« ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ, ՕԳՆԻՐ ԻՆՁ ԱՆՀԱՎԱՏՈՒԹՅԱՆՍ ՄԵՋ » – Գրադարան – Mashtoz.org

« ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ, ՕԳՆԻՐ ԻՆՁ ԱՆՀԱՎԱՏՈՒԹՅԱՆՍ ՄԵՋ »

Սբ. Թերեզա Ավիլացի (1515-1582). Ներքին Դղյակ, Վեցերորդ պարտականությունները, Գլուխ 4րդ.
 
 
[...] Աստծո մեծությանը վերաբերվող որոշ ճշմարտություններ այն աստիճան քանդակված են մնում հոգու մեջ, որ նույնիսկ եթե չլիներ հավատքը՝ ասելու, թե Ո՛վ է Նա, և պարտադրելու ընդունել Նրան որպես իր Աստծո, այդ պահից իսկ կպաշտեր Նրան որպես այդպիսին, ինչպես վարվեց Հակոբոսը սանդուղքը տեսնելուց հետո (Ծնդ 28, 12)։ Այդ տեսիլքի մեջ նա պետք է որ հասկացած լինի ուրիշ շատ գաղտնիքներ ևս, որոնք հետո ընդունակ չեղավ բացատրելու։ [...] Չգիտեմ, թե այն, ինչ ասվում է, ճշգրիտ է. այդ պատմությունը լսել եմ, բայց վստահ չեմ, թե արդյոք ճի՞շտ եմ հիշում։ Եվ ո՛չ իսկ Մովսեսը կարողացավ պատմել այն ամենը, որ տեսել էր մորենու մեջ. ասաց միայն այն, ինչ Աստված թույլատրեց իրեն։ Անշուշտ որ, եթե Տերը նրան գաղտնիքներ ցույց տված չլիներ, և այնպիսի՛ ապահովությամբ, որ նրան հավատալ և տեսնել տար, որ Ինքն Աստված էր, Մովսեսը երբեք չէր նետվի այդքա՜ն բազմաթիվ ու այդքա՜ն ծանր նեղությունների մեջ։ Մորենու փշերի տակ նա պետք է որ մեծ բաներ հասկացած լինի, որոնք իրեն քաջություն ներշնչեցին այն ամենի համար, որ նա հետո արեց ի նպաստ Իսրայելի ժողովրդի։
Ուստի, քույրե՜ր, պետք է խուսափենք Աստծո ծածուկ իրողությունները հասկանալ ցանկանալուց և դրանց հիմնավորումները որոնելուց։ Ինչպես որ հավատում ենք, որ Նա ամենակարող է, պարտավոր ենք նաև հավատալ, որ մեր ծայրաստիճան աղքատությունը հաշվի առնելով՝ չենք կարող ըմբռնել Իր մեծությունները։ Մեծապես գովաբանենք Նրան, որպեսզի բարությամբ հաճի հասկացնել մեզ դրանցից մի քանիսը։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։