Փառավորումը – Գրադարան – Mashtoz.org

Փառավորումը

Անապատի Հայրերի այժմեականությունը կայանում է նրանց կողմից Ավետարանին ի նպաստ տրված վկայության մեջ: Աստծո բոլոր խոսքերը ճշմարիտ են և նրանց մեջ չկա մեկը, որ արդյունք չունենա: Հայրերը հոգևոր առաջնորդներ են, ո՛չ թե հոգեկանության դասախոսներ կամ պրոֆեսորներ: Ցույց են տալիս Աստծո կողմից յուրաքանչյուր մարդկային էակի ուղղված կոչման միակությունը: Ճանապարհը – Քրիստոս – միակ է. բայց բազում են օթևանները: Յուրաքանչյուր ոք Աստծո կողմից կանչվում է անունով, և այդ անունը միակ է: Անապատի Հայրերի կշռադատությունը կարողացավ բացահայտել քրիստոնեական դարձի մեծագույն օրենքները, որպեսզի որդիներն ազատվել կարողանան հին մարդուց, հարության ու փառավորման նորության հեռանկարով: Որպես եզրակացություն, միասին լսենք մի պատմություն, որ հիշեցնում է քրիստոնեական փափաքի վերջին կանչը. «Ե՛կ, Տէ՜ր Հիսուս» (Հյտ 22, 20):
«Հայր Սիզոեի մասին պատմում էին, որ մինչ պառկած էր մահվան անկողնում և հայրերը նստած էին իր կողքին, դեմքը սկսեց փայլել արևի նման: Եվ ասաց նրանց. “Ահա՛, եկավ հայր Անտոնը”: Եվ քիչ անց ասաց. “Ահա՛, եկավ Մարգարեների դասը”: Նրա դեմքը է՛լ ավելի փայլեց և ասաց. “Ահա՛, հասավ Առաքյալների դասը”: Ապա նրա դեմքի փայլը կրկնապատկվեց և թվում էր, թե խոսում էր ինչ որ մեկի հետ: Ծերերն աղաչեցին նրան, ասելով. “Ո՞ւմ հետ ես խոսում, հա՜յր”: Պատասխանեց. “Ահա՛, հրեշտակները եկել են ինձ տանելու, բայց խնդրում եմ տակավին որոշ ժամանակ տան ինձ, որպեսզի կարողանամ մի քիչ ապաշխարել”: Ծերերը նրան ասացին. “Ապաշխարելու կարիք չունես, հա՜յր”: Իսկ նա. “Իրականում, չգիտեի, թե երբևէ սկսել էի”: Եվ ամենքը հասկացան, որ կատարյալ էր: Նրա դեմքը հանկարծակի կրկին փայլեց արևի նման. ամեն ոք երկյուղով բռնվեց: Եվ ասաց նրանց. “Տեսնո՞ւմ եք, Տերը եկել է և ասում է. 'Իմ մոտ բերեք անապատի [ընտրյալ] անոթը'”: Եվ իսկույն հոգին ավանդեց: Կայծակի նման եղավ: Եվ ամբողջ տունն անուշահոտ բուրմունքով լցվեց»[1]:
Մահը գրեթե միշտ բացահայտում է կյանքի վերջին, գաղտնի իմաստը: Սիզոեի երկրային պանդխտությունը եղավ մի անդադար փափաք: Քրիստոսն այժմ ընդառաջ է գալիս նրան՝ սուրբ վանականների, մարգարեների ու առաքյալների ընկերակցությամբ: Բայց հենց այդ պահին, երբ Հարուցյալի փառքը մոտենում է, Սիզոեն զգում է իրեն մեղավոր, սկսնակ, բարի գործերի համար անպետք մի մարդ: Սերը վերարթնացնում է դարձի գալու այս կենսական պահանջը. սա՛ է կատարելությունը: Հունական իմաստասիրական երազանքներին արմատապես հակառակ մի համոզում, որը Գրիգոր Նյուսացու կողմից արտահայտվում է «անփոփոխ շարժում» առեղծվածային բանաձևով: Ուշադիր լինենք նաև Եկեղեցու խորհրդի ծածուկ ներկայությանը: Եկեղեցին Աստծո տունն է: Վանականի մահն այն լցնում է Քրիստոսի բուրմունքով: Անոթը բեկվում է և անուշահոտ բուրմունքը տարածվում է ամբողջ աշխարհով մեկ: Ավետարանում հիշվող կնոջ նման, հիրավի, նա շատ էր սիրել:

[1] Սիզոե 14.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։