ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԱՂՈԹՔԻ ՄԱՍԻՆ – Գրադարան – Mashtoz.org

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԱՂՈԹՔԻ ՄԱՍԻՆ

Արթուն եղե՛ք և աղոթեցե՛ք, որպեսզի փորձության մեջ չընկնեք (Մտթ 26, 41):

Արթո՛ւն կացեք այսուհետև, ամեն ժամ աղո՛թք արեք, որպեսզի կարողանաք զերծ մնալ այն ամենից, որ լինելու է, և արժանի լինեք կանգնելու մարդու Որդու առաջ (Ղկս 21, 36):

Եվ երբ աղոթես, չլինե՛ս կեղծավորների նման, որոնք սիրում են ժողովարաններում և հրապարակների անկյուններում աղոթքի կանգնել, որպեսզի մարդկանց երևան. ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը։ Այլ դու երբ աղոթես, մտի՛ր քո սենյակը, փակի՛ր քո դռները և ծածո՛ւկ աղոթիր քո Հորը, և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ հայտնապես։ Աղոթք անելիս շատախոս մի՛ լինեք ինչպես հեթանոսները, որովհետև նրանք կարծում են, թե իրենց շատ խոսքերի պատճառով լսելի կլինեն։ Արդ, նրանց չնմանվե՛ք, որովհետև ձեր Հայրը գիտե, թե ի՛նչ է ձեզ պետք, նախքան որ դուք նրանից մի բան ուզեք (Մտթ 6, 5-8)։

Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, թե ով հավատում է ինձ, ինքն էլ կանի այն գործերը, որ ես եմ անում. և դրանցից ավելի մեծերը կանի, որովհետև ես գնում եմ Հոր մոտ։ Եվ ինչ որ ուզեք իմ անունով, այն կանեմ, որպեսզի Հայրը փառավորվի Որդու միջոցով (Հվհ 14, 12-13):

Տերն ամբարիշտներից հեռու է, բայց արդարների աղոթքը լսում է (Առկ 15, 29):

Ամեն ինչ, որ աղոթք անելով խնդրեք և հավատաք, թե կստանաք, կտրվի ձեզ։ Եվ երբ աղոթքի կանգնեք, եթե մեկի դեմ մի բան ունեք, ներեցե՛ք, որպեսզի ձեր Հայրն էլ, որ երկնքում է, ների ձեզ ձեր հանցանքները (Մրկ 11, 24-25):

Աղոթեցե՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ և հալածում, որպեսզի որդիները լինեք ձեր Հոր, որ երկնքում է. քանի որ Նա իր արեգակը ծագեցնում է չարերի ու բարիների վրա և անձրև է թափում արդարների ու մեղավորների վրա (Մտթ 5, 44-45):

Ուրա՛խ եղեք միշտ, անդադար աղոթեցե՛ք, ամեն ինչում գոհությո՛ւն մատուցեցեք, որովհետև ա՛յդ է Աստծո կամքը ձեր համար ի Քրիստոս Հիսուս (1Թղ 5, 17-18):

Ուզում եմ, որ տղամարդիկ աղոթեն ամեն տեղ, սուրբ ձեռքեր բարձրացնեն դեպի վեր, առանց բարկության և երկմտության։ Նույնպես և կանայք, համեստ զարդարանքով, ակնածությամբ ու պարկեշտությամբ թող զարդարվեն. ո՛չ թե մարգարիտով ընդելուզված ոսկյա հյուսքերով կամ պճնազարդ զգեստներով, այլ՝ բարի գործերով, ինչպես վայել է աստվածապաշտությունը հանձն առած կանանց (1Տմ 2, 8-10):

Ձեզնից մեկը վշտի մեջ է ընկե՞լ, թող աղոթի. մեկը բերկրանքի մեջ է՞, սաղմոս թող ասի. հիվա՞նդ է ձեզնից մեկը, թող կանչի եկեղեցու երեցներին, և նրանք նրա վրա թող աղոթք անեն, թող յուղով օծեն նրան Տիրոջ անունով։ Եվ հավատքով եղած աղոթքը կփրկի հիվանդին, ու Տերը նրան ոտքի կկանգնեցնի։ Եվ եթե մեղք գործած լինի, այդ նրան պիտի ներվի։ Ձեր մեղքերը միմյանց խոստովանեցե՛ք և միմյանց համար աղո՛թք արեք, որպեսզի բժշկվեք. քանզի արդարի աղոթքը շատ ազդեցիկ է և օգնում է։ Եղիան մարդ էր մեր նման, կրքերի ենթակա. նա աղոթեց, ու երկրի վրա երեք տարի ու վեց ամիս անձրև չտեղաց։ Ապա դարձյալ աղոթեց, և երկինքը անձրև տվեց, ու երկիրը բուսցրեց իր պտուղը (Հկբ 5, 13-18)։

Զգաստացե՛ք ուրեմն և արթո՛ւն եղեք աղոթքի համար (1Պտ 4, 7):

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։