Առաքյալներ – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Ա
Առաքյալներ
(*)
 
Նոր Կտակարանի, քրիստոնեական աստվածաբանության և եկեղեցաբանության համաձայն՝ Առաքյալները, հատկապես՝ Տասներկու Առաքյալները (նաև հայտնի որպես Տասներկու Աշակերտներ, կամ պարզապես՝ Տասներկուսը) Հիսուսի առաջին աշակերտներն էին: Ք.հ. Առաջին դարում՝ Հիսուսի կյանքի ու առաքելության ընթացքում, Առաքյալները Հիսուսի ամենամոտ հետևորդներն էին և ապա դարձան Հիսուսի ավետարանական ուղերձի առաջին ուսուցիչները: Հիսուսի կողմից Տասներկու Առաքյալների առաքելության ուղարկվելու մասին պատմում են համատես (սինոպտիկ) Ավետարանները (այսպես են կոչվում Մատթեոսի, Մարկոսի և Ղուկասի Ավետարանները): Իր Հարությունից հետո Տեր Հիսուս Քրիստոսը տասնմեկ Առաքյալներին (քանի որ Հուդա Իսկարիովտացին արդեն ինքնասպան էր եղել) ուղարկեց տարածելու իր վարդապետությունը բոլոր ազգերի մեջ:
Առաքյալների ապրած ժամանակաշրջանը վաղ քրիստոնեության մեջ կոչվում է «Առաքելական դարաշրջան»:
 
«Առաքյալ» հասկացությունը
 
Հայերենի «Առաքյալ» հասկացությունը վերցված է դասական հունարեն «ἀπόστολος» - «ապոստոլոս» եզրից, որ նշանակում է «նա, ով ուղարկված է». կազմված է «στέλλειν» - «ստելլեին» - «ուղարկել» + «από» - «ապո» - «հեռու» մասերից: Ուստի, հայերենում «առաքյալ» բառացի նշանակում է «ուղարկված», «առաքված»: «Առաքյալ» բառն երկու իմաստ ունի. նեղ իմաստով՝ Հիսուսի կողմից Իր երկրային կյանքի ընթացքում ուղարկված հնագույն շրջանի Առաքյալները, իսկ լայն իմաստով՝ Հիսուսի կողմից բոլոր ժամանակներում, նաև այսօր, ուղարկված յուրաքանչյուր ավետաբեր, պատգամաբեր կամ պատվիրակ, ով ունի հստակ առաքելություն. այս իմաստին համապատասխանում է լատիներեն «missiō» եզրը, որի հիման վրա էլ գործածում ենք «միսսիոներ» կամ «միսսիոներություն» հասկացությունները՝ առաքյալ և առաքելություն իմաստներով:
 
Հիսուսը կանչում է առաքյալներին
 
Բոլոր չորս կանոնական Ավետարանները պատմում են Հիսուսի կողմից աշակերտների կանչվելու հանգամանքները: Ըստ Հովհաննեսի Ավետարանի, Անդրեասը, ով Հովհաննես Մկրտչի աշակերտն էր, և նրա հետ նաև Մկրտչի մեկ ա՛յլ աշակերտ, – որի անունը գրված չէ, բայց շատերն ավանդաբար մտածել են, որ խոսքը Հովհաննես Ավետարանչի մասին է, – երբ լսում են, թե ինչպե՛ս է Հովհաննես Մկրտիչը Հիսուսին մատնացույց անելով ասում. «Ահա՛ Աստծո Գառը», հետևում են Հիսուսին, օրն անցկացնում են Նրա հետ միասին և, այդպիսով, դառնում են Նրա առաջին երկու աշակերտները: Այս պատճառով Բյուզանդական ավանդության Եկեղեցիները Սբ. Անդրեաս Առաքյալին պատվում են հունարեն Պռոտոկլետոս՝ Նախականչված, Առաջին կանչված տիտղոսով:
Չնայած Հիսուսը առաջին կանչվածներին միայն երկու խոսքով առաջարկեց հետևել Իրեն, Ավետարանները պատմում են, որ նրանք միանգամից համաձայնվեցին և թողեցին իրենց ուռկանները: Այդ վայրկենական համաձայնությունը որոշ մեկնաբաններ համարում են աստվածային զորության օրինակ, թեև այդ մասին տեքստում ոչինչ գրված չէ: Ուրիշների մեկնությամբ՝ աշակերտներից ոմանք, գուցե, նախապես լսել էին Հիսուսի մասին, ինչպես ակնկարկվում է Հովհաննեսի Ավետարանում, որտեղ կարդում ենք, որ Անդրեասը Հովհաննես Մկրտչի աշակերտն էր, և որ նա իր եղբոր հետ միասին սկսեց հետևել Հիսուսին՝ Նրա մկրտությունից հետո (Հվհ 1, 40-42):
Մատթեոսը պատմում է, որ Հիսուսը Սիմոնին ու Անդրեասին կանչելուց հետո անմիջապես հանդիպում է Հակոբոսին ու Հովհաննեսին, ովքեր ևս ձկնորսներ և եղբայրներ էին: Մատթեոսն ու Մարկոսը այս վերջին երկուսին անվանում են Զեբեդեոսի որդիներ: Ղուկասը այս վկայությանն ավելացնում է, որ Հակոբոսն ու Հովհաննեսը Սիմոնի ու Անդրեասի հետ աշխատում էին որպես ձկնորսական խումբ: Մատթեոսը գրում է, որ Հիսուսի հետ հանդիպելու ժամանակ Հակոբոսն ու Հովհաննեսը նորոգում էին իրենց ուռկանները, բայց անվարան միացան Հիսուսին (Մտթ 4, 21): Սա զուգորդում է Մարկոսի և Ղուկասի պատմություններին, բայց Մատթեոսը ակնկարկում է, որ նրանք թողեցին նաև իրենց հորը (որովհետև հայրը ևս այն նավակի մեջ էր, որը նրանք թողեցին):
Համատես Ավետարաններում պատմվում է, որ ավելի ուշ՝ Հիսուսն Իր առաքելության ընթացքում նկատեց մի հարկահավաքի, որ նստած էր մաքսատանը: Մատթեոս անունով այդ հարկահավաքին (Մտթ 9, 9; Մրկ 2, 14-ում և Ղկս 5, 27-ում կոչվում է «Ղևի») Հիսուսը ևս կանչեց դառնալու Իր աշակերտներից մեկը: Գրված է, որ Ղևի-Մատթեոսն ընդունեց Հիսուսի կանչը և ապա Հիսուսին հրավիրեց ճաշելու՝ իր ընկերների հետ միասին: Հրեական հասարակությունը հարկահավաքներին համարում էր չարագործներ, և պատմվում է, որ փարիսեցիները Հիսուսին հարցրեցին, թե ինչո՛ւ է ճաշում այդպիսի պատվազուրկ մարդկանց հետ: Այժմ շատ հայտնի է Հիսուսի տված պատասխանը. «Առողջներին բժիշկ պետք չէ, այլ՝ հիվանդներին: Ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ՝ մեղավորներին» (Մրկ 2, 17):
 
Առաքյալներն ուղարկվում են առաքելության
 
Մրկ 6, 7-13 հատվածում կարդում ենք, որ Հիսուսը սկզբում Տասներկուսին ուղարկեց երկու-երկու՝ Գալիլեայի քաղաքներն ու գյուղերը: Ավետարանը վկայում է, որ նրանց սկզբնական գործառույթներն էին հիվանդներին բուժելը և դևերին հանելը: Հիսուսը նաև պատվիրեց նրանց ոչինչ չվերցնել ճանապարհի համար՝ «ո՛չ հաց, ո՛չ քսակ, ո՛չ դրամ գոտիների մեջ, այլ՝ որ հողաթափեր հագնեն, ավելորդ պարեգոտ չվերցնեն», և եթե որևէ քաղաքում նրանց մերժեին, պատվիրում էր հեռանալիս թափ տալ իրենց կոշիկների փոշին:
Հետագա ավետարանական պատմություններում վկայություն կա առ այն, որ Հիսուսն աշակերտներին ուղարկում է քարոզելու Ավետարանը «բոլոր ազգերին» (Մտթ 28, 19; Մրկ 13, 10), անկախ նրանց ազգային պատկանելությունից: Պողոս Առաքյալը շեշտում էր Աստծո Եկեղեցու մեջ Առաքյալների կարևոր դերը՝ ասելով, որ Աստծո կառույցի «հիմքը Առաքյալներն ու Մարգարեներն են, իսկ անկյունաքարը՝ Քրիստոս Հիսուսը» (Եփս 2, 19-20):
 
Տասներկու Առաքյալների անվանացանկերը
 
Նոր Կտակարանում Տասներկու Առաքյալների չորս անվանացանկերը վկայում են այն մասին, որ բոլոր Տասներկուսն էլ տղամարդիկ են եղել: Կանոնական Ավետարանները և Գործք Առաքելոցը ներկայացնում են Տասներկուսի միմյանցից թեթևակի տարբերվող անվանացանկեր: Ղուկասի Ավետարանի անվանացանկը Մատթեոսի և Մարկոսի անվանացանկերից տարբերվում է մեկ կետում. նա Թադեոսի փոխարեն գրում է «Հակոբի որդի Հուդան» (Ղկս 6, 16): Բոլոր անվանացանկերը մշտապես երևան են գալիս երեք խմբավորումներով՝ յուրաքանչյուրում չորսական Առաքյալի անուններով: Յուրաքանչյուր խումբը առաջնորդում է միևնույն Առաքյալի անունը, մինչդեռ խմբի մեջ Առաքյալների անունների հերթականությունը տարբերվում է: Այսպես, Պետրոսը միշտ գլխավորում է անվանացանկը, Փիլիպպոսը միշտ հինգերորդն է, Ալփեոսի որդի Հակոբոսը միշտ իններորդն է, Հուդա Իսկարիովտացին միշտ վերջինն է:
Ի տարբերություն համատես Ավետարանների, Հովհաննեսի Ավետարանը չի առաջարկում Առաքյալների պաշտոնական որևէ անվանացանկ: Թեև նա խոսում է «Տասներկուսի» մասին, բայց չի մանրամասնում, թե ովքե՛ր էին այդ Տասներկուսը, և Հովհաննեսի Ավետարանի հեղինակը երբեք նրանց բոլորին անուններով չի հիշատակում: Հովհաննեսի մոտ չկա նաև զանազանություն՝ «առաքյալներ» և «աշակերտներ» հասկացությունների միջև:
Ըստ Նոր Կտակարանի, Տասներկու Առաքյալների մեջ կար եղբայրների միայն երկու զույգ. Պետրոսն ու Անդրեասը՝ Հովնանի որդիները, և Հակոբոսն ու Հովհաննեսը՝ Զեբեդեոսի որդիները: Քանի որ Հակոբոսի (Ալփեոսի որդի) հոր և Մատթեոսի հոր անունները հիշատակվում են Ալփեոս անվամբ, ըստ Բյուզանդական Եկեղեցիների ավանդության՝ այս երկուսը ևս եղբայրներ էին: Ըստ Հռոմեական Եկեղեցու մի ավանդության՝ հիմնված Առաքելական Հայր Պապիաս Հիերոպոլսեցու վկայության վրա, Ալփեոսի որդի Հակոբոսը և Թադեոսն էին եղբայրներ և նույն Ալփեոսի (հայտնի նաև՝ որպես Կղեովպաս) որդիները, իսկ նրա կինը՝ Մարիամը (Կղեովպասի կին Մարիամը) Հիսուսի մորաքույրն էր: 13-րդ դարում ստեղծված Ոսկե Լեգենդը, որի հեղինակն է Հակոբ Վորագինացին (1230-1298), այդ երկու Առաքյալների եղբայր է համարում նաև Սիմոն Կանանացուն:
 
Անվանացանկերն ըստ Նոր Կտակարանի աղբյուրների
 
ա) Ավետարան ըստ Մատթեոսի (10, 1-4)
 
1) Սիմոն, «նաև հայտնի որպես Պետրոս». ( վարքը այստեղ ààà )
2) Անդրեաս, «նրա (Պետրոսի) եղբայրը». ( վարքը այստեղ ààà )
3) Հակոբոս, «Զեբեդեոսի որդի».
4) Հովհաննես, «նրա (Հակոբոսի) եղբայրը».
5) Փիլիպպոս.
6) Բարդուղիմեոս.
7) Թովմաս.
8) Մատթեոս «մաքսավոր».
9) Հակոբոս, «Ալփեոսի որդի».
10) Թադեոս կամ «Ղեբեոս», որոշ թարգմանություններում կոչվում է «Հուդա Նախանձահույզ».
11) Սիմոն Կանանացի.
12) Հուդա Իսկարիովտացի.
 
բ) Ավետարան ըստ Մարկոսի (3, 13-19)
 
1) Սիմոն, «որի անունը դրեց Պետրոս».
2) Անդրեաս, «նրա (Պետրոսի) եղբայրը».
3) Հակոբոս, «Զեբեդեոսի որդի».
4) Հովհաննես, «Հակոբոսի եղբայրը».
5) Փիլիպպոս.
6) Բարդուղիմեոս.
7) Թովմաս.
8) Մատթեոս (Ղևի).
9) Հակոբոս, «Ալփեոսի որդի».
10) Թադեոս.
11) Սիմոն Կանանացի.
12) Հուդա Իսկարիովտացի.
 
գ) Ավետարան ըստ Ղուկասի (6, 12-16)
 
1) Սիմոն, «որին Պետրոս կոչեց».
2) Անդրեաս, «նրա (Պետրոսի) եղբայրը».
3) Հակոբոս.
4) Հովհաննես.
5) Փիլիպպոս.
6) Բարդուղիմեոս.
7) Թովմաս.
8) Մատթեոս (Ղևի).
9) Հակոբոս, «Ալփեոսի որդի».
10) Հուդա, «Հակոբոսի որդի».
11) Սիմոն, ով որոշ թարգմանություններում կոչվում է  Նախանձահույզ.
12) Հուդա Իսկարիովտացի.
 
դ) Ավետարան ըստ Հովհաննեսի
 
1) Սիմոն Պետրոս (6, 67-71), կամ Կեփաս, «որ թարգմանվում է Պետրոս» (1, 42).
2) Անդրեաս, «Սիմոն Պետրոսի եղբայրը» (6, 8).
3) «Զեբեդեոսի որդիներից» մեկը (21, 2).
4) «Զեբեդեոսի որդիներից» մեկը, կամ «այն աշակերտը, որին Հիսուսը սիրում էր» (21, 2; 19, 26; 20, 2; 21, 7.20.24).
5) Փիլիպպոս (1, 43).
6) Նաթանայել (1, 45).
7) Թովմաս, որ նաև «կոչվում է Երկվորյակ» (11, 16).
8) Վկայված չէ.
9) Վկայված չէ.
10) Հուդա, «ո՛չ Իսկարիովտացին» (14, 22).
11) Վկայված չէ.
12) Հուդա, «Սիմոն Իսկարիովտացու որդին» (6, 70; 13, 2.26; .
 
ե) Գործք Առաքելոց (1, 13)
 
1) Պետրոս.
2) Անդրեաս.
3) Հակոբոս.
4) Հովհաննես.
5) Փիլիպպոս.
6) Բարդուղիմեոս.
7) Թովմաս.
8) Մատթեոս.
9) Հակոբոս, «Ալփեոսի որդի».
10) Հուդա, «Հակոբոսի որդին», որոշ թարգմանություններում կոչվում է եղբայր.
11) Սիմոն Նախանձահույզ.
12) Հուդան փոխարինվել է Մատաթիայով.
 
Տասներկու Առաքյալների ներքին շրջանակը
 
Ավետարաններում Տասներկուսի մեջ մի յուրահատուկ եռյակ են կազմում Պետրոսը, Զեբեդեոսի որդի Հակոբոսը և նրա եղբայր Հովհաննեսը: Հիսուսը նրանց կանչեց ներկա գտնվելու երեք հիշարժան դեպքերի, որոնք տեղի ունեցան Իր երկրային առաքելության ընթացքում. Հայրոսի աղջկա վերակենդանացումը, Հիսուսի Պայծառակերպությունը և Չարչարանքների սկիզբը Գեթսեմանիի պարտեզում:
Վաղ քրիստոնեական Եկեղեցում Առաքյալների մեջ ճանաչված էին երեք գլխավորներ՝ Պետրոսը, Հովհաննեսը և Հակոբոս Տեառնեղբայրը, որոնք հավաքականորեն հայտնի էին որպես Եկեղեցու երեք Սյուները (Գղտ 2, 9): Արևմտյան Եկեղեցու մի ավանդության համաձայն, որ հիմնված է Սուրբ Հերոնիմոսի գրությունների վրա, այս Հակոբոսը նույն Ալփեոսի որդի Հակոբոսն է:
Ավագների եռյակից երկուսը՝ Պետրոսն ու Հովհաննեսը, Հիսուսի կողմից հավելյալ ուղարկվեցին քաղաք՝ պատրաստելու զատկական ընթրիքը՝ Վերջին Ընթրիքը, և նաև միայն այդ երկուսն էին, որ Առաքյալների կողմից ուղարկվեցին Սամարիա՝ այցելելու նորադարձ հավատացյալներին (Գրծ 8, 14): Եթե Հովհաննեսին պետք է նույնացնենք այն աշակերտի հետ, ում Հիսուսը սիրում էր, ապա միայն Հովհաննեսն ու Պետրոսն էին, որ Գեթսեմանիի պարտեզում Հիսուսի ձերբակալությունից հետո գնացին Նրա ետևից, և ովքեր վազեցին տեսնելու դատարկ գերեզմանը, երբ Մարիամ Մագդաղենացին բերեց Հիսուսի Հարության ավետիսը:
 
Հուդա Իսկարիովտացու փոխարինումը
 
Այն բանից հետո, երբ Հուդան մատնեց Հիսուսին և, ինքն իրեն մեղավոր զգալով, ինքնասպան եղավ՝ Հիսուսի Հարությունից առաջ, Առաքյալների թիվը դարձավ տասնմեկ: Առաքյալների խումբն այդ ընթացքում այդպես էլ կոչվում էր՝ «Տասնմեկը» (Մրկ 16, 14; Ղկս 24, 9.33; Գրծ 1, 26): Երբ Հիսուսը համբարձվեց և Առաքյալները պատրաստվում էին խոստացված Սուրբ Հոգու գալստյանը, Պետրոս Առաքյալն իր եղբայրակիցներին խորհուրդ տվեց Հուդայի փոխարեն ընտրել նոր մեկին, ով «կզբաղեցնի նրա տեղը [...] և կլինի վկա Տեր Հիսուսի հարության» (Գրծ 1, 15-22): Եվ այդպես, Համբարձման և Հոգեգալտյան միջև ընկած օրերին Տասնմեկ Առաքյալները վիճակ գցելու միջոցով ընտրեցին Տասներկուերորդին (վիճակ գցելը հրեական ավանդական ձև էր՝ հասկանալու Աստծո կամքը. տե՛ս Առկ 16, 33): Վիճակն ընկավ Մատաթիային:
 
Յոթանասուներկու աշակերտները
 
«Յոթանասուն աշակերտները» կամ «յոթանասուներկու աշակերտները» (արևելյան ավանդություններում հայտնի նաև որպես «Յոթանասուն Առաքյալներ») Հիսուսի կողմից Տասներկուսից բացի նշանակված անձինք էին, որոնց մասին գրում է Ղուկաս Ավետարանիչը իր Ավետարանի 10-րդ գլխում (1-12), և սա ավետարանական միակ հատվածն է, որտեղ նրանց մասին հիշատակություն է կատարվում: Ըստ Ղուկասի, Հիսուսը նրանց նշանակեց և ուղարկեց մի հատուկ առաքելության, որի մասին մանրամասն պատմվում է տեքստում: Արևմտյան ավանդության մեջ նրանք սովորաբար կոչվում են «աշակերտներ», իսկ արևելյան ավանդության մեջ՝ «առաքյալներ»: Այս աշակերտների թիվը ձեռագրերի մի խմբում (ալեքսանդրյան՝ Codex Sinaiticus, և կեսարյան տեքստեր) յոթանասուն է, իսկ մյուս խմբում (ալեքսանդրյան ա՛յլ և արևմտյան տեքստեր)՝ յոթանասուներկու: Ըստ մեկնաբանների, այդ թիվը կարող է կապ ունենալ Ծննդոց 10-րդ գլխում հիշատակված յոթանասուն ազգերի հետ, կամ այդ թվի ա՛յլ սուրբգրային վկայությունների հետ և, նույնիսկ, Յոթանասնից թարգմանիչների (Septuaginta) հետ (ըստ Արիստեասի նամակի): Աստվածաշնչի լատիներեն Վուլգաթա կոչվող թարգամանության ժամանակ Սուրբ Հերոնիմոսն ընտրել է յոթանասուներկու թիվը: Նրանց անունները Ավետարաններում հերթականությամբ տրված չեն ո՛չ մի տեղ, բայց մեզ հասել է Երրորդ դարի հայրապետ Հիպպողիտոս Հռոմեացուն վերագրվող մի տեքստ, որտեղ հիշատակվում են յոթանասուն անուններ, որոնցից են Հակոբոս Տյառնեղբայրը՝ Երուսաղեմի առաջին եպիսկոպոսը, Կղեովպասը՝ դարձյալ Երուսաղեմի եպիսկոպոս, Մատաթիան, ով փոխարինեց Հուդային, Թադեոսը, ով նամակ գրեց Աբգար Հինգերորդ թագավորին, Անանիան, ով մկրտեց Պողոսին և եղավ Դամասկոսի եպիսկոպոս, Ստեփանոս Նախավկան, Փիլիպպոսը, ով մկրտեց եթովպացի պաշտոնյային, Պրոքորոնը՝ Նիկոմեդիայի եպիսկոպոսը, Նիկանովրան, Տիմովնը, Պարմենասը, Նիկողայոսը, Բառնաբասը, Մարկոս Ավետարանիչը՝ Ալեքսանդրիայի եպիսկոպոսը, Ղուկաս Ավետարանիչը, և ուրիշներ:
 
Պողոս Առաքյալը
 
Սուրբ Պողոսը, որ հրեա էր՝ նախապես Սողոս անունով, թեև Տասներկուսից չէր և այն Առաքյալներից չէր, ովքեր Հիսուսից առաքելություն ստացան Նրա երկրային կյանքի ընթացքում, բայց Գործք Առաքելոցի և Պողոսի իսկ նամակների համաձայն՝ Հարուցյալ Հիսուսից հատուկ առաքելություն է ստացել՝ լինելու «հեթանոսների Առաքյալ» (Հռմ 11, 13), այսինքն՝ իր դարձից հետո Ավետարանը քարոզելու հեթանոսների մեջ: Միջերկրական ծովի հարակից շրջանների քրիստոնեական եկեղեցիներին ուղղված իր նամակներում Պողոսը չի սահմանափակում «Առաքյալ» տիտղոսը միայն Տասներկուսի համար, և հաճախ այդ բառն օգտագործում է ո՛չ միայն իր, այլ նաև՝ իր ուղեկից Բառնաբասի համար:
Քանի որ Սուրբ Պողոսը պնդում է, որ ինքն Ավետարանը ստացել է ո՛չ թե Տասներկու Առաքյալներից, այլ՝ անմիջապես Տիրոջից, հայտնության միջոցով (Գղտ 1, 12; Գրծ 9, 3-19; և այլն), Հիսուսի մահից և Հարությունից հետո, և ո՛չ թե Հիսուսի երկրային կյանքի ընթացքում, ինչպես Առաքյալները, ապա շատ անգամներ Պողոսը ստիպված է լինում պաշտպանել իր առաքելական հեղինակությունը (1Կր 9, 1) և հայտարարել, որ ինքը Դամասկոսի ճանապարհին տեսել է Հիսուսին և օծվել Նրանից: Գուցե, Պողոսն ինքն իրեն ավելի ցածր էր դասում Տասներկուսից՝ այն պատճառով, որ նախքան իր դարձը հալածել էր Հիսուսի հետևորդներին (1Կր 15, 9), բայց, միևնույն ժամանակ, չէր կարծում, թե ինքը զիջում էր «գերագույն Առաքյալներին» իր աշխատանքով կամ գիտելիքներով (2Կր 16, 5-6):
 
Առաքյալների մահը
 
Քրիստոնեական ավանդության համաձայն, Տասներկու Առաքյալները, բացի մեկից, իրենց երկրային ընթացքն ավարտել են նահատակության պսակով. միայն Հովհաննեսը հասավ խոր ծերության և բնական մահվան: Բայց Նոր Կտակարանում նկարագրված է միայն Զեբեդեոսի որդի Հակոբոսի մահը (Գրծ 12, 1-2): Ըստ 18-րդ դարի պատմաբան Էդուարդ Գիբբոնի, Երկրորդ դարավերջի և Երրորդ դարասկզբի քրիստոնյաները համոզված էին, որ Տասներկուսից նահատակությամբ էին վախճանվել Պետրոսը, Պողոսը և Զեբեդեոսի որդի Հակոբոսը, իսկ մյուսների նահատակություններն, ըստ նրա, պատմական կամ սուրբգրային վկայություններ չունեն, այլ՝ հիմնված են միայն ավանդության կամ լեգենդների վրա:
Ըստ ավանդությունների և, որոշների պարագայում, նաև պատմական տեղեկությունների, Պետրոսի մասունքներն ամփոփված են Հռոմի «Սուրբ Պետրոս» մայր տաճարում, իսկ գանգը, Սուրբ Պողոսի գանգի հետ միասին, զետեղված է Լաթերանի «Սուրբ Հովհաննես» աթոռանիստ տաճարում, Պողոսի մասունքները գտնվում են Հռոմի մոտակայքում գտնվող «Սուրբ Պողոս» տաճարում, Անդրեասի մասունքները Հունաստանում են՝ Պատրայի «Սուրբ Անդրեաս» տաճարում, Բարդուղիմեոսի մասունքները Հռոմի «Սուրբ Բարդուղիմեոս՝ Կղզու վրա» տաճարում են, Զեբեդեոսի որդի Հակոբոսի մասունքները Իսպանիայում են, Ալփեոսի որդի Հակոբոսի մասունքներն ամփոփված են Երուսաղեմի Սուրբ Հակոբոսի տաճարում, Հովհաննեսից մասունքներ չեն պահպանվել (երբ Կոստանդին Մեծի օրոք բացվեց նրա գերեզմանը Եփեսոսում, նրա ոսկորները չգտնվեցին, ինչի պատճառով հավատացյալները համոզվել էին, որ նա համբարձվել է Երկինք), Հուդա Իսկարիովտացու մարմինը, ըստ Մատթեոսի Ավետարանի և Գործք Առաքելոցի, թաղված է Երուսաղեմի մոտ՝ Ակեղդամայում, Հուդա Թադեոսի կամ Ղեբեոսի և Սիմոն Կանանացու մասունքներն ամփոփված են Հռոմի «Սուրբ Պետրոս» մայր տաճարում՝ Սուրբ Հովսեփի Խորանի ներքո, Մատթեոսի մասունքները Սալերնոյի տաճարում են, Մատաթիայի մասունքները Գերմանիայի Տրիերի «Սուրբ Մատաթիա» վանքում են, Փիլիպպոսը թաղվել է Հռոմի «Սրբոց Առաքելոց» տաճարում կամ Հիերոպոլսում (ներկայիս՝ Թուրքիայի տարածքում է), Թովմասի մարմինն ամփոփված է Հնդկաստանում՝ Չեննայի «Սուրբ Թովմաս» տաճարում:
 
Առաքյալների ավանդը
 
Ք.հ. Երկրորդ դարում արդեն Առաքյալների հետ առնչություն ունենալը վկայում էր եկեղեցական հեղինակության մասին: Այն եկեղեցիները, որոնք, ըստ ավանդության, հիմնել էին Առաքյալները, անվանվում են «Առաքելական Աթոռներ», այսինքն՝ գահեր: Օրինակ, հայկական մի ավանդության համաձայն, Հայ Եկեղեցին Սուրբ Թադեոսի աթոռն է, քանի որ Հայաստանում Գրիգոր Լուսավորչից և Հռիփսիմյան կույսերից առաջ Քրիստոսի Ավետարանը նախ քարոզել են Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները: Բայց դժվար է գտնել պատմական տեղեկություններ՝ այս գեղեցիկ ավանդությունը գիտականորեն հիմնավորելու համար. այս մասին բավական ընդարձակ գրել են հատկապես Մխիթարյան Հայրեր Սարգիս Կոգյանը և Վարդան Հացունին:
Սուրբ Պողոսի նամակները իր հիմնած եկեղեցիներում համարվում էին Սուրբ Գիրք: Չորս կանոնական Ավետարանները կապվում էին Առաքյալների անվան հետ: Նրանց էին վերագրվում քրիստոնեական աստվածաբանության շատ գրություններ, ինչպես օրինակ՝ Դիդախեն, Առաքելական Սահմանադրությունները և Առաքյալների Հավատո Հանգանակը: Եպիսկոպոսներն իրենց աթոռների օրինականությունն ու հեղինակությունը հիմնավորում էին Առաքյալներից որևէ մեկի հետ ժառանգական առնչությամբ՝ որպես նրանց հաջորդներ: Առաքելական հաջորդականությունն է վավերականություն տալիս եպիսկոպոսական իշխանությանը: Վաղ քրիստոնեական Եկեղեցու աստվածաբան Հայրերը, ովքեր Առաքյալների աշակերտներն էին, կոչվում են «Առաքելական Հայրեր»: Եվ վերջապես, Եկեղեցու Սրբազան Ավանդությունը հիմնված է Առաքյալների միջոցով ավանդված սրբազան ուսմունքի վրա, որը Աստվածաշնչի հետ միասին Եկեղեցու վարդապետության հիմնաքարն է:
 
------------
Առաքյալների, նրանց միության, Առաքելական Ավանդության և Առաքելական Հաջորդության մասին Ն.Ս. Բենեդիկտոս Տասնվեցերորդ Պապի քարոզները կարող եք կարդալ հետևյալ հղմամբ։

(*) Թարգմանեց և խմբագրեց՝ Տ. Հովսեփ քհն. Գալստյան

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։