Գիտությունը և տիեզերքի ապա-աստվածացումը – Գրադարան – Mashtoz.org

Գիտությունը և տիեզերքի ապա-աստվածացումը

Արդի գիտության պատմության շուրջ այս համառոտ մտորումներին կարելի էր ավելացնել դեռ ուրիշ շատերը, որովհետև երևակայելը, թե արդի գիտությունը հանկարծակի, հագնված ու սանրված ծնվել է Տասնվեցերորդ դարում, միայն մի քանի մեծ անձնավորությունների շնորհիվ, մի վիթխարի միամտություն է և մի կոպիտ գռեհկացում, որը սակայն շատ հաճախ հրամցվում է դպրոցական դասավանդման պարզեցման պատրվակով:
Արդի գիտությունն, իրականում, իր թիկունքի ետևում ունի բնության և մարդու վերաբերյալ մտքերի, խորհրդածությունների, քննարկումների դարեր ու դարեր: Նրա ամենահեռավոր ծնունդը կարող ենք նշմարել հունական մտածողության, և հատկապես՝ բնության ներսում մի կոսմոս, այսինքն՝ կարգ, բանականություն, նպատակ տեսնելու նրա կարողության մեջ: Գիտության ամենամոտիկ արմատները, սակայն, գտնվում են հունական մտածողության և քրիստոնեական մտածողության հաջողված համադրման մեջ: Եկեղեցու Հայրերն ու քրիստոնյա փիլիսոփաները նույնպես, արդարև, բնությունը դիտում էին հին հույների միևնույն հիացումով, համոզված, որ նրանում բացահայտվում է ինչ-որ մի մեծ, ներդաշնակ, ո՛չ պատահական իրականություն: Քրիստոնյաներն Աստծուն ընկալում են որպես Լոգոս, Բան (Բանականություն), որը ստեղծելով՝ յուրաքանչյուր արարածի վրա թողնում է Իր կնիքը: Արարածներից դեպի Արարիչն ուղղված ընթացքը, հետևաբար, ամենապարզ ու ամենաբնական ճանապարհն է Աստծո ընկալմանն ու ճանաչմանը հասնելու համար:
Սուրբ Օգոստինոսն արդեն, իր մտորումներով, մի վճռորոշ քայլ է կատարում. եթե Աստված աշխարհի վերանցական հեղինակն է և մաս չի կազմում աշխարհին, սա նշանակում է, որ մոգությունն ու աստղաբաշխությունը, քանի որ հիմնվում են անիմիզմի վրա, և պանթեիստական բազմաստվածությունը սոսկ անբանական և դատապարտելի սնոտիապաշտություններ են: Ահա հենց այս գաղափարի, աշխարհի ահա այս ապա-աստվածացման մեջ է կայանում գիտական մտքի ծնունդը, քանի որ քրիստոնեական այս ընկալումից է ծնվում համոզումը, որ տիեզերքը մի ''արարած'' է, և ո՛չ թե՝ աստվածությունների մի ամբողջություն. այսինքն համոզումը, որ կոսմոսը ուսումնասիրելի, զննելի, քննելի, ճանաչելի է ըստ բանականության, ինչպես մի ''ժամացույց'', մի «mundi machina» («աշխարհի մեքենան», ինչպես ասում էր Բիգհեդը), և ո՛չ թե՝ մի աստվածային ''մեծ կենդանի'' (ինչպես հաստատում էին հին հույներն ու նեոպղատոնականները): Աստղաբաշխությունն ու ալքիմիան, հիրավի, ներկա էին աշխարհի բոլոր երկրներում, բայց միմիայն Քրիստոնյա Եվրոպայում են դրանք դառնում աստղագիտություն և քիմիա:
«Քրիստոնեությունը», գրել է Նիկոլայ Բերդյաևը, «ընկալեց բնության մեքենայականությունը և այդպիսով մարդուն վերադարձրեց իր ազատությունը», այսինքն՝ մարդուն ազատեց աստղերի, դևերի, տարրական ոգիների, հեթանոսների ընկալմամբ բնության ամեն մի անկյունում թաքնված աստվածությունների վախից: Ազատել տիեզերքը հեթանոս չաստվածներից, նրանց անանձնական էությունից ու անբանական քմահաճություններից, լքելով հունա-պղատոնա-պանթեիստական տիեզերաբանությունը (կոսմոլոգիան) և նեոպղատոնականների աստղա-կենսաբանությունը (աստղաբիոլոգիան), նշանակում է վերջապես դարձնել տիեզերքը հասկանալի, այսինքն՝ նախադրյալներ ստեղծել պատճառահետևանքային կապակցման և ֆիզիկական օրենքների գաղափարի վրա հիմնված գիտական ուսումնասիրության և տեխնիկական տիրապետություն հաստատելու համար:
Ուստի պատահական չէ, որ համալսարանները ծնվեցին Քրիստոնեական Միջնադարում, Իտալիայում և Եվրոպայում, և ո՛չ թե աշխարհի ա՛յլ անկյուններում և ա՛յլ քաղաքակրթությունների մոտ: Քրիստոնյա Եվրոպայում է, որ հարցադրումներ են կատարվում, բնությունն ուսումնասիրվում է, և Քրիստոնեական Միջնադարում է, օրինակի համար, որ ծնունդ է առնում և սկսում է զարգանալ արդի անատոմիան, հանձինս Մոնդինո Դե Լիուցցիի և Գուլիելմո Դա Սալիչեթոյի: Առաջին համալսարանների մեծամասնությունը հիմնվել է եկեղեցական իշխանությունների կողմից և Քահանայապետական հովանավորությամբ, և այդ համալսարաններում են ուսանել Կոպերնիկոսը, Հարվեյը, Գալիլեյը և արդի բժշկության հայրերը:
Գիտության այս հունա-քրիստոնեական ծնունդը ճանաչվել և հռչակվել է բազմաթիվ գիտնականների և ուսումնասիրողների կողմից, Փոլ Դեյվիսից մինչև Օուեն Գինգերիչը, մինչև ամերիկացի աշխարհահռչակ սոցիոլոգ Ռոդնիյ Սթարքը, և մինչև իսկ աթեիստներ Ումբերտո Գալիմբերտին և Լեո Մուլինը: Գալիմբերտին, օրինակի համար, հաստատում է, որ գիտությունն ու տեխնիկան իրենց արմատները գտնում են հունական մտածողության և արարչագործության աստվածաշնչյան գաղափարի մեջ, ըստ որի՝ աշխարհն Աստծո կողմից ստեղծվել է մարդու համար և մարդը, հետևաբար, կոչված է գործածելու այն, ճանաչելու այն, տիրելու նրան: Նմանապես Մուլինը հաստատում է, որ «Քրիստոնեությունը, մարդուն տալով աշխարհի շուրջ մի պատկերացում, որը չի նույնանում Աստծո հետ և որի խորհուրդը հասանելի է մարդուն. Աստծո պատկերով և նմանությամբ ստեղծված մարդուն շնորհելով երկրին ''տիրելու'' հանձնարարությունը [...] ճանապարհ հարթեց աշխարհի գիտական ճանաչման և տեխնիկայի կիրառման համար»[1]:
Գիտության ծնունդը որպես Աստծո, տիեզերքի և մարդու վերաբերյալ քրիստոնեական տեսության ուղղակի հետևանք վերջում վերագրվում է Քրիստոնեությանը, – այս անգամ որպես մեղադրանք, – էկոլոգիստական, անիմալիստական և կանաչների իդեոլոգիականացված միջավայրերի կողմից: Էկոլոգիստական շարժումը, որը շատ հաճախ ներկայանում է որպես սիրահարված արևելյան կրոններին ու փիլիսոփայություններին, բուդդիզմից մինչև հին պանթեիզմ, արդեն 1967 թվականին ուժեղ ազդակ ստացավ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի պատմության դասախոս Լինն Ուայթի կողմից շարադրված և «Մեր էկոլոգիական ճգնաժամի պատմական արմատները» վերնագրված հոդվածից: Ուայթը բացահայտ կերպով մեղադրում է Քրիստոնեությանը, ողբալով հեթանոսության պարտությունը: Հեթանոսությունը նա համարում է բնության նկատմամբ առավել հարգալի (քանի որ աստվածացնում է բնությունը): Քրիստոնեությանը նա ուղղակի կերպով մեղադրում է արդի գիտության և տեխնիկայի ստեղծման համար: Այդ ամենին որպես պատճառ նա ուղղակիորեն մատնանշում է աստվածաշնչյան մարդակենտրոնությունը և կոչ է անում գահընկեց անել «մարդուն այն գահից, որի վրա բազմած տիրում է բնությանը» և սկիզբ տալ «բոլոր կենդանիների դեմոկրացիային»: Ուայթի այս դիրքորոշումը շուտով դառնում է տիրող գաղափարախոսությունը էկոլոգիստական այն գալաքսիայի, որը պահանջում է հավասարեցնել մարդկային իրավունքներն ու կենդանիների իրավունքները, անշուշտ միշտ ավելի կշիռ տալով կենդանիներին ի վնաս մարդու:
Այս ամենից պարզ է դառնում միայն մի եզրակացություն. մարդկությանը ծառայող իրական գիտությունը ծնվում և ապրում է միմիայն Քրիստոնեության հովանու ներքո, մինչ այլուր այն ապականվում է ամենատարբեր բնույթի առասպելաբանություններով, որոնց մահացու հետևանքներն ամեն օր ծանրանում են մարդկության վրա:
[1] R. Cammilleri, Elogio del Sillabo, Leonardo, Milano 1994, pp. 127-128. Ռիմինիում 1997 թվականին տեղի ունեցած մի հանրային դասախոսության ժամանակ Մուլինն ասում է. «Ինքս ինձ հարց տվեցի, թե ինչո՞ւ տեխնոլոգիական և գիտական միակ քաղաքակրթությունը մերն է: Ջանացի գտնել դրա պատճառները: Վստահեցնում եմ, որ երկար ժամանակ է, ինչ մտածում եմ դրա մասին, և միակ բացատրությունը, որ կարողացել եմ գտնել, դա Քրիստոնեության պարարտ հողի, հումուսի ներկայությունն է: Ինչո՞ւ: Որովհետև Քրիստոնեության ընկալմամբ Աստված ստեղծել է աշխարհը. մի աշխարհ, որն Իրենից տարբեր է: Աստված աշխարհի բաղկացուցիչ մասը չէ, այլ՝ աշխարհի Արարիչը: Մարդը մի յուրահատուկ կոչում ունի, քանի որ ստեղծվել է կենդանական աշխարհից դուրս: Մարդիկ, հատկապես արևմտյան մարդիկ, ապրեցին այս գաղափարով, որ իրենք Աստծո արարածներն են և ստեղծված են Աստծո պատկերով և նմանությամբ: Ինչպես նաև, Աստված ասում է Նոյի որդիներին. ''Գնացե՛ք, նվաճեցե՛ք և տիրեցե՛ք աշխարհին'': Բարի դիտավորությամբ, երբեմն մի քիչ շատ խանդավառությամբ տիրեցինք աշխարհին, բայց միակ քաղաքակրթությունը, որը նվաճեց տիեզերքը և շարունակում է նվաճել այն, միակը, որ կրում է արժեքներ, որոնք ընդունված են ամբողջ աշխարհով մեկ, դա մերն է: Մի օրինակ տամ. վերցնենք գերմանացի հանքափորներին, որոնք Տասնհինգերորդ և Տասնվեցերորդ դարերում դեռ ապրում էին թզուկների, կախարդների և հանքերում ապրող ու հանքափորներին սարսափեցնող տարբեր էակների վախով: Երկու անունով էին կոչում նրանց. Կոբոլտուս և Նիկոլաուս: Գերմանացի հանքափորների այս հավատալիքներից ծնունդ են առնում երկու անուն, որոնք բոլորիս հայտնի են. Նիկոլաուսը դառնում է նիկել, իսկ Կոբոլտուսը՝ կոբալտ: Բայց սա անցյալի պատմություն է: Որովհետև այդ պահին քրիստոնյա աստվածաբաններն արտասանում են մի նախադասություն, որով որոշվում է Արևմուտքի ճակատագիրը. ''Աստված տեսավ, որ Իր արարչությունը բարի է: Ուստի աշխարհը թակարդ չէ ձեր համար: Աշխարհը ստեղծված է, որպեսզի դուք տիրեք նրան'': Եվ հանքափորներն այլևս չեն վախենում և վերսկսում են իրենց աշխատանքը: Այդ նույն ժամանակ Տիբեթում լամաներն արգելում են հանքափորներին փորել հողը, քանի որ այդպես, ասում են, խոցում եք մեր մորը: Ուստի միակ մետաղագործությունը նրանց մոտ մնում է հողի մակերեսին գտնված նյութերի հույսին»:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։