« ԻՄ ՀՈԳԻՆ ՑՆԾՈՒՄ Է ԱՍՏԾՈ՝ ԻՄ ՓՐԿՉԻ ՄԵՋ » – Գրադարան – Mashtoz.org

« ԻՄ ՀՈԳԻՆ ՑՆԾՈՒՄ Է ԱՍՏԾՈ՝ ԻՄ ՓՐԿՉԻ ՄԵՋ »

Սբ. Բեդա Պատվելի (մոտ 673-735). Ավետարանական Քարոզներ, I, 4; CCL 122, 25ss.
 
 
[...] «Անձս մեծարում է Տիրոջը. հոգիս ցնծում է Աստծո՝ իմ Փրկչի մեջ»։ Այս խոսքերի առաջին նշանակությունն անկասկած ճանաչելն է պարգևները, որոնք Աստված շնորհել է ի մասնավորի իրեն՝ Մարիամին։ Բայց նա հետո հիշատակում է ընդհանրական նպաստները, որոնցով Աստված չի դադարում պատել մարդկային ցեղը։
Հոգին փառավորում է Տիրոջը, երբ իր ներքին բոլոր ուժերը ընծայաբերում է՝ գովաբանելու և ծառայելու համար Աստծուն. երբ, աստվածային պատվիրաններին իր հնազանդությամբ, ցույց է տալիս, որ իր աչքի առջևից երբեք չի կորցնում Նրա կարողությունն ու Նրա վեհությունը։
Հոգին ցնծում է Աստծո՝ իր Փրկչի մեջ, երբ իր ողջ բերկրանքը գտնում է իր Արարչին հիշելու մեջ, Ումից հույսն ունի ընդունել հավիտենական փրկությունը։
Այս խոսքերն հավանաբար արտահայտում են, ճշգրիտ կերպով, այն՝ ինչ մտածում են բոլոր սրբերը, բայց մասնավորապես համապատշաճ էր, որ այդ խոսքերն արտասանված լինեին Աստծո երանելի Մոր կողմից, ով մի եզակի առանձնաշնորհությամբ հարստացված՝ մի ամբողջովին հոգևոր սիրով այրվում էր Նրա նկատմամբ, Ում իր մարմնի մեջ հղանալու ուրախությունն էր ունեցել։ Նա լիովին հիմնավոր կերպով էր ցնծում Հիսուսի, այսինքն՝ իր Փրկչի մեջ, – և առավել՝ քան բոլոր Սրբերը միասին, – որովհետև գիտեր, որ Նա, Ում ինքը ճանաչում էր որպես մեր փրկության հավիտենական Հեղինակը, ժամանակի մեջ ծնվելու էր իր իսկ մարմնից, և այնքա՜ն ճշմարիտ ու իսկական կերպով, որ մեկ միակ անձի մեջ իսկապես ներկա էին լինելու իր Որդին և իր Աստվածը։ [...]
Այս իսկ պատճառով, գերազանց ու փրկարար սովորություն է, – որի անուշահոտությունն իր բուրմունքը տարածում է Սուրբ Եկեղեցու վրա, – այն, որ ամեն օր, Երեկոյան Ժամերգության ժամանակ, երգում ենք Կույսի օրհներգը։
Սրանից կարող ենք ակնկալել, որ հավատավորների հոգիները, այսքա՜ն հաճախ հիշատակելով Տիրոջ մարդեղությունը, բոցավառվեն մի առավել բուռն եռանդով, և որ Նրա Սուրբ Մոր օրինակների այսքա՜ն հաճախակի հիշատակումը նրանց ամրապինդ կերպով հաստատի առաքինության մեջ։ Եվ հենց Երեկոյան Ժամերգության ժամանակ է հարմար պահը՝ վերադառնալու այս օրհներգին, որովհետև մեր հոգին, օրվա ընթացքից հոգնած և օրվա մտածումների կողմից տարբեր ուղղություններով տարուբերված, կարիքն ունի, երբ մոտենում է հանգստի ժամը, ամփոփվելու՝ վերագտնելու համար իր ուշադրության միությունը։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։