Աղոթքը – Գրադարան – Mashtoz.org

Աղոթքը

Հարկավոր է ընդարձակ տարածք հատկացնել` վանականների աղոթքի մասին մանրամասն խոսել կարողանալու համար: Օգոստինոսն արդեն զմայլվում էր արտակարգ պարգևներին ի տես, որոնք նրանք ստացել էին Սուրբ Հոգուց[1]: Հովհաննես Կասսիանոսն իր Հարցազրույցներից երկուսը (իններորդը և տասներորդը) ընծայել է այս նյութի շուրջ նրանց կողմից տրված ուսուցումներին: Կարճառոտ սլաքական աղոթքները («monologhistos» աղոթքը) դառնալու էին միստիկ կյանքի քրիստոնեական բոլոր ավանդությունների ընդհանուր բարիքը[2]: Այստեղ բավարարվենք միայն մեկ օրինակով:
«Հայր Եղիան պատմեց, թե ծերերից մեկը բնակվում էր հեթանոսական մի լքված տաճարում: Մի օր սատանաները գալիս են և նրան ասում. “Հեռացի՛ր մեր տնից”: Ծերը պատասխանում է. “Դուք տուն չունեք”: Կատաղած, սատանաները սկսում են ցիրուցան անել արմավենու ճյուղերը, որոնցով ծերն աշխատում էր: Բայց նա համբերությամբ կրկին հավաքում էր դրանք: Վերջում, ծերունու ձեռքից բռնելով, սատանան քաշում է նրան դուրս. դռան մոտ հասնելով, ծերունին մյուս ձեռքով կառչում է դռնից ու գոչում. “Հիսո՜ւս, օգնի՜ր ինձ”: Իսկույն, սատանաները փախչում են: Ծերունին նստում ու սկսում է լալ: Տերը նրան հարցնում է. “Ինչո՞ւ ես լալիս”: Ծերը պատասխանում է. “Որովհետև համարձակվում են տիրանալ մարդկանց վրա և նման բաներ անել”: Այնժամ Տերն ասում է. “Պատճառն այն է, որ ծուլացար: Տե՛ս, հազիվ կանչեցիր ինձ` օգնության հասա”: Ուրեմն, ասում եմ քեզ, որ շա՜տ ջանք է հարկավոր. եթե մեկը ջանք չի գործադրում, չի կարող Աստծուն ունենալ իր հետ. նա մեր համար խաչվեց»[3]:
Բացատրության միայն մի քանի խոսք: Աստծուն իսկապես փնտրել` նշանակում է փնտրել Երիքովի կույրերի, քանանացի կնոջ նման: Աստծուն փնտրել` նշանակում է աղաղակել սեփական սրտի աղոթքը. մեր ամբողջ էությունը պետք է աղաղակ դառնա: Այսպիսով Նա, որ մեզ սիրեց խաչի վրա մահանալու աստիճան, Նա, որ երբեք բացակա չէ, մոտենում է` մեզ փրկելու համար:
[1] Lettera 130, 19-20 (PL 33, 501-502); “La prière brève et pure selon saint Benoît”, Irénokon 52 (1979), pp. 507-512.
[2] L. Regnault, “La prière continuelle 'monologhistos' dans la littérature apophtegmatique”, Irénikon 47 (1974), pp. 467-493.
[3] Եղիա 7.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։