« ԻՄ ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍ ԱՇԽԱՐՀԻՆԸ ՉԷ » – Գրադարան – Mashtoz.org

« ԻՄ ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍ ԱՇԽԱՐՀԻՆԸ ՉԷ »

Սբ. Թերեզա Ավիլացի (1515-1582). Կատարելության ուղին, 22.

 
[...] Թագավոր ես հավիտյանս հավիտենից, ո՜վ Աստված իմ։ [...] Երբ Հավատամքի մեջ ասում ենք, որ «Քո թագավորությունը վախճան չի ունենալու», հազվադեպ է, որ սիրտս այդ պահին չզգա մի ամբողջովին յուրահատուկ ուրախություն։ Գովաբանում եմ Քեզ, Տե՜ր, օրհնում եմ Քեզ միշտ ու միշտ։ Ի վերջո, Քո թագավորությունը տևելու է հավետ։ Մի՛ հանդուրժիր, Վարդապետ իմ, որ երբ խոսք է ուղղվում քեզ, մարդը կարծի, թե դա թույլատրված է անել միայն շուրթերով։ [...] Պարզ է, որ որևիցէ մի իշխանի մարդիկ չեն մոտենում այն նույն բնականությամբ, որը գործի կդնեին համագյուղացիներից մեկի կամ մեր նման աղքատ կանանց նկատմամբ, որոնց հետ միշտ էլ թույլատրելի է խոսքի բռնվել առանց քաղաքավարությունների։
Պարզությանս մեջ, չգիտեմ ինչպե՛ս խոսել այդ Աստվածային Արքայի հետ։ Բայց Իր խոնարհությունն այնքա՜ն մեծ է, որ Նա չի մերժում լսել ինձ և ինձ թույլատրում է մերձենալ Իրեն։ Իր հպատակներն էլ ինձ ետ չեն մղում, քանի որ Նրան շրջապատող հրեշտակները ճանաչում են իրենց Արքայի ճաշակները. գիտեն, որ պարզությունը մի համեստ, ամբողջովին խոնարհ հովվի, որն ավելին կասեր, եթե կարողանար, Արքան գնահատում է ավելի, քան բոլոր ընտիր մտածումներն ամենագիտունների ու ամենաիմաստունների, եթե նրանց պակասում է խոնարհությունը։
Այդուհանդերձ, եթե մեր Արքան բարի է, դա մեր համար լավ պատրվակ չէ՝ անքաղաքավարի լինելու համար։ Եվ նույնիսկ եթե դա անելու լինեի միայն այն նպատակով, որ շնորհակալություն հայտնեի Իրեն այն բանի համար, որ բարեհաճում է Իր կողքին հանդուրժել իմ նման խորշելի մեկին, արդարացի է, որ ամեն բան անեի՝ ճանաչելու համար Իր ազնվականությունն ու Իր մեծությունը։ Ճշմարտապես, բավական է մերձենալ Նրան՝ այս բանի վերաբերյալ ուսուցում ստանալու համար։ [...] Եթե, դուստրեր իմ, Նրան մերձենալով մտորում եք և ինքներդ ձեզ հարցնում, թե Ո՛ւմ հետ եք քիչ անց խոսելու, կամ թե Ո՛ւմ հետ եք արդեն խոսում, մեր կյանքերի նման հազարավոր կյանքեր բավական չէին լինի՝ ըմբռնելու համար, թե որքա՜ն մեծարանքի է արժանի նման Տերը, որի առաջ հրեշտակները դողում են. Նա, որ հրամայում է ամենքին ու ամեն ինչի, որ ամեն բան կարող է և որի համար կամենալն անել է նշանակում։ Արդարացի է, դուստրեր իմ, որ ուրախանանք մեր Փեսայի մեծությամբ, որ հասկանանք, թե Ո՛ւմ հարսներն ենք, և հետևաբար՝ թե ինչպե՛ս պետք է սուրբ լինի մեր կյանքը։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։