ՔԱՀԱՆԱՅԱԿԱՆ ՁԵՌՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՎՐԱՍՏԱՆ – Գրադարան – Mashtoz.org

ՔԱՀԱՆԱՅԱԿԱՆ ՁԵՌՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՎՐԱՍՏԱՆ

1915-1916 թվականների միջև երիտասարդ Ղազարոս Աղաջանյանի կյանքի վրա հետք թողեցին պատերազմական իրադարձություններն ու արյունալի բախումները. սկսած Հայոց Ցեղասպանությունից և նրանց տեղահանումներից, որ գործադրվում էին Օսմանյան Կայսրության կողմից (հետագայում պակաս ցավալի չէր լինելու Հայերի ներգաղթը 1945 թվականին)։ Իրադարձություններ, որ խորապես խոցեցին իր ինքնությունը և իր պատկանելությունը մի ժողովրդի ու մի երկրի, որին կանչվելու էր ծառայելու ու պաշտպանելու իր ողջ կյանքի ընթացքում։ Մեծ պատերազմի բռնկումը արագացրեց նրա ընթացքը դեպի քահանայություն. քանի որ աչքի էր ընկնում իր տաղանդով, ինչպես նաև նրա զինվորագրումից խուսափելու նպատակով, Կարդինալ Ջիրոլամո Մարիա Գոտտին արտոնեց նրա սարկավագական ձեռնադրությունը 1915 թվականին։

1917 թվականի Դեկտեմբերի 23-ին, Հռոմում, ձեռնադրվեց և օծվեց Հայ Կաթողիկե Եկեղեցու կուսակրոն քահանա, և այդ օրն իր համար որպես քահանայական անուն ընտրեց Ֆրանցիսկոս Ղազարոս անունը, ի նշան Սբ. Ֆրանցիսկոս Ասսիզացու հանդեպ յուրահատուկ բարեպաշտության ու սիրո։

1919 թվականին, – Համաշխարհային Առաջին Պատերազմի ավարտից քիչ անց, որի ժամանակ գրանցվել էին անթիվ զոհեր ու անասելի տառապանքներ, – երիտասարդ քահանան իր եկեղեցական վերադասների կողմից ուղարկվեց Թիֆլիս, Հայ Կաթողիկե համայնքի մոտ, սրբազան ծառայության պաշտոնը կատարելու իր ժողովրդի մեջ, որն այդքա՜ն տառապել էր տարբեր ներխուժողների տիրապետության ներքո։ Վերադարձավ, այդպիսով, Վրաստան, ուր Թիֆլիս քաղաքը, իր աշխարհագրական դիրքով, մարտավարական կարևոր խաչմերուկ էր հանդիսանում Ռուսական Կայսրության համար, հնարավորություն ընձեռելով վերահսկել և՛ հարավային, և՛ հյուսիսային Կովկասը։

1919-1920 թվականների միջև, երիտասարդ քահանա Ֆրանցիսկոս Ղազարոս Աղաջանյանը Թիֆլիսից որդիական նամակներ գրեց Գերհարգելի Հայր Սարգիս Տեր Աբրահամյանին. նամակներ, որոնց մեջ ընդգծում էր երախտագիտության իր մեծ զգացումները։ Այդ նամակներում Տեր Աբրահամյանն իրոք մատնանշվում էր որպես գործիք՝ Աստվածային Նախախնամության ձեռքերում, որն իր առջև բացել էր քահանայական կոչման ուղին, վերատնկելով Կովկասի «հեռավոր լեռներում բուսած տունկը» Հավատքի Տարածման Ժողովին պատկանող Վարժարանի անհամեմատելիորեն արգավանդ հողում։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։