« ՀԱՅԻ՛Ր ԵՐԿՆԱՅԻՆ ՍԻՐՈ ԴԵՄՔԻՆ » – Գրադարան – Mashtoz.org

« ՀԱՅԻ՛Ր ԵՐԿՆԱՅԻՆ ՍԻՐՈ ԴԵՄՔԻՆ »

Սբ. Հիլդեգարդ Բինգենացի (1098-1179). « Աստվածային Գործերի գիրքը », 6.

 

[...] Աստված, տիեզերքի Արարիչը, ստեղծեց մարդուն Իր պատկերով և նմանությամբ։ Նրա մեջ բովանդակեց բոլոր արարածներին՝ բարձրակարգներին ու ցածրակարգներին։ Նրան մի այնպիսի սիրով սիրեց, որ նրա համար վերապահեց այն տեղը, որից արտաքսել էր անկյալ հրեշտակին։ Նրան վերագրեց ողջ փառքն ու պատիվը, որ այն հրեշտակը կորցրել էր փրկության հետ միասին։

Ահա՛ այն, ինչ քեզ ցույց է տալիս Դեմքը, որին հայում ես, [...] այս կերպարանքը խորհրդանշանն է երկնավոր Հոր սիրո։

Այն սեր է. մշտնջենավոր Աստվածության զորության գրկում, Իր պարգևների խորհրդի մեջ, այն հիացմունքն է մի ինքնատիպ գեղեցկության։ Եթե մարդկային կերպարանք ունի, պատճառն այն է, որ Աստծո Որդին մարմին առավ՝ մարդուն կործանումից խլելու համար, սիրո շնորհիվ։ Ահա՛ թե ինչո՛ւ է այդ Դեմքն այդքա՜ն գեղեցիկ ու լուսավոր. հավիտենական Գեղեցկության, հավիտենական Սիրո Դեմքն է։ Քեզ ավելի հեշտ կլիներ արևին նայել, քան այդ Դեմքին։ Սիրո հեղումն, արդարև, փայլում, կայծկլտում է այնքա՜ն վսեմ, շողարձակ լուսավորությամբ, որ մեր զգայարանների համար անընկալելի եղանակով գերազանցում է մարդկային հասկացողության բոլոր հնարավորություններին, որոնք սովորաբար ապահովում են հոգուն ամենատարբեր իրականությունների ճանաչումը։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։