ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԸ ԱՂՈԹՔԻ ՄԱՍԻՆ – Գրադարան – Mashtoz.org

ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԸ ԱՂՈԹՔԻ ՄԱՍԻՆ

Եկեղեցու Սուրբ Հայրերը դարերի ընթացքում անծայրածիր էջեր են գրել աղոթքի մասին։ Այստեղ ներկայացված են ամենահին շրջանի Հայրերի աշխատություններից սոսկ մի քանի հատընտիր հատվածներ՝ ընդամենը որպես համտես, խրախուսելու համար աղոթքն ու Սուրբ Հայրերի գրությունների ընթերցումը։

 

***

 

Արդ, աղոթքով, պահքով, սուրբ սիրով, շնորհալից հույսով և բաղձալից մղումով զգուշորեն պատրաստ եղիր՝ Աստծո կամքը կատարելու: Ահով և երկյուղով ջանա՛ միշտ հառաջանալ բարեպաշտության մեջ և չպակասեցնել տեսանելի ու անտեսանելի առաքինությունների վաստակդ:

Եվ ամենուր հոգևորապես, անխափան կատարիր աղոթքի ծառայությունդ՝ թե՛ տանը նստած, թե՛ ճանապարհ գնալիս, թե՛ աշխատելիս, թե՛ ննջելիս և թե՛ արթնանալիս:

Ողջ սրտից բխած աղոթքներն ու խնդրվածքները [Աստծո] շնորհիվ խաղաղություն են բերում հոգուն, իսկ միտքը խնամալից պաղատանքներով ուղղվում է դեպի արտասվալից զղջումը և եռանդասեր խանդաղատանքով՝ դեպի ավետիսների հիշատակը: Աղոթքները, շնորհալից արտասուքներ հեղելով, մաքրում են միտքն ու մարմինը չար ու աղտեղի ցանկություններից:

Բաց մի՛ թող մտքիցդ Աստծուն հիշելը՝ անդադար խնդրվածքներով, եռանդասեր հոգով և միշտ ջերմ արտասուքով, որպեսզի աղոթքներով ընդունելության արժանանաս, և Աստված [քեզ] պարգևատու լինի, քանզի կամենում է, որ բոլորը փրկվեն և արժանանան արքայության՝ ի Քրիստոս Հիսուս:

Սբ. Գրիգոր Լուսավորիչ[1]

 

Սրտի սրբությունն առավել է բոլոր բարձրաձայն բարբառվող աղոթքներից։ Եվ հստակված մտքին խառնված լռությունն առավել է մեկի բարձրաձայն աղաղակից: Արդ, սիրելի՛, տուր ինձ քո սիրտն ու խորհուրդները և լսիր դու Սրբերի աղոթքների զորությունը: Տե՛ս՝ ինչպե՛ս Աստծո առաջ առաքինացան առաջին արդարներն իրենց աղոթքներով, նրանց պատարագներն ընդունելի եղան [Աստծուն]։ Եվ դարձյալ՝ [աղոթքներով] Նա ցածրացրեց հեղեղի ջուրը, բազմացրեց ամուլների ծնունդները, կործանեց բանակները, հայտնեց խորհուրդները, բաժանեց ծովերը, ճեղքեց Հորդանանը, կանգնեցրեց արեգակն ու լուսինը, կոտրեց պիղծերին, իջեցրեց ջրերը, փակեց երկինքը, հանեց գբից, ազատեց հրից, փրկեց ծովից, և աղոթքի զորությունները հույժ և առավել են:

Երբ աղոթելիս լինես, սիրտդ ուղղիր վե՛ր, իսկ աչքերդ՝ վա՛ր, մտիր դու քո ներսը՝ քո ներքին մարդու մեջ, և ծածուկ աղոթիր քո Հորը, որ Երկնքում է։ Եվ այս ամենը, որ գրեցի քեզ աղոթքի ճառերի մասին, եթե սուրբ լինեն, ընդունելի կլինեն, և եթե սուրբ չլինեն, ընդունելի չեն լինի: Քանզի կան ոմանք մեր մեջ, որ շատացնում են աղոթքները, երկարացնում հեծությունները, կորացնում իրենց անձերը և տարածում իրենց ձեռքերը, բայց աղոթքի գործերը հեռու են նրանցից:

Աղոթքները վայելուչ են, եթե գործերը բարի են. ընդունելի են, եթե խաղաղություն է լինում նրանց մեջ. լսելի են, եթե թողություն է գտնվում նրանց մեջ. սիրված են, եթե սուրբ են նենգությունից. զորավոր են, եթե նրանց մեջ կատարվում են Աստծո զորությունները:

Կան խնդրվածքներ, օրհնություններ և գոհություններ: Խնդրվածքներն այս են. որ մեկն իր մեղքերի համար գթություն և ողորմություն է խնդրում: Օրհնություններն ու գոհություններն այս են. որ խնդությամբ գոհանում է երկնավոր Հորից և օրհնում Նրան՝ Իր բոլոր գործերի համար: Խնդրվածքների աղոթքը մատուցիր քո նեղության վտանգի ժամանակ, իսկ երբ լցվես Նրա բարությամբ, խոստովանությամբ գոհացիր քեզ տվողից, և այն ժամանակ, երբ միտքդ լի է ուրախությամբ ու ցնծությամբ, օրհնություն և փառք տուր։ Եվ քո բոլոր աղոթքները թող ընտրողաբար լինեն Աստծո առաջ:

Սբ. Հակոբ Մծբնացի[2]

 

Ո՜վ դու մեղավոր, որչափ կարող ես, բազում աղոթքներով մարտնչիր ընդդեմ սովորական դարձած քո մեղքերի և բարեխոսության կանչիր Սուրբ Հրեշտակների դասերին, բոլոր Սրբերին ու Արդարներին, մանավանդ՝ Սուրբ Աստվածածնին, առավել ևս՝ Քրիստոսի Սուրբ Չարչարանքները. և անդադար աղաղակիր առ Հայր, որպեսզի ողորմի քեզ և Սուրբ Հոգու միջոցով կարողություն տա քեզ՝ ընդդիմանալու մեղքերին:

Սբ. Եփրեմ Ասորի[3]

 

Աղոթել սկսելով՝ թո՛ղ անձդ, կնոջդ ու որդիներիդ, թո՛ղ երկիրը, բարձրացի՛ր երկնքից էլ վեր, թո՛ղ տեսանելի ու անտեսանելի ամեն արարած և սկսի՛ր փառաբանել ամենքի Արարչին։ Եվ երբ անզբաղ մտքով փառաբանես Նրան, Սուրբ Գրքից ընտրի՛ր՝ ասելով. «Օրհնում եմ Քեզ, Տեր երկայնամիտ ու անոխակալ, որ միշտ ներողամիտ ես իմ՝ հանցավորիս նկատմամբ։ Եվ տո՛ւր մեզ բոլորիս ապաշխարելու կարողություն, քանզի լսում և անսալով ներում ես մեզ, որպեսզի փառաբանենք Քեզ, որ տնօրինում ես մեր ազգի փրկությունը»։ [...]

Իսկ երբ Սուրբ Գրքից ըստ կարողության փառաբանես ու գովեստ մատուցես Աստծուն, այնժամ սկսի՛ր խոնարհությամբ և ասա՛. «Ես արժանի չեմ Քո առաջ բարբառելու, Տեր, քանզի հույժ մեղավոր եմ»: Թեպետ անձիդ ապիրատության մասին ոչինչ չգիտես, սակայն այդպե՛ս պետք է ասես, քանզի ոչ ոք անմեղ չէ, այլ միայն՝ Աստված, քանզի բազում անգամ մեղանչելով՝ շատ բան չենք ըմբռնում, որի մասին Առաքյալն ասում է. «Ինքս ինձ չգիտեմ, սակայն սրանով չեմ արդարանում» (1Կր 4, 4), այսինքն՝ բազում անգամ մեղանչում եմ և չեմ ըմբռնում: Այս մասին Մարգարեն ասում է. «Չիմացավ իր հանցանքները» (Հոբ 35, 15): Եթե չես ասում, թե՝ մեղավոր եմ, ուրեմն չես ատում անձդ, քանզի հենց միայն «մեղավոր չեմ» ասելով՝ մեղանչում ես: Բայց, մանավանդ, ասա՛, թե՝ մեղավորներից էլ ավելի՛ հանցավոր եմ Աստծո պատվիրանների հանդեպ: Այդպե՛ս է պետք խորհել ամեն ժամ և ասել, թե՝ անպիտան եմ, նաև միմյանց խոնարհությամբ ավելի մեծարել, քան [սեփական] անձերը: Այսուհետև, երկյուղով ու խոնարհությա՛մբ մոտեցիր Աստծուն, իսկ երբ մատուցես խոնարհության խոսքը, ասա՛. «Գոհանում եմ Քեզնից, Տեր, քանզի երկայնամտությամբ ներեցիր ինձ և մինչև օրս առանց տանջանքների պահեցիր, քանզի, Տեր, առավել ևս արժանի էի մեծ պատուհաս կրելու և Քո կողմից արհամարվելու: Իսկ Քո անոխակալ մարդասիրությունը ներողամիտ գտնվեց իմ հանդեպ: Գոհանում եմ Քեզնից, թեպետ և արժանի չեմ երկայնամտությանդ գովությանը»։ Եվ երբ երկուսն էլ՝ փառաբանությունն ու խոնարհությունը, կատարես, այնժամ խնդրի՛ր այն, ինչ որ պետք է խնդրեիր։

Սբ. Բարսեղ Կեսարացի[4]

 

Եթե Աստծուն աղաչես՝ օգնել քեզ փորձության ժամանակ, և չլսի քեզ, մի՛ վհատվիր, քանզի Ինքը քեզնից առավել գիտի քո օգուտը: Քո խնդրվածքների մեջ Աստծուն մի՛ ասա, թե՝ վերցրո՛ւ այս ինձնից կամ տո՛ւր ինձ այս, այլ՝ այսպե՛ս աղոթիր.

«Տե՜ր Հիսուս, Դու ես իմ օգնականը, Քո ձեռքերի մեջ եմ. Դու գիտես իմ օգուտը, օգնի՜ր ինձ: Մի՛ թող ինձ կորչել իմ մեղքերի մեջ, գթա՜ Քո ստեղծվածին, մի՛ գցիր ինձ Քո աչքից՝ իմ մեղքերի պատճառով, քանզի Քեզ ապավինեցի: Բժշկի՜ր իմ անձը, քանզի մեղանչեցի Քո հանդեպ, Քո առջև են իմ բոլոր նեղիչները, և չկա ինձ ապավեն, Տե՜ր, Քեզնից բացի: Փրկի՜ր ինձ ըստ Քո ողորմության, և թող որ ամաչեն բոլոր իմ վրա հարձակվածները, որ ձգտում են կորստյան մատնել իմ անձը, քանզի Դու, Տե՜ր, ամենակարող ես, և Քոնն է փառքը հավիտյանս»:

Սբ. Սերապիոն Եպիսկոպոս[5]

 

Հնազանդվիր սիրո՛վ, աղոթիր հույսո՛վ, աշխատիր հավատքո՛վ, և կպայծառանաս երկնային հարսանիքում:

Սբ. Եզնիկ Կողբացի[6]

 

Ջանա՛ աղոթքի ժամանակ միտքդ խուլ ու համր պահել, անսայթաք մնալ ամեն տեսակ արկածներից, որպեսզի աղոթքդ ընդունելի լինի:

Աղոթքը հեզության, անբարկության, անհիշաչարության և սիրո բխումն է:

Աղոթքը խնդության, խաղաղության և գոհության բխումն է՝ դեպի լավագույնը:

Աղոթքը տրտմության, տարակուսանքների և վշտերի հրաժարադեղն ու սփոփանքն է:

Գնա՛, վաճառի՛ր քո ունեցվածքը և տո՛ւր աղքատներին և, վերցնելով խաչդ, ուրացի՛ր անձդ և աշխարհը (Մտթ 19, 21; 16 24), որպեսզի կարողանաս անզբաղ աղոթել:

Եթե կամենում ես գովելի կերպով աղոթել, միշտ ուրացի՛ր անձդ և, աղոթքի համար բազում նեղություններ կրելով, ստուգապե՛ս իմաստասիրիր:

Անզբաղ աղոթելը մտքի ծայրագույն վիճակն է, որը միշտ աստվածայինը խոկալն է:

Աղոթքը մտքի համբարձվելն է երկրային իրողություններից՝ առ Աստված:

Զգո՛ն եղիր աղոթքի ժամին՝ միտքդ պահելով մտածություններից, և քո ներսում լռությո՛ւն պահպանիր, որպեսզի Նա, Ով վշտակից է լինում տգետներին, քո մոտ գա, և այնժամ կգա շնորհներով բարգավաճած աղոթքի պարգևը:

Չես կարող մաքուր աղոթել՝ խնդրելով մարմնավոր իրեր, քանզի աղոթքը հեռացնում է այս աշխարհի նյութական ակնկալություններից:

Կապվածը չի կարող ընթանալ, և ախտերին ծառայող միտքը չի կարող տեսնել հոգևոր ոլորտը, քանզի ներքաշվում ու տարուբերվում է ախտավոր մտքերի մեջ և մաքուր չի մնում:

Երջանիկ է այն միտքը, որն, անզբաղ աղոթելով, բարձրացնում է իր անձը դեպի Աստծո առավել փափագումը:

Երբ, կանգնելով աղոթքի, զգում ես ուրախություն, որը վեր է այս աշխարհի բոլոր ուրախություններից, այնժամ իսկապես ձեռք ես բերել սուրբ աղոթքը, որ կատարվում է ի փառս Ամենասուրբ Երրորդության, այժմ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

Սբ. Նեղոս Սինայեցի[7]

 

Աղոթքի ժամանակ հեռու չես հրեշտակներից, այլ՝ նրանց հետ ես, որպեսզի նրանց հետ փառավորես Աստծուն, ինչպես որ դու նրանց հետ ես միաբանվում, նույնպես էլ նրանք քո հետ երգակից են լինում աղոթքների և օրհնությունների ժամանակ:

Սբ. Եղիշե Վարդապետ[8]

 

Աղոթքն ամրության պարիսպ է, հաստատության սյուն, հավատքի հիմք, հուսո խարիսխ, առ Աստված ելնելու սանդուղք: Աղոթքը պարծանքների պսակ է, փրկության պատճառ, բարիքների առիթ, համբերության մարզիչ, աստվածպաշտության ծանոթություն, Սուրբ Հոգուն հրավիրող, ինչպես վկայում է աղոթքով այս ամենը գտած ու պայծառացած Կոռնելիոսը (Գրծ 10, 1-33): Աղոթքը սանդարամետական դևերի հալածիչ է, Բելիարին (Դտվ 20, 13) ջախջախող, բանսարկուին կործանող, նրա բոլոր արկածները խափանող և կորստյան ամոթ։ Եվ քանի որ սատանան գիտի, որ մարդն աղոթելիս շնորհ է ստանում Աստծուց, ուստի ջանում է աղոթքի ժամին ցնորել մարդկանց մտքերը, որպեսզի զրկի շնորհներից, որոնք մարդը ստանում է մաքուր մտքով աղոթելիս:

Ուստի և մենք, իմանալով այս, նրան հակառակ՝ հանապազ ջանանք անզբաղ մնալ աղոթքի մեջ։ Եվ այն ժամին մեր սրտերը մաքրենք չարի բոլոր արկածներից և միշտ աղոթենք առանց բարկության ու երկմտության։ Եվ մանավանդ, սրտանց աղոթենք թշնամիների համար, որպեսզի մեր աղաչանքն էլ ընդունելի լինի Աստծո մոտ։ Եվ հատկապես, աղոթքի ժամին մեր հոգիների մեջ ընդունենք Քրիստոսի սիրո հուրը՝ հարատև պաղատանքներով արթուն լինելով Նրա առաջ, առօրյա հոգսերը թեթև համարելով հանուն մշտնջենավոր բարիքների վայելքի:

Պարտավոր ենք միմյանց համար աղոթել, օգնել և փրկել միմյանց՝ մարմնի և հոգու վտանգներից: Քանի որ, եթե մարտընկերները զգուշանում են ո՛չ միայն [սեփական] անձի, այլ նաև՝ ընկերոջ համար, և մեռնում նաև ուրիշների համար, ո՛րչափ առավել ևս մենք ենք պարտավոր հոգևոր պատերազմում աղոթքներով և բազում բարեխոսություններով [միմյանց] օգնական լինել, ինչպես սովորեցինք գլխավոր Առաքյալներ Պողոսից, Հովհաննեսից և տյառնեղբայր Հակոբոսից:

Խոսրով Անձևացի[9]

 

Աղոթքն առավել հարազատ և մերձավոր է Աստծուն, քան առաքինություններից որևէ մեկը, քանզի բոլոր մյուսները որպես հանդերձանք և պատրաստություն են՝ Աստծո մոտ մուտք գործելու համար, իսկ սա դեմ-հանդիման խոսակցություն է Աստծո հետ:

Սբ. Գրիգոր Նարեկացի[10]

 

Հաճա՛խ աղոթեցեք, քանզի աղոթքներն են, որ մարդկանց բարձրացնում են առ Աստված և Աստծուն խոնարհեցնում են դեպի մարդիկ:

Սբ. Ներսես Շնորհալի[11]

 

Ով աղոթելիս մարմնավոր փառք, մեծություն, կամ էլ հարստություն է խնդրում Աստծուց, այդպիսին բարկացնում է Աստծուն և չի հաշտեցնում: Այդ ժամանակ նա նման է այն ապշած խելագարին, ով գնաց ողորմած թագավորի մոտ և, արհամարհելով պայծառ ոսկին ու լուսավոր մարգարիտը, ժահահոտ աղբ խնդրեց թագավորից: Այս պատճառով էլ Տերն ասաց, որ. «Աղոթելիս հեթանոսների պես շատախոս մի՛ եղեք» (Մտթ 6, 7): Քանզի նրանք հարության հույս չունեն և այս կյանքի մասին են միայն հոգում ու խնդրում: Իսկ դուք Արքայությո՛ւնը խնդրեք, քանզի երկնավոր Հայրը գիտի ձեր մարմնավոր կարիքները և ձեր համար կպատրաստի կերակուր, զգեստ, ինչպես նաև՝ ամեն անհրաժեշտ բան:

Աստված կամենում և ուրախանում է, երբ մենք աղոթում ենք ողջ աշխարհի համար՝ արդարների ու մեղավորների, ողջերի ու ննջեցյալների, հեռավորների ու մերձավորների, առավել ևս՝ նրանց համար, ովքեր չարիք են կամենում կամ գործում մեր նկատմամբ:

Աղոթքի միջոցով հանենք քենն ու ոխը մեր մտքից և հետո՛ միայն Աստծուց կարող ենք թողություն խնդրել մեր հանցանքներին: Արդ, սա՛ է ընդունելի աղոթքը, որ հաճելի է Աստծո կամքին:

Աղոթելով` մարդ զրուցում է Աստծո հետ և հավասարվում հրեշտակներին: Առավել ևս այն ժամանակ, երբ արծաթափայլ ջերմ արտասուքը բխելով՝ իջնում և լվանում է աչքը [...] , և միևնույն ժամանակ ջնջում մարդու ներսում եղած մեղքերի շարավը: Ու սիրտը սկսում է փղձկալ և ճմլվել և բորբոքվել Աստծո սիրո կրակով: Ապա միտքը, համբառնալով առ Աստված, տեսնում է հանդերձյալ աշխարհն ու արդարների հանգիստը: Հիշում է մարդկային ցեղի կործանումը, երբ զրկվեցինք հայրենի ժառանգությունից: Մտաբերում է նաև իր անձի մեղքերն ու հանցանքները, նաև մնացած բոլոր մեղքերը, որ կատարվում են աշխարհում: Սիրելի՛, ահա՛ երկրորդ ավազանը, ահա՛ աղոթքի քաղցրահամ ճաշակումն ու ցանկալի թմրությունը. այն նման է սերովբեների հիացմանն ու անուշահամ ճաշակմանը, որն ունենում են Աստվածության բուրմունքից: Ո՞վ կընդիմանա արդյոք այդ երանելի պահին, երբ Աստծո այս շնորհները հանդիպեն կամ պատահեն որևէ մեկին: Երկինքն իր լուսատուներով և երկիրն իր բարիքներով չեն կարող հավասարվել այս վայրկյանին: Ուստի աղաչում եմ՝ չծուլանանք, այլ՝ արիաբար միշտ աղոթենք օր ու գիշեր, քուն թե արթուն, քայլելիս թե նստած ժամանակ, առավոտյան թե երեկոյան, աշխատելիս և թե հանգստի պահին, այսինքն՝ միշտ օրհնենք և փառաբանենք Աստծուն, որովհետև, ո՞վ գիտի, գուցե աստվածային այդ շնորհներից մեզ էլ պատահի մի ցանկալի պահ, երբ լույսի յուղ կդառնա մեր լապտերներում:

Աղոթենք անդադար, քանզի սա՛ է անուշահոտ խունկը, որ ծխվում է Աստծո առաջ ոսկե բուրվառով, որ հաճելի է Աստծուն: Աղոթքով միշտ բախենք Արարչի գթառատության դուռը, և Նա կբացի Իր անմահ առագաստի դուռը: Աղոթքը սանդուղք է երկրից մինչև Երկինք, լույս է խավար ճանապարհին, մնայուն պաշար է մշտնջենավոր կյանքի համար:

Վարդան Այգեկցի[12]

 
[1] Սբ. Գրիգոր Լուսավորիչ (240-326), Հայոց աշխարհում Քրիստոնեության քարոզիչը, Հայոց առաջին Կաթողիկոսը: Սբ. Գրիգորը մկրտեց Հայոց Արքունիքը և սկսեց դարձի բերել ամբողջ Հայ ժողովրդին, ձեռնարկեց Էջմիածնի Մայր Տաճարի կառուցումը՝ աստվածային մի տեսիլքով ներշնչված: Նրան իրավամբ կարելի է անվանել «Հայր Հայոց Հավատքի»:
[2] Սբ. Հակոբ Մծբնացին († 338) սրբակենցաղ ճգնավոր էր, բնակվում էր անտառներում ու բարձրաբերձ լեռներում՝ սնվելով միայն վայրի ծառերի պտուղներով ու բանջարեղենով, հագուստը պատրաստված էր այծի կոշտ մազից: Հարատև աղոթքների ու ճգնությունների միջոցով հասնելով մեծ սրբության՝ Հակոբը մարգարեության շնորհ ստացավ Տիրոջից: Որպես Մծբինի Եպիսկոպոս՝ դարձի բերեց բազում հեթանոսների, կառուցեց եկեղեցիներ, դպրոցներ:
[3] Սբ. Եփրեմ Ասորին (306-373) Սբ. Հակոբ Մծբնացու աշակերտն է եղել, սրբակենցաղ ճգնակյաց: Գրել է Աստվածաշնչի մեկնություններ, հոգևոր բանաստեղծություններ, աղոթքներ, մեծ ազդեցություն է թողել աստվածաբանական մտքի պատմության մեջ:
[4] Սբ. Բարսեղ Կեսարացին (329-373) Եկեղեցու Տիեզերական վարդապետներից է, սրբակենցաղ ճգնակյաց, եղել է Կեսարիայի եպիսկոպոս, գրել է դավանաբանական աշխատություններ, որոնք հսկայական ազդեցություն են թողել աստվածաբանության զարգացման վրա: Սբ. Բարսեղ Կեսարացին գրել է նաև Սուրբ Պատարագի մի տեքստ, որը մասամբ ընդգրկվել է նաև Հայկական Ծեսի Սուրբ Պատարագի կանոնում:
[5] Սբ. Սերապիոնը (339-360) եղել է Եգիպտոսի Թմուիս քաղաքի եպիսկոպոսը, Սբ. Անտոն Անապատականի աշակերտներից մեկը, պայքար է մղել հերետիկոսական շարժումների դեմ (իր ժամանակ արիոսականներն էին), գրել է դավանաբանական աշխատություններ:
[6] Սբ. Եզնիկ Կողբացին (մոտ 380-450) Սբ. Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից է, ոսկեդարյան աստվածաբանական գրականության և թարգմանությունների ականավոր հեղինակ: Նրա գրչին է պատկանում «Եղծ աղանդոց» կարևորագույն աշխատությունը:
[7] Սբ. Նեղոսը († 450) ճգնավոր Հայրերից է, հայտնի՝ իր բազմաթիվ ճգնավորական-խրատական երկերով: Ծնվել է Կոստանդնուպոլսում, աշակերտել՝ Սբ. Հովհան Ոսկեբերանին: Սբ. Նեղոս Սինայեցին շուրջ վեց տասնամյակ ճգնել է Սինա լեռան մի անձավում: Հայ Եկեղեցու տոնելի Սրբերից է: Նրա երկերի մի մասը Հինգերորդ դարից սկսած թարգմանվել է հայերենի և մեծապես ազդել է հայ խրատական-բարեպաշտական գրականության զարգացման վրա:
[8] Սբ. Եղիշեն (մոտ 410 - մոտ 470) հայ պատմիչ և աստվածաբան է, Սբ. Մեսրոպ Մաշտոցի կրտսեր աշակերտներից: Հեղինակն է «Վասն Վարդանայ եւ Հայոց Պատերազմին» պատմական գործի և մեկնողական տարբեր աշխատությունների: Մասնակցել է Վարդանանց պատերազմին, ապա նվիրվել ճգնավորական կյանքի և ապրել Մոկաց լեռներում:
[9] Խոսրով Անձևացին (մոտ † 964) հայ եկեղեցական գործիչ և մատենագիր է: Նրա մասին շատ քիչ տեղեկություններ են պահպանվել: Սբ. Գրիգոր Նարեկացու հայրն է: Մեկնություններ է գրել Սուրբ Պատարագի և Ժամակարգության մասին:
[10] Սբ. Գրիգոր Նարեկացին (951-1003) միջնադարյան Հայ և Ընդհանրական Եկեղեցու աստվածաբանական մտքի հսկաներից է, սրբակենցաղ վանական, խորհրդազգաց աղոթարար: Գրել է ներբողներ, գանձեր, տաղեր ու մեկնություններ: Նրա գլուխգործոցը «Մատյան ողբերգության» աղոթագիրքն է՝ «Նարեկը», որը հայ հավատացյալի համար երկրորդ Սուրբ Գիրք է և բժշկության դեղ: 2015թ.ին Հռոմի Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Սբ. Գրիգոր Նարեկացուն հռչակեց Ընդհանրական Եկեղեցու Վարդապետ:
[11] Սբ. Ներսես Շնորհալին (1102-1173) Հայոց Կաթողիկոս էր (1166-1173), աստվածաբան, աղոթագիր, շարականագիր, երաժշտագետ: Հարստացրել է Հայ Ծեսի ժամերգությունները: Ապրել է Կիլիկիայի Հռոմկլա բերդաքաղաքում, որի պատճառով էլ կոչվել է նաև Կլայեցի:
[12] Վարդան Այգեկցին (11-12-րդ դդ.) Կիլիկյան Հայաստանի ականավոր եկեղեցական գործիչ, քարոզիչ, առակագիր է: Նրա հեղինակած առակները հավաքված են «Աղվեսագիրք» խորագրով գրքում: Գրել է խրատներ, դավանաբանական «Արմատ հավատոյ» աշխատությունը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։