ԱՌԱՋԱԲԱՆ – Գրադարան – Mashtoz.org

ԱՌԱՋԱԲԱՆ

Գրիգոր Պետրոս 15րդ Աղաջանյան Կարդինալի համառոտ կենսագրությունն անկասկած չափազանց «կարճ» պիտի թվա՝ ճանաչելու համար այս «վսեմ կերպարը», ինչպես որ նրա մասին արտահայտվել է Սբ. Պողոս 6րդ Պապը նրա մահվան օրը, որ տեղի է ունեցել Հռոմում, 1971 թվականի Մայիսի 16-ին։

Ինքն իր մասին Կարդինալ Աղաջանյանը գրել է իր կտակում. «1906 թվականին վերատնկվեցի Հավիտենական Քաղաքում, 11 տարեկան հասակում» դառնալով Քահանայապետական Հայ Վարժարանի սան։ Այդ օրվանից, բացառությամբ մի կարճ ժամանակաշրջանի՝ 1919-1921 թվականների միջև, նա այլևս երբեք չտեսավ իր ծննդավայրը։ Հռոմեացի ավելի, քան Հռոմում ծնված մեկը, նա բարձրակարգ մշակույթի ու խորը սիրալիությամբ օժտված մարդ և քահանա եղավ, որ նվիրվեց Եկեղեցու ծառայությանը, շռայլելով իր բոլոր ուժերը, որպեսզի Քրիստոսի Ավետարանը տարվեր նաև աշխարհի ամենահեռավոր անկյունները։

Լինելով Եպիսկոպոս և Պատրիարք, Հավատքի Տարածման (ներկայումս՝ Ավետարանացման) Սուրբ Ժողովի Նախագահ, և Կարդինալ, ո՛չ միայն զարկ տվեց միսսիոներական մի բուռն գործունեության, այլ՝ ինքն էլ անձամբ, Հայ Ժողովրդի և Հայաստանի կաթողիկե համայնքների համար, եղավ լավ հովիվ, ով ոչ մի ջանք չխնայեց՝ մոտ լինելու համար համայնքներին, հավատացյալներին, քահանաներին, Եպիսկոպոսներին, որոնք սփռվել էին ողջ աշխարհով մեկ՝ 1915 թվականի Ցեղասպանությանը հաջորդած ողբերգական ու արյունալի իրադարձություններից հետո։ Իր՝ հովվի հետ, Հայ Կաթողիկե հասարակությունը վերագտավ իր կարևորությունն ու իր հեղինակությունը, և սփյուռքի մեջ գտնվելով հանդերձ՝ իր կենսունակությունն ու իր կորովը։

Վարիչի դերով մասնակցելով Վատիկանյան Երկրորդ Տիեզերական Ժողովին, – պաշտոն, որին կանչվել էր Սբ. Պողոս 6րդ Պապի, իսկ նրանից առաջ արդեն՝ Սբ. Հովհաննես 23րդ Պապի կողմից, – ընդունակ եղավ ամբողջովին յուրահատուկ ու կարևորագույն նպաստ բերելու Եկեղեցու միսսիոներական ու ավետարանող գործունեությանը նվիրված «Ad gentes» - «Ժողովուրդներին» կոչվող Վճռագրի պատրաստմանը, և «Gaudium et spes» - «Բերկրանք և հույս» կոչվող Սահմանադրության վերջնական սահմանմանն ու կառուցվածքին։

Կյանքի համառոտ ուրվագծերը, որ հնարավոր է ընթերցել այս կենսագրության մեջ, որն հրատարակվում է Երանացման ու Սրբադասման Թեմական Հետաքննության բացման առիթով, չեն սպառում Կարդինալ Աղաջանյանի հոգևոր խորության և գործի զորության ըմբռնումը, բայց օգնում են բացահայտելու մի բարի հովիվ և մի վավերական հավատացյալ։ Մարգարեական են մնում խոսքերը, որոնք Սբ. Պողոս 6րդը հղեց Հայ Եկեղեցուն, 1971 թվականի Մայիսի 26-ի իր ցավակցական նամակում. «Պատմությունը կասի, թէ ի՛նչ են պարտական նրան քրիստոնյա Հայաստանը, կաթողիկե Առաքելությունները, Սուրբ Աթոռը և ողջ Եկեղեցին»։ Մի մարդ, մի քրիստոնյա, ավետման գործի մի հավատարիմ ծառա, ով հոգևոր և նյութական ոչ մի ուժ չխնայեց՝ մարդկանց հասցնելու համար Աստծո սիրո պատգամը։ Այսպիսով՝ Կարդինալ Աղաջանյանը կարողացավ բոլորի Հորը վերադարձնել այն մեծ պարգևները, որ ստացել էր, դնելով դրանք ի ծառայություն Եկեղեցու, որպեսզի բոլորը կարողանային հանձինս Խաչված Քրիստոսի ճանաչել Աստծո Որդուն և Նրա մեջ յուրաքանչյուր մարդ կարողանար ճանաչել իրեն որպես որդի և որպես եղբայր։

Իր եպիսկոպոսական նշանաբանն ինքնին – «Iustitia et Pax» - «Արդարություն և Խաղաղություն» – մեզ խոսում է իր արիության մասին և Տիրոջ Ավետարանի հանդեպ իր հավատարմության ու իր ծառայության մասին, որպեսզի խաղաղությունը – Հարուցյալ Քրիստոսի կողմից Իր վախեցած ու շփոթված աշակերտներին հանձնված խաղաղությունը – լիներ այժմեական, ճշմարիտ, իրական, բոլորի համար և Հայ Ժողովրդի համար ի մասնավորի։ Եվ սրա հետ միասին, մեզ խոսում է նաև արդարության մասին, որն Աստծո մեջ ապահով ողորմություն է, բայց որը մարդկանց միջև գտնվում է համակեցության ու ընկերության հիմքում, քանի որ փնտրում է ճշմարտությունը և պարգևում է ներումը։ Առաջարկել և ընծայել խաղաղությունը՝ ինչպես փնտրել և հայցել արդարությունը, եղան Գրիգոր Պետրոս 15րդ Աղաջանյան Կարդինալի կյանքի ծրագիրը. նրա, որ Աստծո այրն էր, Քրիստոսի հավատացյալն ու բոլորի ծառան, և ի մասնավորի՝ իր հայազգի եղբայրների։

1971 թվականի Մայիսի 21-ից իր աճյունը հանգչում է Հռոմի Սբ. Նիկողայոս Թոլենտինացի հայոց եկեղեցում, բայց հավատքի իր վկայությունն այսօր էլ Քրիստոսի հավատացյալներին ավանդում է վավերական կյանքի մի պատգամ ու մի օրինակ։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։