մի «հավատք» է. ով չի հավատում Աստծուն, արդյունքում հավատում է բազմաթիվ հավատալիքների, որոնք վերաբերվում են մարդուն, բնությանը, իր կյանքի իմաստին: Եվ հետևաբար, եթե հետևողական է, իր կյանքը կառուցում է աթեիզմի դոգմաների վրա. մարդը հավասար է անասունի, մարդը հավասար է մատերիայի, երկրային կյանքը մարդու միակ հորիզոնն է, բարին և չարը, ճիշտն ու սխալը գոյություն չունեն, կամ ավելի ճիշտը՝ հավասարազոր են և մարդկային քմահաճույքի գերին են, և այլն, և այլն:
Աթեիստ Սարտրը տրամաբանորեն գրում էր. «Էքզիստենցիալիզմը մտածում է, որ շատ անհարմար է, որ Աստված գոյություն չունենա, քանի որ այդպիսի դեպքում Աստծո հետ անհետանում է մի իմացական երկնքում արժեքները վերագտնելու ամեն մի հնարավորություն. այլևս չի կարող գոյություն ունենալ մի մեկնակետային բարիք, քանի որ այդպիսի դեպքում գոյություն չունի ոչ մի անսահման ու կատարյալ միտք, որ մտածի դա: Ոչ մի տեղ գրված չէ, որ բարին գոյություն ունի, որ հարկավոր է ազնիվ լինել, որ չպետք է ստել: Եվ դա՝ ճիշտ այս պատճառով. քանի որ այդպիսով գտնվում ենք մի հարթության վրա, ուր գոյություն ունեն միմիայն մարդիկ»[4]:
Իրականում աթեիզմը Աստծուն չէ, որ ժխտում է. աթեիզմն իրականում ժխտում է մարդուն: Այս աշխատության նպատակը դա փաստելն է:
[1] Ռիդուկցիոնիզմ եզրը առաջացել է «նվազեցնել» բայի լատիներեն արմատից: Մատնանշում է այն բոլոր իդեոլոգիաները, որոնք ձգտում են նվազեցնել մարդու արժեքը, մերժելով նրա աստվածային ծագումը, նրա հոգևոր էությունը, աշխարհում նրա եզակիությունը, նկատելով մարդուն սոսկ որպես անասնական աշխարհի տեսակներից մեկը, առանց յուրահատուկ էության և իրավունքների:
[2] Անիմալիստները դրանք այն շարժումներն են, որոնք զբաղվում են կենդանիների այսպես կոչված «իրավունքների» պաշտպանմամբ: Դա շատ հաճախ անում են ոտնահարելով մարդկանց իսկ իրավունքները (որոնք իրակա՛ն իրավունքներ են, քանի որ մարդը անձ է, իսկ կենդանին՝ ո՛չ), արժեզրկելով մարդկային եզակի արժանապատվությունը:
[3] Նոբելյան մրցանակ ստացած Ժաք Մոնոն, որն 1970 թվականին հրատարակեց իր հայտնի «Պատահականությունը և անհրաժեշտությունը» գիրքը, գրում է. «Եթե մարդն իր սիմվոլիկ հաղորդակցության տրամաբանական համակարգով [...] իսկապես միակն է եղել, այնպես՝ ինչպես միակն է եղել նաև ինքնին կյանքի ծագումը, նախքան հայտնվելը՝ մարդու ծագման հնարավորությունները գրեթե զրոյական էին [...]: Մեր թիվը դուրս է ելել խաղարկությամբ»:
[4] J.P. Sartre, L’esistenzialismo è un umanismo, Mursia, Milano 1963, p. 46.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։