« ԱՌԱՋԻՆ ՕՐԵՆՔԸ. ՈՐ ՄԱՐԴԸ ԱՊՐԻ » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՌԱՋԻՆ ՕՐԵՆՔԸ. ՈՐ ՄԱՐԴԸ ԱՊՐԻ »

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
 
Եսայի 43, 16-21
Այսպես է ասում Տերը, որ ճանապարհ է բացում ծովում և շավիղներ՝ հորդահոս ջրերի մեջ, Նա, որ կառքեր ու նժույգներ է հանում և բազմահամար զորքեր. բայց նրանք կարող են քնել ու վեր չկենալ, մարել ինչպես հանգած պատրույգ։ «Առաջվա բաները մի՛ հիշեք, հինը մտքներդ մի՛ բերեք, քանզի ես նորն եմ անելու, որ հիմա հայտնվելու է, և դուք պիտի ճանաչեք. ճամփա պիտի բացեմ անապատով և անջրդի հողում գետեր պիտի բխեցնեմ։ Ինձ պիտի օրհնեն անապատի գազանները, համբարուներն ու ջայլամների ձագերը, որովհետև ես ջուր եմ տալու անապատին և անջրդի երկրին՝ գետեր, խմեցնելու համար իմ ընտրյալ ազգին։ Եվ իմ ժողովուրդը, որին ստեղծեցի, պիտի պատմի իմ սխրանքների մասին»։
 
Պողոս Առաքյալի Նամակը Փիլիպեցիներին 3, 8-14
Եվ ամեն բան, արդարև, վնաս եմ համարում մեր Տեր Հիսուս Քրիստոսի գերազանց գիտության համար։ Նրա համար ամեն ինչից զրկվեցի, - և այդ բոլորը աղբ եմ համարում, - որպեսզի շահեմ Քրիստոսին և գտնվեմ նրա մեջ. ո՛չ թե նրա համար, որ ունենամ իմ արդարությունը, որ օրենքից է, այլ՝ Քրիստոսի հավատքից եղած արդարությունը, որ Աստծուց եկող արդարությունն է՝ հավատքով, որպեսզի ճանաչեմ նրան և նրա հարության զորությունը ու մասնակից լինեմ նրա չարչարանքներին, կերպարանակից՝ նրա մահվան, որպեսզի հասնեմ մեռելներից հարություն առնելուն։ Ոչ թե արդեն հասել եմ նպատակին կամ արդեն կատարյալ եմ, այլ՝ հետամուտ եմ, որ հասնեմ դրան, որի համար էլ բռնված եմ Քրիստոս Հիսուսից։ Եղբայրնե՛ր, ես ինքս ինձ նպատակին հասած չեմ համարում. բայց խնդիրն այն է, որ հետևում մնացածները մոռացած՝ ձգտում եմ դեպի իմ առջևում եղածները. ուշադիր վազում եմ աստվածային կոչմանս նպատակակետին՝ Քրիստոս Հիսուսով։
 
Հովհաննես 8, 1-11
Ապա ամեն ոք իր տունը գնաց։ Իսկ Հիսուս գնաց Ձիթենյաց լեռը։ Առավոտյան նորից տաճար եկավ. ամբողջ ժողովուրդը գալիս էր նրա մոտ, և ինքն ուսուցանում էր նրանց։ Օրենսգետներն ու փարիսեցիները բերեցին շնության մեջ բռնված մի կին և նրան մեջտեղ կանգնեցնելով՝ ասացին Հիսուսին. «Հանցանքի մեջ բռնված այս կինը հայտնապես շնացել է, իսկ Օրենքում Մովսեսը մեզ պատվիրել է այսպիսիներին քարկոծել. արդ, դու դրա մասին ի՞նչ ես ասում»։ Նրանք այս ասում էին՝ նրան փորձելու համար, որպեսզի նրան ամբաստանելու պատճառ ունենան։ Իսկ Հիսուս, ցած նայելով, մատով գետնի վրա գրում էր։ Իսկ երբ նրան ստիպեցին հարցնելով, վեր նայեց ու նրանց ասաց. «Ձեր միջից անմե՛ղը նախ թող քար գցի դրա վրա»։ Եվ դարձյալ ցած նայելով՝ գետնի վրա գրում էր։ Եվ այս լսելով՝ մեկ առ մեկ ելնում գնում էին՝ տարիքավորներից մինչև փոքրերը։ Եվ Հիսուս միայն մնաց, ու կինը՝ այնտեղ մեջտեղում։ Եվ Հիսուս ոտքի կանգնելով՝ նրան ասաց. «Ո՛վ կին, ո՞ւր են. քեզ ոչ ոք չդատապարտե՞ց»։ Եվ սա ասաց՝ ո՛չ, Տե՛ր։ Եվ Հիսուս ասաց. «Ես էլ քեզ չեմ դատապարտում. գնա՛, այսուհետև մի՛ մեղանչիր»։
 

ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆ
 
«Մովսեսը պատվիրել է սպանել այսպիսիներին։ Իսկ դո՞ւ, ի՞նչ ես ասում»։ Վարդապետը հայացքը դեպի վար խոնարհած՝ մատով գրում է բակի քարերի վրա։ Հիսուսը չի ցանկանում անգամ նայել մեր դեմքին, երբ ինքներս մեզ թույլ ենք տալիս բռնվել մեղադրելու ու դատապարտելու մեր մոլուցքներով. մինչև իսկ չի ցանկանում Իր աչքերը մեր աչքերին ուղղել, երբ վերջիններիս մեջ միակ իշխողը մահվան ցանկությունն է։

«Ով որ անմեղ է ձեր միջից, թող որ նա նետի առաջին քարը նրա դեմ»։ Հիսուսը չի մերժում օրենքը, այլ միայն ուզում է, որ նա, ով ներկայանում է իբրև օրենքի ինքնահռչակ պաշտպան՝ ուրիշներին դատապարտելու համար, առաջին հերթին ինքը գործադրի այդ օրենքը։

«Մեկ առ մեկ ելնում գնում էին, ամենատարեցներից սկսած»։ Բոլորը. ասելու համար, որ ոչ ոք իրավունք չունի դատապարտելու։ Հիսուսը միայնակ է մնում կնոջ հետ։ Ոտքի է կանգնում։ Մի գեղեցկագույն ժեստ. ոտքի է կանգնում պոռնկացածի առաջ, այնպես՝ ինչպես ոտքի են կանգնում սպասված ու կարևոր անձի առաջ. ոտքի է կանգնում, քարե սալահատակից՝ կնոջը, գետնի փոշուց՝ նրա աչքերին։

Ի՞նչ տեսար, Տեր, այդ աչքերում։ Մեռնելու սարսա՞փը, ամո՞թը, մահվան սև վի՞հը, հույսի մի դո՞ղ։ Եվ Հիսուսը խոսում է նրա հետ։ Ոչ ոք չէր խոսել նրա հետ, կարծես սոսկ առարկա էր, որին քարշ էին տվել հրապարակ ու գցել էին այդտեղ՝ մեջտեղում։

Եվ նրան դիմում է «կին» տիտղոսով։ Հիսուսը հանձինս նրա չի տեսնում լոկ մեղավորին, տեսնում է մի կին, դյուրաբեկ, այո՛, բայց իրական, ճշմարիտ, որ ցանկանում է ապրել, որ տակավին ընդունակ է շա՜տ սիրելու, և դրա համար է, որ նրան շա՜տ է ներվում։ Նա իր սխալը չէ. չի պատկանում այլևս իր անցյալին, այլ՝ իր ապագային, սերմերին, որ ցանվելու են, անձանց, որ սիրվելու են, ծրագրերին, որ իրականացվելու են։

«Ո՞ւր են»։ Նրանք, ովքեր միայն քարկոծել ու քարերի տակ թաղել գիտեն, ո՞ւր են։ Այստեղ չպետք է լինեն։ Նրանք, ովքեր միայն մեղքեր տեսնել գիտեն իրենց շուրջը, և ո՛չ իրենց մեջ, ո՞ւր են։ Ո՛չ այստեղ։ Հիսուսը կամենում է, որ անհետանան մեղադրողները. ինչպես որ անհետացան իր տեսադաշտից, այնպես էլ պետք է անհետանան Իր մտերիմների շրջապատից, տաճարների բակերից, եկեղեցիների սրահներից։ «Ես էլ քեզ չեմ դատապարտում»։ Հիսուսը չի արդարացնում շնությունը, պոռնկությունը, չի գռեհկացնում մեղքը, հանցանքը. Հիսուսը վերստին մեկնարկ է տալիս կյանքին, վերստին բացում է ապագայի փակված դուռը։

Այս պատմության սիրտը մեղքը չէ, դատապարտելիք կամ ներելիք, այլ՝ Աստված, որ ավելի մեծ է, քան մեր սիրտը, Աստված, որի առաջին օրենքն այն է, որ մարդը ապրի։

«Գնա՛, և այսուհետև ... »։ «Կուսությունը յուրաքանչյուր արշալույսի հետ խարիսխ բարձրացնելն է և մեկնելը դեպի անաղարտ հողեր» (Դ. Մոնտանյա)։

Այն, ինչը որ կարևորագույնն է, գնալն է, կանգ չառնելն է, քայլելն է, այսուհետև. այս խոստումն է՝ ճանապարհների, արևի տակ հասունացող ցորենի. այս մարգարեությունն է՝ մի նոր մարդկության։

Մի՛ տուր ինձ, ո՜վ Տեր, անմեղությունը. այն չափազանց մեծ հրաշք է, որն ի վիճակի չեմ կրելու. անմեղությունը Քո ուժեղագույն Սրբերի համար վերապահիր, որոնք ընդունակ են այն առանց հպարտության պահպանելու։ Ինձ պարգևիր շնորհը՝ Քեզ տեսնելու, մինչ ոտքի ես կանգնում իմ առաջ և խոսում ես ինձ. ինձ պարգևիր խոնարհությունը՝ ձեռքիցս վար նետելու բոլոր քարերը, որ պատրաստել էի. իմ համար վերստին նորոգիր ինձ ներված զգալու բերկրանքը։

Եվ այլևս երբեք քարեր չեմ նետի։
 

Հատված Հայր Էրմես Մ. Ռոնքիի « Շնչել Քրիստոսին » (« Respirare Cristo ») գրքից, էջ 58-59.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։