ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐՈՒԹՅՈՒՆԸ – Գրադարան – Mashtoz.org

ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐՈՒԹՅՈՒՆԸ

Կարող ենք ասել, որ անապատական վանականության գրականությունը նույնանում է հոգևոր հայրության կիրարկման հետ: Ապոֆտեգման, որն այդ գրականության կարելի է ասել նյութական մասն է, կազմված է հարց-պատասխան նախագծի համաձայն, ուր վանականներից մեկը հարցնում է ծերերից մեկին. «Աբբա, մի խոսք ասա ինձ. ինչպե՞ս կարող եմ փրկվել»:
Այս բանաձևը գրավոր տեքստերում հայտնվում է միայն 4րդ դարի սկզբին, բայց իր սեմական բնույթը վկայում է մի ավելի վաղ ծագման մասին, արմատներով, որ հասնում են հրեա-քրիստոնեական սկզբնական ավանդություններին: «Աբբա» եզրը պահպանվել է այնպես, ինչպես որ է արամայերենում, թեև ղպտերենը այն արտասանում է որպես «ա՛փա»: Ըստ Սուրբ Հոգու ապրված կյանքն ավանդողին հայր անվանելու սովորությունը շատ շուտով մուտք էր գործել քրիստոնյա հասարակություններից ներս, հակառակ Հիսուսի իսկ կողմից տրված հստակ հրամանի. «Երկրի վրա ոչ ոքի մի՛ անվանեք “հայր”» (Մտթ 23, 9): Եվ սակայն, Հիսուսն Ինքը “հայրեր” է անվանում նրանց, ովքեր Իր ունկնդիրներին նախորդել էին Աստծո հանդեպ հավատքի կյանքում (հմմտ. Ղկս 1, 55; Հվհ 6, 31.49; 1Կր 10, 1): Հետևաբար, արտահայտվելու այս կերպը վաղուց ի վեր գործածական էր դարձել, և այս պատճառով է, որ վանական ավանդությունը նույնպես այն որդեգրել էր. իսկ Մատթեոս 23, 9 հատվածին ուղղված հավակնոտ որևէ հայացք – որի նպատակն էր սեփական Հոր հովանավորության սահմաններից դուրս փախչելը – իսկույն որակավորվում էր որպես սատանայական խաբեություն և հպարտության ակնհայտ նշան: Այս առումով միշտ հիշարժան է Էրոն անունով վանականի տխուր պատմությունը, որին տիրել էր հպարտությունը և «գոռոզությունը` Հայրերի նկատմամբ»[1]: Վանական ավանդության մեջ ճանաչված հայրությունը Հիսուսի կողմից մերժվածը չէ, այլ ընդհակառակը` լիովին համաձայն է Հիսուսի կողմից ուսուցանվածին, նմանությամբ հայրական այն պատկերի, որը Նա եկել էր ցոլացնելու երկրի վրա:
Աբբայի հոմանիշն է ծերը. սա նույնպես աստվածաշնչյան եզր է, որով չի մատնանշվում մարմնական տարիքը, այլ ավելի` քրիստոնեական հասարակության ներսում իմաստության և խոհեմության մեջ հասունությունը (հմմտ. Գրծ 11, 30; 14, 25; 15, 2.4.6.22; 20, 17; 1Տմ 5, 17; Տիտ 1, 5; 1Պտ 5, 1): Հատուկ կերպով հայտնի մի դեպքում, թեթևորեն ընդարձակվելով դարձել է «kaloghiros», այսինքն` «գեղեցիկ ծեր», որով Պակոմը ողջունում է մեծն Մակարին, ով խոնարհաբար թաքնվել էր իր վանքի նորընծաների շարքի ետևում, բայց չէր կարողացել թաքնվել մյուս մեծ Հոր հայացքից[2]:
Ծերերի առջև հարց դնող վանականի դիտավորությունն առանց բացառության արտահայտվում է «ինչպե՞ս կարող եմ փրկվել» կամ «որպեսզի փրկվեմ» բանաձևով: Այստեղ նույնպես երևում են սկզբնական արամայերենի հետքերը, ուր միևնույն արմատն արտահայտում է երկու գաղափարները միասին:
[1] Hist. Laus., 26, 1.
[2] Hist. Laus., 18, 16.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։