« ԻՆՉՊԵ՞Ս ԵՍ ՄՇԱԿՈՒՄ ՍՐՏԻԴ ՀՈՂԱԿՏՈՐԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ԻՆՉՊԵ՞Ս ԵՍ ՄՇԱԿՈՒՄ ՍՐՏԻԴ ՀՈՂԱԿՏՈՐԸ »

Սբ. Հիլդեգարդ Բինգենացի (1098-1179). « Աստծո ճանապարհների մասին », 4.

 

[...] Նրան, ով հոժար սրտով ընդունում է իմ խոսքի սերմը, գերառատորեն շնորհում եմ Սուրբ Հոգու պարգևները, իբրև մի լավ հողամասի։ Իսկ նա, ով երբեմն ընդունում է, երբեմն մերժում, նման է մի հողակտորի, որ մերթ կանաչում է, մերթ չորանում։

Ցույց տուր ինձ, թե ինչպե՛ս ես մշակում սրտիդ հողակտորը և ինչպե՛ս ես այնտեղ աշխատանք տանում։ Եթե ինձ հաճելի է քո ներանձնական աշխատանքը, քեզ գերազանց բերք կպարգևեմ։ Քո աշխատանքի համաձայն է, որ լինելու է բերքդ ու վարձատրությունդ։ Մի՞թե երկրին պտուղ եմ տալիս առանց աշխատանքի։ Նմանապես, ո՜վ մարդ, քեզ պտուղ չեմ տալու առանց քրտինքի, որ քեզնից պահանջում եմ։ Քանի որ ինձնից ստացել ես այն ամենը, որ քեզ հնարավորություն է տալիս մշակելու քո հոգին։

Ոմանք մտածում են, թե կարող են լինել այն ամենը, որ ցանկանում են, մերժելով քննել, թե ի՛նչ են և ի՛նչ կարող են անել, առանց խորհուրդ հարցնելու Նրանից, Ով իրենց ստեղծել է և Ով իրենց Աստվածն է, [...] ուզում են Աստծո հետ վարվել այնպես, կարծես Նա իրենց սպասավորը լինի, որ պետք է անթերի կերպով կատարի իրենց կամքը։ Ուստի չեմ ուզում շնորհել իմ պարգևները, ո՛չ էլ՝ սերմանել դատարկ դաշտը մի մարդու մեջ, ով փորձում է միանալ ինձ գոռոզամտությամբ, և վարվում է այնպես, – իր տգիտության օտարման մեջ, – կարծես թե ինձ չի ճանաչում։ [...]

Ո՜վ մարդ, ինչո՞ւ ուշադրություն չես դարձրել հոգուդ հողամասին՝ մոլախոտերը, փշերն ու տատասկները այնտեղից արմատախիլ անելու համար, դիմելով ինձ և քննելով ինքդ քեզ, նախքան իմ մոտ գալդ՝ կարծես արբեցած, խելակորույս և անգիտակից ինքդ քեզ, քանի որ չես կարող լույսի ոչ մի գործ կատարել առանց իմ օգնության։ [...] Առանց ինձ, ոչինչ չես կարող անել։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։