« ԱՇԱԿԵՐՏ ԴԱՐՁՐԵՔ ԲՈԼՈՐ ԱԶԳԵՐԻՆ » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՇԱԿԵՐՏ ԴԱՐՁՐԵՔ ԲՈԼՈՐ ԱԶԳԵՐԻՆ »

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
 
Գործք Առաքելոց 1, 1-11
Առաջին պատմությունը գրի առա, ո՜վ Թեոփիլե, այն ամենի մասին, ինչ Հիսուսը արեց և ուսուցանեց մինչև այն օրը, երբ առաքյալներին, որոնց ընտրել էր Սուրբ Հոգու մեջ, ցուցմունքներ տալուց հետո՝ համբարձավ երկինք։
Նա իր չարչարանքներից հետո իրեն կենդանի ներկայացրեց նրանց առաջ՝ քառասուն օրերի ընթացքում երևալով նրանց բազում զարմանալի գործերով և խոսելով Աստծո արքայության մասին։ Եվ նրանց հետ հացով հաղորդվելով՝ պատվեր տվեց նրանց, որ Երուսաղեմից չմեկնեն, այլ՝ սպասեն Հոր խոստման կատարմանը, «այն խոստման», ասաց, «որ լսեցիք ինձնից. Հովհաննեսը մկրտեց ջրով, դուք մինչդեռ մկրտվելու եք Սուրբ Հոգու մեջ, այս օրերից ո՛չ շատ հետո»։
Եվ նրանք, մոտենալով, հարցրեցին նրան և ասացին. «Տեր, այս ժամանակո՞ւմ է, որ վերահաստատելու ես Իսրայելի թագավորությունը»։ Հիսուսը նրանց ասաց. «Ձեզ տրված չէ իմանալ այն ժամերը և ժամանակները, որ Հայրը դրեց իր իշխանության մեջ։ Այլ՝ երբ Սուրբ Հոգին հասնի ձեր վրա, զորություն կառնեք և ինձ վկաներ կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում և մինչև երկրի ծայրերը»։
Եվ երբ այս ասաց, մինչ նրանք դեռ նայում էին, դեպի վեր բարձրացավ, և ամպը նրան ծածկեց նրանց աչքերից։ Եվ մինչդեռ ակնապիշ նայում էին նրա երկինք գնալուն, ահա նրանց երևացին սպիտակ զգեստների մեջ երկու մարդիկ, որոնք և ասացին. «Ո՜վ գալիլիացիներ, ինչո՞ւ կանգնել նայում եք երկնքին. այս Հիսուսը, որ ձեր միջից երկինք բարձրացավ, գալու է նույն ձևով, ինչպես տեսաք նրան երկինք գնալիս»։
 
Պողոս Առաքյալի Նամակը Եփեսացիներին 1, 15-23
Ուստի ես էլ, երբ լսեցի ձեր հավատքի մասին, որ ունեք ի Տեր Հիսուս, և սիրո մասին, որ ունեք բոլոր սրբերի հանդեպ, չեմ դադարում գոհություն հայտնել ձեր համար՝ հիշելով ձեզ իմ աղոթքներում, որպեսզի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը՝ Հայրը փառքի, ձեզ տա իմաստության և հայտնության հոգի իր գիտությամբ՝ լուսավոր դարձնելու համար ձեր սրտի աչքերը, որպեսզի մենք հասկանանք, թե ի՛նչ է նրա կոչման հույսը և ի՛նչ է նրա ժառանգության փառքի մեծությունը սրբերի մեջ և ի՛նչ է նրա զորության մեծության առավելությունը մեր՝ հավատացողներիս համար, ըստ իր ամենակարող զորության հաջողության, որն ի գործ դրեց Քրիստոսով, երբ նրան հարություն տվեց մեռելներից և նստեցրեց իր աջ կողմում, երկնային տեղերում՝ ամեն իշխանությունից և պետությունից և զորությունից և տերությունից և անվանելի ամեն անունից վեր, ո՛չ միայն այս ժամանակներում, այլ նաև հանդերձյալում։ Եվ ամեն ինչ հնազանդեցրեց նրա ոտքերի տակ և նրան հաստատեց գլուխ բոլոր գործերի վրա եկեղեցու, որ նրա մարմինն է, լրումը նրա, ով ամեն ինչ լցնում է ամեն ինչում։
 
Մատթեոս 28, 16-20
Իսկ տասնմեկ աշակերտները գնացին Գալիլիա, այն լեռը, ուր Հիսուսն իրենց հետ ժամադրվել էր։ Երբ նրան տեսան, երկրպագեցին նրան, իսկ ոմանք երկմտեցին։ Եվ Հիսուսը մոտենալով՝ խոսեց նրանց հետ ու ասաց. «Ինձ է տրված ամեն իշխանություն երկնքում և երկրի վրա. ինչպես Հայրը ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում։ Գնացե՛ք, ուրեմն, աշակերտ դարձրեք բոլոր ազգերին, մկրտեցե՛ք նրանց Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով։ Ուսուցանեցե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ որ ձեզ պատվիրեցի։ Եվ ահա ես ձեր հետ եմ բոլոր օրերում, մինչև աշխարհի վախճանը»։
 
ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆ
 
Վերջին ժամադրությունը, որ Հիսուս տալիս է Իր աշակերտներին, Գալիլիայի լեռներից մեկի վրա է, այն աշխարհամասի, որտեղից ամեն բան սկիզբ էր առել։ Լեռները կարծես ցուցիչ սլաքներ լինեն, ուղղված դեպի անսահմանը, երկիրն են, որ ներթափանցում է երկնքի մեջ, պատվանդան են Աստծո ոտքերի համար, օթևանն են լույսի հայտնության. լեռների վրա է ընկնում, արդարև, արևի առաջին ճառագայթը, և լեռների վրա է հանգչում նաև վերջինը։
Երբ Նրան տեսան, երկրպագեցին Նրան։ Ոմանք, մինչդեռ, երկմտեցին։ Հիսուսը երկրից մեկնում է պակասորդ գրանցող հաշվեկշռով. Իրեն մնացել են միայն տասնմեկ վախեցած ու շփոթված մարդիկ, և տոկուն ու քաջասիրտ կանանց մի փոքրիկ խումբ։ Երեք տարի շարունակ Նրա ետևից քայլել էին Պաղեստինի ճանապարհների վրա, շատ բան չեն հասկացել, բայց Նրան շա՜տ են սիրել, և բոլորով ներկայացել են վերջին ժամադրությանը, վերջին լեռան վրա։ Եվ սա միակ երաշխիքն է, որի կարիքն ունի Հիսուսը։ Այժմ կարող է վերադառնալ Հոր մոտ, վստահ, որ սիրված է, թեև ամբողջովին հասկացված չէ, և գիտի, որ նրանցից ոչ մեկը չի մոռանալու Իրեն։ Հիսուսը վստահության մի վիթխարի, անտրամաբանական քայլ է կատարում մարդկանց նկատմամբ, որոնք տակավին երկմտում են, չի մնում՝ նրանց ամեն բան կրկին ու կրկին բացատրելու։ Ավետարանն ու նոր աշխարհը, որի մասին միասին երազել էին, վստահում է նրանց դյուրաբեկությանը, ո՛չ թե՝ դասարանի առաջավորների խելացիությանը. օրենքն է մանանեխի հատիկի, մի պտղունց աղի, փոքրերի, որոնք կարող են թթխմոր լինել և գուցե մինչև իսկ հուր, Ավետարանով ու ծնունդներով վարակելու համար նրանց, որոնց հանդիպելու էին։
Մի զարմանահրաշ հատված կա Հիսուսի խոսքերի մեջ. «Ինձ է տրվել ամեն իշխանություն երկնքում և երկրի վրա։ [...] Գնացե՛ք, ուրեմն [...]»։ Այդ «ուրեմն»ը գեղեցկագույն է. Հիսուսի համար ակնհայտ է, որ ամեն բան, որ Իրենն է, նաև մերն է։ Ամեն բան մեր համար է. Իր կյանքը, Իր մահը, Իր ուժը։ Ուրեմն, գնացե՛ք։ Աշակերտ դարձրեք բոլոր ազգերին։ Բայց ... ի՞նչ նպատակով։ Հետևորդների մի ընդհանուր զինակոչ կատարելո՞ւ, շարժումը նոր անդամակցողներով ավելացնելո՞ւ։ Ո՛չ։ Այլ՝ աստվածային մի վարակի, մի համաճարակի համար, որն հարկավոր է տարածել երկրի վրա։ Գնացե՛ք, երկնքի բույրը ցանեցեք կյանքերի վրա, որոնց հանդիպելու եք, սովորեցրեք կյանքի արհեստը, այնպես՝ ինչպես որ տեսել եք Ինձ անելիս, ցույց տվեք նրանց, թե որքա՜ն գեղեցիկ են ու մեծարժեք։
Իսկ ապա վերջին խոսքերը, Իր կտակը. «Ես ձեր հետ եմ, ամեն օր, մինչև աշխարհի վախճանը»։ Ձեր հետ, միշտ, մինչև վերջ։ Թե ի՛նչ է Համբարձումը, հասկանում ենք այս խոսքերից։ Հիսուսը չի գնացել վեր կամ հեռու, տիեզերքի ինչ որ մի հեռավոր անկյուն, այլ՝ է՛լ ավելի մոտ է դարձել, քան առաջ էր։ Եթե առաջ աշակերտների կողքին էր, այժմ լինելու է նրանց մեջ։ Չի գնացել ամպերից այն կողմ, այլ՝ կերպերից այն կողմ։ Համբարձել է գոյությունների խորության մեջ, արարչության ու արարածների վերջին էության մեջ, և ներսից մղում է ինչպես մի վերամբարձ ուժ, դեպի մի ավելի լուսավոր կյանք։ Այն Հիսուսը, որն Իր համար ընտրեց Խաչը՝ իմ բոլոր տառապանքների մեջ ինձ հարության կայծեր պարգևելու համար, իմ բոլոր բանտերի պատերի ու պարիսպների մեջ փախուստի անցքեր բացելու համար, Նա իմ Աստվածն է, Հեղինակը բոլոր ազատագրումների։
 
Հայր Էրմես Մարիա Ռոնքիի համացանցային կայքէջից
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։